Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts

3.7.12

ՀԵՐՈՍտրատ


Մոտ մեկ ամիս առաջ մկրտություն էի կատարում մեր հինավուրց վանքերից մեկում: Մկրտվում էին 2 եղբայր և քույրը, բոլորն էլ չափահաս երիտասարդներ: Հայոց Եկեղեցու կարգի համաձայն մկրտվողին, ով պետք է ծնվի Աստծուց՝ Սուրբ Հոգուց և ջրից , երկրորդ՝ հոգևոր անուն է տրվում, որպես նշան վերածննդի: Այս երկրորդ անունը հիմնականում որևէ սրբի անուն է լինում, որպեսզի մկրտվողը հետ այդու ունենա իր բարեխոս սուրբը և բացի այդ իմանա ու հետևի տվյալ սրբի կյանքի օրինակին՝ ապրելու Քրիստոսի արյան գնին փոքրիշատե արժանի կյանք: Եղբայրներից մեկի անունը Հայկ էր: Իմ հարցին, թե ունի որևէ նախընտրած սուրբ, ում անունը կուզենար կրել, երիտասարդը քմծիծաղ տվեց:

-   Կուզե՞ս Գևորգ կնքենք քեզ, Սուրբ Գևորգի անունով,- հարցրեցի ես ուշադրություն չդարձնելով նրա ոչ լուրջ վերաբերմունքին:
-   Չէ, այ՛ ցավդ տանեմ,- փողոցային մոտեցմամբ պատասխանեց երիտասարդը,- ի՞նչ Գևորգ, Հայկո, Հայկո լավ ա…
Ուզում էի հարցնել նրան՝ «ի՞նչ Հայկո… Սպիտակցի Հայկո, Կարգին Հայկո, թե՞ ՀՏ Հայկո»: Հազիվ դիմացա: Եթե ասեր Հայկ, միանգամից կմտածեի, որ հայոց նախածնողի անունն է նրա համար թանկ, բայց Հայկո՞…
Կողքից մի տարեց մարդ (հավանաբար հայրն էր) կարծես լուծեց թնջուկը.
-      Տե՛ր Հայր, պապուս անունը Գևորգ ա էղել, լավ ա, Գևո՛րգ դիր:
Ճիշտ, թե սխալ, ավելորդ համարեցի խոսել Սուրբ Գևորգի սխրանքի ու սրբության մասին. մարդն իր նախնիներին անգամ չեր ճանաչում ու հարգում (հուսամ Սուրբ Մկրտությունը աստվածային ներգործությամբ ինչ-որ կերպ լուսավորություն շնորհած կլինի երիտասարդին):

25.6.12

SUPER «ՄԱՐՇՐՈՒՏԿԱ»

Գուշակել անգամ չէի կարող, որ երթուղայինը, որն արգելակեց ճիշտ կանգառի համար նախատեսված դեղին գծերի վրա, հերթական գրառման հերոս պիտի դառնար…
Սրահն անհավանականորեն մաքուր էր, առանց փոշու և մեքենայի յուղի հետքերի: Անգամ օդափոխության համակարգ էր գործում: Թավշապատ նստատեղերը ևս մաքուր էին, առանց պատռվածքների, հարմարավետ: Վարորդի դեմքին նայելով միանգամից կպատկերացնեիր, որ կիրթ արտաքինով այդ մարդը մաքրության և կոկիկության մարմնացում էր՝ սափրված դեմքով, ճերմակ վերնաշապիկով և փայլեցված կոշիկներով: Փողկապն էր պակասում, և եթե այն էլ լիներ, ես կհավատայի, թե երթուղայինի վարորդն առնվազն նախարար է: Չնայած այն, որ ամրագոտին կապված էր, և ինքը՝ վարորդը, խստորեն պահպանում էր երթևեկության կանոնները, արդեն իսկ «բյուրոկրատական վերնախավի» ներկայացուցչի վարքագիծ չէր:

4.6.12

ՉԻ ԿԱՐԵԼԻ ???


Զարմանում եմ... 
Չի կարելի՞ այնպասի հայկական  հեռուստասերիալներ արտադրել, որոնցում զենք-զինամթերք և դրանց հետևանք հանդիսացող սպանություններ ու արյունահեղության տեսարաններ չլինեն: Պարտադիր չէ հանճար լինել` հասկանալու համար, որ դրանք դիտողի մոտ, լինի ահել, թե ջահել, «մսագործի» հոգեբանություն է կերտվում:

Չի կարելի՞ դրանցում օրը ցերեկով չցուցադրել ստացված կամ չստացված ինքնասպանություններ, մարդկանց հոգեբանաբարոյական և ֆիզիկական ճնշումների օրինակներ, թմրադեղերի և ծխախոտի կիրառություն, բայց դիտարժան ու իրականությանը մոտ տեսարաններ ստանալ: Դժվա՞ր է հասկանալ, որ այդ ախտերի ցուցադրությունը ինքնին քարոզչություն է, և շատերը դրանք քարշ են տալիս իրենց կյանք:

20.5.12

7 ՄԻՏՔ ԳԱՐԵԳԻՆ Բ ՀԱՅՐԱՊԵՏԻՑ


«Մահ իմացեալ անմահութիւն է» կարգախոսը պիտի փոխվի մեր ժողովրդի համար, այսուհետև պիտի ասենք.«Կյանք իմացյալ անմահություն է»:

Ի՞նչն է լինելու մեր կյանքի նշանաբանը: 

Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել:
Դժվարությունները մերն են, և դժգոհությամբ չենք կարող նրանցից զերծ մնալ ու խուսափել: Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով:
Տեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի: Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված: Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած: 

5.5.12

ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ

Դասախոսներիցս մեկն ասում էր. «Արհեստներից ամենահինը պոռնկությունն է, պոռնկություններից ամենահինը` քաղաքականությունը», ու թեև ես ժամանակին խոստացել էի բլոգս չպղտորել քաղաքականությամբ, բայց դե այսօր, երբ լռության օր է հայտարարված, ես կհամարձակվեմ շատ համառոտ խոսել: Ընտրություններ են, ու ՀՀ ամեն իրեն հարգող քաղաքացի պետք է ձայն տա իր նախընտրելի թեկնածուին` հույսով, թե հենց այդ թեկնածուն և իր թիմը պիտի դառնան իր ոսկե ապագայի երաշխավորները: Բայց...