Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts

31.12.11

ՆԱՄԱԿ ՍԻՐԵԼԻԻՍ - Ամանոր 2012


Գիտե՞ս սիրելիս, ինչ չափով, որ կուզեիր կողքիդ լինեի, ինձ համար քիչ է. ես ավելին կուզեի... Չգիտեմ, թե ի ՛նչ չափի միավորով է չափվում այդ, բայց աշխարհի և ոչ մի սարքավորում այն չափել չի կարող. միայն Աստծո ստեղծած ամենանուրբ, անկրկնելի, ամենաժրաջան փոքրիկ սարքը` մարդկային սիրտը, կարող է չափել կարոտս, ցանկությունս, սերս... Ես սենտիմենտալ չեմ, գիտես, բայց ես կուզեի գրկել քեզ հիմա, ամուր գրկել, այնքան ամուր, որ փոքրիկս որովայնումդ ուժեղ քացի տար` «Պա ՛պ, բոլ ա մամայիս ճզմես ձեռքերիդ մեջ»: Ու մենք կլացեինք, առատ, անսքող արցունք կգնար մեր զույգ աչքերից (ինչպես որ հիմա ես եմ լաց լինում) ու արցունքներով հրաժեշտ կտայինք ամեն անսվաղ, անհարթ ու տհաճ, կսկիծ ու լարում, ցավ ու արցունք բերող ամեն մի բանի... Իրար կհպեինք շուրթերը մեր պաղ ու կշշնջայինք «Դե՛, մնա ՜ս բարով, արդեն անցյալ տարի»: 

Դու կկոճկեիր վերնաշապիկիս կոճակը վերին (ինչպես սիրում ես), ճակատս կդրոշմեիր հեզիկ համբույրով, իսկ ես փոքրիկ-փոքրիկ սպիտակ ափերը քո այտերիս հպած նուրբ կշշնջայի «ՇԱ՜Տ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ»: Ու ձեռք ձեռքի տված մենք կբացեինք նոր տարեգալոց վարագույրը մեծ և քայլքով ամուր, որ կոչվում է սեր, առաջ կընթանայինք մեր փոքրիկի հետ` հավատքը սրտում:

Հիմա սիրելիս, երբ տարածքն է միայն բաժանարարը մեր, ե՛կ իրագործենք տեսլականն իմ այս աղոթքում խոնարհ

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ՍԵՐ:

Միշտ քո` ...
2011, 12,31
23:55
Մայրավանք  
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

30.12.11

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

Տարվա ավարտը մի տեսակ հաշվետության նման է. մտովի ետ ես թերթում տարեգրությունդ, կարդում կարմիրով ընդգծված տողերը, ուրախանում ու ոգևորվում դրանցով, մերթընդմերթ աչքիդ են ընկնում կարճ ու լակոնիկ մտքեր` ընդգծված սևով, որոնք աչքդ ուզում է ամեն կերպ շրջանցել, բայց... օբյեկտիվ արդարությունը պահանջում է, որ խոստովանես տարվա ձախողումներդ, սխալներդ ու թերացումներդ, վերհիշես դժվար ու անանցանելի թվացող դրություններն ու ի վերջո ամեն բանի համար գոհանաս Տիրոջից ինչպես Ոսկեբերան հայրապետը կյանքի վերջին վայրկյանին`
«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, ամեն բանի համար փառք Քեզ»:

16.12.11

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԱՆՈՐԻՑ ԱՌԱՋ


«Ինչպես դիմավորես նոր տարին, այնպես էլ այն կընթանա»,- հաճախ, իսկ դեկտեմբերի կեսից հետո ամեն օր կարելի է լսել հեռուստացույցից և զանգվածային այլ լրատվամիջոցներից: Չեմ կարող ասել՝ ո՛վ է այս խոսքերի հեղինակը կամ ի՛նչ է նա ուզեցել դրանցով ասել, բայց այսօր տպավորությունս այնպիսին է, որ ասացվածքի «արարիչը» լավագույն դեպքում չափազանց անլուրջ է մտածել՝ առանց ավել-պակաս ծանր ու թեթև անելու, կամ (վատագույն դեպքում) ուղղակիորեն նպատակ է ունեցել անիծել Նոր Տարին նշողներին: Համենայն դեպս անհայտ հեղինակի սնահավատական ասացվածքից, թե մեկ այլ սկզբունքից դրդված՝ այսօր Ամանորը նշելը շատուշատ հայրենակիցների համար վերածվել է իսկական փորձության ու փորձանքի

6.12.11

ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐ

Ասում են` «երկու երնեկ մի տեղ չի լինում...»
Ներքին մի ձայն, մի համոզում ինձ միշտ հուշում էր, որ կյանքիս ամենամեծ նվերը պիտի ստանամ քսանհինգ ամյակիս առնչությամբ: Նվերը շնորհընկալաբար ստացա, ստացա ճիշտ այն օրերին, երբ սիրելի մայրս սրանից մեկ քառորդ դար առաջ երկունքի ցավ էր քաշում հանուն ինձ... Դրանից ճիշտ քսանհինգ տարի անց, Քրիստոս ինձ որպես նվեր վերստին ծնվելու իրավունք տվեց:

3.12.11

ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ

Հետաքրքիր է... Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կյանքի մղիչ է համարում մահը... Համաշխարհային փիլիսոփայության  գրական լավագույն էջերը իրենց խոկումներում որպես առանցք մշտապես ունեն դարձյալ մահը... Կրոնները` «մեծից փոքր», թերևս այլ նպատակ չունեն, եթե ոչ հաղթահարել մահվան վախը, շրջանցել այն, և ի վերջո` վերացնել  այն... Հարություն, ռեինկարնացիա, ջաննաթի արժանացում...

10.11.11

ՏԱՂԱՆԴՆ ԱՆՀԱՄԵՍՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ...

Տաղանդի հատկանիշներից մեկը ամոթխածությունն է, որ շիկնում է ոչ այնքան հավանություն չտվող խոսքից, որքան դրվատանքից և գովեստից: Որտեղ ապրում է ամբարտավանությունն ու հիվանդագին նեղացկոտությունը, այնտեղ տաղանդը չի կարող մինչև իսկ գիշերել: Տաղանդի բնավորությունը համեստությունն է, և համեստություն ասելով ես չեմ հասկանում ինքնաժխտման հասնող այն խեղճությունը, որ փաստորեն նշանակում է սեփական կարծիքի և սկզբունքի մերժում: Քա՛վ լիցի, ա՜յդ էր պակաս: Համեստություն ասելով չեմ հասկանում նաև այն փարիսեցիությունը, որ հաճախ հասցնում է քերականական առաջին դեմքի ջնջման՝ երբ «եսը», «ըստ իսն» ու «իմ կարծիքովը» քիչ է մնում ընկալվեն աղանդավորության պես մի բան, իսկ «մենք կարծում ենք» ու «մեզ թվում է»-ն՝ պարկեշտության նմուշ:

28.10.11

ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՉԷ


Հավանաբար հոդվածի վերնագիրն իսկ շատերի սրտով պիտի լինի և ընկնելով օրվա հայկական բամբասակոտ հորձանքի մեջ` շատերը պիտի գրառումս կարդան` ակնկալիք ունենալով սեփական աչքածակությունը հագեցնել այնպիսի տեսարաններով, որտեղ հոդվածագիրը « ...ուրիշի շեն տունն է քանդում` իրեն պետք եկած գերանի համար»: 
Եկեք ընդունենք, որ այսօր եկեղեցուն ու եկեղեցականներին նվիրված բամբասկոտությունները «ամենապահանջված» ու «ամենաընթերցվողներն» են. բավական է էլեկտրոնային որևէ պարբերական անկում նկատի իր օրական «թրաֆիկի» մեջ` անմիջապես հետևում է «եկեղեցաֆիկացված» որևէ հոդված (կապ չունի ճշտված, թե կեղծ տեղեկատվությամբ) և իրենց Դանկոյի տեղ դրած հոդվածագիրները սկսում են տեղին-անտեղի փնովել եկեղեցուն, դրա կառույցներում գործող մարմիններին, եկեղեցական ստորինից մինչև վերին աստիճանում գտնվող հոգևորականներին (սա կոչվում է Հայի ցավ). «եկեղեցին այս չի անում, այն չի անում, պիտք է այսպես անի, ընդհանրապես պետք չէ, որ անի...»: Մարդիկ էլ կարդում ու թվացյալ ստվերի ֆոնի վրա իրենք իրենց լույս են կարծում` չանելով ոչինչ ավելին քան կոկորդ պատռելն է. «եկեղեցին իր դիրքերում չէ»:

19.9.11

ԱԿՆՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայոց ոսկեղենիկ լեզվի մեջ գոյություն ունեն լավատեսությունը և հոռետեսությունը բնութագրող իրար շատ նման 2 դարձվածքներ` «աշխարհին նայել վարդագույն ակնոցով» կամ «աշխարհին նայել սև/մռայլ ակնոցով»: Շատ հետաքրքիր է լեզվի դինամիկ, ժամանակին, մշակույթին և կենցաղին համընթաց զարգացումը, սակայն կարծում եմ մեր լեզուն, չդիմանալով հայ մարդու մտքի սանձարձակ վարգին, այսօր բաց է թողել դարձվածքային ակնոցների նորամույծ մի ամբողջ շարք: Հայերը սկսել են աշխարհը, մարդկանց ու երևույթները մանրազննել ու քննարկել տարբեր տեսակի ու գույների ակնոցներով: Օրիանակ վերջերս «մոդա են ընկել» 3D ակնոցները: Ինչո՞ւ է հայոց լեզուն այնքան ետ ընկել, որ մեր բանասիրությունը դեռ չունի «աշխարհին նայել 3D ակնոցով» դարձվածքը:

7.8.11

ՀԱՅԻ ՑԱՎԸ

Հայը թեև շատ ցավ ունի
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար: 
Առե՜ք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ: 
Ձեռք ես առնումէլ բան չըկա
Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ: 
Շուռ ես տալիս, այլ տեղկարդում.
Մնացել են մարդիկ խաթում.
Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր-ցերեկ խաղում է կարտ: 
Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(
Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին
Կին է պահում ապօրինի...
Հապա այստեղմեր կենտրոնում`
Հայ տերտերը դրժած ուխտին,
Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին: 
Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,
Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,
Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ...
Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան, —
Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ ընծայարան...
Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին
Խելքի՞ կըգա հայ տերտերը,
Եթե ուսում առնի կարգին: 
Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ: 
Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտե՛ր, տերտե՛ր...


«Հայի ցավը» բանաստեղծությունը, որ «տերտերի» որդի Հովհաննես Թումանյանը 1898թ. նվիրել է հանրահայտ «Մշակ» պարբերականին, որքան էլ որ սարկազմիկ լինի (բանաստեղծի թեթև ձեռքով սարկազմը հատկապես խայթում է ժամանակի լրատվամիջոցներին) միանգամայն արդիական է: