Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts

17.6.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 5)


Նամակդ ստացա, շատ ուրախ եմ: Ուրախ եմ, որովհետև քեզ հանգիստ եմ գտնում:
Այս մեծ աշխարհում, որն իրականում այնքան էլ մեծ չէ, ուղղակի մենք ենք շատ փոքր, քեզ նման շատերը կան: Բոլորս էլ մեր անկյունն ունենք այս հողի վրա, չկա մեկը, ով իր անկյունը չունենա: Շատերն այս մեծ աշխարհում իրենց անկյունը գտել են օղու շշի հատակին (մի՛ զարմացիր. այն շատ խորն է), ոմանք` իրենց ձեռքով պատրաստված անդնդախոր դրամապանակների խորհրդավոր ու մթին ծալքերում (ես միշտ զարմանում եմ. գիտե՞ս, կարելի է հասկանալ այն մարդուն, ով դառնում է իր իսկ գերին, սակայն երբ դառնում ես քո իսկ ստեղծած թղթի կամ մետաղի կտորի գերին, ստրուկը, այդ արդեն չեմ կարող հասկանալ...), ոմանք էլ` իրենց իսկ մարմնի տարբեր մասերի: Իսկ ես ուզում եմ, որ դու ճիշտ ընտրես քո անկյունն այս աշխարհում: Օղու շշի հատակը, դրամապանակներն ու մարմնի այլևայլ մասերը... սրանք բոլորն էլ կգնան, կկորչեն, հավիտյան կվերանան:

17.3.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)



Արթուր սրկ. Սարգսյան /Եղիցի անուն Տեառն օրհնեալ/ (2006)
Հետաքրքիր է չէ՞, միշտ երեկոները կամ էլ գիշերն եմ քեզ նամակ գրում, կարծեմ ես էլ գիշեր եմ... Ինչևէ, հուսով եմ` մի օր առավոտյան կգրեմ:
Երեկ գիշերը (էլի գիշեր...) լուսարարից եկեղեցու բանալին խնդրեցի. ուզում էի բարձրանալ աղոթքի: Դուռը փակեցի ու դուրս եկա շենքից: Հորդառատ անձրև էր տեղում: Սկսեցի կամաց-կամաց քայլել դեպի եկեղեցի տանող աստիճանները: Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ, քայլերս` ավելի դանդաղում: Երկինքն էլ, գիտե՞ս, լալիս էր ինձ վրա: Անձրևի կաթիլներն սկսեցին հոսել ճակատիս վրայով: Շատ ծարավ էի: Մինչև ոսկորներս թրջվեցի ու շարունակում էի դանդաղ քայլերով բարձրանալ աստիճաններով: Ամպերն անդադար որոտում ու երկնառաք իրենց բողոքն էին բարձրացնում (նրանք էլ ինձ տանել չեն կարողանում), ես խանգարում էի սիրահարված անձրևին: Ես անցանկալի մի խոչընդոտ էի մայր հողի ու խելագար անձրևի սիրատենչ գրկախառնման միջև:
Ահա, արդեն մոտենում եմ եկեղեցուն, դարավոր մի եկեղեցի, որ իր ամբողջ էությամբ սրտիս մեջ է դրոշմված:

2.2.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 3)




Կարդա՛ նաև`




Բարև, ների՛ր, քնած էի, այդ պատճառով պատասխան նամակդ ուշացրի: Բայց արի՛ դու ինձ մի՛ մեղադրի. քունս չէր էլ տանում, դու ինքդ ինձ տարար, պառկեցրիր մի կոտրված օրորոցի մեջ ու անգամ մեկ երկու օրորոցային էլ երգեցիր, նոր քնեցի: Ասեմ, որ շատ վատ եմ քնել: Դե իսկ հիմա, քանի որ արթնացել եմ, ավելի ճիշտ, քանի որ ինձ արթնացրիր, քեզ նամակ եմ գրում:
Այս գիշեր անտանելի երազ եմ տեսել: Անկեղծ ասած չգիտեմ պատմե՞մ, թե` ո՛չ: Լավ, կպատմեմ, բայց չվախենաս։

5.10.10

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 2)







Կարդա՛ նաև`
 


Բարև... անկեղծ ասած, փոքր-ինչ դժվար է բարևել մեկին, ում ով լինելն այնքան էլ հստակ չգիտեմ: Չնայած, որոշ կասկածներ ունեմ:
Նամակ գրելիս չեմ սիրում հատկապես սկիզբը, քանի որ նախաբանով սկսելն ինձ մոտ միշտ էլ դժվար ու վատ է ստացվում, իսկ նախաբանը պարտադիր է։
Նամակդ հասավ իր հասցեատիրոջը՝ սրտիս: Պատկերացրու, որ մի ծա՜նր հոգոց եմ հանում: Շա՜տ ափսոս, որ սովորական այս թղթի կտորն իմ ձայնը քեզ չի կարող փոխանցել: Չնայած, ինձ թվում է, որ դու հիմա էլ լսում ես այն: Ինչ որ է...
Պիտի ասեմ, որ տատանվում էի քեզ նամակ գրելու հարցում: Ախր ես քեզ չեմ էլ ճանաչում կամ... Քեզ պատասխանում եմ, որովհետև ամբողջովին ճշմարիտ ես: Բայց խնդրում եմ ասա՛, թե ո՛վ ես դու: Վստահ եմ, որ դու Աստված չես: Ես դրան չեմ կարող արժանի լինել: Դու նաև ասում ես, որ խիղճս էլ չես ու չէիր էլ ուզենա լինել: Լավ, իսկ ո՞վ ես դու: Ես քեզ հոգի անունն էլ չեմ կարող տալ, որովհետև իմ հոգին բավական պղտոր է, իսկ դու՝ մաքուր ու անաղարտ: Ես քեզ նաև սիրտ անունը չեմ կարող տալ, որովհետև դու հենց սրտիս՝ ինձ ես նամակն ուղղել: Հասկանում եմ, դու իմ ճշմարտությունն ես, բայց որտեղի՞ց ես, հարգելի՛ ճշմարտություն... 

21.8.10

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 1)



Կարդա՛ նաև`
Ողջո՛ւյն սիրելի՛, չէ՜... ավելի ճիշտ՝ պաշտելի անձ իմ: Ես քեզ նամակ եմ գրում... Ի՞նչ է, դու ծիծաղում ե՞ս ինձ վրա, որ քեզանից եմ քեզ նամակ գրում: Ծիծաղի՛ր, ես չեմ խռովի ու չեմ էլ տրտմի, ես ինձանից նեղացողը չեմ, իսկ դու՝ թերևս, ի՛նքդ որոշիր: Ծիծաղի՜ր, որովհետև դու չգիտես, որ ես քեզանից չեմ քեզ նամակ գրում, ես ինձանից եմ գրում: Ի՞նչ է, նորից ծիծաղդ գալիս է. լավ, դու գիտես, ես անցնեմ առաջ: