Showing posts with label մեկնություն. Show all posts
Showing posts with label մեկնություն. Show all posts

18.12.20

28. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։29-34
29 Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ 
30 Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ 
31 Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։ 
32 Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։ 
33 Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։ 
34 Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։

Փարիսեցի պատգամավորները Բեթաբրայից մեկնում են Երուսաղեմ, ուր ժողովին պիտի հաղորդեն ժողովրդական խանդավառության, Հովհաննեսի ստացած դերի և ինքն իր մասին կատարած խոստովանությունների և տված բացատրությունների մասին:

Հաջորդ օրը Հովհաննեսը տեսնում է հեռվից իրեն մոտեցող Հիսուսին։ Այդ գալուստը պետք է դնել անապատում քառասնօրյա պահեցողությունից և առանձնությունից հետո, երբ Հիսուս, այդ տնօրինությունն ավարտած լինելով, կամաց-կամաց սկսում էր հասարակական գործունեություն ձեռնարկել։ Հովհաննեսը հազիվ թե Հիսուսին տեսնելով, իր չորս կողմը եղողներին ցույց է տալիս նրան՝ մատնանշում և բացահայտորեն վկայում, թե նա, ում մասին հաճախակի խոսել և մեծությունն ու կարողությունը բացատրել էր, սույն այս Հիսուս Նազովրեցին է, ում իրենք էլ մեկ անգամ տեսան, երբ նա մկրտվեց Հովհաննեսից։ Աստված իրեն հայտնել էր, թե երբ մկրտության պահին տեսնի մեկին, ում վրա Սուրբ Հոգին է իջնում, հասկանա, թե Նա է խոստացյալ Մեսիան, որ Սուրբ Հոգով մկրտելու իշխանություն ունի։ Արդ՝ ինքը այս Հիսուս Նազովրեցուն մկրտելու պահին տեսել էր նրա վրա Սուրբ Հոգու իջնելը, այդ պատճառով կարող էր Նրա մասին վստահությամբ վկայել։ Հետևաբար, Հովհաննեսը սկսեց ազատ համարձակ քարոզել և հեռվից տեսնվող Հիսուսին ցույց տալով բարձրաձայն գոչել. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» և դարձյալ, թե «Սա է Աստծու Որդին»: Այս երկրորդ բացատրությունը մեկ ուրիշ անդրադարձն է երկնքից եկած աստվածային ձայնի. «Դա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթ. 3։7), որը Հովհաննեսը լսեց Հիսուսին մկրտելու ժամանակ և իր լսածն է, որ կրկնում է այստեղ, այն միացնելով Սուրբ Հոգու էջքի վկայության հետ։ Արդեն Հիսուսի ով լինելու վկայության ժամանակ երկնային նշանները երկուսն էին՝ Հոգի Աստուծո երևումը և Հայր Աստուծո ձայնը:

17.12.20

27. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
26. ԱՆԱՊԱՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։15-28
15 Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»: 
16 Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, 
17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան: 
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց: 
19 Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 
20 նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»: 
21 Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 
22 «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»: 
23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը», ինչպես ասաց Եսայի մարգարեն։ 
24 Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ 
25 Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»: 
26 Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 
27 որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»: 
28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում:

Հիսուսի Մկրտությունը Հռոմի 780 և մեր թվականության 27-ի սկիզբը՝ հունվար 6-ին դնելով, Նրա հրապարակ դուրս գալը ճշտելու համար 40 օր ևս պիտի ավելացնենք և պիտի հասնենք փետրվարի կեսը։ Այդ ընթացքում Հովհաննեսը շարունակում էր իր քարոզությունն ու մկրտությունը, ինչպես սկզբում, միայն թե փոխել էր Հիսուսի գալստյան մասին վկայության եղանակը։ Հիսուսի մկրտությունից առաջ նա սովորաբար ասում էր. «ով գալիս է ինձնից հետո» (Մատթ. 3։11) կամ թե «գալիս է ինձնից ավելի հզորը» (հմմտ. Ղուկ 3։16), բայց Հիսուսի մկրտությունը կատարելուց և երկնային նշանները տեսնելուց հետո սկսեց ասել. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ» (Հովհ. 1։15): Հիսուսի հայտնության վկայությունը Նոր Ուխտի հաստատության խորհուրդն է, ինչը որ հիշված է բացահայտորեն, որպես Հովհաննու վկայության բացատրություն։ Հիսուսի հայտնության լրանալով շնորհի փոխարեն շնորհ ունեցանք, ուխտի փոխարեն՝ ուխտ, Հնի փոխարեն՝ Նորը. Հինը օրենքի և ստվերականության ուխտ էր, որ Մովսեսի միջոցով տրվեց, Նորը՝ շնորհաց և ճշմարտության, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով հաստատվեց։ Նոր Ուխտով կատարյալ կերպով ճանաչեցինք Աստծուն, ոչ թե մեր տեսնելով, որ հնարավոր չէր, այլ Միածին Որդու կատարված հայտնությամբ։ Այս եզրակացության խոսքերը ոմանք Հովհաննես Մկրտչի կողմից ասված են համարում, ուրիշները՝ Հովհաննես Ավետարանչի գրչից բխած, որովհետև Ավետարանն էլ հստակ անցում չունի զանազանությունը զգալու համար։ Մեկ կամ մյուս տեսությամբ ընդունած ձևով էլ խոսքերի ուժը միևնույնն է մնում, սակայն բացատրության ոճին ու օգտագործված բառերին նայելով՝ ավելի Ավետարանչի գրչին է պատշաճում, քան Մկրտչի խոսքին։ Մանավանդ, որ Ավետարանիչը նոր հատվածը «Հովհաննեսի վկայությունն այս է» (Հովհ. 1։19) բացատրությամբ սկսելով, այնպիսի մի իմաստ է ուզում տալ, որ կարծես թե ասում էր՝ «բայց մենք Հովհաննեսի տված վկայությանը վերադառնանք»: 

15.12.20

26. ԱՆԱՊԱՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

   Նախորդ գլուխը՝
25. ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՏԹԵՈՍ 4։1-11
1 Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ 
2 Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց։ 
3 Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ 
4 Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից»։
5 Ապա սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը 6 և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես”»։
7 Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն”»։
8 Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը 
9 և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։
10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես”»։
11 Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։

ՄԱՐԿՈՍ 1։12-13
12 Հոգին նրան անմիջապես անապատ տարավ։ 
13 Նա այնտեղ էր քառասուն օր, փորձվեց սատանայից։ Գազանների հետ էր, հրեշտակներն էլ ծառայում էին նրան:

ՂՈՒԿԱՍ 4։1-13
1 Հիսուսը, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից և Հոգով առաջնորդվեց անապատ 
2 քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին, իսկ քառասուն օրերի լրանալուց հետո քաղց զգաց: 
3 Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց դառնա»: 
4 Հիսուսը նրան պատասխանեց և ասաց. «Գրված է. “Միայն հացով չի ապրում մարդ, այլ Աստծու խոսքով”»:
5 Եվ սատանան, նրան տանելով մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները։ 
6 Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս բոլոր իշխանությունները և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում կամենամ, կտամ այն։ 
7 Արդ, եթե դու իմ առաջ ընկնելով երկրպագես, բոլորը քոնը կլինի»:
8 Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է. “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես”»:
9 Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, 
10 որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար,
11 և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես”»:
12 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն”»: 
13 Եվ սատանան, կատարած լինելով բոլոր փորձությունները, նրանից միառժամանակ հեռացավ:

Ավետարանում մկրտության օրը ճշգրիտ կերպով որոշված չէ, բայց Հռոմի 780 և մեր թվարկության 27-րդ տարվա հունվարն ավանդությամբ ընդունված է բոլոր եկեղեցիների կողմից: Լատինները Մկրտությունը տոնում են հունվար 13-ին, մենք էլ թեև հունվար 6-ին Աստվածհայտնության ամբողջ տնօրինությունները միասին ենք տոնում և ջրօրհնեքն էլ կատարում, բայց 8-րդ օրվա, այսինքն հունվար 13-ի շարականներն ու կարգերը բացարձակ կերպով նվիրված են Մկրտությանը: Հիսուս մկրտվելուց հետո նույն վայրում չմնաց, և ինչպես գրում է Մարկոսը, նույն ժամին Հոգու ազդեցությամբ հեռացավ Հորդանանից ու արևմտյան եզերքը անցնելով գնաց Հուդայի անապատի հյուսիսային կողմը՝ մի ապառաժոտ լեռան վրա, ուր մինչև այսօր պահվում է քառասնօրյա պահեցողության քարայրի հիշատակը, որը Հիսուսի անապատական կյանքի բնակարանը եղավ:

25. ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

  Նախորդ գլուխը՝
24. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՏԹԵՈՍ 3։13-17
13 Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ 
14 Բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ 
15 Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։ 
16 Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ 
17 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։

ՄԱՐԿՈՍ 1։9-11
9 Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։ 
10 Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ պատռվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր իր վրա։ 
11 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։

ՂՈՒԿԱՍ 3։21-22
21 Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, 22 և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։


Մոտ վեց ամիս էր, ինչ Հիսուս Հորդանանի եզերքներին Իր կարապետության պաշտոնն էր վարում: Լրանում էր Հռոմեական 779 և մեր թվականության 26-րդ տարվա առաջին կեսը: Լրանում էր նաև Հիսուսի երեսուներորդ տարին, որով և պիտի բացվեր Նրա հրապարակային կյանքի ասպարեզը: Հովհաննեսի ունեցած համբավը առիթ էր՝ պատրաստելու Հիսուսի հայտնությունը, որովհետև, Աստվածային նախախնամությամբ,  տնօրինական բոլոր պարագաները պետք է մարդկային կյանքի պահանջների հետ համաքայլ ընթանային: Իսկ Հիսուսի հայտնությունը պետք է սկսվեր աննշմարելի նախապատրաստություններով: Հիսուս, դուրս գալով Նազարեթից, Գալիլիայից անցնելով Սամարա և ապա հարավային Հրեաստան, հասավ Հորդանանի եզերքը՝ Բեթաբրայի կողմերը, ուր Հովհաննեսի կենտրոնն էր և որտեղ կատարվել էին Հին Օրինաց սքանչելիքները, այսինքն՝ երբ Հեսուն առաջնոդեց հրեաներին և չոր ոտքերով անցան Հորդանանը  (Հեսու 3։6), ինչպես նաև Եղիայի վերարկուի շնորհիվ գետի ջրերի երկու մասի բաժանվելը (4 Թագ. 2։8):

24. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
23. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՏԹԵՈՍ 3։11-12
11 Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 
12 Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։

ՄԱՐԿՈՍ 1։7-8
7 Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։ 
8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի»։

ՂՈՒԿԱՍ 3։15-18
15 Ժողովուրդն սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին հարց էին տալիս «Մի՞թե սա է Քրիստոսը»։ 
16 Հովհաննեսը պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես նրա կոշիկները տանելու իսկ արժանի չեմ։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 
17 Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։ 
18 Շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին։


Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (Դան. 9։24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե սա է Քրիստոսը»:

Հովհաննեսը չկամեցավ ժողովրդին այդ թյուր ենթադրությունների մեջ թողնել: Ուստի, սկսեց բացարձակորեն հայտարարել, թե. «Ես ձեր կարծեցյալ խոստացված Մեսիան չեմ. Նա ուրիշ է. ինձանից հետո է հայտնվելու. Նա ինձանից բարձր է և ավելին կարող է անել: Այնպես որ ես հազիվ արժանի լինեմ Նրա կոշիկները վերցնելու կամ կապերն արձակող ծառան կոչվելու: Իմ կատարած մկրտությունը զուտ ջրի արտաքին մկրտություն է: Իսկ Նրա տալիք մկրտությունը Սուրբ Հոգու ներքին մկրտությունն է, որ կրակի պես սրբում է ամեն մի աղտ: Իմ պաշտոնը ձեզ ապաշխարության հրավիրելն  է, որպեսզի Նրա հայտնվելու ժամանակ պատրաստ լինեք. Նա գալու է հզոր կալատիրոջ նման, եղանը ձեռքին` կալը մաքրելու և խառնուրդ դեզն էրնելու համար: Ցորենը պիտի զատի հարդից, բարիներին առանձնացնի չարերից, ցորենը պետք է լցնի իր շտեմարանը, իսկ հարդը կրակին է տալու` մի կրակ, որ անմար է»:

Հովհաննեսի խոսքերը խիստ էին և ահարկու: Սակայն, նա կարողանում էր նաև դրանք քաղցրացնել, որպեսզի ժողովուրդը չփախչի, այլ ապաշխարության գնա: Հետևաբար, սպառնալիքի խոսքերը համեմում էր մխիթարական ավետիսներով և բացատրում փրկագործության մեծ խորհուրդը:

Հաջորդ գլուխը՝