Showing posts with label մեկնություն. Show all posts
Showing posts with label մեկնություն. Show all posts

14.5.14

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ - Մեկնություն

Մատթ. 2:1-18
Հեղինակ՝ Սահակ Եպս. Մաշալյան
Աղբյուր՝ ՇՈՂԱԿԱԹ ՀԸ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

1 Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի որով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին.
2 «Ուր է հրեաների արքա՞ն, որ ծնվեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ 
3 եւ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ՝ եւ Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը։
4 եւ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին՝ հարցրեց նրանց, թե ուր պիտի ծնվի Քրիստոսը՞։ 
5 եւ նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետեւ մարգարեի միջոցով այսպես է գրված. 
6 «Եւ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի երկի՛ր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին»։ 
7 այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։ 

5.5.14

ՄԵՂԱՆՉՈՒՄ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս:

Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղք գործեցի՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Մեղք գործեցի երկնքի ու Քո առաջ - Սա զղջման և դարձի եկող մեղավորի դասական աղաղակն է, որ առաջին անգամ հնչեց Ավետարանի Անառակ որդու բերանից։ Այս խոսքով հաստատվում է Ավետարանի քարոզած այն ճշմարտությունը, որ բոլոր մեղքերը, անկախ այն բանից, թե դրանք գործնականում ում դեմ են կատարվել, իրականում գործվում են Աստծո առջև և Աստծո դեմ։ Արարքի՝ Աստծո դեմ գործված լինելու հանգամանքն է, որ այն զատում է մյուս արարքներից և վերածում մեղքի։ Աստծո դեմ գործված արարքն է, որ մենք մեղք ենք կոչում։ Իրականում, մեր բոլոր գործերը կա´մ Աստծո դեմ են, կա´մ Աստծո համար. արարքները խորապես և վերջնական վերլուծելուց հետո, կտեսնենք, որ  բարոյական և կրոնական գիտակցություն ունեցող էակի համար չեզոք արարք գոյություն չունի։ Քրիստոս ասում է. «Քանի որ իմ եղբայրներից մեկի համար արեցիք, Ինձ համար արեցիք, եթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք, Ինձ չարեցիք»:

2.5.14

ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ - Մեկնություն

Մատթ. 1:18-25, 2:1-12
Հեղինակ՝ Պերճ Գուլումյան (Հայր Պարթև)
Աղբյուր՝ Faith Hope Love Mission 
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

18 Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. նրա մայրը` Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց` իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց: 
19 Եւ Հովսեփը` նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 
20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց նրան եւ ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին` քո կնոջը, որովհետեւ նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: 
21 Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին` իր մեղքերից»: 
22 Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով. 
23 «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»: 
24 Եւ Հովսեփը քնից արթնանալով` արեց, ինչպես հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առավ իր մոտ:
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

1.5.14

ԿՈՒՅՍԸ ՊԻՏԻ ՀՂԻԱՆԱ - Մեկնություն

Մատթ. 1:23
Հեղինակ՝ Մարկոս քհն. Մանգասարյան
Աղբյուր՝ ՆՈԹԱՏԵՏՐ 
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

23 «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»: 



Մեկնություն 
Ժամանակակից աստվածաշնչագիտության մեջ շատ գիտնականներ մեղադրում են Մատթեոս Ավետարանչին, թե նա կոնտեքստից կտրված մեջբերումներ է անում Հին Կտակարանից, օրինակ` հենց Մատթ. 1:23 համարը, որում ասվում է . «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ» (մեջբերում Եսայի 7:14-ից): Այս համարի շուրջ գոյություն ունի երեք հիմնական տեսակետ` 
ա. Այս համարում զետեղված մարգարեությունն ուներ զուտ տեղական բնույթ և իրականացել է հենց Եսայի մարգարեի կենդանության ժամանակ, 
բ. Այս մարգարեությունը վերաբերում է Մեսիայի` Քրիստոսի Ծննդյանը և 
գ. Այն իր մեջ է ներառում և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակները:

5.4.14

ՀԱՅՐ ԵՐԿՆԱՎՈՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս:

Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ ուղարկեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Շնորհալի Հայրապետի «Հավատով Խոստովանիմ» գոհար աղոթքի առաջին երկու տներն ուղղված էին Ամենասուրբ Երրորդությանը՝ որպես մի Աստվածության։ Հաջորդ երեք տներից ամեն մեկն ուղղվում է Սուրբ Երրորդության երեք դեմքերից յուրաքանչյուրին։ Եկեղեցում ընդունված և կիրառվող սովորություն է, որ երբեմն աղոթքներն առանձին-առանձին ուղղվում են Աստվածության Անձերից որևէ մեկին։  Այս իրողությունը հստակ կերպով երևում է Ճաշու (ճաշի ժամին մատուցվող – սրկ.) երեք ժամերգությունների վերջին աղոթքներում: Ըստ այսմ՝ Ճաշու Երրորդ ժամի վերջին աղոթքը՝ «Խաղաղութեամբ քով, Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ…», ուղղված է Հոգի Աստծուն, Ճաշի Վեցերորդ ժամի վերջին աղոթքը՝ «Հայր գթութեանց», ուղղված է Հայր Աստծուն, իսկ Իններորդ ժամինը՝ «Քրիստոս՝ Որդի Աստուծոյ», ուղղված է Որդի Աստծուն։ Եկեղեցու նշանավոր Հայրերից Հովհան Ոսկեբերանը Հոգեգալստյան տոնի առիթով մի մեծ աղոթք է գրել՝ բաժանելով այն երեք մասի, որոնցից ամեն մեկն ուղղված է Սուրբ Երրորդության Անձերից յուրաքանչյուրին։ Մեր ուսումանսիրության առարկան՝ աղոթքի տվյալ տունը, ուղղված է Հայր Աստծուն։
Այս և հաջորդ երկու տները կառուցված են միևնույն կաղապարի վրա։ Նախ Աստվածության յուրաքանչյուր դեմքը դավանվում է որպես ճշմարիտ Աստված, ապա ընտրովի և համառոտ հիշատակվում է յուրաքանչյուր Անձերից ամեն մեկին հատուկ  այն տնօրինությունը, որը աղոթքի այդ տան մեջ հիշատակված Անձը կատարել է մեր փրկության համար։ Հետո կատարվում է մեղքերի խոստովանություն, որի բանաձևը երեք տների մեջ էլ նույնն է։ Որպես չորրորդ և վերջին կետ՝ յուրաքանչյուր Անձից հայցվում է այն մասնավոր շնորհքը, որ Սուրբ Երրորդության Անձերից ամեն մեկն արդեն տվել է ուրիշներին՝ ըստ Ավետարանի պատմությունների։

26.3.14

ԼՈՒՅՍ և ԽԱՎԱՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս այժմ` աղոթելու Քեզ  հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Արարիչ լույսի և հալածիչ խավարի - Աստվածաշնչի առաջին և ամենից վեհ խոսքերից մեկն է «Աստված ասաց. «Թող լույս լինի, և լույս եղավ»: Լույսը, արդարև, Աստծո ստեղծած առաջին տեսանելի և զգալի բանն է, որն էլ իր հերթին տեսանելի է դարձնում նյութական բոլոր բաները: Երբ չկա լույս, տիրում է խավարը: Լույսի հայտնվելը ինքնին փարատում, կամ ավելի պատկերավոր ասած՝ «հալածում» է խավարը:


Հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը - Սա, այս աղոթատան երկու խնդրանքներից մեկն է: Բարոյական աշխարհում նյութական աշխարհի խավարին համապատասխանող երևույթը մեղքն է ու բարոյական տգիտությունը: Մեղքը մարդու կյանքի մեջ կարևոր իրողություն է, որովհետև իր հետևանքներով ահավոր է մարդու կյանքի համար: Եթե մեղքը գոյություն չունենար, Քրիստոսի փրկագործությունը պիտի տեղի չունենար, այնպես, ինչպես այդ տեղի ունեցավ «ժամանակների լրումին»:

20.3.14

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Շնորհալի հայրապետի՝ արդեն մեզ ծանոթ այս աղոթքի երրորդ տան մեջ հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Ամենասուրբ Երրորդությանը։ Առաջին տան մեջ հիշատակված Աստվածային Երեք Դեմքերը այստեղ միավորվում և վերաձայնվում են՝ «Միասնական Սուրբ Երրորդություն և մի Աստվածություն», ինչը քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական ուսմունքն է։
«Անբաժանելի լույս» – Սրանք Սուրբ Երրորդությունը հատկանշող առաջին եզրերն են։ Լույսը Ներսես հայրապետի կողմից ամենից սիրված և հետևաբար ամենաշատ գործածված բառն է։ Դժվար է գտնել իր գրություններից մի կտոր, լինի աղոթք, շարական կամ նամակ, որտեղ չերևա լույսը: «Առաւոտ լուսոյ», «Երբեմն էի լոյս», «Լոյսն որ անեղ արարչական, ասաց լինել լոյս եղական». ահա մի քանի օրինակներ: Այս բառի գործածությունը իր գերազանց ճոխությանն ու լրումին է հանգում արևագալի ժամերգության համար նրա գրված շարականներից մեկի մեջ. «Լոյս արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց»:

11.1.14

ԱՐԱՐԻՉ ԱՍՏՎԱԾ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


Արարիչ հրեշտակների և մարդկանց և բոլոր եղածների։ Արարիչ լինելը Աստվածային բնության մյուս կարևորագույն ստորոգելին է։ Առաջին երկու ածականները՝ անստեղծ և անմահ, հատկանշում են Աստծո գոյյական հանգամանքը, իսկ Արարիչը՝ Նրա ուժական և գործող հանգամանքը։ Առաջին երկու ածականները հարաբերական են ժամանակին, իսկ Արարիչը՝ միջոցին, որի մեջ գոյություն ունեն, գործում և բարեշրջվում են եղած բաները։
Աստված նախ հրեշտակների Արարիչն է։ Հրեշտակների ստեղծման մասին պատմված չէ Աստվածաշնչի արարչագործության պատմության մեջ, սակայն նրանց գոյությունն ու գործունեությունը շարունակաբար ակնարկված է Սուրբ Գրքի սկզբից մինչև վերջը, Ծննդոցից մինչև Հայտնություն գիրքը։ «Հրեշտակ» մեր լեզվի մեջ նշանակում է պատգամ տանող, և իր այս հասարակ իմաստով գործածված է անխտիր՝ իբրև պատգամավոր՝ ուղարկված թե՛ մարդկանց համար և թե ՛ հոգեղեն էակների։ Հրեշտակ բառի այս իմատը ճշտում է նրանց դերը և դիրքը արարչագործության մեջ։ Արդարև, հրեշտակները Աստծո սուրհանդակներն են, որոնք ուղարկվում են Նրա հրամանները և կամքը գործադրելու համար, ինչպես և հաստատում է Եբրայեցիների թղթի հեղինակը։ «Հրեշտակները,- ասում է նա,- սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորությունը նրանց, որոնք փրկությունը պիտի ժառանգեն» (1:14)։ Եվ արդարև, բազում տեղեր կան, թե՛ Հին, թե՛ Նոր կտակարանների մեջ, ուր հրեշտակները ուղարկվում են սպասավորելու համար Աստծո ընտրյալ ժողովրդին՝ թե՛ հին, թե՛ նոր եկեղեցու մեջ, ինչպես նաև Աստծո ընտրյալ մարդկանց՝ թե՛ հին և թե նոր Ուխտի մեջ։ Հրեշտակները երևացին և օգնեցին Աբրահամին և Մովսեսին, Ս.Կույսին և մինչև իսկ Հիսուսին, Պետրոսին և Պողոսին ու դեռ ուրիշ շատերին։
Հրեշտակների բնության մասին մեր իմացածն այն է, որ նրանք հոգեղեն էակներ են, մարդկանց նման օժտված՝ բանականությամբ և ազատ կամքով, և հետևաբար, նրանք լոկ ուժեր չեն, այլ ՝անձնավոր էակներ։

4.12.13

ԲԱՆԱԼԻՆ ԱՅԼԵՎՍ ՔՈ ՁԵՌՔԵՐՈԻՄ Է


Պատկերացրո՛ւ, չափազանց հարուստ մի մարդ քեզ մեծադիր ու գեղեցիկ մի սնդուկ է նվիրել, որի մեջ ոչ ավել, ոչ պակաս 27 կգ մաքուր ոսկի կա: Բայց... Ա՛յ քեզ անհաջողություն. ահա սնդուկը կա, ոսկին էլ մեջն է, իսկ համապատասխան բանալին, որով կարելի է բացել գանձատուփը, դու չունես: Հավատա՛ ինձ, թանկարժեք այս նվերից՝ գանձով լի, այսօր կարելի է գտնել գրեթե ամեն հայի օջախում, բայց... Շատերը չէ, որ ունեն ոսկիների բանալին, որի շնորհիվ կարելի կլինի բացել և վայելել հազվագյուտ գանձը: Հասկացար երևի՝ խոսքս Աստվածաշունչ մատյանի և հատկապես Նոր Կտակարանի 27 գրքերի մասին է: Մի բան է Սուրբ Գիրքը տանն ունենալը, մեկ այլ բան է այն ընթերցելը, մեկ ուրիշ մի բան է ընթերցածը ճիշտ հասկանալը և մեկնաբանելը: Եվ երանի նրանց, ովքեր ոչ միայն ունեն գանձի սնդուկը, այլ նաև ունեն այն բանալին, որի օգնությամբ իրենց առջև ճշմարտությամբ բացվում է Աստծո Խոսքը և սրտի վրա փորագրվելով դառնում է կյանք:

Սարկավագագրքի նոր նախաձեռնություն-ծրագիրը, որ անվանեցինք ԲԱՆԱԼԻ, փոքրիկ մի ճիգ է մարդկանց այս երանությանը հաղորդ դարձնելու՝ մատուցելով Սուրբ Հայրերի և Հայաստանյայց Եկեղեցու հոգևորականների ջանքերով ծնված նորկտակարանյան հայալեզու մեկնությունները՝ մեկտեղված, համակարգված և հեշտությամբ հասանելի:

Անհրաժեշտ է ուղղակի մտնել մեկնությունների էջը, ընտրել անհրաժեշտ գիրքը, ապա գլուխը և վերջապես մեկնության կարոտ այն համարը, որը առկա է մեր բազայում: Եվ բարի վայելում :)

29.11.13

ԵՐԵՔ ԱՆՁԻՔ և ՄԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


Հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Աստվածության երեք Անձերին։
Նկատելի է, որ երեք Անձերի համար գործածված դերանունը եզակի է՝«Քեզ»։ Առանց խորանալու աստվածաբանական հարցերի մեջ՝ պետք է հաստատել, որ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն  հավատալը քրիստոնեական կրոնի դավանանքի հիմնական առանցքն է: Սրանում է մյուս բոլոր կրոններից քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական տարբերությունը:
Աշխարհի մյուս բոլոր կրոնները երկու հիմնական խմբերի են բաժանվում.

ա) բացարձակ միաստվածություն, ինչպիսիք են մովսիսականությունն ու մահմեդականությունը,
բ) բազմաստվածությունը, որն իր մեջ ներառում է գրեթե բոլոր մնացյալ կրոնները։

Քրիստոնեական հասկացողությամբ Աստված անձնավոր էակ է, այսինքն՝ անհունորեն բանավոր, ինքնագիտակից և ինքնակամ մի Հոգի է: Աստծո՝ Անձ լինելը, բնականաբար, անհունորեն գերազանցում է մարդկային անձնականությանը, որ Աստծո մանրանկար պատկերն է միայն։ Աստվածությունը ոչ միայն անձնական է, այլ Նրա մեջ գոյություն ունեն երեք անձեր։ Այս ճշմարտությունը մարդկությանը տրված է գերբնական հայտնությամբ։

13.11.13

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:








«Երկիր պագանեմ»-ը. ծնկի գալով ձեռքերն ու ճակատը գետին դնել և համբուրելն է, որ արարողական արտահայտություն է Աստծո առջև խոնարհումի և Նրա կամքին համակերպվելու ու պաշտելու։ Իրականում երկրպագությունը տեսանելի և թանձրացած արտահայտությունն է «պաշտամունք» բառի, որ նշանակում է ծառայություն: Մեր բոլոր ներքին ապրումները ձգտում են իրենց համապատասխան տեսանելի արտահայտությունները գտնել . որքան ուժգին է լիում ներքին ապրումը, նույնքան անդիմադրելի և ինքնաբուխ է նրա տեսանելի արտահայտությունը։ Երբ աղոթում ենք և Աստծուց մի բան ենք խնդրում, մեր բազուկներն ինքնաբերաբար աղաչական ակնկալությամբ դեպի երկինք են բարձրանում։ Երբ մենք Աստծուն գիտակից անկեղծությամբ որպես Տեր ենք դավանում, ինքնաբերաբար ինքներս մեզ Նրա նկատմամբ ծառայի դերի մեջ ենք դնում։ Երբ Աստծո դեմ ըմբոստանում ենք, ուրիշ խոսքով՝ եթե մեղք ենք գործել, ու անդրադառնում ենք մեր արածի հիմարությանը, առաջին ինքնաբեր շարժումը լինում է «անկեալ յերկիր»  [թրգմն. գետին ընկնելով] ճակատը գետին դնելը՝ խոնարհվելու համար «Աստծո հզոր ձեռքի տակ» (Ա Պետր. 5:6):


30.10.13

ՀԱՎԱՏՔԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի



Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:









Ներսես Շնորհալի Հայրապետի «Հավատով խոստովանիմ» աղոթաշարքի առաջին հինգ տները, ինչպես մեր նախորդ գրության մեջ ասացինք, իրենցում առավելաբար հավատքին և պաշտամունքին վերաբերող  կետեր են պարունակում։ Այլ բացատրությամբ՝ հավատքի տվյալները պատրաստում են հիմքը, որպեսզի աղոթավորը  բարձրանա Աստծո մոտ՝ նախ Նրան պաշտամունք մատուցելու, և ապա հայտնելու իր սրտի խնդրանքները։ Սակայն առաջին այս տունը  բացառություն է 24 տների մեջ, այն առումով, որ գրեթե ամբողջությամբ հավատքի խոստովանություն և պաշտամունք է և ընդամենը մեկ ընդհանուր խնդրանք ունի վերջին տողի մեջ, որը կրկնվում է մյուս բոլոր տներում:

23.10.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

«Խրատական նախադրություն այն աղոթքի, որ պատրաստեց Հայոց Գրիգոր Կաթողիկոսի եղբայր Տեր Ներսեսը»:

«Աղոթք բոլոր քրիստոնյաների՝ մեծերի և փոքրերի, որ պարտավոր են սովորել ամենքը և սովորեցնել իրար՝ քահանաները ժողովրդին, հայրերն իրենց որդիներին, մայրերն իրենց աղջիկներին և ընկերը ընկերոջը: Եվ թող սրանով օրը հինգ անգամ աղոթեն՝ տասներկու ծնրադրությամբ յուրաքանչյուր աղոթքի ժամանակ. այսինքն՝ առավոտյան, ճաշին, կեսօրին, երեկոյան և հանգստյան ժամին: Իսկ եթե մեկը ծուլանա և չկարողանա օրական հինգ անգամ աղոթել, թող աղոթի չորս անգամ կամ երեք անգամ, կամ երկու անգամ կամ օրական մեկ անգամ, որով հայտնի կլինի, որ քրիստոնյա է, և ինքն իրեն կնկատի որպես Աստծո արարած և երկրպագող: Եվ եթե մեկը ծուլանա այս աղոթքի բոլոր տները սովորելում (այն դեպքում, երբ սատանայական երգեր շատ արագ են սովորում) թող սովորի սրա կեսը կամ ավելի պակաս, որովհետև եթե մինչև իսկ երեք տուն սրանից սովորի և աղոթի երեք ծնրադրությամբ աղոթքի ժամին, ընդունելի է Աստծո առջև: Իսկ եթե որևէ քրիստոնյա անփույթ գտնվի սա սովորելու և աղոթելու մեջ թող հանդիմանվի... ) թող հանդիմանվի այլազգիներից, որոնք իրենց աղոթքները չեն դադարացնում ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ՝ խաղաղության: Իսկ մեր ժողովուրդը եկեղեցուց դուրս Աստծո անունն անգամ չի հիշում, որովհետև իբրև աստվածապաշտներ՝ մարդիկ կարևորություն չեն տալիս աղոթքի կարգ-կանոնին: Եվ եթե ոմանք աղոթելու նպատակով իսկ գալիս են քահանաների մոտ, կա՛մ փակ բերանով կանգնում են, կա՛մ իրար հետ խոսում, որովհետև ո՛չ իրենք գիտեն աղոթքի խոսքերը և ոչ էլ ուշադրություն են դարձնում քահանաների ասած սաղմոսներին ու պաշտամունքին:

14.10.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - Հայրապետի մտահոգությունը

Շնորհալի հայրապետը այս աղոթքի համար որպես նախաբան Հիշատակարան էլ է թողել։ Մինչդեռ աղոթքի մեջ ծայրից ծայր խաղաղ, հավատավոր և Աստծո հանդեպ մեծ վստահություն ունեցող  անձի հոգին է ցոլում, Հիշատակարանի մեջ, ընդհակառակը, կարծես թե մտահոգ և մինչև իսկ նեղսրտած  հոգի է ի հայտ գալիս։ Երկու գրությունների մեջ հակադիր այս վիճակների  արտահայտումը մեկ այլ ընթերցողի վրա այն տպավորությունը կարող է թողնել, թե երկու տարբեր հեղինակների գործեր են սրանք։ Բայց աղոթավոր հոգու զսպաններին, կամ, այսպես ասած բազկերակին ծանոթ անձը ոչ միայն նման գաղափար չի ունենա, այլև մինչև իսկ երկու գրությունների  ոգու այդպիսի տարբերությունից կհասկանա որ սրանք մեկ և մի հեղինակի հոգու արգասիքն են: Աղոթասեր հոգին իր հանդարտությունն ու պայծառությունն է գտնում, երբ մտնում է Աստծո իրական ներկայության մեջ: Սակայն մյուս կողմից, նման անձի համար ոչինչ այնքան վրդովեցուցիչնեղացուցիչ և ընդվզեցուցիչ չէ, որքան աղոթքի հանդեպ ուրիշների անտարբերությունը և անպատկառությունը տեսնելը: Անկեղծ և անկաշառ հայրենասերը իր հոգեկան բավարարությունը գտնում է հայրենասիրական ճառերի և գործերի մեջ, դրանցով է զվարթանում և թևեր առնում: Հայրենիքի վերելքի կամ դժբախտության դիմաց անկարեկից և անտարբեր մարդկանց դեմ, սակայն, ընդվզում է, զայրանում և ուզում է շոգու վերածվել՝ սրանց շարժման մեջ դնելու համար: Իսկ հայրենիքի դեմ դավողների և հայհոյողների համար ուզում է կրակ լինել, այրել-
սպառել դրանց: Բոլոր տեսակի սերերի հիմնական հատկանիշն է այս: Սերը չի կարող անտարբեր մնալ իր սիրո առարկայի նկատմամբ անտարբեր, անպատկառ և անարգական վերաբերմունքների հանդեպ: Աստծո սիրով լցված Շնորհալի հայրապետը այս ոգին է, որ երևան է բերում իր Առաջաբանի մեջ:


30.9.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - թարգմանությունները և կառուցվածքը

Այս հրաշալի աղոթքը, նման մի քաղաքի «որ ի վերայ լերին կայցէ» [թրգմն. որ լեռան վրա է կանգնած], չկարողացավ թաքնվել և մեր ժողովրդի նեղ շրջանակի մեջ սահմանափակվել, այլ մատչելի եղավ նաև ուրիշ քրիստոնյաների՝ իրե՛նց լեզուներով: «Որովհետև իրաճանաչ և երախտագետ ազգայինք և բանասերք այս դարուս (իմա՛ ԺԹ) սկիզբէն ի վեր Ասիոյ և Եվրոպիոյ գրեթէ ամէն գլխաւոր լեզուօք (իբրև 36) թարգմաներ և հազարաւոր օրինակ սփռեր են. և եթե շատ բանասէրք և հետաքնինք իբրև բազմապատիկ լեզուաց հաւաքում կը փնտռեն այս գրքոյկս, ոչ սակաւք ալ հեղինակին բանից վրա սքանչանալով կ’ընդունին» (Շնորհալի և Պարագայք իւր, էջ 250) [թրգմն. Որովհետև 19-րդ դարի իրաճանաչ և երախտագետ ազգայիններն ու բանասերները ի սկզբանե Ասիայի և Եվրոպայի գրեթե բոլոր հիմնական լեզուներով (մոտավոր՝ 36) թարգմանել և հազարավոր օրինակներով սփռել են այս աղոթքը: Եվ եթե շատ բանասերներ և ուսումնասիրողներ այս գրքույկի բազմաթիվ լեզուներով հավաքմանն են հետամուտ, շատերն էլ, հեղինակի խոսքերի վրա սքանչալով, ընդունում են այն]:

26.9.13

Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի - աղբյուրը և նպատակը

Կրոնական կամ աշխարհիկ գրականության մեջ գրեթե գոյություն չունի այսպես կոչված «սկզբնատիպ» երկ։ Բոլոր մեծ հանճարի արդյունք նկատած գրական գործերը ուղղակի կամ անուղղակի կերպով ծնունդ կամ համադրություն են մեկից ավելի մտքերի։ Մարդկության մեծագույն գիրքն իսկ՝ Աստվածաշունչը, իբրև մեկ ամբողջություն, և նրա յուրաքանչյուր գիրքը առանձին վերցրած՝ արդյունք են բազում մտքերի, բազում աղբյուրների, բազում ազդեցությունների՝ համակված Աստծո շնչով։ Այսպես են Հոմերոսի, Շեքսպիրի և Նարեկացու երկերը։ Դրանք ոչ բանահավաքություն են և ոչ էլ՝ բանագողություններ, այլ յուրաքանչյուր հեղինակին իբրև ժառանգություն եկած նյութերի և ատաղձների օգտագործումն են, կառուցումը և վերստեղծումը նրանցից յուրաքանչյուրի մտքի և հոգու արհեստանոցների մեջ։ Նույնը կարելի է ասել «Հավատով խոսովանիմի» համար։ Այս իսկ պատճառով զարմանալի չէ, որ ոմանք նմանություն նշմարած լինեն այս աղոթքի և այլ եկեղեցական հայրերի, հատկապես Ս. Եփրեմ Ասորիի գրած նմանօրինակ աղոթների միջև։ Մենք, սակայն, այսպիսի բանասիրական հարցերի մեջ չպետք է մտնենք, քանի որ մեր նպատակը գրական կամ գիտական ուսումնասիրություն ներկայացնելը չէ, այլ՝ պարզաբանել «Հավատով խոստովանիմի» մեջ հայտնված մտքերն ու գաղափարները։ Այստեղ միայն հաստատ այն կարող ենք ասել, որ «Հավատով խոսովանիմը» այնպես ինչպես այն ունենք մեր լեզվի մեջ, ոչ մի ուրիշ լեզվի կամ հեղինակի մոտ գոյություն չունի։ Հետևաբար այն հատուկ է լոկ Հայաստանյայաց Եկեղեցուն և Շնորհալու սրտի ու գրչի հարազատ արդյունքն է։ Շնորհալու միտքն ու հոգին այնքան առատորեն էին համակված հավատքով և աղոթելու տրամադրությամբ, որ բավական էր իր համար բացել հոգու ծորակները և, մինչև իսկ մեկ նիստով և մեկ օրվա մեջ, առատորեն դուրս պիտի հոսեր «Հավատով խոստովանիմի» պես գոհար մի աղոթք։

24.9.13

ՀՈԳԵՎՈՐ ԳԱՆՁ, ՈՐ ՇԱՏԵՐԻՆ ԿՀԱՐՍՏԱՑՆԻ

Բոլորովին վերջերս Երուսաղեմի Հայոց Պատրաիարքության «Սիոն» ամսագրի 1958թ-ի էջերը թերթելիս պատահաբար հանդիպեցի հոգևոր մի գանձի, որի մասին, դժբախտաբար, մինչ այդ գաղափար անգամ չունեի: Գանձը մի հոդվածաշարք էր՝ դուրս եկած մեր Սուրբ Եկեղեցու «ծանր հրետանավորներից» մեկի Շնորհք եպս. Գալուստյանի (հետագայում՝ Կ. Պոլսի Շնորհք Պատրիարք) գրչի տակից: Իսկ հոդվածաշարքի թեման ոչ ավել, ոչ պակաս Ներսես Շնորհալի հայրապետի հեղինակած «ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ» (բուն անունը՝ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻՒՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ) աղոթքի մեկնությունը: Սրտիս ցնծությանն ու ոգևորվածությանս հակառակ՝ մի փոքր տխրություն ապրեցի, երբ հայտնաբերեցի, որ այս գանձ-մեկնությունը՝ գրված լուսահոգի սրբազանին հատուկ պարզ խորունկությամբ, անավարտ է: Պատմական հանգամանքներով պայմանավորված՝ Շնորհք Սրբազանը հասցրել էր աղոթքի 24 տներից մեկնել միայն 8-ը և գրել հանրամատչելի մի նախաբան, որոնք զետեղված են Սիոն ամսագրի 1958-1959թթ.-ի տարբեր համարներում: Այսուհանդերձ, մեղք կլիներ գոնե եղած մեկնությունները չդարձնել ընթերցողի հարստությունը, քանի որ վստահ եմ, որ ընթերցողներից շատերն էլ այս գրական գոհարին ծանոթ պիտի չլինեն: Այս իսկ պատճառով Պատմական Եպիսկոպոսական այս ժողովի օրերին ցանկացա ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔՈՒՄ ժամանակ առ ժամանակ տեղադրել «Հավատով խոստովանիմի» մեկնության հետաքրքրական ու խիստ ուսուցողական այս շարքը: 

24.5.13

ԵՂԻԱՅԻ ՈԳԻՆ

Քանի որ մոտենում է Եղիա մարգարեի տոնը, առաջարկների հերթականությունը խախտելով՝ փորձեմ ներկայացնել Yerem ընթերցողի առաջադրած ավետարանական հատվածը՝

«Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու է» (Մատթ. 11:14


Փրկչի այս խոսքը հնչեց այն ժամանակ, եթբ ինքը՝ Քրիստոս, մարգարեներից վերջինին՝ Հովհաննես Մկրտչին էր «գովում» (տես Մատթ. 11:7-19)՝ համեմատելով Հին Կտակարանի ամենից խստակյաց մարգարեի՝ Եղիայի հետ: Այս համեմատության համար մի շարք ծանրակշիռ հանգամանքներ կային.

ա. Աստվածաշնչում Եղիա մագարեի մասին պատմվում է Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Վերջինի մեջ՝ Դ Թագ. 2:11, նկարագրվում է Սուրբ մարգարեի՝ ողջ-ողջ երկինք վերանալը, ինչի շնորհիվ Եղիան մշտապես նկատվում է որպես անմահ (այս շնորհին արժանացածներից են նաև Ենովքը (տե՛ս Ծննդ. 5:23) և համաձայն ավանդության՝ Սուրբ Կույս Աստվածածինը):

21.3.13

ՄԱՏՆԵՑԵ՛Ք ԱՅԴՊԻՍԻ ՄԵԿԻՆ ՍԱՏԱՆԱՅԻՆ

Beniamin ընթերցողի կողմից ամիսներ առաջ մեկնության է առաջադրվել իսկապես անորոշ թվացող մի խոսք Սուրբ Պողոս Առաքյալի` Կորնթացիներին ուղղված առաջին նամակից`



«…երբ դուք և իմ հոգին միասին կհավաքվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ, - մատնեցե՛ք այդպիսի մեկին Սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում» (5:4-5):

Կորնթոսը, որ իրավամբ հին աշխարհի ամենահայտնի հեթանոս-կռապաշտ քաղաքներից էր, անգամ ժամանակի պատմիչների կողմից ներկայացվում է որպես համակ անբարոյականության մարմանացում: Այստեղ քրիստոնեական հավատքի առաջին հիմանադիրը եղավ Պողոս Առաքյալը, ով երկու նամակ (գոյություն ունի նաև երրորդ նամակը, որը Աստվածաշնչյան կանոնի մեջ չի ընդգրկվել) ունի հղած քրիստոնեացող այս համայնքին: Ահա Առաջին նամակից վերոբերյալ տողը առնչվում է քրիստոնյա կորնթացիների մեջից դեռևս արմատախիլ չեղած անբարո մի սովորությանը` արյունապղծությանը, ինչի մասին սուրբ առաքյալն ասում է. «Ներկայումս լսում ենք, թե պոռնկություն կա ձեր մեջ, և այնպիսի պոռնկություն, որ հեթանոսների մեջ իսկ չկա, որպես թե մեկն ապրի իր հոր կնոջ հետ»: Ավելին, մասնավոր մի պարագայում այս երևույթը անգամ գովասանքի է արժանանում (տե՛ս 5:1-2), ինչը չարաչար վշտացնում է առաքյալին: Այս հարցի լուծման համար Պողոս առաքյալը կոչ է անում կորնթացի քրիստոնյաներին հավաքվել Հիսուսի զորությամբ (և ինքն էլ իրենց հոգեպես պիտի միանա) և մատնել արյունապիղծ մեկին սատանային: Տարօրինակ թվացող այս արտահայտությունը Պաղոս Առաքյալը արտահայտում է նաև Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում` «…նրանց թվում են Հիմենոսը և Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպեսզի խրատվեն չհայհոյել» (1:20):