Showing posts with label մահ. Show all posts
Showing posts with label մահ. Show all posts

28.11.11

ՍԵՎ ԿԱՏՈՒ

Դեռևս Ք.ա. 6-րդ դարում Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Հետաքրքրական է, բայց չին ուսուցչից ավելի քան 2500 տարի հետո էլ` այսօր, սենյակում սև կատվին որոնողները մեծ թիվ են կազմում` մոռանալով, որ այդ սենյակում կատու իրականում չկա: Խոսքս տվյալ դեպքում «սև կատու» կոչվող սնահավատության մասին է, մի երևույթ, որը սնահավատությունների շարքում ամենից տարածվածն է, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Բավական է խեղճ փիսիկն անցնի մարդու դիմացով... սնահավատի օրվա ու անգամ կյանքի բոլոր անհաջողությունները, սխալներն ու դժբախտությունները բարդվում են հենց այդ սև կատվի գլխին: Շատերն անգամ կարող են սև կատու հանդիպելիս փոխել իրենց ճանապարհը, իսկ ոմանք էլ անհաշտելի բաժանումը հաստատել թևավոր խոսք դարձած արտահայտությամբ` «մեր միջով սև կատու անցավ»: Ո՞րն է սև կատուների հանդեպ նման նախապաշարումի պատճառը, քչերը գիտեն, իսկ մյուսներն էլ ջանում են սեփական մտքի և հոգու սև ու սնահավատ սենյակում փնտրել ու գտնել այդ կատվին:

3.11.11

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ «Ո´Չ» Է ԱՍՈՒՄ ԱԲՈՐՏԻՆ, ԻՍԿ ԴՈ՞ւ

Մի անգամ համայնքի քահանային է մոտենում ամուսնացած մի զույգ.

- Տե´ր Հայր, - ասում է կինը, - գիտե՞ք մենք երեխա ենք սպասում:
- Օ
՜, - ուրախանում է քահանան, - Աստված թող օրհնի ձեզ, զավակնե՛րս, ի՜նչ լավ լուր ասացիք...
- Գիտեք, որ մենք արդեն չորս երեխա ունենք,- խոսքը կտրում է ամուսինը,- եթե հինգերորդն էլ ծնվի... ապրելը ծայրահեղորեն կդժվարանա:
- Ե՞վ,- մռայլվում է քահանան,- ի՞նչ ելք եք տեսնում:
- Տե´ր Հայր, տվե´ք ձեր օրհնությունը, խնդրում ենք, որպեսզի արհեստականորեն ընդհատենք հղիությունը...
Քահանան մտահոգվում է.
- Լա´վ, հասկանում եմ, որ յոթ հոգանոց ընտանիք պահելը, շատ դժվար է. տալիս եմ իմ օրհնությունը, որպեսզի սպանեք ձեր երեխային, միայն թե... ավելի լավ է սպանեք ձեր ավագ դստերը, թե չէ անարդար է. փոքրիկը դեռ արևի լույս էլ չի տեսել, իսկ ավագ դուստրը արդեն տասը տարեկան է, կյանքից ինչ-որ բան համտեսել է արդեն, նրա՛ն կսպանեք...

Ամուսինները, գլուխները կախ, դուրս են գալիս եկեղեցուց...

16.8.11

ՄԵՌԵԼՈՑ կամ ԵՐԲ ԺՊԻՏԻ ՏԱԿ ՄԱՀ Է ԹԱՔՆՎԱԾ


... Արևը պարանոցիս է գալարվում, փոշին` ոտքերիս... Քայլում եմ լուռ, գլուխս խոնարհած անցյալի ու ապառնիի զառամյալ տիրոջ` ժամանակի առաջ: Քայլում եմ ու մտածում. «Իսկ ի՞նչ է ներկան... Է՜խ... ներկան էլ մի անցյալ է այս վայրկյանից հետո և կամ ապագա` մի քանի վայրկյան առաջ. ամբողջ կյանքում մարդը փախչում է ներկայից, կառուցում է ապագան ու հանակարծ... հանկարծ հենց ինքն էլ դառնում է անցյալ»:

12.8.11

ՇՈՒՆԸ

Հավաքված բազմությունը, տեղի տալով սիրելի Վարդապետի` փոքր-ինչ հանգիստ առնելու հորդորին, աստիճանաբար ցրվեց: Վարդապետը, դույզն-ինչ թեքված մի ոտքի վրա, հայացքով ուղեկցեց հեռացողներին, ապա հանգիստ քայլերով ուղղվեց դեպի տաճարի բակի հեռավոր անկյունում առաջացող ստվերը: Հոգոց հանելով նստեց ստվերում, փակեց աչքերը, դեմքն ուղղեց երկինք: Չնայած տեղ-տեղ արևից խանձվելուն, դեմքը գունատ էր, իսկ հոգնությունն` ակնհայտ: Չանցած մի քանի վայրկյան` բացեց աչքերը. դրանցում անսովոր առույգություն սկսեց կայծկլտալ: Վարդապետը երկուսի բաժանեց ձեռքի գարեհացը, որ քիչ առաջ մի ժպտուն մանչուկ էր ոգևորությամբ Իրեն հյուրասիրել և մի փոքր պատառ տարավ բերանը: Յուրայինները դեռ չէին դարձել շուկայից, և այդ հանգամանքը սկսում էր անհանգստացնել Վարդապետին: «Չլինի՞դարձյալ օրենսգետները կամ փարիսեցիները սադրիչ քայլերի են դիմել` փորձելու համար առաքյալներին... Դեռ որքա՞ն նրանք պետք է շարունակեն իրենց կեղծ ու անաստված ընթացքը, որքա՞ն ժամանակ դեռ կույր պիտի մնան»,- մտքում արտասանեց Վարդապետը` հացի ևս մեկ պատառ մոտեցնելով շուրթին: Ձեռքն անակնկալ քարացավ շուրթերի մոտ. քիչ հեռվում` պատի տակ, շարված փայտե արկղերի միջև ինչ-որ բան շարժվեց:

28.6.11

ՀՐԵՇՏԱԿԸ

Նվիրվում է Միլենայի հիշատակին

- Օդը ծանր է. բացե՛ք պատուհանները,- արթնանալով իրեն պաշարած ծանր վիճակից` հրամայեց Արամը:
Կինը, թեև դժգոհ էր ամուսնու այս պահանջից (գիշերվա օդը բավական պաղ էր), այնուամենայնիվ տեղի տվեց ամուսնու պահանջին և մոտենալով պատուհանին բաց արեց այն` ամբողջ կրծքով մեկ խոր հոգոց հանելով: Զգալով, որ ամուսինն այլևս ուշադրություն չի դարձնում իրեն` պատուհանը շատ քիչ բացեց, պատուհանագոգին դրված փոքրիկ արձանը դրեց փեղկի դիմաց, որպեսզի նորից չփակվի, և մոտեցավ սենյակի գրեթե կենտրոնում դրված մեծ մահճակալին:
Նա չքնաղ էրՀրեշտակՈւրիշ ոչ մի բառ միտս չի գալիս` նրա գեղեցկությունն արտահայտելու համար: Բայց ինչո՞ւ միայն գեղեցկությունը: Նա հրեշտակ էր ամեն ինչով և ամեն ինչում: Լինել այս աշխարից, ապրել այս աշխարհի փտող հասարակության մեջ և մնալ այդքան նուրբ և այդքան մաքուրՍա միայն հրեշտակին է հատուկ: Համենայն դեպս իմ պատկերացումներն այսպիսին են: Չեմ ճանաչել նրան, չեմ կարող ասել, թե նրա հետ ունեցած իմ մի քանի րոպե ձգված շփումը ճիշտ գնահատական կտար նրա անձի մասին, սակայն մի բան հաստատ գիտեմ. նա հրեշտակ էր: