Showing posts with label հոգևոր. Show all posts
Showing posts with label հոգևոր. Show all posts

15.3.18

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ - Շավիղ 32

Հարց. Ինչպե՞ս բարեգործություն անեմ:

Պատասխան. Նախ՝ պետք է լինես ողորմած և գթասիրտ, որ երբ մի խեղճ աղքատ տեսնես, գութդ շարժելով հոգաս նրա կարիքները, որպեսզի Քրիստոսի երանությանն արժանանաս. «Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթեոս Ե 7): Եվ երկրորդ՝ պահք պիտի պահես:

Հարց. Ինչպե՞ս պահք պահեմ, ծո՞մ մնամ, թե զգուշանամ մսից ու կաթնամթերքից:

Պատասխան. Թե՛ ծոմ և թե՛ պահք պիտի պահես: Ոչ միայն կերակուրի պահքը պիտի պահես, այլև բոլոր զգայարաններդ ծոմ պիտի պահեն: Միշտ զգաստ ու զգույշ պետք է լինել, իսկ ծոմապահության օրն առավել ևս, ամենևին մարմնի կամքը չկատարել, ինչպես որ Եսայի մարգարեն է պատվիրում. «Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնադատում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք, բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ Ես ընտրեցի,- …ասում է Տերը: Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր և արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները: Քաղցածներին բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան…: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ» (Եսայի ԾԸ 3-9): Եվ երեք աղոթք պիտի անես:

Հարց. Ինչպե՞ս պիտի աղոթեմ:

Պատասխան. Դ Շավիղի մեջ ասացինք, որ սուրբ սիրտ և մաքուր բերան պիտի ունենաս, իսկ խնդրանքներդ պիտի շահեկան լինեն հոգուդ և հաճելի Աստծու կամքին: Իսկ եթե օգտակար բան խնդրես մարմնիդ համար, ապա սատանայի կամքին հաճելի կլինի:

14.3.18

ՇՆՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱ ԴԵՄ - Շավիղ 31

Հարց. Եթե այդպես է , ապա զգաստ լինենք, խրատին հետևենք, և առանց մյուսներին նայելու՝ ես իմ գլուխն ազատեմ: Ուրիշ ի՞նչ խրատ ունես տալու:

Պատասխան. Ժամանակին պարծեցար, թե շնություն չես անում, ես էլ լռեցի՝ ասածդ որպես ճշմարտություն ընդունելով: Բայց ինչ որ ասում ու պարծենում էիր, բոլորն էլ սուտ էր, վախենում եմ՝ այս պարծանքդ էլ սուտ լինի:

Հարց. Ես դատարկ տեղը չեմ պարծենում, իրոք որ ուրիշի մոտ շնության չեմ գնացել ոչ մի անգամ:

Պատասխան. Շնությունը միայն ուրիշի մոտ գնալը չէ: Մի՞թե չլսեցիր, որ Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց շնացող կոչեց, նաև մի՞թե Քրիստոս չասաց. «Ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթեոս Ե 28):

13.3.18

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՄՐՑԱՆԱԿԻՆ - Շավիղ 30

Հարց. Կարծում եմ՝ վերջացան լեզվի մասին եղած խրատները:

Պատասխան. Այո՛, ավարտվեցին, բայց մի մեծ վտանգ էլ կա, եթե դրանից չզգուշանաս, այլ գործածես, շատ վատ վիճակում կհայտնվես: Դրա համար ես պարտավոր եմ քեզ տեղյակ պահել. գիտեմ նաև, որ քեզ համար պիտի շատ դժվար լինի, ինչպես այն հիվանդի, որի աչքը միշտ սառը ջրի և թթու կերակուրների վրա է, բայց որոնք վնասակար են իր հիվանդությանը: Բնական է, որ բժիշկն արգելում է՝ ասելով. «Սառը ջուր մի՛ խմիր, թթու մի՛ կեր»: Այդ պահին բժիշկը հիվանդի աչքին մի չար մարդ է երևում, գուցե և բռնակալ, բայց բժշկվելուց հետո նա ուրախ է լինում, որ չօգտագործեց սառը ջուրն ու թթու կերակուրը, իսկ բժշկից էլ մեծապես շնորհակալ է լինում: Նմանապես էլ մեղքի աղտի մեջ գտնվող մարդուն եթե խրատես, դժվարությամբ կընդունի, ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին» (Եբր. ԺԲ 11): Անշուշտ շատ դժվար է սեփական կամքը զսպել, բայց երբ մեղքից հեռանա ու զղջա, այն ժամանակ կզգա օգուտը, ինչպես որ Եսային է գրում. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտեղ ես գտնվում» (Եսայի Լ 15): Վերջապես քեզ կցանկանայի մի բանի մասին էլ ասել: Ամեն մեկի մեղքը դիմացինի աչքին ավելի ցայտուն է երևում, քան իր աչքին: Հետևաբար ես տեսնում եմ, որ սատանան որոգայթ է լարել ոտքիդ տակ, բայց դու այդ մասին չգիտես, անզգույշ քայլում ես և անշուշտ պիտի ընկնես փորձանքը, դրա համար տեղյակ եմ պահում քեզ, որ զգույշ քայլես:

Հարց. Ո՞րն է այդ զգուշանալիք որոգայթը, որի մասին այսքան երկար ասացիր:

Պատասխան. Բարկությունն է այդ մեղքը, որից եթե հեռու չմնաս, երբեք չես կարող բարեգործություն անել, ինչպես որ Հակոբոսն է ասում. «Բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում» (Հակոբոս Ա 20): Չկատարելուց բացի արածդ էլ ոչնչացնում է, ինչպես որ Քրիստոս ցույց է տալիս օրինակով. «Ով որ լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթեոս Է 26-27):

Հարց. Այդ տունը տակնուվրա անող հողմը ի՞նչ է:

12.3.18

ԼԵԶՎՈՎ ԳՈՐԾՎՈՂ ՄԵՂՔԵՐԸ - Շավիղ 29

Հարց. Կարծում եմ, այս բոլորը սովորեցի և այսուհետև ես ինքս, կարող եմ ուրիշին խրատ տալ:

Պատասխան. Շատ լավ, տո՛ւր քո խրատը, բայց ամենից առաջ դու ինքդ պիտի պահես այդ խրատը և ապա նոր քարոզես: Եվ եթե դու չպահես և ուրիշին խրատես, Պողոս առաքյալը կհանդիմանի քեզ. «Իսկ արդ դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես չգողանալ, գողանում ես. ասում ես չշնանալ, շնանում ես» (Հռոմ. Բ 21-22): Ուստի ամենից առաջ դու ես պարտավոր պահել և ապա ուրիշին սովորեցնել:

Հարց. Դա չգիտեի, եթե այդպես է, ես ուրիշին չեմ քարոզի, եթե ես միայն իմ փրկության համար հոգամ, բավական է, քանի որ դեռ ինքս կարոտ եմ խրատի: Ուրիշ ի՞նչ զգուշացումներ կան:

11.3.18

ՆԱԽԱՆՁԵԼ, ԲԱՄԲԱՍԵԼ, ԴԱՏԵԼ - Շավիղ 28

Հարց. Շատ գարշելի բան է հպարտությունը, որ մարդուն սատանայի է նմանեցնում: Շնորհակալ եմ քեզնից, որ ինձ բացատրեցիր այդ ամենը, սրանից հետո չպիտի հպարտանամ, որ չնմանվեմ սատանային:

Պատասխան. Շատ լավ է, որ չես հպարտանալու և սատանային չես նմանվելու, բայց սրա նման երկու այլ գարշելի մեղքեր կան ևս, որոնք մարդ արարածին նմանեցնում են սատանային: Եթե դրանցից չհրաժարվես, այլ միայն հպարտությունից հեռու մնաս, դարձյալ սատանայի որոգայթում կհայտնվես, որովհետև ճնճղուկը, եթե ոչ թե երկու ոտքով, այլ մեկ ոտքով ծուղակ ընկնի, միևնույն է չի կարող փախչել: Գլխավորը սատանայի ծուղակը չընկնելն է:

Հարց. Որո՞նք են այդ մեղքերը:

Պատասխան. Առաջին՝ նախանձը, սա նույնպես սատանայի հնարքն է, ինչպես հպարտությունը, այս է պատճառը, որ նախանձ մարդը սատանայից ոչնչով չի տարբերվում: Քանի որ սատանան հպարտանալով զրկվեց իր լուսեղեն փառքից և անմիջապես նախանձեց Ադամի փառքին: Նա ամեն բան արեց, որ Ադամին նույնպես զրկի փառքից և բոցեղեն սրով այս փշալից երկիրը աքսորեց, ու մարդը մահվան վճիռ ստացավ, ինչպես Սողոմոնն է ասում. «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. Բ 24):