Showing posts with label հոգևոր. Show all posts
Showing posts with label հոգևոր. Show all posts

1.3.18

ՀՈԳԵՒՈՐ ՀԱՐՍ Եւ ՓԵՍԱ - Շավիղ 18

Հարց. Եղբա՛յր, ինչի՞ համար է Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց շնացող անվանում:

Պատասխան. Ես նախ քեզ մի բան հարցնեմ. առհասարակ ո՞ւմ են շնացող անվանում:

Հարց. Ով իր ամուսնուն դավաճանում և մեկ ուրիշին է սիրում, նրան են շնացող անվանում:

Պատասխան. Լավ պատասխանեցիր. արդ մենք ևս պարտավոր ենք բովանդակ սրտով սիրել Աստծուն, բայց եթե դավաճանելով Աստծուն այդ սերն ուղղենք աշխարհի փուչ, վաղանցիկ բաների վրա, մենք ևս շնացող կլինենք: Մինչդեռ ինչպես պատվիրում է Պողոս առաքյալը, մարդը պարտավոր է սիրել իր կնոջը. «Ո՜վ մարդիկ, սիրեցեք ձեր կանանց» (Եփես. Ե 25): Եթե այդ պարտականության դեմ մեղանչելով շնացող ենք անվանվում, ապա որքան ավելի մեծ շնություն է Աստծու հանդեպ դավաճան ու պարտազանց լինելը:

Հարց. Աստծու հանդեպ սերը տղամարդու և կնոջ սիրո՞ւն ես նմանեցնում:

Պատասխան. Այո՛, ինչպես Եսային է գրում. «Ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար» (Եսայի ԿԲ 5): Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի մասին իր աշակերտներին ասում է. «Ով հարս ունի, Նա է փեսան» (Հովհաննես Գ 29): Եվ Պողոս առաքյալը գրում է. «Ձեզ նշանեցի մի մարդու՝ որպես մի անբիծ կույս, Քրիստոսին ներկայացնելու համար: Բայց երկյուղ եմ կրում, թե միգուցե, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքը ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից» (Բ Կորնթ. ԺԱ 2-3):

28.2.18

ՍԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆԴԵՊ - Շավիղ 17

Հարց. Ինչի՞ համար է զրկելը մարդասպանություն համարվում:

Պատասխան. Եթե մարդ սպանես, մի անգամից կազատվի այս աշխարհից, բայց եթե մեկին անվանարկես, որ պատվազուրկ լինելով չկարողանա առևտուր անել, կամ նրա ապրանքը անիրավությամբ ձեռքից խլես, այնպես որ նա ծայրահեղ աղքատության մեջ հայտնվի, ապա այդ մարդը քանի անգամ կորցրած ապրանքը և պատիվը մտաբերի, այնքան անգամ կմեռնի սրտի կսկիծից: Այս պատճառով դա սպանություն է համարվում:

Հարց. Ինչպես արդեն ասացինք, մարդկանցից և ոչ մեկը նման փոքր գողություններից զերծ չէ, նմանապես չկա մեկը, որ զերծ լինի այս տեսակ մարդասպանությունից: Իսկ իմ աշխարհասիրության մասին ի՞նչ կասես:

Պատասխան. Ես ի՞նչ կարող եմ ասել, գուցե իմ ասածին չհավատաս էլ: Գնա Հակոբոս և Հովհաննես առաքյալների մոտ, նրանք այդ մասին մանրամասն գրել են, նրանցից սովորիր:

Հարց. Ես նրանց որտե՞ղ գտնեմ ու հարցնեմ, քո ասածիդ էլ կհավատամ. չտեսա՞ր՝ մինչև հիմա ինչ որ ասացիր, հավատացի առանց հակաճառելու, սրան էլ կհավատամ, միայն թե դու բացատրի՛ր:

27.2.18

ԻՆՉՊԵ՞Ս ՍԻՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐԻՆ - Շավիղ 16

Հարց. Հասկացա, որ տասը պատվիրաններից հինգը կատարվում է Աստծուն սիրելով, իսկ մնացած հինգը ինչո՞վ է կատարվում:

Պատասխան. Մնացած հինգ պատվերն էլ կատարվում է ընկերոջը սիրելով.

ա) եթե ընկերոջդ սիրես քո անձի պես, նրա կնոջը չես ցանկանա,
բ) նրա ապրանքը չես գողանա,
գ) նրան չես սպանի,
դ) նրա մասին սուտ վկայություն չես տա,
ե) նրա ունեցվածքին աչք չես տնկի:

Հարց. Մի մարդ կարո՞ղ է այդ տասը պատվերները ամբողջը կատարել. ինձ թվում է, որքան էլ որ ջանա, մեկ-երկու պատվեր պակաս կմնա. դա վնա՞ս է:

Պատասխան. Այդ բանը ոչ թե ինձ, այլ Հակոբոս առաքյալին հարցրու, և նա քեզ կպատասխանի. «Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին» (Հակոբոս Բ 10):

26.2.18

ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀՈԳՈՒՄ - Շավիղ 15

Հարց. Ինչո՞ւ Քրիստոս տասը պատվիրաններից այս երկուսը մեծ համարեց, այսինքն՝ Աստծուն և ընկերոջը սիրելը:

Պատասխան. Եթե այս երկուսը հաստատ պահես, տասը պատվիրաններն էլ կատարած կլինես:

Հարց. Ինչպե՞ս երկու պատվիրան պահելով՝ տասը պատվիրան կատարած կլինեմ:

Պատասխան. Եթե Աստծուն ամբողջ սրտով սիրես, Նրա անունն առանց առիթի չես տա և սուտ բանի համար Աստծուն վկա չես բերի: Երկրորդ՝ կուռք չես պատրաստի, երրորդ՝ շաբաթ, այսինքն՝ կիրակին սուրբ կպահես: Մարմնավոր գործերից հրաժարվելով՝ հոգևոր գործով կզբաղվես: Չորրորդ՝ հորդ ու մորդ կհարգես: Տեսնո՞ւմ ես, որ այսպիսով հինգ պատվեր կատարեցիր:

Հարց. Փա՛ռք Աստծու, ես կռապաշտ չեմ, որ կուռք պատրաստեմ:

Պատասխան. Շատ ես պարծենում, թե կռապաշտ չես, բայց Պողոս առաքյալի խոսքերով, եթե ագահություն ունենաս, դա արդեն կռապաշտություն է. «Այս բանն իմացեք, թե ամեն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծու և Քրիստոսի թագավորության մեջ ժառանգություն չունի» (Եփես. Ե 5):

25.2.18

ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆԸ - Շավիղ 14

Հարց. Հասկացա, որ Աստծու պատվիրանները տասն են, բայց սրանց մեջ մեծ և փոքր կա՞, թե՞ բոլորն էլ հավասար են:

Պատասխան. Թեպետ բոլորն էլ մեծ են, որովհետև Աստծու պատվիրաններն են, բայց սրանց մեջ երկու մեծ պատվիրան կա, որ առաջնային է համարում Քրիստոս:

Հարց. Ո՞ր պատվիրանն է մեծ:

Պատասխան. Նախ՝ «Դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»: Սա է առաջին պատվիրանը: Եվ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես», չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք» (Մարկոս ԺԲ 30-31):

Հարց. Ես ճիշտ եմ ասում, այդ երկու պատվիրաններից առաջինը հաստատ պահել եմ, որովհետև ես իմ Աստծուն սիրում եմ ամբողջ սրտով և ամբողջ մտքով: Բայց երկրորդ պատվիրանը, այսինքն՝ իմ ընկերոջը իմ անձի պես չեմ սիրում, դա մեծ վնաս ունի՞: