Showing posts with label հավատք. Show all posts
Showing posts with label հավատք. Show all posts

30.5.17

ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 9)

Մոտ ընկերներ ունեմ, ովքեր աստվածավախ բժիշկներ են և շատ օրինակելի ամուսիններ: Նրանց ավագ որդին չորս տարեկան էր, երբ մետաղադրամ կուլ տվեց և սկսեց խեղդվել: Իհարկե բոլոր ծնողների պես նրանք էլ այդ պահին շփոթվում են, ընկնում շոկային հոգեվիճակի մեջ, փորձում են առաջին օգնություն ցույց տալ, բայց ապարդյուն: Իրենց չկորցնելով ծնողներ գրկում են երեխային և վազում փողոց, որպեսզի ավտոմեքենա կանգնեցնեն և հասցնեն հիվանդանոց, քանի որ ի վիճակի չեն լինում վարելու մեքենան: Ճանապարհին երեխայի վիճակը կտրուկ վատանում է, և հայրը որոշում է տռախեոտոմիա անել(վահանաճառից 4-5 սմ ներքև կտրվածք, որը ցուցված է շնչահեղձության ժամանակ), քանի որ գիտակցում է, որ այլ ելք չկա ու երեխան կարող է մահանալ շնչահեղձությունից: Մայրը սկսում է աղոթել և աղոթքի մեջ խնդրել Աստծու ողորմածությունը`կրկնելով, որ հրաշք արարի, որդուն կյանք տա: Աղոթքի պահին մետաղադրամը դուրս է թռչում: Տղան փրկվում է: Ընկերուհիս պատմում է, որ աղոթքի մեջ նա կրկնել է, որ Աստծո ձեռքն է հանձնում տղային և այժմ էլ լիահույս է, որ գալու է այն օրը, երբ տղան ցանկանալու է հոգեվորական դառնալ ու ծառայել մաևդկանց այդ կերպ:

Նա արդեն տասներկու տարեկան է և աղոտ հիշում է իր հետ պատահածը: Մի անգամ, երբ վերհիշում էին այդ օրը, տղան հուզվեց ու ինձ շշուկով ասաց. «Գիտե՞ս, Աստված լսեց մորս աղոթքը, որովհետև պետք եմ դեռ մարդկանց: Ամեն գիշեր աղոթքս շնորհակալությամբ եմ սկսում»:


29.5.17

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 8)

Հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր լինելով քրիստոնյա, սնահավատ են: Եթե հավատում ես Տիրոջ գոյությանը, ապա սնահավատությունը իր տեղը պետք է չգտնի քո կյանքում: Մարդիկ տարբեր են և հավատում են տարբեր սին ու անհիմն բաների: Օրինակ՝ հարևանս, առավոտյան տան մութքի մոտ քացախ է ցողում, որպեսզի չար աչք չդիպչի: Մի անգամ փորձեցի նրան համոզել, որ դա անզոր է օգնել, դեմ է քրիստոնեկական հավատքին և կարելի է քահանա հրավիրել, որպեսզի տունն օրհնի, իսկ նա ակնարկեց, որ ես դեռ երիտասարդ եմ և անփորձ: Համաձայնվեց, որ քահանա կարելի է հրավիրել, բայց քացախը, աչքի հուլունքը և այլ բաներն էլ ճիշտ են: Ու ես հիշեցի մի դեպք, որ կատարվել էր ընկերուհուս բարեկամների հետ և որոշեցի պատմել հարևանուհուս: Այդ դեպքը մի ընտանիքի հետ էր կատարվել, ովքեր իրենց նորածին աղջնակի շորին աչքի հուլունք էին ամրացրել, որպեսզի վանի ամեն չար հայացք և նեգատիվ էներգիա: Սակայն փոքրիկը հիվանդանում է: Ամիսներ շարունակ բժիշկները փորձում են օգնել և բուժել նրա մոտ հայտնաբերված աղիքային ինֆեկցիան: Մայրը տխրում է, մտածում, թե դա չար աչքից է և սրտնեղում, որ աչքի հուլունքը չկատարեց իր «առաքելությունը»:

28.5.17

ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 7)

Ծանոթրներիցս մեկը ընկերներ ուներ, ովքեր տարիներ առաջ ավտովթարի ենթարկվեցին: Սիրում էին վարել ցոփ ու շվայտ կյանք, իսկ գինովցած լինելը առօրյայի բաղկացուցիչ մասն էր կազմում: Հերթական երեկույթից վերադառնալիս` ավտոմեքենան բախվել էր քարե պատնեշին այնպես, որ նոր գնված մեքենան վերածվել էր մետաղական ջարդոնի: Եվ ինչքան էլ անհավանական է, երկու ընկեր մնացել էին ողջ`սահմանափակվելով քերծվացքներով և սալջարդով:
Անցել է երկու տարի և այդ դեպքից հետո նրանք վերափոխվել և այլ մարդ են դարձել: Այդ դեպքը նրանց օգնեց մոտենալ երկնային շողարձակ վեհությանը, փոխել աշխարահայացքը, ջնջել պղծառատ էությունը: Նրանք սկսել են արժեւորել կյանքը, գնահատել ամեն օրը, հավատալ հրաշքների գոյությանը: Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այն եղավ, որ նրանցից մեկը այդ վթարից հետո որոշեց մկրտվել և վերածնվելով`սկսել նոր կյանք: Մկրտությամբ մարդը դառնում է Աստծո որդեգիր: Վերջերս տեսել եմ նրանցից մեկին, և ուրախալի էր նրա պահելաձևի ու հայացքի մեջ տեսնել այլ մարդու:

«Նա, ով հավատում է եւ մկրտվում, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատում, պիտի դատապարտվի»
 (Մարկ. ԺԳ: 16)։

26.5.17

ԳԵՀԵՆԻՑ ՓՐԿՎԱԾԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 6)

Չորրորդ կուրսում սովորում էինք գինեկոլոգիա, իսկ գործնական դասերը անց էինք կացնում ծնարանում: Անչափ հետաքրքիր և անսովոր էր ականատես լինել նորածինների լույս աշխարհ գալուն: Անբացատրելի բերկրանք էինք զգում, երբ լսում էինք մանուկների առաջին ճիչը, տեսնում մայրացած կանանց երջանիկ ժպիտը: Հերթապահելուս առաջին օրը հանդիպեցի մի կնոջ, ում արդեն դուրս էին գրում: Մեր ուշադրությանն արժանացավ, քանի որ անդադար արտասվում էր և դողդղալով մաքրում դեմքը: Մեզ թվաց, թե կորցրել է փոքրիկին և մոտեցանք, որպեսզի հանգստացնենք: Պարզեցինք, որ այդ երիտասարդ կինը հրաշքով է ողջ մնացել: Նա իր աղջկան ունեցել էր կեսարյան հատումով, քանի որ բարդություններ էին եղել և սեփական ուժերով անհնար էր եղել լուս աշխարհ բերել փոքրիկին: Հղիությունը ընթացել էր դժվար: Մի երեկո էլ ինքնազգացողությունը վատացել էր տանը, և նրան շտապ հասցրել էին հիվանդանոց: Նշանակվել էր կեսարյան հատում: Վիճակը այնքան վատ էր եղել, որ բժիշկները դժվարությամբ են կարողացել փրկել մանկան կյանքը: Ամենասարսափելին այն է եղել, որ կնոջ մոտ ներքին արյունահոսություն է սկսվել: Բժիշկները ամեն բան փորձել են անել, որպեսզի կնոջն էլ փրկեն և Աստծո անծայր զորությամբ կինն ապրել է: Կինը մեզ պատմեց նաև, որ անգիտակից ժամանակ տեսել է, թե ինչպես են սևազգեստ, երկարածամ դևեր ներս մտել վիրահատարան և ամուր բռնելով ձեռքերից դուրս հանել: Հետո սկսել են գլորել աստիճաններով ցած`տանելով այնտեղ, որտեղ տառապում են մարդկային հոգիները: Այնտեղ նա ականատաես է եղել բազմաթիվ մեղսավոր հոգիների կտտանքներին: Աղաչել է, որ բաց թողնեն իրեն, որ խղճան և այդ ժամանակ նրան ծաղրել են` հիշեցնելով ժամանակին արհեստականորեն ընդհատած հղիության, աբորտի մասին: Նա այդ լսելով սկսել է կանչել Տիրոջը, որպեսզի գա, փրկի և չթողնի մնալ այդ պատժարանում: Այդ պահին հայտնվել է մեկը, ով ձեռքերը պարզելով առաջ`հետ է հրել այդ դևերին, իսկ հետո լույս է տեսել, լսել բժիշկների ձայնը:

25.5.17

ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 5)

Մի երեխա բերեցին հիվանդանոց: Թթենուց վայր էր ընկել և սահմանափակվել ոտքի սրունքի կոտրվածքով և քերծվածքներով: Երբ վիճակը փոքր-ինչ կայունացավ, գնացինք տեսության: Բավական բարձր տեղից էր վայր ընկել, և բոլորը զարմացել էին, որ երեխան խուսափել էր լուրջ կոտրվածքներից: Երբ հարցրեցինք, թե ինչպես է փոքրիկ հերոսը, նա ժպտաց և վստահորեն ասաց, որ լավ է և որ իրեն «բոյով տղերքը» բռնեցին ու չթողեցին ընկնել գլխի վրա: Բայց, բացի իրեն հասակակից ընկերոջից, որ յոթ տարեկան էր, ոչ ոք չի եղել այնտեղ՞ իսկ հարազատներն աղմուկ լսելով օգնության են հասել ընկնելուց հետո: Անգամ ըներոջն են հարցրել, թե ովքեր են եղել այդ տղաները, որպեսզի գտնեն և շնորհակալություն հայտնեն, բայց երեխան ասել է, որ ոչ մեկի չի տեսել: Սա հրաշք է: Մարդիկ տարբեր կերպ կարող են մեկնաբանել տեղի ունեցածը, քանի որ հաճախ գտնում են, որ երեխաները մեծ երևակայություն ունեն և կարող են հորինել շատ բան: Գուցե որոշ դեպքերում այդպես է, բայց վստահ եմ, որ մանուկների շուրթերով հնչած խոսքերը ամենաանկեղծն են լինում: Նրանք ամենահիանալի մարդուկներն են, ովքեր դեռ կեղտոտված չեն մեծերի աշխարհի խավարի փոշուց: Շատերս այդ օրը վստահ ասացինք, որ դա հրաշք է, և որ այդ «բոյով տղերքը» եղել են նրա պահապան ու լուսավոր հրեշտակները, ում Տերն ուղարկեց վտանգի պահին, որ ևս մեկ անգամ լինի վկայություն` երկնային արքայության ու հրաշքի գոյության:
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի:
Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է»
(Մատթ. 18:3, 10):