Showing posts with label զղջում. Show all posts
Showing posts with label զղջում. Show all posts

23.5.17

ԵՐԲ ԶՂՋՈՒՄ ԵՍ ԵՒ ՀԱՎԱՏՈՒՄ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 2)

Ուսանողական տարիներին ականատես եմ եղել դեպքերի, որոնք խորհելու առիթ կարող են տալ յուրաքանչյուր մարդու, ով դեռ որոնում է ճշմարիտ լույսը, ով փորձում է պայքարել ապրելու համար, ում հարազատը անառողջ է, ով աշխատում է բժշկել:

Ինֆեկցիոն հիվանդությունների մասին գործնական դասընթացները անց էինք կացնում հիվանդանոցում: Հերթական շրջայցի ժամանակ մի հիվանդասենյակ մտանք, որտեղ պառկած էր ծանր վիճակում գտնվող մի հիվանդ՝ միջին տարիքի մի տղամարդ: Մենակ չէր. կինը և տղան կողքին էին: Նա մի թմրամոլ էր, ով իր կյանքի ընթացքում բազմաթիվ հանցանքներ էր կատարել, որպեսզի ձեռք բերեր անհրաժեշտ չափաբաժինը: Ախտորոշումը հեպատիտ Ց-ն էր`լյարդաբորբ, որը վարակիչ հիվանդություն է: Այն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով`թմրանյութերի ներերակային ներարկման, վատ ախտահանած բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով:

Բժիշկները հուսադրող ոչինչ չէին ասել հարազատներին, բայց չէ՞ որ հույսը վերջում է մեռնում: Կան մարդկային տեսակներ, որոնք անտեսում են դիմացինի հոգեկան ծանր ապրումները և սպանում լավատես մնալու ջանքերը: Մարդիկ այնքան տարբեր են լինում իրենց ներաշխարհով, բայց բոլորին ապրեցնում է հույսը, սերը և հավատը: Այս հզոր սյուներն են պահում մեզ և թույլ չեն տալիս հանձնվել: Դրանց անկումը բերում է բազմաթիվ հոգեբանական խնդիրների, առիթ հադիսանում տարբեր հիվանդությունների առաջացման: Կնոջ հետ զրույցից հասկացա, որ նրան շատ էր ընկճել բժիշկների հստակ պատասխանն այն մասին, որ ամուսնուն երկար կյանք տրված չէ: Զարմանալու դարաշրջան չէ, բայց դեռ զարմանում ես այն մարդկանց վրա, ովքեր վերքի վրա աղ լցնելու վարպետներ են: Նրանք գործ ունեն մարդկային կյանքերի հետ, իսկ կյանքը կարող է երկարել, եթե հավատում ես ու հավատացնում, որ հնարավոր է փրկության դուռ բացվի: