Showing posts with label գեղարվեստական. Show all posts
Showing posts with label գեղարվեստական. Show all posts

24.2.11

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ



Արթուր սրկ. Սարգսյան
Ջուրը ջրվեժ` «արգանդի» մեջ,
Եվ ձայն Աստծո ի վերա ջուրց.
Ստրուկս հրի գրկում թաղվեց...
Հառնեց մեղքից` ազատություն...

...Լուսե թռչուն ափերի մեջ...
Ու ճակատիս` շնորհների բույլ,
Զգայարանքիս բութ` հրեշտակներ,
Մյուռոնի գետ երակներում...

...Հույս Հարության` շուրթիս հաղորդ`
Անմահության ավիշ հոգուն,
Երեկ մանուկ կաթին կարոտ,
Այսօր` քիմքիս Մարմին-Արյուն...

...Պարանոցիս` արյուն և ջուր,
Կրծքիս գգված փայտ քառաթև,
Որով` շավիղ դեպի անհուն,
Կյանք առավել ` Աստծո պարգև...

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2.2.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 3)




Կարդա՛ նաև`




Բարև, ների՛ր, քնած էի, այդ պատճառով պատասխան նամակդ ուշացրի: Բայց արի՛ դու ինձ մի՛ մեղադրի. քունս չէր էլ տանում, դու ինքդ ինձ տարար, պառկեցրիր մի կոտրված օրորոցի մեջ ու անգամ մեկ երկու օրորոցային էլ երգեցիր, նոր քնեցի: Ասեմ, որ շատ վատ եմ քնել: Դե իսկ հիմա, քանի որ արթնացել եմ, ավելի ճիշտ, քանի որ ինձ արթնացրիր, քեզ նամակ եմ գրում:
Այս գիշեր անտանելի երազ եմ տեսել: Անկեղծ ասած չգիտեմ պատմե՞մ, թե` ո՛չ: Լավ, կպատմեմ, բայց չվախենաս։

6.12.10

ԵԴԵՄ

                                                                              Նվիրում եմ կողակցիս`
Սոսեիս
Ես հիշում եմ քո ծնունդը…

Նոր  էր երկինքը ճրագներ կախել իր խափշիկ մարմնից, ուրախ խաղում էին լուսատուները ազատ եզերքի, զեփյուռը ոսկե հուշիկ շոյում էր  սիրո մեղեդին, և գիշերն անուրջ անդորր էր շնչում…
Լուսնյակն այդ գիշեր փոխել էր ասես մագաղաթագույն ցոլանքը դեմքի, հիշել էր կարծես` ինքն էլ կարող է լինել գեղանի ու նուրբ, գրավիչ այնքան և այնչափ դյութիչ, որ պաղ, անհաղորդ լճակը անգամ փնտրում էր նրան ջրերում իր լուրթ…

Գիշեր էր… Ես փարվել էի պճնված լուսնին, քեզ էի երազում…

20.10.10

ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ

«Ճակատագիրը ժամավաճառ է լինում: ՉԷ՛, քեզ այդ սազական չէ, ճակատագի՛ր,- մտածեց Բարաբբան և գլուխը շրջելով դեպի փոքրիկ ճաղապատ երդիկը` վիզը երկարեց` փորձելով որոշել, թե որքա՛ն ժամանակ կա մինչև արևածագը: -Մի քանի ժամ ևս և...»,- նա չկարողացավ ավարտել  նախադասությունը. բառերը չորացան կոկորդում:
Նորից շրջվեց դեպի հողաշեն խոնավ պատը և իրեն բարուրեց մի քանի ճղճղված լաթերով, որ ծառայում էին որպես ծածկոց: Զգաց, որ չի հարմարվում պառկած դիրքի հետ: Շրջվեց մյուս կողի վրա. այսպես էլ հարմար չէր:
Էէ՜հ... Անհնար է: Երեք ամիս է` այս անիծյալ բանտախցում եմ և ոչ մի անգամ չի եղել, որ գիշերները անհանգիստ զգամ ինձ: Անգամ առաջին գիշերը քնել եմ մանկան նման: Իսկ այսօր... Արդյո՞ք գալիքի սպասումն է պատճառը: Չէ՛...Անհնար է: Ես Բարաբբան եմ` հայտնի ավազակապետը, որ ահուսարսափ եմ տարածում ամենքի, անգամ այս բանտի առնետների վրա, որոնք այլևս խուսափում են իմ խուցը մտնել: Ես Բարաբբան եմ, որ անգութ էի այնքան, որքան դո՛ւ ճակատագի՛ր, անգութ էի այնքան, որ մարդուն կյանքից զրկելը սովորական էր դարձել ինձ համար, ինչպես ճնճղուկի վիզը քաշելը: Ես Բարաբբան եմ, որ տարիներ շարունակ վազել եմ մահվան ու կյանքի անհաստատ կամրջի վրայով, իսկ այժմ... ստրուկի պես վախենում եմ... մահից... Վախենո՞ւմ եմ արդյոք: Չեմ վախենում. ուղղակի սարսափում եմ: Այո՛, սարսափում եմ: Մի բանով գոնե հանգիստ եմ. հիմա ես անկեղծ եմ իմ անձի հանդեպ. ես անկեղծորեն խոստովանում եմ ինքս ինձ, որ մահն ինձ համար դարձել է սարսափ, այն մահը, որի վրա մի ժամանակ անվարան կթքեի: Անկեղծությո՞ւն: Ի՞նչ եմ ես հասկանում անկեղծությունից: Անկեղծություն... Ամբողջ կյանքս անցկացրել եմ թալանների, կեղծիքների և հանցանքների մեջ, ամբողջ կյանքս  լվացվել եմ տաք արյունով և մի պահ թեկուզ չեմ անդրադարձել, որ սխալ եմ գործում: Միշտ ինքս ինձ վստահեցրել եմ, որ այս ճանապարհը ամենաճիշտն է: Բայց... Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Ավելի լավ կհասկանամ, երբ Գողգոթայի բարձունքում խաչին գամված Բարաբբային կհայհոյի և երեսին կթքի ամեն անցորդ, ամեն անցորդ առանց խտրության. արժանի եմ...»:
Բարաբբան ոտքի ելավ: Նորից նայեց երդիկից դուրս: Արևը ելել էր:
«Այսպես ուրեմն,- մտածեց` նորից նստելով գետնին ընկած լաթերի վրա,- ժամանակը մոտ է»:

5.10.10

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 2)







Կարդա՛ նաև`
 


Բարև... անկեղծ ասած, փոքր-ինչ դժվար է բարևել մեկին, ում ով լինելն այնքան էլ հստակ չգիտեմ: Չնայած, որոշ կասկածներ ունեմ:
Նամակ գրելիս չեմ սիրում հատկապես սկիզբը, քանի որ նախաբանով սկսելն ինձ մոտ միշտ էլ դժվար ու վատ է ստացվում, իսկ նախաբանը պարտադիր է։
Նամակդ հասավ իր հասցեատիրոջը՝ սրտիս: Պատկերացրու, որ մի ծա՜նր հոգոց եմ հանում: Շա՜տ ափսոս, որ սովորական այս թղթի կտորն իմ ձայնը քեզ չի կարող փոխանցել: Չնայած, ինձ թվում է, որ դու հիմա էլ լսում ես այն: Ինչ որ է...
Պիտի ասեմ, որ տատանվում էի քեզ նամակ գրելու հարցում: Ախր ես քեզ չեմ էլ ճանաչում կամ... Քեզ պատասխանում եմ, որովհետև ամբողջովին ճշմարիտ ես: Բայց խնդրում եմ ասա՛, թե ո՛վ ես դու: Վստահ եմ, որ դու Աստված չես: Ես դրան չեմ կարող արժանի լինել: Դու նաև ասում ես, որ խիղճս էլ չես ու չէիր էլ ուզենա լինել: Լավ, իսկ ո՞վ ես դու: Ես քեզ հոգի անունն էլ չեմ կարող տալ, որովհետև իմ հոգին բավական պղտոր է, իսկ դու՝ մաքուր ու անաղարտ: Ես քեզ նաև սիրտ անունը չեմ կարող տալ, որովհետև դու հենց սրտիս՝ ինձ ես նամակն ուղղել: Հասկանում եմ, դու իմ ճշմարտությունն ես, բայց որտեղի՞ց ես, հարգելի՛ ճշմարտություն... 

1.9.10

ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ…

Նարեկը մտավ դասարան: Մտավ իր ամենօրյա անկարգ ձևով. սկզբում աղմուկով բացեց դուռը, ապա ոտքերը քստքստացնելով անհամաչափ քայլերով մտավ դասարան` իր հետևից, գրեթե գետնին քսելով, քարշ տալով կաշվե դպրոցական պայուսակը: Այսօր, հակառակ արմատացած սովորության, չէր ուշացել դասերից: 8 անց 23 րոպե էր. դեռ հինգ-տասը րոպե կար մինչև դասերի սկսվելը: Նա նույն անկանոն քայլերով շարժվեց դեպի իր նստարանը, չհասած դրան` պայուսակը նետեց սեղանի վրա և դժգոհ կեցվածքով նստեց: Շուրջ երկու րոպե աչքերը հառած պահեց հանդիպակաց պատի կենտրոնում` սև գրատախտակի վերևում կախված Վ. Ի. Լենինի մեծադիր նկարին: Ի՛նչ էր մտածում, դժվար է ասել, բայց որ Նարեկի համար այս օրը մի տեսակ տարբերվում էր մնացած բոլոր օրերից, դա Նարեկը զգացել էր դեռ վաղ առավոտյան: Նախ մի հանգամանք. այն, որ ինքն առանց որևէ մեկի միջնորդության, կամովին արթնացել էր ուղիղ 7 անց 30 րոպեին, ինչը բացառիկ դեպք էր ամբողջ 7 տարվա դպրոցական կյանքի ընթացքում, լուրջ հիմքեր էր տալիս մտածելու, որ մի բան արտասովոր է այս օրվա մեջ:

21.8.10

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 1)



Կարդա՛ նաև`
Ողջո՛ւյն սիրելի՛, չէ՜... ավելի ճիշտ՝ պաշտելի անձ իմ: Ես քեզ նամակ եմ գրում... Ի՞նչ է, դու ծիծաղում ե՞ս ինձ վրա, որ քեզանից եմ քեզ նամակ գրում: Ծիծաղի՛ր, ես չեմ խռովի ու չեմ էլ տրտմի, ես ինձանից նեղացողը չեմ, իսկ դու՝ թերևս, ի՛նքդ որոշիր: Ծիծաղի՜ր, որովհետև դու չգիտես, որ ես քեզանից չեմ քեզ նամակ գրում, ես ինձանից եմ գրում: Ի՞նչ է, նորից ծիծաղդ գալիս է. լավ, դու գիտես, ես անցնեմ առաջ:

ՍԵՎԱՆՆ Է ԾՓՈՒՄ...

Սևանն է ծփում… Ծփում է հանդարտ, ծփում է մեղմիկ: Այնքա՜ն նազանք կա նրա խաղի մեջ, կոր կոհակների նրբին պարի մեջ, որ մարդ նայելիս ափսոսում է գեթ մեկ ակնթարթ հայացքը թեքել…
«Է՜հ… Արտաքին խաբկանք, ռոմանտիկություն, դարերով եկած Սևանի գովքը թարմացնելու պարտականություն… Չգիտեմ` ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ արտահայտել մարդկանց` Սևանին ձոնած մակդիրների ամբողջությունը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. «Մարդի՛կ, ո՛վ մարդիկ, հատկապես հայե՛ր, Սևանը այն չէ, ինչ դուք եք տեսնում»:

20.8.10

ԳՈՒՅՆԵՐ

Անունն Այվազ էր, ազգանունն այդ պահին ինքն էլ չէր մտաբերում, միայն հիշում էր, որ բոլոր կտավների տակ «Այվազ» էր ստորագրում, հարևանները, հարազատները, բոլորն իրեն այդպես գիտեին:
Գիշերն անտանելի էր: Քառասուներեք տարվա մեջ մեկ անգամ էր նման գիշեր ունեցել, այն էլ` վաղանցիկ քսանում. ատամն էր գարշելիորեն տանջում` հոշոտելով նյարդերը: Այս գիշեր ցավը կար, ատամը չկար… թե՞… մի խոսքով գիշերն անտանելի էր:

ՀՈՌԵՏՈՍՈՒԹՅՈՒՆ

Ո՛չ հույս, ո՛չ սեր, ոչ էլ հավատք 
Չեն ամոքում, չեն սփոփում ինձ,
Պակասում է լոկ մի՛ նվագ`
Կարապի երգ մայրամուտիս:
«...ԵՍ...» /Արթուր սրկ. Սարգսյան/
Ո՛չ կյանք, ո՛չ շունչ, ոչ էլ ոգի
Ջերմ չեն այևս ու գոյող.
Վաճառվել է վաղուց հոգիս
Ու վախճանս է մի բուռ հող:
Ո՛չ խինդ-ծիծաղ, ոչ էլ ժպիտ
Շարժ չեն բերում դեմքիս տղմոտ,
Կավակերտ գուղձ-գերեզմանիս
Չի բուսնի անգամ մոլախոտ:
Ո՛չ տուն, ո՛չ սյուն, ո՛չ ընտանիք
Չեն պաշտպանի բքից այնքան,
Որքան փայտե մի սպառնալիք`
Իրար գամված չորս հատ տախտակ:
Ե՛վ ցավ, և՛ մահ, և՛ հուր-դժոխք
Երազում է վաղուց հոգիս,
Զի կորցրել է զղջում-աղոթք,
Ողբ է ձոնում անկյալ կյանքիս.
Կորուստ անդարձ, գայթակղություն
Եվ հուսահատ խո՜ր տառապանք.
Արժան չեմ Քեզ, Անմահությո՛ւն,
Չկա հոգուս զիջում` … փրկանք

(2008թ.)

ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մութ է գիշերը, խավար ու վախկոտ,
Լուռ հառաչում եմ նրա սարսուռից,
Սիրտս մաշում է անհույս մի կարոտ.
Ասես զրկված եմ լույսի աղբյուրից.
Թվում է` երբեք արև չի լինի,
Հօդս չի ցնդի սքեմն գիշերվա,
Թվում է` նորից ինչպես վայրենի
Պիտի հարձակվեմ ինքս ինձ վրա:
Սպասումն է տիրում ինձ մարտից առաջ,
Հոգիս եմ կոփում սկզբունքայնությամբ,
Երբ… ժպտմներես ու թևատարած             
Դու ես ողջունում գրկախառնությամբ:
Ինձ ես փոխանցում անխոս մի նամակ,                 
Արթուր սրկ. Սարգսյան, «Սէր անուն Յիսուս...»
Որ լուռ կարդում եմ աչքերի մեջ քո.
«Երբեք մի՛ տխրիր, չես դու միայնակ.
Երես մի՛ թեքիր սիրուց Աստուծո:
Ե՛վ Հույս և՛ Հավատ և՛ զորացնող Սեր
Գոյող են` հավետ զորավիգ, փրկող,
Միայն թե դողդոջ ձեռքը դու քո բե՛ր
Եվ երբեք, երբե՛ք ձեռքն Իմ բաց մի թող:
Թող զարթնի այգը դարձյալ քո հոգում`
Ուժ ստանաս դարձյալ ծնկել աղոթքի.
Ես խոստանում եմ մինչև մահվան քուն
Ապավեն լինել և բժիշկ կյանքի»:

…Գունեղ է կյանքը, օրս արևոտ,
Խավարը ասես ճերմակ է հագել,
Պետք չէ այլևս թախիծ մահահոտ,
Պետք չէ այլևս. Դու ես ներս եկել:
Հուշիկ մտել ես կրծքիցս դու ներս
Ու հիասթափյալ սիրտս համբուրել
Եվ առանց խնդրանք, աղաչանք, աղերս
Գիշերս խավար լույսով ես ներկել:
Մութ չէ գիշերը` լո՛ւյս է, արևոտ,
Ժպտուն  ցնծում եմ կյանքի բերկրանքից,
Եվ երջանկության շողն այս առավոտ
Ուրա՛խ արցունք է կախել իմ աչքից…

(2008թ.)