Showing posts with label բանաստեղծություն. Show all posts
Showing posts with label բանաստեղծություն. Show all posts

20.8.11

ՄԱՅՐ ԻՄ

Այսօր հիշեցի մայրիկիս նվիրված մի բանաստեղծություն, որ գրել էի սրանից ուղիղ 10 տարի առաջ` 2001թ. օգոստոսի 20-ին: Դե իհարկե Չարենց կամ Շիրազ չեմ :), բայց կարծում եմ ճիշտ և ըստ արժանվույն կգնահատվեն պատանյակիս առաջին գրական քայլերը:


Մա´յր իմ քնքուշ, թանկագին, 
Մա´յր իմ անուշ ու անգին,
Մա´յր իմ չքնաղ ու բարի,
Մա´յր իմ, մա´յրն ես աշխարհի:

24.2.11

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ



Արթուր սրկ. Սարգսյան
Ջուրը ջրվեժ` «արգանդի» մեջ,
Եվ ձայն Աստծո ի վերա ջուրց.
Ստրուկս հրի գրկում թաղվեց...
Հառնեց մեղքից` ազատություն...

...Լուսե թռչուն ափերի մեջ...
Ու ճակատիս` շնորհների բույլ,
Զգայարանքիս բութ` հրեշտակներ,
Մյուռոնի գետ երակներում...

...Հույս Հարության` շուրթիս հաղորդ`
Անմահության ավիշ հոգուն,
Երեկ մանուկ կաթին կարոտ,
Այսօր` քիմքիս Մարմին-Արյուն...

...Պարանոցիս` արյուն և ջուր,
Կրծքիս գգված փայտ քառաթև,
Որով` շավիղ դեպի անհուն,
Կյանք առավել ` Աստծո պարգև...

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

6.12.10

ԵԴԵՄ

                                                                              Նվիրում եմ կողակցիս`
Սոսեիս
Ես հիշում եմ քո ծնունդը…

Նոր  էր երկինքը ճրագներ կախել իր խափշիկ մարմնից, ուրախ խաղում էին լուսատուները ազատ եզերքի, զեփյուռը ոսկե հուշիկ շոյում էր  սիրո մեղեդին, և գիշերն անուրջ անդորր էր շնչում…
Լուսնյակն այդ գիշեր փոխել էր ասես մագաղաթագույն ցոլանքը դեմքի, հիշել էր կարծես` ինքն էլ կարող է լինել գեղանի ու նուրբ, գրավիչ այնքան և այնչափ դյութիչ, որ պաղ, անհաղորդ լճակը անգամ փնտրում էր նրան ջրերում իր լուրթ…

Գիշեր էր… Ես փարվել էի պճնված լուսնին, քեզ էի երազում…

21.8.10

ՍԵՎԱՆՆ Է ԾՓՈՒՄ...

Սևանն է ծփում… Ծփում է հանդարտ, ծփում է մեղմիկ: Այնքա՜ն նազանք կա նրա խաղի մեջ, կոր կոհակների նրբին պարի մեջ, որ մարդ նայելիս ափսոսում է գեթ մեկ ակնթարթ հայացքը թեքել…
«Է՜հ… Արտաքին խաբկանք, ռոմանտիկություն, դարերով եկած Սևանի գովքը թարմացնելու պարտականություն… Չգիտեմ` ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ արտահայտել մարդկանց` Սևանին ձոնած մակդիրների ամբողջությունը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. «Մարդի՛կ, ո՛վ մարդիկ, հատկապես հայե՛ր, Սևանը այն չէ, ինչ դուք եք տեսնում»:

20.8.10

ՀՈՌԵՏՈՍՈՒԹՅՈՒՆ

Ո՛չ հույս, ո՛չ սեր, ոչ էլ հավատք 
Չեն ամոքում, չեն սփոփում ինձ,
Պակասում է լոկ մի՛ նվագ`
Կարապի երգ մայրամուտիս:
«...ԵՍ...» /Արթուր սրկ. Սարգսյան/
Ո՛չ կյանք, ո՛չ շունչ, ոչ էլ ոգի
Ջերմ չեն այևս ու գոյող.
Վաճառվել է վաղուց հոգիս
Ու վախճանս է մի բուռ հող:
Ո՛չ խինդ-ծիծաղ, ոչ էլ ժպիտ
Շարժ չեն բերում դեմքիս տղմոտ,
Կավակերտ գուղձ-գերեզմանիս
Չի բուսնի անգամ մոլախոտ:
Ո՛չ տուն, ո՛չ սյուն, ո՛չ ընտանիք
Չեն պաշտպանի բքից այնքան,
Որքան փայտե մի սպառնալիք`
Իրար գամված չորս հատ տախտակ:
Ե՛վ ցավ, և՛ մահ, և՛ հուր-դժոխք
Երազում է վաղուց հոգիս,
Զի կորցրել է զղջում-աղոթք,
Ողբ է ձոնում անկյալ կյանքիս.
Կորուստ անդարձ, գայթակղություն
Եվ հուսահատ խո՜ր տառապանք.
Արժան չեմ Քեզ, Անմահությո՛ւն,
Չկա հոգուս զիջում` … փրկանք

(2008թ.)