Showing posts with label արձակ. Show all posts
Showing posts with label արձակ. Show all posts

14.4.11

ՀՐԱԺԱՐՈՒՄ կամ ՄԵՂՔԻ ՍՊԻՆԵՐ

Նվիրվում է ազնիվ ընկերոջս`
Տաթևիկ Աղաբաբյանին
Դրամապանակը, որ գտել էր թերթի կրպակից վերադառնալիս` շենքի մուտքի մոտ, այժմ աղքատիկ հյուրասենյակի շրջանաձև հին սեղանի ուղիղ կենտրոնում էր: Ակնապիշ նայում էր դրան, նայում չթարթելով, արցունքոտվելու չափ ակնապիշ: Հառել էր չռած հայացքը կաշվե առարկային ու մտածում էր, վերհիշում թե ինչպե՛ս վերցրեց այն:
Հեռվից էր նկատել դարչնագույն իրը գետնին (չնայած ծեր տարիքին` տեսողությունն անթերի էր, և ինքն էլ առույգությունից ու առողջությունից այդքան բողոք չուներ) ու հետաքրքրությունից մղված` մոտեցել էր: Կանգնել էր դրամապանակի վերևում, մի քանի վայրկյան մտածել, զգուշավոր հայացք նետել աջ, ապա` ձախ, ցուցամատով սրբել ճակատի, հետո բարակ բեխերի տակ հայտնված քրտինքը, ապա իբր թե պատահական ձեռքից գետին էր սահել օրաթերթը, որի հետ միասին դրամապանակը կտրվել էր գետնից…

17.3.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)



Արթուր սրկ. Սարգսյան /Եղիցի անուն Տեառն օրհնեալ/ (2006)
Հետաքրքիր է չէ՞, միշտ երեկոները կամ էլ գիշերն եմ քեզ նամակ գրում, կարծեմ ես էլ գիշեր եմ... Ինչևէ, հուսով եմ` մի օր առավոտյան կգրեմ:
Երեկ գիշերը (էլի գիշեր...) լուսարարից եկեղեցու բանալին խնդրեցի. ուզում էի բարձրանալ աղոթքի: Դուռը փակեցի ու դուրս եկա շենքից: Հորդառատ անձրև էր տեղում: Սկսեցի կամաց-կամաց քայլել դեպի եկեղեցի տանող աստիճանները: Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ, քայլերս` ավելի դանդաղում: Երկինքն էլ, գիտե՞ս, լալիս էր ինձ վրա: Անձրևի կաթիլներն սկսեցին հոսել ճակատիս վրայով: Շատ ծարավ էի: Մինչև ոսկորներս թրջվեցի ու շարունակում էի դանդաղ քայլերով բարձրանալ աստիճաններով: Ամպերն անդադար որոտում ու երկնառաք իրենց բողոքն էին բարձրացնում (նրանք էլ ինձ տանել չեն կարողանում), ես խանգարում էի սիրահարված անձրևին: Ես անցանկալի մի խոչընդոտ էի մայր հողի ու խելագար անձրևի սիրատենչ գրկախառնման միջև:
Ահա, արդեն մոտենում եմ եկեղեցուն, դարավոր մի եկեղեցի, որ իր ամբողջ էությամբ սրտիս մեջ է դրոշմված:

2.2.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 3)




Կարդա՛ նաև`




Բարև, ների՛ր, քնած էի, այդ պատճառով պատասխան նամակդ ուշացրի: Բայց արի՛ դու ինձ մի՛ մեղադրի. քունս չէր էլ տանում, դու ինքդ ինձ տարար, պառկեցրիր մի կոտրված օրորոցի մեջ ու անգամ մեկ երկու օրորոցային էլ երգեցիր, նոր քնեցի: Ասեմ, որ շատ վատ եմ քնել: Դե իսկ հիմա, քանի որ արթնացել եմ, ավելի ճիշտ, քանի որ ինձ արթնացրիր, քեզ նամակ եմ գրում:
Այս գիշեր անտանելի երազ եմ տեսել: Անկեղծ ասած չգիտեմ պատմե՞մ, թե` ո՛չ: Լավ, կպատմեմ, բայց չվախենաս։

6.12.10

ԵԴԵՄ

                                                                              Նվիրում եմ կողակցիս`
Սոսեիս
Ես հիշում եմ քո ծնունդը…

Նոր  էր երկինքը ճրագներ կախել իր խափշիկ մարմնից, ուրախ խաղում էին լուսատուները ազատ եզերքի, զեփյուռը ոսկե հուշիկ շոյում էր  սիրո մեղեդին, և գիշերն անուրջ անդորր էր շնչում…
Լուսնյակն այդ գիշեր փոխել էր ասես մագաղաթագույն ցոլանքը դեմքի, հիշել էր կարծես` ինքն էլ կարող է լինել գեղանի ու նուրբ, գրավիչ այնքան և այնչափ դյութիչ, որ պաղ, անհաղորդ լճակը անգամ փնտրում էր նրան ջրերում իր լուրթ…

Գիշեր էր… Ես փարվել էի պճնված լուսնին, քեզ էի երազում…

20.10.10

ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ

«Ճակատագիրը ժամավաճառ է լինում: ՉԷ՛, քեզ այդ սազական չէ, ճակատագի՛ր,- մտածեց Բարաբբան և գլուխը շրջելով դեպի փոքրիկ ճաղապատ երդիկը` վիզը երկարեց` փորձելով որոշել, թե որքա՛ն ժամանակ կա մինչև արևածագը: -Մի քանի ժամ ևս և...»,- նա չկարողացավ ավարտել  նախադասությունը. բառերը չորացան կոկորդում:
Նորից շրջվեց դեպի հողաշեն խոնավ պատը և իրեն բարուրեց մի քանի ճղճղված լաթերով, որ ծառայում էին որպես ծածկոց: Զգաց, որ չի հարմարվում պառկած դիրքի հետ: Շրջվեց մյուս կողի վրա. այսպես էլ հարմար չէր:
Էէ՜հ... Անհնար է: Երեք ամիս է` այս անիծյալ բանտախցում եմ և ոչ մի անգամ չի եղել, որ գիշերները անհանգիստ զգամ ինձ: Անգամ առաջին գիշերը քնել եմ մանկան նման: Իսկ այսօր... Արդյո՞ք գալիքի սպասումն է պատճառը: Չէ՛...Անհնար է: Ես Բարաբբան եմ` հայտնի ավազակապետը, որ ահուսարսափ եմ տարածում ամենքի, անգամ այս բանտի առնետների վրա, որոնք այլևս խուսափում են իմ խուցը մտնել: Ես Բարաբբան եմ, որ անգութ էի այնքան, որքան դո՛ւ ճակատագի՛ր, անգութ էի այնքան, որ մարդուն կյանքից զրկելը սովորական էր դարձել ինձ համար, ինչպես ճնճղուկի վիզը քաշելը: Ես Բարաբբան եմ, որ տարիներ շարունակ վազել եմ մահվան ու կյանքի անհաստատ կամրջի վրայով, իսկ այժմ... ստրուկի պես վախենում եմ... մահից... Վախենո՞ւմ եմ արդյոք: Չեմ վախենում. ուղղակի սարսափում եմ: Այո՛, սարսափում եմ: Մի բանով գոնե հանգիստ եմ. հիմա ես անկեղծ եմ իմ անձի հանդեպ. ես անկեղծորեն խոստովանում եմ ինքս ինձ, որ մահն ինձ համար դարձել է սարսափ, այն մահը, որի վրա մի ժամանակ անվարան կթքեի: Անկեղծությո՞ւն: Ի՞նչ եմ ես հասկանում անկեղծությունից: Անկեղծություն... Ամբողջ կյանքս անցկացրել եմ թալանների, կեղծիքների և հանցանքների մեջ, ամբողջ կյանքս  լվացվել եմ տաք արյունով և մի պահ թեկուզ չեմ անդրադարձել, որ սխալ եմ գործում: Միշտ ինքս ինձ վստահեցրել եմ, որ այս ճանապարհը ամենաճիշտն է: Բայց... Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Ավելի լավ կհասկանամ, երբ Գողգոթայի բարձունքում խաչին գամված Բարաբբային կհայհոյի և երեսին կթքի ամեն անցորդ, ամեն անցորդ առանց խտրության. արժանի եմ...»:
Բարաբբան ոտքի ելավ: Նորից նայեց երդիկից դուրս: Արևը ելել էր:
«Այսպես ուրեմն,- մտածեց` նորից նստելով գետնին ընկած լաթերի վրա,- ժամանակը մոտ է»: