Showing posts with label Տեր Հուսիկ. Show all posts
Showing posts with label Տեր Հուսիկ. Show all posts

18.2.14

ՄԵՐ ՀՈՎԻՎԸ (տեսագրություն)

Ես Աստղիկն եմ, քրիստոնյա…

Պաշտոնապես այդպիսին եմ դարձել դեռ շատ վաղուց, բայց քրիստոնյա լինելուս իմաստը, կարևորությունը և նշանակությունը հասկացել եմ չորս տարի առաջ… ու մինչ այսօր փառք եմ տալիս Աստծուն այդ լուսավոր, բերկրալի, ամբողջ կյանքս վերաիմաստավորող այդ օրվա համար, խաղաղության, մի մեծ ընտանիքի, խնդության, սիրո և վերջապես Աստծուն ճանաչելու, նրա Լույսը սրտումս ու ճանապարհիս հավերժ ունենալու համար…

14.2.14

ԵՍ ՍԿՍԵՑԻ ԻՐԱՊԵՍ ՀԱՎԱՏԱԼ

Դեկտեմբերյան ցուրտ օրերից էր: Մռայլ էր Փարիզը իր ողջ շքեղության մեջ: Փարիզյան տխուր տրամադրությունը պատել էր նաև ինձ: Մեր սիրելի Հայր Սուրբը մեկնում էր, ետ էր վերադառնում Մայր Աթոռ:
Քայլում էի մտազբաղ. ո՞վ պետք է իրեն փոխարինի, ո՞վ պետք է կարողանա գալ և նորից գրավել փարիզաբնակ խստապահանջ հայ հասարակության սրտերը: Այս մտքերի մեջ էի, երբ հասա Մայր եկեղեցի: Օրը շաբաթ էր, եկեղեցում քիչ հավատացյալներ կային: Աղոթեցի և մտա առաջնորդարանի քարտուղարություն: Հայր Սուրբը իր սենյակում էր, իրերն էր հավքում: Երբ հայտնեցի մտավախությունս, նա թեթև ժպտաց և ասաց.
- Անահանգստությունդ անտեղին է, ես ժամանակավորապես էի այստեղ, միևնույն է մի օր գնալու էի, իսկ նա, ով պիտի գա, թերևս ինձնից արժանի պիտի լինի:
Ես ժպտացի: Ինձ թվաց, նա ընդամենը մխիթարում է ինձ . չէ՞ որ նրա շնորհիվ էր, որ ես սկսել էի այցելել եկեղեցի` Պատարագներին:
Բայց այն ինչ լինելու էր, վեր էր իմ սպասածից:

8.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՀՈՒՍԻԿ ՔՀՆ. ՍԱՐԳՍՅԱՆ

«Նա քահանա՜ է»-ն կարծես մեծ ավետիս լինի, որը ուղեկցվում է շեփորների ձայնով և խառնվում մարդկանց ուրախության ձայներին, որոնք րոպե առաջ ուզում են բոլորին պատմել բարի լուրը: Այդ մեծ ավետիսը, ցնծությունն ու երջանկությունը զգացի ես իմ ընկերների հետ, երբ Սուրբ Խորանից հնչեց նորօծյալ քահանայի` Տեր Հուսիկի անունը: Արթուր սարկավագը, որին ես ճանաչեցի խոկման ժամանակ իր ապագա կնոջ`տաղանդաշատ Սոսեի հետ «Տեր ողորմեան» երգելիս, արդեն քահանա է: Չեմ կարող մոռանալ Տեր Հուսիկից հորդող լուսավորությունը, բարությունը և մաքրությունը, որ տեսա իր Անդրանիկ պատարագի ժամանակ, ինչպես նաև չեմ կարող մոռանալ բոլորիս արցունքախառը շողացող դեմքերը և ուրախությունը, որ ապրեցինք այդ կիրակի:

«Նա քահանա՜ է»-ն կարծես խրատ լինի` պապիկների հավասարակշռված, փոքր-ինչ խիստ և ամեն ինչ հստակ, առանց «եթեների», բարի ու պսպղուն աչքերով ասվող խրատ, որը միշտ տեղին է և ճիշտ ժամանակին, ինչպիսին որ Հուսիկ քահանայի քարոզներն են` այնքան հզոր և այնքան Սուրբ Հոգով լի, որ քայքայում են թերահավատությունդ ու վախերդ և քաջություն տալիս քրիստոնյա լինելու, Աստծուն ավելի մոտ լինելու և դիմակայելու աշխարհիկ թվացյալ դժվարություններին: Հուսիկ քահանայի քարոզները միշտ կոչեր են չվախենալու, այլ հավատալու, չծուլանալու, աղոթելու, գործելու, սիրելու, լինելու այնպիսին, ինչպիսին մեր Տեր Աստված է մեզ ստեղծել:

28.1.14

ԵՎՍ ՔՍԱՆ ԿԻԼՈՄԵՏՐ

Ամեն առավոտ արթնանում եմ ուժերի գերլարումով, ամեն երեկո պատճառներ փնտրում` առավոտյան արթնանալու համար: Անհամբեր սպասում եմ` շաբաթն ավարտվի` մտածելով` եթե շաբաթ-կիրակի հանգստանամ, կանցնի:
Մտերիմներիցս մեկը վաղուց առաջարկում էր միասին գնալ Էջմիածին: Մտածում էի հոդվածների շարք գրել անապահով ընտանիքների մասին, նա էլ թե` Էջմիածնի գյուղերում նման ընտանիքներ շատ կան, և Տեր Հուսիկ քահանան էլ ամեն շաբաթ այցելում է գյուղեր, կարելի է նրա հետ գնալ:
Ուրբաթ օրը հերթապահ եմ. ծանր օր, 12 ժամ աշխատել եմ ու րոպեներն եմ հաշվում` երբ եմ տուն հասնելու: Արդեն պատրաստվում էի անջատել համակարգիչն ու դուրս գալ, հանկարծ Ֆեյսբուքում աչքովս ընկան «Ժպտացող զինվորների» պատռված լուսանկարները:
Լուսանկարիչներից մեկը ժպտացող զինվորների էր նկարել ու նկարները փակցրել Երևանի Կենտրոնական փողոցներում, մի քանի օր բոլորը այդ նկարներից էին խոսում, դնում իրենց ֆեյսբուքյան էջերում: Երբ տեսա պատռված լուսանկարները, մոռացա, որ ուշանում եմ ու քարացած մնացի նստած: Տեսնես ինչից կարող է մարդ էսքան չարանալ ու էսքան ատելությամբ լցվել: Նստեցի, մի երկու բան գրեցի էդ անհայտ «քաջագործների» հասցեին, հետո դուրս եկա: Ամբողջ ճանապարհին մի բան էի մտածում` որտեղ, երբ մեծացավ էս անսեր սերունդը, ոնց կարելի է ատել զինվորին, ոնց կարելի է պատռել նրա ժպիտը: Սեր չկա: Անհետացել է մի տեղ: