Showing posts with label Տեր Գրիգոր քահանա Տերտերյան. Show all posts
Showing posts with label Տեր Գրիգոր քահանա Տերտերյան. Show all posts

9.2.14

... ՕՐՀՆՅԱԼ ԷՐ ՕՐԸ

Արդեն ժամհարելու ժամանակն էր: Քանի՜ քանիսն էին մի կերպ գլորել գիշերվա ծանր մութը, մինչ լույսը կբացվեր, որ կրկին լսեին զանգերի կանչող ձայները ու քանի քանիսի դռներն էին ծեծել գիշերահած ստվերները՝ սիրտ ու հոգի տակնուվրա անելով, ու արդեն ժամն էր, նա էլ շտապում էր տաճար...

Դրսում՝ պատուհանների տաք շնչին նստած, ձյունն էի դողդողալով մաքրում: Մտքիս անկյուններում ինչ-որ երգի տողեր էին արձագանքվում, ցուրտն էի ուզում հեռու վանել ցավից կծկված մարմնիցս, բայց չէր ստացվում: Այդ պահին օդը տատանող մի ջերմ ալիք հասավ թիկունքիս, շրջվեցի. իմ սիրելի քահանան էր՝ տեր Գրիգորը: Այդ ծերունին մարդկանց ցավերն ու խիղճը առած ուսերին, ցրտահար վաղորդյանի օդը ճեղքելով՝ նորից իջնում էր փողոցն ի վար՝ Տիրոջ լուսակաթ շողերից փնջելու և հավատավորներին բաժին անելու: Նա շտապում էր այնտեղ, ուր դարեր առաջ իր մահկանացուն էր կնքել Հռիփսիմյան կույսերից մեկը՝ Մարիանեն: Քայլերն արագ էին ու մանր: Շտապողականության ու դեմքի աննկարագրելի զվարթության միջից ծով օրհնություն բաշխեց խնդրյալիս: Լուսավորվեցի, տաքացա: Կարեկից և իմաստուն աչքերը լայն ճակատի կնճիռների տակից սեր ու հավատք էին թարթում բոլորին՝ թոթափելով թերթերունքերին իջած սառցե բյուրեղիկները: Սիրտը երկնային սիրով էր զարկում, բարություն ճառագում: Հենց այդ սրտով ու սուրբ խաչի զորությամբ էր նա միշտ հույս ու սեր սերմանում, հավատք զորացնում, անթիվ անգամներ չարի ընկած ու գարշելի բանակներ ջախջախում: Նա այնքան սիրված էր ու կարևոր փողոցում ծվարած օջախների ծուխը քրիստնեավայել ծխեցնելու, լուսավոր պահելու համար: