Showing posts with label ՆԱ ՔԱՀԱՆԱ է. Show all posts
Showing posts with label ՆԱ ՔԱՀԱՆԱ է. Show all posts

20.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՇԱՎԱՐՇ ՔՀՆ. ՍԻՄՈՆՅԱՆ

Տեր Շավարշն արդեն 3 տարուց ավել է ինչ Դիլիջանում է: Դիլիջանում չկա եկեղեցի, բոլոր եկեղեցիները խորհրդային տարիներին քանդվել են հենց դիլիջանցիների կողմից:
Տեր Շավարշն Աստծու կողմից մեծ շնորհ է ստացել. նա ստեղծել է համայնք, որն իրոք համայնք է, որն ամեն կիրակի Պատարագի է մասնակցում և հաղորդվում Քրիստոսին, շաբաթ օրերին ուխտագնացության է մեկնում Հայաստանի և Վրաստանի հայկական Եկեղեցիներ ու Վանական համալիրներ Պատարագի մասնակցելու:

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Կայարանում մարդկանց բազմությունը հրմշտելով առաջ էինք շարժվում: Շտապել էր պետք: Գնացքը (կամ TGV-ն,  ինչպես այստեղ են ասում արագընթաց գնացքին) շուտով շարժվելու էր… Լավ է, ժամանակին հասանք: Ճանապարհորդում էինք Փարիզի Մայր եկեղեցու մի քանի երտասարդներով: Գնացքում երեք ժամը ակնթարթի պես անցավ (երբ մտերիմ մարդկանց հետ ես ճամփորթում, անցնող ժամերը վարկյաններ են թվում): Գնացքը կանգ առավ: Արդեն Մարսելում էինք, օրը պայծառ էր, փարիզյան անձրևներից հետո Մարսելի արևը մեզ դիմավորեց ժպիտով ու ջերմությամբ: Ամեն ինչ դեռ առջևում էր: Այս ճամփորդության նպատակը Մարսելի Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ղազարյանին անակնկալ մատուցելն էր՝ իր տարեդարձի կապակցությամբ: Գիտեինք, որ երեկոյան ժամը ութին հերթական հոգևոր զրույցն էր լինելու համայնքի հավատացյալների հետ: Որոշեցինք լսարան գնալ նախատեսված ժամից մի փոքր շուտ:

19.2.14

ԿԵՆԴԱՆԻ ԼՈՒՅՍԸ ՏԱԹԵՎՈՒՄ - ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Սովորության համաձայն` Երևան վերադառնալուց առաջ այցելեցի Տաթևի վանք: Քանի որ օրը դեռ նոր էր բացվում, կարծում էի վանքի սուրբ պատերի ներսում կաղոթեմ Տիրոջը և դուրս կգամ: Սակայն վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մտնելուց քարացա: Խունկի անուշ բույրը տարածվել էր ամենուրեք և կարծես պար բռնել արևի առաջին շողերի հետ: Շունչս պահած առաջացա և Սուրբ Գրիգոր Տաթևացու տապանաքարի մոտ ծնկած տեսա հոգևորականի: Հայր Միքայելն էր: Կարծես ականատեսն էի մարդու և Աստծո կենդանի զրույցի: Չկարողացա աղոթել, քանի որ իմ առջև մարմնացած աղոթքն էր: Երկար նայելուց հետո լուռ դուրս եկա և վերադարձա Երևան: Օրեր անց միայն ծանոթացա Հայր Սուրբի հետ: «Լույս է»,- ամբողջ օրը կրկնում էի ես` տպավորված հանդիպումից:

ԻՄ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ

«Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր. 
չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները 
չեն մոտենա քո տան հարկին» (Սաղմ. Ղ 9-10):

Արդեն բավականին ժամանակ էր, ինչ մեր ընտանիքում կարծես ամեն ինչ խառնված լիներ՝ տարատեսակ փորձանքներ ու փորձություններ, օրեցօր ի հայտ եկող նորանոր խնդիրներ, դժվարություններ, ընդհանուր լարվածություն... Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ դիվային ուժեր խաթարում էին մեր անդորրն ու առօրյան: Օրհասական էր դարձել մեր ընտանիքում ու բնակարանում հոգևոր խաղաղությունը վերականգնելը, և ես մեր տուն հրավիրեցի Արժանապատիվ Տեր Դանիել Քահանա Բաղումյանին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց, որպեսզի մեր տանը տնօրհնեքի կարգ կատարի: Տեր Դանիելի մուտքը մեր օջախ բեկումնային էր բոլորիս համար. նրա շունչն ու հոգին կարծես մտավ մեր ընտանիք, ներթափանցեց ու հոգևոր լույս սփռեց յուրաքանչյուրիս հոգու մեջ: Աննկարագրելի մի զգացում էր՝ Տեր Դանիելի յուրաքանչյուր բառ մոգական ուժով թոթափում էր ուսերիս ծանրացած բեռը, ամոքում ցավերս ու խորհրդավոր խաղաղություն սփռում: Նախկինում երբևէ որևէ քահանայի խոսք այդքան հասու չէր եղել և այդքան հզոր: Տեր Դանիելն անժխտելի դեր ու առաքելություն ունեցավ մեր ընտանիքի հոգևոր կյանքում. նրա շնորհիվ մենք դարձանք հայ առաքելական եկեղեցու նվիրյալ: Տեր Հայրը դստերս ու որդուս ներգրավեց Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միություն և սկսեց զբաղվել զավակներիս հոգևոր դաստիարակությամբ: Իսկ ես որոշ ժամանակ անց Տեր Դանիելի և մի շարք ուխտավորների հետ մեկնեցի Երուսաղեմ:

18.2.14

ՄԵՐ ՀՈՎԻՎԸ (տեսագրություն)

Ես Աստղիկն եմ, քրիստոնյա…

Պաշտոնապես այդպիսին եմ դարձել դեռ շատ վաղուց, բայց քրիստոնյա լինելուս իմաստը, կարևորությունը և նշանակությունը հասկացել եմ չորս տարի առաջ… ու մինչ այսօր փառք եմ տալիս Աստծուն այդ լուսավոր, բերկրալի, ամբողջ կյանքս վերաիմաստավորող այդ օրվա համար, խաղաղության, մի մեծ ընտանիքի, խնդության, սիրո և վերջապես Աստծուն ճանաչելու, նրա Լույսը սրտումս ու ճանապարհիս հավերժ ունենալու համար…

ՆԱ ՄԻՇՏ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է

Շուրջ երկու տարի առաջ էր, երբ ընկերներիցս մեկի միջոցով ծանոթացա նրա հետ: Առաջին հայացքից ամեն ինչ սովարական ու պարզ էր. միջին հասակի, սևակն, երիտասարդ մի հոգևորական, ով կուսակրոնության ուխտ էր ընդունել ընդամենը մի քանի ամիս առաջ: Տակավին անփորձ թվացող այս աբեղայից ստանալով ողջույնի «Աստված պահապան»-ը` խնդրեցի «Պահպանիչ» աղոթք ընտանիքիս և հատկապես ծնողներիս համար: Երբ նա աջը դրեց գլխիս, հասկացա, որ գործ ունեմ ապագա մեծ հոգևորականի և սրբակենցաղ մեկի հետ:
Անցավ որոշակի ժամանակ: Մեր մտերմությունը Հայր Սուրբի հետ վերածվեց անկեղծ ու մաքուր ընկերության: Նա դարձավ իմ ու ծնողներիս սպասված և երբեմն նաև անսպասելի հյուրը: Նրա ամեն այցելությունը մեր տուն յուրատեսակ տոն և ուրախություն էր դառնում բոլորիս համար: Կուսակրոն աբեղան ընկերական սեղանի շուրջ վերածվում էր կատակող և ուրախ պատանու, փողոցում` սիրալիր անցորդի, իսկ եկեղեցում` աղոթող վանականի:
Հայր Մինասը ոչ միայն մեր երջանիկ րոպեների ընկերն էր, այլև տխուր օրերի մխիթարիչը: Այն օրվանից, երբ իմացել էր հորս անբուժելի հիվանդության մասին ամեն շաբաթ նրան այցի էր գալիս: Նստում էին միասին, զրուցում, երբեմն կատակում, և, որ ամենակարևորն է աղոթում: Հայր Սուրբը չէր մոռանում նման ծանր պարագային անգամ աստվածային հույս ու հավատ ներշնչել մեզ: Երբ հորս վիճակը վիրահատությունից և բազմաթիվ բուժումներից հետո կտրուկ վատացավ, Հայր Սուրբը նորից նրա հետ էր: Այս անգամ ոչ թե նստած զրուցում էին, այլ հայրս անխոս պառկած էր, իսկ Հայր Մինասը նրա կողքին ծնկած աղոթում էր, անդադար ու անխոնջ աղոթում: 

ՔՈ ԵՏԵՎԻ՛Ց, ՍՐԲԱԶԱՆ...

Ո՜վ Դու Աստված, տուր ինձ ուժ,
որպեսզի Քո օրհնյալ կամքին
ի հաճություն լինի այս գիրը...

Իսկ ես ընդամենը մի քանի ամիս է, ինչ զգում եմ, որ ապրում եմ:

Մեկ տարի առաջ, նեղացած ու վիրավորված բոլորից ու ամեն ինչից, հեռացա Հայաստանից: Միայն Աստծուն է հայտնի, թե ինչ էր կատարվում ինձ հետ. ներսումս ինչ-որ բան էր կոտրվել: Փախչում էի՝ երևի նպատակ ունենալով մոռանալ ամեն ինչ (ինչ անմիտն էի):
Մոռանալու և խաղաղվելու փոխարեն ավելի էի խճճվում. վերակենդանանում էին խլացած ձայները, էլ ավելի էին աղմկում: Հեռանալով ոչինչ էլ չփոխվեց: Ու մի օր ներքին մի ուժ ստիպեց հետ վերադառնալ:

Վերադարձից հետո էլ հեշտ չէր: Անցնում էին օրերը, իսկ ես անորոշությունից խելագարվում էի: Միակ բանը, որ մտքովս անցնում էր, աղոթելն էր: Բայց քրիստոնյա կոչվելուց շա՜տ հեռու էի, տարին մի քանի անգամ էի գնում եկեղեցի երևի պարտքս տալու՝ կեղծ քրիստոնյայի կարգավիճակով (դեռ ժամանակ ունենալու էի հասկանալ՝ ինչ ասել է քրիստոնյա): Հայրս մշտապես հորդորում էր քայլել Աստծո ճանապարհներով, շատ խստապահանջ էր: Երբեմն ինձ թվում էր՝ դաժանության հասնող խստություն ունի: Ծնողներիս հետ ոչ մի կերպ չէի կարողանում ընդհանուր լեզու գտնել: Ինքնագլուխ էի. ինչ մտքովս անցնում էր՝ անում էի ու հետո մեղադրում էի բոլորին, բացի ինձանից: Խոնարհության մասին խոսք անգամ լինել չէր կարող (հետո պետք է ամոթի զգացումը ինձ ներսից խեղդեր, հետո պետք է աչքերս խոնարհեի ու արցունքով փորձեի մաքրել պարտված հպարտությունս):

17.2.14

ՄԵՐ ԱՐՄԱՆԸ

Երբ կարդացի, որ Սարկավագագիրքը հայտարարում է ստեղծագործական մրցույթ՝ «Նա քահանա է» խորագրով, որոշեցի մասնակցել այդ նախագծին՝ նպատակ ունենալով չիմացող մարդկանց ցույց տալ, որ մեր Առաքելական եկեղեցու շարքերում շատ-շատ են սրբակենցաղ վարքով, իրենց հոտին, իրենց ազգին և մեր Սբ. Եկեղեցուն անմնացորդ և անկաշառ սիրով նվիրված քահանաները: Խղճում եմ աղանդավորներին, որոնք, թողնելով մեր Սբ. Եկեղեցու քահանաներին, գնում են անհայտ և կասկածելի ծագում ունեցող մարդկանց լսելու: Ոչ մեկին դատելու կամ վիրավորելու նպատակ չեմ հետապնդում, կասեմ միայն իմ զգացածի մասին. երբ որևէ աղանդի առաջնորդի եմ հանդիպում, ինձ թվում է՝ ծաղրածու եմ տեսնում: Ինչևէ, խավարի դեմ լույսով պետք է պայքարենք. 

«Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12):

... ՈՒՐ ԱՎԱԶՆԵՐՆ ԵՆ ԾԱՂԿՈՒՄ (ԿՈՄԻՏԱՍԻՆ)

Սաթի ( Սաթենիկ Բաղդասարյան )
Կարոտ էիր քաղում գարնան հովերից,
Բառիդ զորությամբ նորից սերմանում,
Օրորներ հյուսում ամռան գետերից.
«Քուն եղիր, բալաս...», - անուշ աղոթում:

Մով, երկնածրար սար ու ձորերի
Խենթերգության մեջ սկիզբ էիր փնտրում.
Այն խճճել էին վաղո՜ ւց, անհոգի...
Գտա՛ր, գյուղեգյուղ կծկում էիր, ցնծում:

Գույներ էիր մաղում աշնան ցելերից,
Հուշի՜կ, գորովով տաղեր նորածնում,
Հառաչանքները քարից, ավազից
Պոկում, թանաքով ճերմակին հյուսում:

Բայց վաղանց հույսդ, բա՛ռդ մորթեցին,
Համրություն հագար սքեմիդ վրա,
Խռովքիդ նուռը անճաք թողեցիր՝
Ժայռուտների ծեր ծառերից կախված:

ՀՈԳԵՎՈՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Ցանկացած քրիստոնյայի կյանքում պետք է լինի խոստովանահայր, ով ամեն պարագային նրա կողքին է լինում` ուրախություն, թե տխրություն, երջանկություն, թե դժբախտություն: Չգիտեմ` դժբախտաբար, թե բարեբախտաբար, բազմիցս եմ համոզվել` քահանան ավելին է, քան պարզապես խորհրդատուն, հոգեբանը, հոգեբույժը. նա բոլորից առավել է, նա ՀՈԳԵՎՈՐ է...
Տեր Զենոն քահանա Բարսեղյանն ավելին է, քան խոստովաահայրը` իսկական միջնորդ քո և Տիրոջ միջև: Այնքան խոնարհ, այնքան բարի, սիրառատ, կարեկից...

16.2.14

ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ ԱՂՈԹՈՒՄ Է...

Լուսադեմ էր. լուսինը կամաց-կամաց իր դիրքերն էր զիջում: Երկնքի կապույտ ստվերները միաձույլ էին լեռնագագաթներին: Համատարած լռությունը մերթընդմերթ ընդհատվում էր գետի աղմկոտ հոսքից, մեղմ քամին իր հետ բերում էր լեռնային թարմ շունչը: Գիշերային ահագնացած ամպ-երկինքը և հորդառատ անձրևը տարածքի միակ ծառի՝ տանձենու մի քանի ճյուղեր էր պոկել, որ անկանոն ընկած էին այս ու այն կողմ: Ամեն ինչ կուսական էր, բնության մեղեդին՝ միահունչ, ամեն ինչ Աստվածադիր էր, նույնիսկ վանական համալիրը, որ այնքան խոսուն էր միջավայրի հետ ու դաջված լեռներին:

15.2.14

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ - ՏԵՐ ԳԵՂԱՄ ԱՎԱԳ ՔՀՆ ՔԵՍԱԲԼՅԱՆ

Նա քահանա է, սակայն նրա մասին խոսելիս այսքանով սահմանափակվելը սխալ կլինի: Տեր Գեղամ ավագ քհն Քեսաբլյանն իսկական հայ մարդու, ընտանիքի հոր, եղբոր, ընկերոջ և բարի հովվի կերպար է: Աստվածային նախախնամությամբ Տեր Հոր հետ ծանոթացա 2001թ., երբ նոր էր նշանակվել Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցու Հոգևոր Հովիվ: Այդ իրադարձությունը հանգեցրեց ոչ միայն փարաքարցիների, այլև իմ անձնական հոգևոր կյանքի շրջադարձին: Տեր Հոր շնորհիվ եկեղեցին իմ առջև բացվեց նորովի: Այն արդեն երբեմնի մանկական խաղահրապարակ (մեր տունը եկեղեցու փողոցին էր) կամ մոմավառության սրահ չէր, ուր մորս ու տատիս հետ այցելում էինք, այլ բացարձակ մի նոր իրականություն, որով մարդիկ ապրում և շնչում են: Այդ զգացողությունը և Տեր Հոր սիրալիր հրավերը ստիպեցին ինձ հաջորդ իսկ օրվանից անցնել կամավոր ծառայության: Անցել է շուրջ 13 տարի, և այս տարիների մեջ Տեր Հայրը ինձ ու ծառայակից ընկերներիս ավետարանի խոսքի և եկեղեցու փորձի հիմքի վրա կազմավորել, հայրական սիրո հրով թրծել, իսկ վերջում կարոտագին բաժանվել է մեզանից: Նրա ամեն մի խոսքը, մեկը մյուսին հետևող տրամաբանական գործողությունները, անգամ նրա խոսելաձևն ու վարվելակերպը դիմացինի հետ ուսուցողական են: Այսպիսի մարդկանց համար մասնագիտական գրականություն ունի «դպրոց» տերմինը, և ես ուրախ եմ և հպարտ, որ նրա «դպրոցի» շրջանավարտներից եմ եղել:

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՏԱՐՈՆ ՔՀՆ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Առանց հովվի մի՜ քայլիր: 
Քայլի՜ր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, 
իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը` անթիվ, անհամար» .- 
Սահակ եպիսկոպոս Մաշալյան, «Երկու ուխտավոր» : 

Նա քահանա է օտար հողում, Հայ Քահանա՝ ում հետ միասին «քայլում ենք», սովորում, ավելի մոտենում Մայր Եկեղեցուն, մեր ավանդույթներին: Տեր Տարոն Թադևոսյանին ճանաչում ենք 1,5 տարի: Օտարության մեջ հային Մայր Եկեղեցում պահելու համար ավելի մեծ ջանք, եռանդ ու նվիրում է պահանջվում քահանայից:

Այսօր Տնօրհնեք է: Դանդաղ բացվում է օրը Հոլանդիայում՝ մռայլ և ցուրտ առավոտներից մեկը: Չնայած այդ գորշությանը, այսօր կարծես արեգակի շողքն է ընկել մեր օջախ: Բոլորս մի տեսակ ուրախությամբ ենք սպասում մեր քահանայի գալստին: Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, հացը, ջուրը, աղը ու խնկամանը դրված են սեղանին: Ահա եկավ մեր քահանան, ինչպես միշտ զուսպ ու քաղաքավարի, միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնել նրան, ով դրա կարիքն ունի: Ամեն ինչ անցավ ինչպես կարգն է, այնուհետև անցանք հարցերին: Տեր Տարոնը սիրով, հանգամանալից բացատրություն տվեց բոլոր հարցերին, մեկնաբանեց առակները շատ պարզ ու ըմբռնելի: Անգնահատելի է Տեր Տարոնի աջակցությունը երիտասարդների քրիստոնեական դաստիարակության մեջ: Նվիրյալ հոգևորականն է, որ օտարության մեջ հային թույլ չի տալիս հեռանալ իր արմատներից, հատկապես երիտասարդներին: Դրա համար համբերություն, լսելու ու հասկանալու ունակություն է պետք ունենալ, երիտասարդը պետք է վստահի իր քահանային: Տեր Տարոնին դա հաջողվել է՝ երիտասարդները վստահում են նրան: Բազմաթիվ անգամներ կարելի է նրանց զգուշացնել, հորդորել, բացատրել այս կամ այն երևույթի սխալ լինելու մասին: Բավական է նրանք դա լսեն Տեր Հորից մեկ անգամ, սիրով ու ըմբռնումով բացատրված, որպեսզի ընդունեն ու հասկանան:

ԼՌԵՆՔ ` ՔԱՐԵՐԸ ԿԱՂԱՂԱԿԵՆ

ՔԱՀԱՆԱ` ըստ ՄԵԼՔԻՍԵԴԵԿԻ ԿԱՐԳԻ

Մեզ կանգուն պահող,
Մեզ երկինք հանող ձեր աղոթքների սանդուղքը վերում
Լուծված է կաթի քա՜ղցր լույսերում…

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Գովերգ չէ սա, որ շող կորզի
Քահանայի երկնապսակ վարձքից թաքուն,
Այլ աղոթող մի խոնարհում,
Որ հավատի վեմը նրա պահի կանգո՛ւն:


ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իննսունիննի Ս. Աստվածածնի Վերափոխման Պատարագն էր: Աշխարհգալոցի թափորը հանդիսավոր առաջ էր շարժվում Մալաթիայի «Սուրբ Մայրիկ Աստվածածնում» (ինչպես պատմական Մալաթիացի տատիկներն են ասում): Խաչվառն ու Խաչն իրենց էին ձգում մարդկանց, և բազմությունը ալիք-ալիք խոնարհվում էր սրբության առաջ:
Մի կին` անհաղորդ համբուրելու խորհրդին, մի տեսակ քնեած-թմրած կանգնած էր անշարժ: Մայրավանքից եկած երիտասարդ Հայր Սուրբը (հայտնություն մեր փոքրիկ եկեղեցում ), որ ոչ մեկին չէր զրկում սրբությունից, ինքն ընդառաջ գնաց նրան: Կինն ու օծյալի`առաջ պարզած Ձեռաց Խաչը նայում էին իրար` աչք-աչքի… Ինչ կատարվեց` չգիտեմ, բայց Ձեռաց Խաչին դրոշմած ակամա համբույրից կինն ասես ԿԵՆԴԱՆԱՑԱՎ. մի սքանչելի ժպիտ ծաղկեց նրա դեմքին , գոհունակության մի ալիք ելէջեց կուրծքը, թուլացած իջան հոգսից կծկված ուսերը. կարծես մի ԵՐԳ հնչեց նրա հոգում, և ես ոչ թե լսեցի, այլ ՏԵՍԱ այդ լուռ երգը: Քահանան սրբությամբ ՏԵՍԱՆԵԼԻ ԷՐ ԴԱՐՁՆՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Եվ այդ քահանան Հայր Բագրատն էր:

14.2.14

ԲԱՐԻ ՊՏՈՒՂ ԲԵՐՈՂ ԵՍ

Հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանի մասին շատ էի լսել իմ մոտ ընկերուհուցս, ով Հայր Սուրբի ազգականն է: Բայց ավելի լավ է մեկ անգամ տեսնել…
Տեսա պատահաբար սբ. Հովհաննես եկեղեցում, պատարագիչն էր այդ օրվա: Չիմանալով ով լինելը՝ միանգամից հասկացա, որ հավատացյալների սերը վայլող մեկն է: Անհնար է ճանաչել նրան և չսիրել, քանզի սերն ինչքան տալիս ես, այն ավելանում է, իսկ Հայր Սուրբն առատապես է իր սերը բաշխում բոլորին: Բաշխում է անձնուրաց ծառայելով Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ, բայց նաև որպես մեր հոգիների լուսավորիչ: Հայր Սուրբը հոգում է ոչ միայն վարժարանի սաների մասին, այլև Երուսաղեմ ժամանող ուխտավորների: Ժամանման պահից մինչև մեկնում անընդհատ է Հայր Սուրբի հոգածությունը խմբի յուրաքանչյուր անդամի համար: Կարճատև է թվում ուխտավորին այն ժամանակը, որ անցնում է Տիրոջ անցած ուղով քայլելիս: Մեկնում ենք Սուրբ Երկրից տանելով անմոռաց հուշեր, որոնք շուտ կխամրեին, եթե մեր սիրելի Հայր Թեոդորոսի մեկնաբանություները լսած չլինեինք: Խումբն մեկնում է, գալիս է մի նոր խումբ, հետո ևս մեկը, և բոլորի մասին հոգ կտանի նա, ով հոժարակամ իր ուսերին է կրում թեև ծանր, բայց նաև քաղցր խաչը…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

ԵՍ ՍԿՍԵՑԻ ԻՐԱՊԵՍ ՀԱՎԱՏԱԼ

Դեկտեմբերյան ցուրտ օրերից էր: Մռայլ էր Փարիզը իր ողջ շքեղության մեջ: Փարիզյան տխուր տրամադրությունը պատել էր նաև ինձ: Մեր սիրելի Հայր Սուրբը մեկնում էր, ետ էր վերադառնում Մայր Աթոռ:
Քայլում էի մտազբաղ. ո՞վ պետք է իրեն փոխարինի, ո՞վ պետք է կարողանա գալ և նորից գրավել փարիզաբնակ խստապահանջ հայ հասարակության սրտերը: Այս մտքերի մեջ էի, երբ հասա Մայր եկեղեցի: Օրը շաբաթ էր, եկեղեցում քիչ հավատացյալներ կային: Աղոթեցի և մտա առաջնորդարանի քարտուղարություն: Հայր Սուրբը իր սենյակում էր, իրերն էր հավքում: Երբ հայտնեցի մտավախությունս, նա թեթև ժպտաց և ասաց.
- Անահանգստությունդ անտեղին է, ես ժամանակավորապես էի այստեղ, միևնույն է մի օր գնալու էի, իսկ նա, ով պիտի գա, թերևս ինձնից արժանի պիտի լինի:
Ես ժպտացի: Ինձ թվաց, նա ընդամենը մխիթարում է ինձ . չէ՞ որ նրա շնորհիվ էր, որ ես սկսել էի այցելել եկեղեցի` Պատարագներին:
Բայց այն ինչ լինելու էր, վեր էր իմ սպասածից:

13.2.14

ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵ՜Ծ ՊԱՐԳԵՎԸ...

Վաղուց էր…Արդեն չեմ էլ հիշում քանի տարի է անցել, սակայն հիշողությանս միջից երբեք չի ջնջվի այդ օրը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն էր, մասնակցում էի պատարագին, բայց ոչ մեր եկեղեցում: Պատարագի ընթացքում երազանքներիս մեկն այն էր, որ մի օր մեր եկեղեցում մասնակցեմ պատարագի, և զգամ ինձ ինչպես տանը…Այդ ժամանակ շատ փոքր էի և ամբողջությամբ չէի էլ հասկանում ու ընկալում Սուրբ Պատարագի խորհուրդը, սակայն երազում էի այդ ամենի մասին….
Անցան տարիներ… և մի օր տեղեկացանք որ մեր եկեղեցում՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեղեցում, քահանա են նշանակել, և մեր քահանան է Տեր Ղազար քահանա Պետրեսյանը:

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՍՐԲԱԶԱՆԸ

Սիրելի Սրբազան, հուսով եմ, որ մի օր կկարողանամ Ձեզ փոխհատուցել գոնե Ձեր արածի չնչին չափով… Իսկ առայժմ ես ամեն օր աղոթում եմ Ձեզ համար:

Ընկերներս արդեն հանդիպել էին, իսկ ես շատ էի ուզում ինքս էլ հանդիպել: Երբ տեսա առաջին անգամ, սիրեցի նրա քիչ խոսելը, թեև ուզում էի, որ նա անդադար խոսեր… Բայց երկու երնեկ մեկտեղված պիտի տեսնեի, երբ հետո պարզվեր որ նա «քիչ խոսում, բայց շատ գործում է…»: Հետևեցին մի քանի հանդիպումներ ևս: Մի օր ընկերներիցս մեկը զանգեց ու ասաց, որ հաջորդ օրը ժամը մեկին լինեմ գրասենյակում. Սրբազանն ինձ տանում է բժշկի: Ես չգիտեի, որ Սրբազանը տեղյակ է իմ հիվանդության մասին: Նա ինձ տարավ իր հրաշալի պրոֆեսոր (տառապանքս փորձ ունի) ընկերոջ մոտ: Երբ ես ու պրոֆեսորն իմ հիվանդության պատմությունն էինք ուսումնասիրում, ամեն անգամ բժշկի «վայ բալես, էս ինչերի՞ միջով ես անցել» արտահայտության ժամանակ Սրբազանի դեմքը խորշոմվում էր. նա հեռվում անարցունք արտասվում էր…

12.2.14

ԱՐԵՎԻ ՇՈՂ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Մինչ այս աշուն չէի ճանաչում մեր կյանքում անկախ եղանակից առկա արևի մի շող: Իրականում նա մեզ պես մարդ է, բայց Աստծո գործին խոնարհաբար ծառայելով, դարձել է արևի լույս բազում հուսահատվածների համար: Ծանոթությունը Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ եղավ վաղ առավոտյան սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երիցատան շեմին: Աշխատակիցները նոր էին բացել եկեղեցու դռները, որտեղ աղոթքս ավարտելով, քայլերս ուղղեցի դեպի սբ. Անանիայի մատուռ: Տեր Գրիգորին տեսնելով կարծեցի նոր սպասավոր է, բայց մտքովս չանցավ, որ այդ խոնարհ հայացքով ծառայողն արդեն քահանա է և իմ սիրած եկեղեցու նորանշանակ հոգեվոր հովիվն է: Պարզելով որ քահանա է, մոտեցա օրհնություն խնդրեմ, մինչ այդ նրան չճանաչելով հարցերի շարան ուղղեցի, բոլոր հարցերիս պատասխանեց մեծ սիրով և առաջարկեց մասնակցեմ եկեղեցու երիտասարդաց խորհրդի գործնեությանը: Այնքան ջերմ էր առաջի հանդիպումն, որ օրերից մի օր կրկին այդ եկեղեցում էի և այս անգամ արևն ավելի էր ջերմացնում ներկաներին, քանզի եկեղեցում էին Տեր Գրիգորի արևի շող բալիկն ու այդ տեսանելի լույսն աշխարհ բերող երեցկինը: Բազում են նման շողերը մեր կյանքում,ամեն մի սիրով ստեղծված ընտանիք ավելի շլացնող է դարձնում այդ լույսը, իսկ եկեղեցի գնալով, ամեն ոք դառնում է լույսի փոխանցող շրջապատին…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆԱԽՕՐԵԻՆ

2013թ. հունվարն էր, հրավիրեցին սբ.Սարգսի տոնին մասնակցեմ ուխտագնացության Թեղենիկի Սրբոց Նահատակաց եկեղեցի, կմտածեք ինչու էին հենց Թեղենիկ մեկնելու ուխտավորները, մի պարզ պատժառով՝ այնտեղ էր ծառայում Տեր Սարգիս աբեղա Այվազյանը: Սբ. Սարգսի տոնը Հայր Սարգսի համար առիթ էր մեկ անգամ ևս իր սերն ու նվիրումը փաստելու մեզ երկրավորներիս, քանզի Աստված գիտեր իր խոնարհ ծառայի սիրտը: Ցավում եմ, որ այդ պատարագին ներկա չէի:
Հայր Սարգսին բախտ եմ ունեցել տեսնել Արինջ գյուղի սբ. Հովհաննես եկեղեցում պատարագելիս: Անհնար էր, որ նրա հետ շփումը հետք չթողներ մեկի կյանքում: Իմ կյանքում որոշիչ էին Հայր Սուրբի տված խորհուրդները Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում: