Showing posts with label ՆԱ ՔԱՀԱՆԱ է. Show all posts
Showing posts with label ՆԱ ՔԱՀԱՆԱ է. Show all posts

11.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՓԱՎՍՏՈՍ ՔՀՆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ես կխոսեմ մի այնպիսի քահանայի մասին, որին շատ սիրել, հարգել և վստահել եմ առաջին հայացքից: Քահանա ով իրոք արժանի է իր կոչմանը, ո՛վ քաջ  գիտակցում է իր առաքելությունը, և նվիրվել է Աստծուն և մարդկանց անձնվիրաբար: 
Հիշում եմ 6-րդ դասարանում էի սովորում, երբ դպրոցի բակ մտավ մի սպիտակ մեքենա և մեջից իջավ մի քահանա: Երեխաները մեկը մյուսին ասում էր «տերտե՜րը- տերտե՜րը» ու ծիծաղում էին չգիտեմ էլ թե ինչու: Բայց քահանան հստակ քայլերով, ժպիտը դեմքին, բարի հայացքով մտավ դպրոց և քիչ անց մեր հայ եկեղեցու պատմության ուսուցչուհու հետ մտավ մեր դասարան: Նա ժպիտով բարևեց, մենք էլ իրեն բարևեցինք, բայց նա մեզ բացատրեց թե ինչպես է պետք ողջունել հոգևորականերին: Հետո մենք խոսեցինքԱստծո պատվիրանների մասին և այդպես մոտ երկու ժամ նա խոսում էր քարոզելով Աստծո խոսքը Աստծո մասին, իսկ մենք մեծ սիրով  և հետաքրքրությամբ լսում էինք: Եվ այսպես ես նրա միջոցով փոխեցի կարծիքս քահաների հանդեպ: Տեր հոր այցը մեր դպրոց դարձավ շարունակական, բացի դպրոց այցելելուց նա իր երգչախմբի հետ միասին անընդհատ պատարագներ էր անցկացնում մեր գյուղի՝ Նոր Կյանքի, չգործող եկեղեցում: Պատարագները անցկացնում էր մեծ ոգևորվածությամբ՝ անկախ եղանակից, անկախ իրեն լսողների թվից, բայց այդ թիվը հետզհետե շատանում էր, որովհետև մարդիկ նրան ճանաչում ու սիրում էին:

ՏՆՕՐՀՆԵՔԻՑ ՀԵՏՈ

Հոգևոր ընթացքի առաջին քայլերս եղել են սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: Այնտեղ ծառայող հոգեվորականներից ոչ մեկին անձամբ չէի ճանաչում: Ամեն կիրակի մասնակցում էի Սուրբ Պատարագին չենթադրելով անգամ, որ եթե բացակայում էի, բացակայությունս աննկատ չէր մնում:

Օրերից մի օր ընկերուհուս տանն էի, բոլորս հուզված սպասում էինք կարեվոր հյուրի՝ քահանայի, ում հրավիրել էին տնօրհնեքի կարգ կատարելու: Քահանան եկավ և ինձ տեսնելով ժպտադեմ հարցրեց արդյոք մեր տուն է եկել: Եկողը Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանն էր, ով ծառայում էր սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: Տնօրհնեքի արարողության երբեք ներկա չէի եղել, աննկարագրելի ապրում էր, Աստծո ներկայության և ապահովության կատարյալ զգացում, ինչը ստիպեց չուշացնել մեր տան տնօրհնեքի կարգը:

10.2.14

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՑՈՐԴ

Առանց եկեղեցական հանդերձի Տեր Անուշավան քահանա Կոշեցյանին սովորական անցորդի տեղ կդնես: Ներկայումս սբ. Երրորդություն եկեղեցում ծառայող Տեր Անուշավանին ճանաչել եմ սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում նրա սպասավորության տարիներին: Եկեղեցի գնալիս միշտ տեսնում էի իրեն, տեսնում էի զբաղված այգու բարեկարգմամբ՝ կամ ծառերն էր ջրում, կամ հողն էր փխրեցնում, ձմռան ցուրտ ամիսներին սբ. Զորավոր Աստվածածնի բակը միշտ մաքուր էր, մարդկանց կթվար հրաշքով այդտեղ ձյուն չի տեղացել, այնինչ մի անցորդ էր ձյան շերտը սիրով մաքրել:

9.2.14

... ՕՐՀՆՅԱԼ ԷՐ ՕՐԸ

Արդեն ժամհարելու ժամանակն էր: Քանի՜ քանիսն էին մի կերպ գլորել գիշերվա ծանր մութը, մինչ լույսը կբացվեր, որ կրկին լսեին զանգերի կանչող ձայները ու քանի քանիսի դռներն էին ծեծել գիշերահած ստվերները՝ սիրտ ու հոգի տակնուվրա անելով, ու արդեն ժամն էր, նա էլ շտապում էր տաճար...

Դրսում՝ պատուհանների տաք շնչին նստած, ձյունն էի դողդողալով մաքրում: Մտքիս անկյուններում ինչ-որ երգի տողեր էին արձագանքվում, ցուրտն էի ուզում հեռու վանել ցավից կծկված մարմնիցս, բայց չէր ստացվում: Այդ պահին օդը տատանող մի ջերմ ալիք հասավ թիկունքիս, շրջվեցի. իմ սիրելի քահանան էր՝ տեր Գրիգորը: Այդ ծերունին մարդկանց ցավերն ու խիղճը առած ուսերին, ցրտահար վաղորդյանի օդը ճեղքելով՝ նորից իջնում էր փողոցն ի վար՝ Տիրոջ լուսակաթ շողերից փնջելու և հավատավորներին բաժին անելու: Նա շտապում էր այնտեղ, ուր դարեր առաջ իր մահկանացուն էր կնքել Հռիփսիմյան կույսերից մեկը՝ Մարիանեն: Քայլերն արագ էին ու մանր: Շտապողականության ու դեմքի աննկարագրելի զվարթության միջից ծով օրհնություն բաշխեց խնդրյալիս: Լուսավորվեցի, տաքացա: Կարեկից և իմաստուն աչքերը լայն ճակատի կնճիռների տակից սեր ու հավատք էին թարթում բոլորին՝ թոթափելով թերթերունքերին իջած սառցե բյուրեղիկները: Սիրտը երկնային սիրով էր զարկում, բարություն ճառագում: Հենց այդ սրտով ու սուրբ խաչի զորությամբ էր նա միշտ հույս ու սեր սերմանում, հավատք զորացնում, անթիվ անգամներ չարի ընկած ու գարշելի բանակներ ջախջախում: Նա այնքան սիրված էր ու կարևոր փողոցում ծվարած օջախների ծուխը քրիստնեավայել ծխեցնելու, լուսավոր պահելու համար:

ՍԻՐԵԼՈՎ ՄԵՌՆԵԼԸ ԿՅԱՆՔ Է, ԱՏԵԼՈՎ ԱՊՐԵԼԸ՝ ՄԱՀ...

Տեր Հարություն քահանա Ավագյանին կարող եք հանդիպել տարածքով փոքր, բայց գործնականում անսահման Աստծո տանը՝ Ավան համայնքի սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլորի կողմից սիրված Տեր Հարությունն աշխարհի սուգն ու տրտմությունը կրում է ոչ միայն այդ խորհրդանշող հագուստ՝ սքեմ հագնելով, այլ ամեն մեկիս ցավն ու խնդիրը սրտում ապրելով: Շատերից եմ լսել. «Ես Աստծուն հավատում եմ, իսկ հոգեվորականին՝ ոչ, առանց եկեղեցու ծեսի էլ կարող եմ ապրել»: Ապրել կարող են, բայց առանց սիրո կյանք չի լինում և իրական կյանքի ապրում չի լինում: Աստված է այն կատարյալ սերը, որն բոլորս ենք երազում, երազում ենք, փնտրում, կարծում, որ գտանք, բայց կրկին հիասթափվում: Այստեղ է պետք գալիս Աստծո օծյալ ծառան, որն ինչքան էլ վատ խողովակ լինի այգին ջրելու համար, միևնույն է ջրի մաքրությունը չի պղծում: Քահանայի ձեռքից միայն կարող ենք ստանալ մեր Տիրոջ կենարար մարմինն ու արյունը խորհրդանշական հացի և գինու տեսանելի կերպով: Եկեղեցու այս խորհրդին ներկա լինելով՝ կյանք կունենանք մեր մեջ և մահ չենք ճաշակի երբեք:

8.2.14

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ԳԱՐՈՒՆԸ... ՏԵՐ ՏԱՃԱՏ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԴԱՎԻԴՅԱՆ

Արդեն քանի տարի է անհամբեր սպասում ենք գարնանը: Որովհետև մեր սիրելի Տեր Հայրը վերադառնում է Հայրենիք: «Երբ նոր էի քահանա ձեռնադրվել, կուզեի փոխել աշխարհը: 10 տարի հետո տեսա, որ անհնար բանմ է, որոշեցի փոխել միայն հայ ազգը: 10 տարի հետո տեսա դա էլ անհնար է, ուզեցի փոխել Ամերիկահայությունը: Օօօ՜, 10 տարի հետո հասկցա, որ դա էլ հնարավոր չէ: Կուզեի փոխել Բոստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու համայնքը: Դա էլ անհնար եղավ: Վերջը հասկցա, որ ինքս ինձ էլ փոխեմ, մեծ բան պիտի ըրած լինեմ...»: Տեր Տաճատին ճանաչում եմ 10 տարուց ավելին: Հանդիպում էի մեր փոքրիկ Կաթողիկե Աստվածածին եկեղեցում` հիմնականում Պատարագներին: Ամեն անգամ նրա քարոզից հետո, շատ տպավորված գնում էի տուն և պատմում նրա մասին: Բայց չէի շփվում նրա հետ, մի տեսակ քաշվում էի: Մի անգամ պատարագին դրսում կանգնած էի (տեղեկացնեմ, որ տաճարի փոքրության պատճառով շատերը դրսում կանգնած են մասնակցում ) և ցածր ձայնակցում էի դպրաց դասին: Տեր Տաճատը կանգնած էր ինձանից ոչ հեռու: Ողջույնի ժամանակ ներս գնաց: Եվ երբ ողջարգուրման ալիքների հետ դուրս եկավ, մոտեցավ ինձ ու ասաց. «Աղջի՛կ, պատարագին բարձր երգե՛»:

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՀՈՒՍԻԿ ՔՀՆ. ՍԱՐԳՍՅԱՆ

«Նա քահանա՜ է»-ն կարծես մեծ ավետիս լինի, որը ուղեկցվում է շեփորների ձայնով և խառնվում մարդկանց ուրախության ձայներին, որոնք րոպե առաջ ուզում են բոլորին պատմել բարի լուրը: Այդ մեծ ավետիսը, ցնծությունն ու երջանկությունը զգացի ես իմ ընկերների հետ, երբ Սուրբ Խորանից հնչեց նորօծյալ քահանայի` Տեր Հուսիկի անունը: Արթուր սարկավագը, որին ես ճանաչեցի խոկման ժամանակ իր ապագա կնոջ`տաղանդաշատ Սոսեի հետ «Տեր ողորմեան» երգելիս, արդեն քահանա է: Չեմ կարող մոռանալ Տեր Հուսիկից հորդող լուսավորությունը, բարությունը և մաքրությունը, որ տեսա իր Անդրանիկ պատարագի ժամանակ, ինչպես նաև չեմ կարող մոռանալ բոլորիս արցունքախառը շողացող դեմքերը և ուրախությունը, որ ապրեցինք այդ կիրակի:

«Նա քահանա՜ է»-ն կարծես խրատ լինի` պապիկների հավասարակշռված, փոքր-ինչ խիստ և ամեն ինչ հստակ, առանց «եթեների», բարի ու պսպղուն աչքերով ասվող խրատ, որը միշտ տեղին է և ճիշտ ժամանակին, ինչպիսին որ Հուսիկ քահանայի քարոզներն են` այնքան հզոր և այնքան Սուրբ Հոգով լի, որ քայքայում են թերահավատությունդ ու վախերդ և քաջություն տալիս քրիստոնյա լինելու, Աստծուն ավելի մոտ լինելու և դիմակայելու աշխարհիկ թվացյալ դժվարություններին: Հուսիկ քահանայի քարոզները միշտ կոչեր են չվախենալու, այլ հավատալու, չծուլանալու, աղոթելու, գործելու, սիրելու, լինելու այնպիսին, ինչպիսին մեր Տեր Աստված է մեզ ստեղծել:

7.2.14

ՆԱ ՈՒԽՏԱՎՈՐ Է, ՆՈՐ ՔԱՀԱՆԱ

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի հետ առաջի հանդիպումս երբեք չեմ մոռանա, 2011թ. հոկտեմբերի վերջն էր, հավաքվել էինք սբ. Հովհաննես եկեղեցու բակում՝ անհամբեր սպասելով մեկնելու հրահանգին: Ուղևորվեցինք Արցախ, որտեղ չորս օր վայլեցինք աշնան գույներով գեղեցիկ բնությունն ու մեր այցելած սրբավայրերում զգացած Աստծո զորությունը: Աննկարագրելի են այն ուխտատեղիներն, ուր եղել եմ Տեր Հոր առաջնորդությամբ, ամեն անգամ դժվար ճանապարհներ անցնելիս հոգատար հայր է մեզ համար Տեր Տիրայրը, առջևից քայլելով, միշտ հոգում է, որ բոլորն ապահով տեղ հասնեն: Այս անցած երկուսուկես տարվա մեջ կդժվարանամ թվել այն սրբավայրերն ուր եղել եմ Տեր Հոր հետ, կնշեմ միայն մեկն՝ Արցախի Ավետարանոց գյուղից ոչ հեռու գտնվող, Սրբոց Ղևոնդյանց վանքը: Կարող եմ ասել, որ ամեն մի ուխտ աչքի է ընկնում մասնակիցների կազմակերպվածությամբ և առավել աղոթական մթնոլորտով:

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԹՈՎՄԱ ԱԲՂ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նա բարձրանում էր Սուրբ լեռը Սինա, 
Որի գագաթից լույս էր ճառագում, 
Եվ այդ զորավոր լույսի շողերը 
Նրա անունն էր անդադար կանչում:

Դավթի երգերով աղբյուր էր շինել շուրթերի համար, 
Որից բխում էր փառաբանության աղոթքներ՝ Աստծուն, 
Եվ Սուրբ գրքերի խոսքն ակամա 
Այդ աղբյուրից էր անսպառ հոսում:

Եվ նրա հոգու Երուսաղեմից 
Սուրբ Պատարագի զանգն էր ղողանջում, 
Խավարց ծնված լույսի փոխարեն, 
Կյանք տվող լույս էր նա կրկին տեսնում:

Սուրբ Հոգով լցված քայլում էր առաջ, 
Հաստատուն կամքով բարձրանում էր վեր, 
Պարզել էր ձեռքեևը երկինք կարոտած, 
Եվ իր ափերց խունկ էր ծխում մերթ:

Ահա նա հասավ գագաթը լեռան, 
Եվ ծնկի եկավ Բարձրյալի առաջ, 
Անամպ երկնքից մի հրեշտակ իջավ 
Ձեռքին Սուրբ հանդերձ ՝ քահանայի:

6.2.14

ԿԱՐ ՄԻ ՄԱՐԴ՝ ԱՍՏԾՈՒՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ (16 ֆոտո)

«ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթին ներկայացված հերթական ստեղծագործությունը ֆոտոշարք է՝ նվիրված Գերաշնորհ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:


5.2.14

ՕՐԵՆՔԻ ՀԶՈՐ ՈՒԺԸ ԶԵՆՔ Է ԱՐԴԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ուզում եմ գրել շատ հարգելի տեր Եսայի քահանա Արթենյանի մասին:Նա շատ խելացի է, կրթված: Աշխատում եմ լսել նրա քարոզները. նա համբերությաբ պատասխանում է հավատացյալների բոլոր հարցերին ու միշտ մի նոր բան ես իմանում նրան լսելով: 28 նոյեմբեր 2011 թիվ եհովայի վկաները այնքան են լկտիացել, որ հարձակվում և հարվածում են տեր Եսայի քահանա Արթենյանին: Եթե նրանք այդպես են վարվում Հայ Առաքելական եկեղեցու քահանայի հետ, ապա ինչ կանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Եւ տեր Եսայի քահանա Արթենյանը բռնեց օրինախախտի ձեռքը, գործը հասավ դատարան ու ունեցավ տրամաբանական ավարտ: Ամենից շատ ինձ հուզեց նրա հաստատուն, ինքնավստահ պահվածքը աղանդավորների սադրանքներին: Լավ է, որ մարդ պաշտպանում է իր եկեղեցին և եկեղեցու հետևորդներին` հենվելով Աստծո պատվիրանների և իր պետության օրենքների վրա, դրանով իսկ օրինակ ծառայելով մյուսներին:

4.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՎՐԴ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երբ աչքս ընկավ Սարկավագագրքում տեղադրված մրցույթի հայտարարությանը, ժպտացի և մտքումս ասացի. «Տե´ր Աստված, ես այնքան երջանիկ եմ, որ եթե որոշեմ գոնե մեկ քահանայի մասին գրել, չեմ կարողանա, որովհետև բոլորն էլ իրենց ուրույն տեղն ու դերն են ունեցել և ունեն իմ կյանքում»: Շատ ու շատ անցած դեպքեր կենդանացան այդ պահին. սկսեցի ժպտալ ու հասկացա, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Տերն ինձ անսահման սիրում է (չգիտեմ՝ ինչպես և որ մի «բարի» արարքիս համար):
Եթե հիմա կյանքիս պատմությունը գրելու լինեմ, անպայման այն կբաժանեմ «նախաեկեղեցական» և «եկեղեցական» ժամանակաշրջանների: Վերջինն սկսվեց շատ հետաքրքիր և անսպասելի մի հանդիպումից: Ինձ քիչ թե շատ ճանաչող մարդիկ միանգամից կկռահեն, որ խոսքս Հայր Վարդանի մասին է: Որպես քահանայի՝ նրան բոլորը գիտեն, իսկ իր բժշկող աղոթքների շնորհիվ միայն ես չէ, որ հոգեպես նորոգվել եմ: Բառերով դժվար կարողանամ նկարագրել Հայր Սուրբին. մարդ, ով պետք եկած ժամանակ թե´ մտերիմ ընկեր է, թե´ իմաստուն հայր, թե´ սիրող եղբայր և թե´ սիրելի, շատ սիրելի Հայր Սուրբ:

3.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԳՐԻԳՈՐ ՔՀՆ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հունձն առատ է, իսկ մշակները` սակավ: 
Արդ, խնդրեցե՛ք հնձի Տիրոջը, 
որ մշակներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10:2-3): 

Մեր հավատավոր ժողովրդի աղերսական աղոթքի և Տիրոջ գթության շնորհն էր, որ Աստված մեզ պարգևեց իրական Մշակ և Հոգևոր Հովիվ: Շատ քիչ ժամանակ է, ինչ նրա մոտ ծառայելով` ինձ զգում եմ հոգևոր բարձունքներում, աղոթական և ապաշխարության հստակ և անխափան ընթացքի մեջ:

2.2.14

ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՆԱՐՀ ՍՊԱՍԱՎՈՐԸ

Մի քանի օր է, մտածում եմ «Նա քահանա է» մրցույթի ընձեռած գեղեցիկ հնարավորության մասին: Շատ քահանաների միջոցով է Տերն ինձ առաջնորդել մասնակցելու Իր պատրաստած խնջույքին, հաղորդվելու Իր Միածնի անսպառ քաղցրությանը, և ես, իսկապես, դժվարությամբ ընտրեցի իմ նյութի «հերոսին»:
Տարիներ առաջ էր, հիշում եմ, եկեղեցու վերնահարկում կանգնած էի` լի հարցերով ու կասկածներով, լի անորոշ տագնապներով ու սպասումով... Նախախնամությունն ինձ Իր Տունն էր առաջնորդել` Իր Սուրբ Եկեղեցին: Այդ օրվանից ի վեր այն ինձ համար Աստծո հետ հանդիպումների ժամադրավայր դարձավ:

1.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՄԱԼՅԱՆ

Յուրաքնաչյուրիս կյանքում գալիս են պահեր, երբ տխրությունը և տարբեր փորձությունները գլուխ են բարձրացնում և երկար ժամանակ չեն ուզում իրենց ճանկերից մեզ բաց թողնել:
Նման պահերին ցանկությունս միայն մեկն է լինում, արագ հասնել եկեղեցի, ծնկի գալ Փրկչի և Սուրբ Կույսի առջև ու աղոթել: Աղոթել, որ հեռանա հոգումս հավաքված դառնությունը, վիշտը, ցավը….
Երեքշաբթի էր: Առավոտյան աշխատանքի գնալուց, միայն մի միտք էր պտտվում ուղեղումս, երբ է գալու ժամը վեցը, որ գնամ խոկման:
Այդ մի քանի ժամը, կարծես դարեր լինեին: Բայց ահա եկավ երկար սպասված ժամը: Վազեվազ հասա Սուրբ Սարգիս եկեղեցի: Խոկումը արդեն սկսվել էր և ինչպես շատ անգամներ, այս անգամ էլ այն անցկացնում էր Տեր Պետրոսը: Հրաշալի մարդ, լուսավոր հոգևորական, ով մի հայաքցից հասկանում է, թե ինչ է կատարվում հոգումդ:
Լուռ կանգնեցի մի անկյունում և սկսեցի լսել Տեր Հոր քարոզը, զգալով, թե ինչպես է հոգիս կամաց-կամաց խաղաղվում: Տեր Հայրը խոսում էր իրեն բնորոշ հանդարտությամբ և առավել բնորոշ յուրահատուկ հուզականությամբ:

31.1.14

ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հաճելի մի անակնկալ մեր մրցույթի մասնակիցների համար: Շողակաթ հեռուստաընկերությունը փոքրիկ տեսանյութ է պատրաստել «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» ստեղծագործական մրցույթի մասին (մրցույթին ներկայացված հոդվածները կարող եք ընթերցել այստեղ): Վայելե՛ք:


Հ.Գ. Շնորհակալություն Կարինե Հարությունյանին նյութի համար և Աստղիկ Հակոբյանին՝ մասնակցության: Տերը օրհնի բոլորիդ:

ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ

Այսօր առավոտից ցանկություն ունեմ թղթին հանձնել մտքերս, կարծում եմ քչերն են ճանաչում մեր հոգևորականներին և ցավն այնն է, որ չեն էլ փորձում ճանաչել: Ամեն մարդու մեջ պետք է փորձենք տեսնել այն լույսը, որը Աստծո կողմից բոլորին է շնորհված: Անկախ հոգեվորականի հոգեվոր աստիճանից, բոլորի մոտ նկատել եմ առաջի շփման սառնությունը: Նախկինում դա ինձ շատ էր շփոթեցնում, հիմա երբ շատերին եմ ճանաչում մեր հոգեվորականներից, հասկանում եմ, որպես մեր հոգիները բժշկողներ, իրենք ակամայից սեփական հոգին փակի տակ են դնում: Իրենց հոգիներում է պարփակվում բոլորիս տվայտանքները, բոլորիս մարմնավոր և հոգեվոր ցավերը, հավատացեք մեր ցավերն իրենց հանձնելով, մենք խաղաղվում ենք, խաղաղվում ենք մեր ցավի բեռն իրենց ուսերին դնելով: Չենք էլ պատկերացնում, թե մեր թեթևության համար հոգեվորականն ինչ գին է վճարում հավիտենականության մեջ: Եվ ինչքան բարձր է հոգեվորականի աստիճանն, այնքան մեծ է իր ուսերի բեռը:

30.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՓԱՎՍՏՈՍ ՔՀՆ. ՍԱՐԳՍՅԱՆ

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին
նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» 
(Մատթ. ԻԸ 19):

Աստվածային այս հրամանով Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղեմիոս առաքյալները եկան Հայաստան և աշակերտ դարձրեցին հայ ազգին, որի արժանավոր զավակ էլ հանդիասնում այն մարդը, ում մասին ուզում եմ պատմել: Այդ մարդը ՔԱՀԱՆԱ է…
Ես երանելի եմ, քանզի այնպիսի թեմական ընտանիքի անդամ եմ, որտեղ ծառայող բոլոր հոգևորականները, թեմի առաջնորդի գլխավորությամբ, քահանաներ են, Աստծո իրական նվիրյալներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասվորներ, սակայն այս անգամ կպատմեմ նրանցից միայն մեկի` Տեր Փավստոս քահանա Սարգսյանի մասին:

28.1.14

ԵՎՍ ՔՍԱՆ ԿԻԼՈՄԵՏՐ

Ամեն առավոտ արթնանում եմ ուժերի գերլարումով, ամեն երեկո պատճառներ փնտրում` առավոտյան արթնանալու համար: Անհամբեր սպասում եմ` շաբաթն ավարտվի` մտածելով` եթե շաբաթ-կիրակի հանգստանամ, կանցնի:
Մտերիմներիցս մեկը վաղուց առաջարկում էր միասին գնալ Էջմիածին: Մտածում էի հոդվածների շարք գրել անապահով ընտանիքների մասին, նա էլ թե` Էջմիածնի գյուղերում նման ընտանիքներ շատ կան, և Տեր Հուսիկ քահանան էլ ամեն շաբաթ այցելում է գյուղեր, կարելի է նրա հետ գնալ:
Ուրբաթ օրը հերթապահ եմ. ծանր օր, 12 ժամ աշխատել եմ ու րոպեներն եմ հաշվում` երբ եմ տուն հասնելու: Արդեն պատրաստվում էի անջատել համակարգիչն ու դուրս գալ, հանկարծ Ֆեյսբուքում աչքովս ընկան «Ժպտացող զինվորների» պատռված լուսանկարները:
Լուսանկարիչներից մեկը ժպտացող զինվորների էր նկարել ու նկարները փակցրել Երևանի Կենտրոնական փողոցներում, մի քանի օր բոլորը այդ նկարներից էին խոսում, դնում իրենց ֆեյսբուքյան էջերում: Երբ տեսա պատռված լուսանկարները, մոռացա, որ ուշանում եմ ու քարացած մնացի նստած: Տեսնես ինչից կարող է մարդ էսքան չարանալ ու էսքան ատելությամբ լցվել: Նստեցի, մի երկու բան գրեցի էդ անհայտ «քաջագործների» հասցեին, հետո դուրս եկա: Ամբողջ ճանապարհին մի բան էի մտածում` որտեղ, երբ մեծացավ էս անսեր սերունդը, ոնց կարելի է ատել զինվորին, ոնց կարելի է պատռել նրա ժպիտը: Սեր չկա: Անհետացել է մի տեղ:

27.1.14

«ԶՈՐԱՎՈՐԻ» ՏԵՐ ԶԵՆՈՆԸ...

Վաղու՜ց էր, երբ ավտովթարից հետո կնքվեցի Զորավորում...
Սակայն վաղու՜ց էր, որ չէի այցելել «Զորավոր»... (քանի որ արդեն մոտակայքում չէի ապրում):
Ինչ տարօրինա՜կ նախախնամություն է Աստծո կամքը, որ վեր է մեր պատկերացումից...
Մեր տները քանդեցին ու մենք գնացինք կենտրոնից Նոր Նորքի բարձրունքներ...
Մորս խնդրում էի, որ երբեմն այցելեր «Զորավոր», քանի որ մոտ էր աշխատում:
Գնում էր, մոմ վառում ու իր խնդրանքն հայցում Աստծու՜ն..
Եվ ահա՛ մի օր Աստծո կամքով թե նախախնամությամբ ես հայտնվեցի «Գրիքոր Լուսավորիչում»...