Showing posts with label ՆԱ ՔԱՀԱՆԱ է. Show all posts
Showing posts with label ՆԱ ՔԱՀԱՆԱ է. Show all posts

26.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է, ԱՍՏԾՈ ՀԱՍԱՐԱԿ ԾԱՌԱ... ՏԵՐ ԱՎԵՏԻՍ ՔՀՆ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Առավոտյան արթնանում եմ ու շտապ-շտապ պատրաստվում դուրս գալ տանից: Ամուսինս կիսաձայն անհանգստանում է. «Եթե կարող ես, ներսում կանգնիր, որ շատ չմրսես…»: «Լավ, ոնց կստացվի…»,- ասում եմ ու շտապում, որ չուշանամ պատարագից: Փա՜ռք Քեզ Տեր, որ կարող եմ այսօր հաղորդվել: Կանգառից մինչև եկեղեցի քայլում եմ մեկ կանգառի չափ: Ճանապարհին «Նվագախմբի տղաների» նման իրար միանալով դեպի եկեղեցի են ձգվում մեր հոտի հավատացյալները: Ցուրտ է, նույնիսկ շատ… Հավատացյալները մտնում են Կաթողիկե Աստվածածին տաճարը: Դուռը արդեն չի փակվում: Տեր Հայրը ձեռքով ցույց է տալիս, որ առաջ գան: Ավելի վաղ եկածները արդեն իրար կպել, տաքացել են, նորից պետք է տեղաշարժվեն, չեն ուզում: Տեր Հայրը հորդորում է. «Մի քիչ էլ առաջ եկեք, դրսում էլի մարդ կա, գոնե դուռը ծածկվի…»: Գնում են առաջ, բայց դե ուշացողներ էլ կան: Էլ չեմ ասում պատահական մարդիկ, որոնք ուզում են տեսնել, թե ինչ է կատարվում այդ փոքրիկ տաճարում, որ այս ցրտին այսքան մարդ կա, էն էլ դրսում կանգնած: Վերջիվերջո դուռը բաց է մնում: Թե՛ ներսում, թե՛ դրսում և թե՛ սուրբ սեղանի վրա գտնվողները` բոլորը սառում են… Այն մութ ու ցուրտ տարիները, երբ Տեր Հայրը սիրով ծառայում էր և անշահախնդրորեն ոչ ոքի չէր մերժում ոչ մի հարցում, չնայած պայմաններին, կարծես ձգվել են մինչ հիմա: Հնչում է. «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ…» և Տեր Հայրը խաչակնքում է հավատացյալներին: Նրա սերը փոխանցվում է դիմացի կանգնածներին և սփռվում շարքերով` մինչև դրսում կանգնած վերջին մարդը:

25.1.14

ԻՄ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ - ՏԵՐ ԹԱԹՈՒԼ ՔՀՆ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հոգևորական, որի մասին պիտի խոսեմ, Տեր Թաթուլ քահանա Գասպարյանն է: 
Երբ դժվար էր ամեն ինչ, երբ նույնիսկ հավատն էր երերում, ընդամենը մեկ նախադասություն, հուսադրող խոսք, և վառվեց հույսը՝ մոմի նման թրթռալով, աստիճանաբար դառնալով բոց ու ջերմացնող կրակ: Խոսքեր ու խորհուրդներ, որոնք ուժ տվեցին վերագտնելու ինքդ քեզ, կրկին ու կրկին համոզվելու, որ Աստծո գործերը անքննելի են:
Երբ վերջին հարազատը լքեց ու թվում էր ավիրվեց ամեն ինչ, նա մտերիմ մի ձեռք մեկնեց, որով օգնեց ոտքի կանգնել ու նորից առաջ քայլել:
Երբ կարծես փակվեցին բոլոր դռները, նա էր, որ իր խորհրդով բաց դուռը տեսնելու ընդունակություն տվեց:

24.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աստծուն խնդրեցինք Տա Թև` հույսի թև, լույսի թև, և Տերը Հայր Միքայել տվեց Տաթևին: Նա քահանա է... «Իրական խոնարհությունն այն է, որ ինչ շնորհ, որ մեր մեջ կա, մենք վերագրենք Աստծուն»,- հիշեցնում է Հայր Սուրբը` Տիրոջ խոնարհ ծառան: «Ո՛վ ծույլ, գնա մրջյունի մոտ և նրանից սովորիր»,- ասում է Հայր Սուրբը` մեջբերելով Սողոմոն Իմաստունի խոսքերը: «Բնության մեջ կարողացիր կարդալ Ավետարանը և Տիրոջը տես ամեն մի ծաղկի ու տերևի մեջ...»: Լույսի շողը դեռ չծագած` սկսվում է Արևագալի ժամերգությունը` Տաթևի վանքը պարուրելով անուշահոտ խունկով: «Տեր, ողորմեա...»: Այնուհետև այգում հողի աշխատանք, վանքում մաքրություն, անարատ ալյուրից հացի թխում, քարոզ և մինչ գիշեր անդադար աղոթք, ժամերգություն` հանդարտ, մեղմ ձայնով, սաղմոս` սահուն ընթերցմամբ: «Խաղաղություն ամենեցուն»: Ի զարմանս վանքում ներկաներիս`օտար զբոսաշրջիկները, որ չեն հասկանում մեր լեզուն կամ մեր հավատքից չեն, Հայր Սուրբի հետ կարծես սկսում են աղոթք մրմնջալ: «Ով իր անձը ուրանա երկրի վրա, կգտնի այն երկնքի արքայությունում»,- սովորեցնում է Հայր Միքայելը:

23.1.14

ՔԱՀԱՆԱ՞, ԹԵ ՄԱՐԳԱՐԵ... ԿԱՄ ԹԻԹԵՌՆԻԿԸ Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ

Այդ օրերին կարդում էի Սրբազան Սահակ Մաշալյանի «Երկու Ուխտավոր» գիրքը։ Թերեւս ոչ այնքան մեծ, բայց ամեն դեպքում կաերեւոր մի գործով տեղ էի գնում։ Ամբողջ միտքս կլանված էր այդ զարմանահրաշ գրքով։ Երանավետ մի ժպիտ կար դեմքիս ու ներքին խաղաղություն, որ ձեռք էի բերել գիրքն ընթերցելու օրերին։ Այսպես քայլում էի անսահման երջանկության զգացումով, ու մտածում, ահա մի նշան տար ինձ Աստված, այնպես ինչպես Կոլոտին տվեց, ի՜նչ հրաշալի էր թիթեռնիկի հայտնութնունը․․․ ու ․․․ոչ այս կողմ, ոչ այն կողմ, մի նուրբ ու ճերմակ թիթեռնիկ՝ թեւիկները թափ տալով, եկավ քսվեց ինձ, մի քանի ակնթարթ նստեց ուսիս հետո թռավ գնաց դեպի կապույտ ու պարզ երկինք։ Ո՛չ, չզարմացա։ Երջանկության անասելի զգացում ունեցա։ Ես մեկ էի այդ օրերին գրքի հերոսների տիրոջ ու նրա լույսի հետ ներդաշնակ։ Ես այնտեղ էի՝ ես մեկ էի նրանց ու բոլորի հետ։ («Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, -ինչպես, որ դու ով Հայր, իմ մեջ ես, եւ ես՝ քո մեջ» (Հովհ․ 17:21)։ Այս է տալիս Սրբազանի քարոզներն ամեն անգամ, արթնացո՛ւմ, սթափեցո՛մ։ Այն մարդու, որը դու ես, սակայն որը խորը թաքնվել է ու մոռացվել քո ներսում։ Որը քո մարմնում թաղվել է մեղքի կարծր հողով։ Այն մարդու, որը ի սկզբանե ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Քո ներսի մարդու արթնացումը, որը քայլում է քո փոխարեն ու նա ուժեղ է, նա չի հոգնում, չունի երկմտություն, չունի վախեր, չունի պահանջներ, չունի ցանկություններ, չունի հիվանդություններ, չունի ցավեր, չունի հուսալքություն, չունի մարդկային որեւէ թուլություն։ Նա լույս է ու նա լույսից է։ Նա մարդն է, որը հաղթել է այս աշխարհը ու ինքն իրեն եւ պարզապես քայլում է։ Գնում է․․․ եւ այդ ճանապարհը անսկիզբ է ու անվերջ։ Այդ ճանապարհն ու Մարդը մի են ու այդ ճանապարհը սիրո եւ լույսի ճանապարհն է, որ ձգվում է մի ամբողջ հավերժություն՝ տարածության եւ ժամանակի բոլոր սահմաններից դուրս։

22.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԶԳՈՆ ՔՀՆ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Որքան ճանապարհներ մոլորուն ու մթին, ես անցա իմ կյանքի արահետով,
Այնքան թախծեցի ու տխրեցի, որ դարձա խունացած տերև անտառի:
Բայց մի օր այդ տերևին մեկը վերցրեց, տարավ իր տունը՝ համայն մեր տունը եկեղեցվո:
Եվ սկսեց խնամել ինձ՝ տերևին, ինչպես մայրն է խնամաում վիրավոր որդուն…
Ես լսում էի երգեր, քաղցլար հնչյուններ, որ հպվում էին ականջիս և ձուլվում հոգուս:
Բառեր, որ տանում էին ինձ երկինք՝ բացելով դռներ, որ փակ էին ինձ դեռ,
Արցունք էր իջնում աչքերիցս՝ լսելով այդ, ստիպում էր հասկանալ իմ խունացած վիճակը,
Ամեն բառախաղը դեմքիս տառերն էր խաղացնում դիմացս, փրկության ճանապարհը ուսուցանելով:
Նա ինձ ուսուցանել սկսեց, պատմել փոքր-ինչ Տիրոջ մասին,
Ինչպես նորածնին են տալիս սկզբից կաթը:

21.1.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ԵԶՆԻԿ ՔՀՆ. ՄԱԼԽԱՍՅԱՆ

Տեր Եզնիկ քահանա Մալխասյանին ես դեռ բախտ չեմ ունեցել հանդիպելու, բայց հույս ունեմ մեր բոլորիս աղոթքների շնորհիվ կրկին կտեսնենք այս հոգեվոր հովվին Սուրբ Պատարագ մատուցելիս: Ես տասնյակից ավել քահանա եմ ճանաչում և կդժվարանաի ընտրել ում մասին գրեմ, եթե Տեր Եզնիկը միտքս չգար: Անձամբ չճանաչելով նրան՝ ցավ եմ ապրում նրա ներկայիս անօգնական վիճակի համար, կարծես հարազատ եղբայրս է: Եղբայրս՝ ում ապաքինմանը օժանդակելու համար կանեմ ամեն հնարավորը հույսով, որ Աստված էլ կանի մեզ համար անհնարին թվացողը: Իր մասին լսել եմ մեր հավատացյալ քույրերից, երբ Տեր Հոր առողջական վիճակի կտրուկ վատացումից նեղված ընկերուհիս խնդրեց աղոթքներում հիշեմ Տեր Եզնիկին:

20.1.14

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»

Այս տարի փետրվարի 25-ին Հայաստանյայց Եկեղեցին տոնախմբելու է Սրբոց Ղևոնդյաց քահանայից տոնը, մի տոն, որ ավանդաբար համարվում է բոլոր օծյալ հոգևորականների՝ ամուսնացյալ և կուսակրոն քահանաների տոնը: Այս տոնին ընդառաջ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ հայտարարում է ստեղծագործական մրցույթ, որը կրում է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» խորագիրը:
ՀԵՏԱՔՐՔՐԵ՞՞՞Ց: Ուրեմն ծանոթացիր մասնակցության պարզ պայմաններին՝

ա. Մասնակցության համար անհրաժեշտ է Սարկավագի բլոգին ուղարկել սեփական ջանքերով պատրաստված որևէ ստեղծագործություն՝ շարադրություն, էսսե, բանաստեղծություն, ֆիլմ, նկար, քանդակ, մի խոսքով ստեղծագործ մտքի ցանկացած դրսևորում, որը կվերաբերի Հայոց Եկեղեցում սպասավորող քահանաներից որևէ մեկին (պարտադիր՝ հոգևորականի անունը և կերպարը պետք է լինի իրական):