Showing posts with label Մինաս աբեղա Հախվերդյան. Show all posts
Showing posts with label Մինաս աբեղա Հախվերդյան. Show all posts

18.2.14

ՆԱ ՄԻՇՏ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է

Շուրջ երկու տարի առաջ էր, երբ ընկերներիցս մեկի միջոցով ծանոթացա նրա հետ: Առաջին հայացքից ամեն ինչ սովարական ու պարզ էր. միջին հասակի, սևակն, երիտասարդ մի հոգևորական, ով կուսակրոնության ուխտ էր ընդունել ընդամենը մի քանի ամիս առաջ: Տակավին անփորձ թվացող այս աբեղայից ստանալով ողջույնի «Աստված պահապան»-ը` խնդրեցի «Պահպանիչ» աղոթք ընտանիքիս և հատկապես ծնողներիս համար: Երբ նա աջը դրեց գլխիս, հասկացա, որ գործ ունեմ ապագա մեծ հոգևորականի և սրբակենցաղ մեկի հետ:
Անցավ որոշակի ժամանակ: Մեր մտերմությունը Հայր Սուրբի հետ վերածվեց անկեղծ ու մաքուր ընկերության: Նա դարձավ իմ ու ծնողներիս սպասված և երբեմն նաև անսպասելի հյուրը: Նրա ամեն այցելությունը մեր տուն յուրատեսակ տոն և ուրախություն էր դառնում բոլորիս համար: Կուսակրոն աբեղան ընկերական սեղանի շուրջ վերածվում էր կատակող և ուրախ պատանու, փողոցում` սիրալիր անցորդի, իսկ եկեղեցում` աղոթող վանականի:
Հայր Մինասը ոչ միայն մեր երջանիկ րոպեների ընկերն էր, այլև տխուր օրերի մխիթարիչը: Այն օրվանից, երբ իմացել էր հորս անբուժելի հիվանդության մասին ամեն շաբաթ նրան այցի էր գալիս: Նստում էին միասին, զրուցում, երբեմն կատակում, և, որ ամենակարևորն է աղոթում: Հայր Սուրբը չէր մոռանում նման ծանր պարագային անգամ աստվածային հույս ու հավատ ներշնչել մեզ: Երբ հորս վիճակը վիրահատությունից և բազմաթիվ բուժումներից հետո կտրուկ վատացավ, Հայր Սուրբը նորից նրա հետ էր: Այս անգամ ոչ թե նստած զրուցում էին, այլ հայրս անխոս պառկած էր, իսկ Հայր Մինասը նրա կողքին ծնկած աղոթում էր, անդադար ու անխոնջ աղոթում: