Showing posts with label Մեծ Պահք. Show all posts
Showing posts with label Մեծ Պահք. Show all posts

1.4.17

ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՑ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 34)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Իմաստ. 15։2-22, Միք. 7։7-10, Փիլիպպ. 1։12-21, Մատթ. 16։24-28,  որ  կարող ենք կարդալ այստեղ:


Հաճախ, երբ քրիստոնյաներս փոքր ինչ առաջանում ու զորանում ենք մեր քրիստոնեական կյանքի մեջ, թյուրիմացաբար կարծում ենք, թե այլևս անմեղ ենք ու անսայթաք։ Սակայն նման միտքն իսկ հիանալի գործիք է սատանայի ձեռքերում մեզ հպարտության ու մեծամտության մեջ ներքաշելու և գցելու այն հարաբերական բարձունքից, որին հասել էինք։ Չմոլորվենք, սիրելիներ, ամենահայտնի սրբերն անգամ սայթաքել են և մեղանչել, սակայն երբեք չեն հուսահատվել, այլ ապաշխարությամբ ներվելով Աստծուց՝ նորից ոտքի են կանգնել։ Ահա թե ինչ է ասում Միքիա մարգարեությունն այս առթիվ. 
«Սակայն ես Տիրոջը կսպասեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կլսի ինձ: Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը: Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կտանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը: Ինձ կտեսնի իմ թշնամին, եւ ամօթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»: Իմ աչքերը կտեսնեն նրան» (Միք. 7։7-10)։

31.3.17

ՈՐՊԵՍԶԻ ԼԱՎ ԼԻՆԻ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 33)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Բ Օր. 10։1-15, Հոբ 19։1-29Ես. 45։1-13,  որ  կարող ենք կարդալ այստեղ:


Այսօրվա խորհրդածությունը, սիրելիներս, կարծես մի տեսակ ամփոփումը լինի այն բոլոր խորհրդածությունների, որ ունեցել ենք մենք մինչև այսօր։ Ի մասնավորի Ելից գրքում Տերն ասում է Մովսեսին.

«Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզնից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, պահես քո Տէր Աստծոյ պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի» (Բ Օր. 10։12-13)։

Անշուշտ դիմելով իր ընտրյալ Իսրայելի ժողովրդին՝ այսօր Աստված մեզ էլ է դիմում որպես նոր ընտրյալների և այն, ինչ Աստված հորդորում է ունենալ` ճիշտ աստվածպաշտությամբ ապրելու համար Աստծո արդարադատությունից մեղավորի երկնչումն է, և չարի ճանապարհը թողած Աստծո պատվիրանների ճանապարհով քայլելն է։ Այս ամենը մեկ աղբյուրից պիտի բխեն, դրանք արդյունքը պիտի է լինեն Աստծո հանդեպ մեր սիրո։ 

30.3.17

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՊԱՀՔԸ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 32)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Ես. 53։1-54։5, Ա Կորնթ. 15։1-28, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Համբերությունը, թերևս, պահքի ընթացքին ամենաանհրաժեշտ «կերակուրներից» մեկն է։ Եթե չլինենք համբերատար ինքներս մեր, մեզ շրջապատողների և վրա հասած փորձությունների ու նեղությունների հանդեպ, շատ դժվար պիտի անցկացնենք մեր պահքը և հնարավոր է անգամ խախտենք այն։ Տեսե՛ք, թե ինչ է ասում Սուրբ Հակոբոս առաքյալը. «Իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք» (Հակ. 1։3-4)։ Հավատացեք, սիրելիներ, պահքի ժամանակ, երբ փորձում ենք հավատքով ու սրբությամբ հաղթել սատանային ու հաղթահարել հոգևոր խնդիրները, նենգ թշնամին ավելի է զորանում ու պայքարում է մեր համբերատարության դեմ, որովհետև եթե համբերատարությունը կոտրվի դրա հետ միասին կկոտրվեն պահքը, աղոթքը, պայքարը...

29.3.17

ԱՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 31)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Ելք 4։1-21, Հովել 3։9-22, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Ինչ կարևոր հատկանիշ է, չէ՞՝ ինանալ՝ երբ, ում, ինչ և ինչպես ասել... Խոսքն անշուշտ աստվածային ճշմարտությունները և քրիստոնեական սկզբունքները բարձրաձայնելու մասին է։ Հաճախ է պատահում, որ երբ մենք՝ որպես Աստծո առաքյալներ կամ մարգարեներ, փորձում ենք ասել այն ինչ որ պետք է, մեր խոսքը հանդիպում է խոչընդոտների։ Ոմանք դժկամությամբ են այն լսում, ուրիշներ ծաղրում են ու արհամարհում, կան այնպիսիք, որոնք արգելում են խոսել և այնպիսիք էլ կան, որոնք լսում են, բայց խոսքը որևէ պտուղ չի տալիս։ Դրա պատճառները հասկանալու համար, սիրելիներ, խորհուրդ կտամ ուշադիր ընթերցենք Սերմնացանի առակը, որ կարող եք գտնել այստեղ (սեղմեք հղման վրա)։ 
Մեկ այլ հարց է տակավին չլուծված մնում. այն, թե ինչպես անել որպեսզի մեր սերմանած խոսքը ծիլ տա մարդկանց սրտերում։ Մովսես մարգարեն, որի` մարգարեության կոչվելու պատմությանը հանդիպում ենք օրվա ընթերցվածի մեջ, միևնույն վախը և հարցը ունեցավ, սակայն Աստված նրան այրվող մորենու միջից պատասխանեց.
«Ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել» (Ելք 4։12)։
Այո, սիրելիներ, առանց Աստծո օգնականության, քանի դեռ Նա չի բացել մեր բերանը և սովորեցրել, շատ հնարավոր է, որ մենք ձախողվենք ու մնանք ձեռնունայն, քանզի պտղաբեր է միայն Սուրբ Հոգու շնորհով ելնող խոսքը։ Հիշո՞ւմ եք ինչ ասաց Տեր Հիսուս իր առաքյալներին. 
«Հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով» (Մատթ. 10։19-20)։

Ահավասիկ մեզ մի կարևոր հորդոր. երբ որ ժամանակը հասնի ասելու այն, ինչ պետք է, նախ աղոթենք Աստծուն և խնդրենք Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, որպեսզի Հոգով լուսավորվի մեր միտքը և Հոգով բացվեն մեր շուրթերը։ 

Այսօր և առհասարակ օրվա խորհրդի շուրջ աղոթելու համար ընթերցենք կամ որ ավելի լավ է, անգիր սովորենք Սբ. Գրիգոր Տաթևացու ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ աղոթքը, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...


28.3.17

ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 30)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումը Եսյու մարգարեության գրքից է՝ Ես. 7։10-8։10, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Աղոթքը և խորհրդածությունը, որոնց վրա այսօր հրավիրում եմ ձեր ուշադրությունը, յուրահատուկ է և կարծեմ ամեն հայի շատ սրտամոտ։ Այդ իսկ պատճառով այսօր աղոթքի ենք հրավիրում բոլոր հայերին` աղոթելու մեր Հայրենիքի սահմանների անխախտության և մեր անդորրը հսկող զինվորների անվտանգության համար։ Տեսեք, թե ինչ հզոր խոսքերով է Աստված այսօր Եսայու մարգարեության մեջ խոսում.
«Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք: Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու: Ինչ խորհուրդ էլ անէք, Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք, չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է» (Ես. 8։9-10):
Այս խոսքը Աստված ուղղում է մեր բոլոր թշնամիներին և հակառակորդներին։ Պատմությունն է վկայել մեր` որպես ազգի անպարտելիությունը։ Քանի քանի հզորազոր ազգեր ու ժողովուրդներ են ջնջվել երկրի երեսից կամ ապրում են առանց հայրենիք ու պետականություն։ Քանիսն են ուզել տիրել Հայաստանին և ոչնչացնել այն, սակայն պարտվել են, քանի որ Աստված մեզ հետ է միշտ։ Պարտվել են գոնե այնքանով, որ չեն կարողացել ամբողջապես բնաջինջ ու արմատախիլ անել հայությանն ու հայաստանը։ Առանց սնապարծության փաստենք, հայը եղել է, կա ու պիտի մնա։ Աղոթքով լինենք միշտ մեր երկրի համար։ Հույսներս մեր ուժի, մտքի և ոգու վրա դրած աղոթենք Աստծուն, որ խափանի թշնամական նենգ խորհուրդները և գիշերուզոր պահի պահպանի մեր քաջազուն զինվորներին, ովքեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի անդորրն ու ապահովում Հայաստան երկրի անսասան ներկան ու ապագան։ 

Այսօր աղոթենք Զինվորի աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...