Showing posts with label Մարիաննա Հովհաննիսյան. Show all posts
Showing posts with label Մարիաննա Հովհաննիսյան. Show all posts

8.2.14

ՆԱ ՔԱՀԱՆԱ Է - ՏԵՐ ՀՈՒՍԻԿ ՔՀՆ. ՍԱՐԳՍՅԱՆ

«Նա քահանա՜ է»-ն կարծես մեծ ավետիս լինի, որը ուղեկցվում է շեփորների ձայնով և խառնվում մարդկանց ուրախության ձայներին, որոնք րոպե առաջ ուզում են բոլորին պատմել բարի լուրը: Այդ մեծ ավետիսը, ցնծությունն ու երջանկությունը զգացի ես իմ ընկերների հետ, երբ Սուրբ Խորանից հնչեց նորօծյալ քահանայի` Տեր Հուսիկի անունը: Արթուր սարկավագը, որին ես ճանաչեցի խոկման ժամանակ իր ապագա կնոջ`տաղանդաշատ Սոսեի հետ «Տեր ողորմեան» երգելիս, արդեն քահանա է: Չեմ կարող մոռանալ Տեր Հուսիկից հորդող լուսավորությունը, բարությունը և մաքրությունը, որ տեսա իր Անդրանիկ պատարագի ժամանակ, ինչպես նաև չեմ կարող մոռանալ բոլորիս արցունքախառը շողացող դեմքերը և ուրախությունը, որ ապրեցինք այդ կիրակի:

«Նա քահանա՜ է»-ն կարծես խրատ լինի` պապիկների հավասարակշռված, փոքր-ինչ խիստ և ամեն ինչ հստակ, առանց «եթեների», բարի ու պսպղուն աչքերով ասվող խրատ, որը միշտ տեղին է և ճիշտ ժամանակին, ինչպիսին որ Հուսիկ քահանայի քարոզներն են` այնքան հզոր և այնքան Սուրբ Հոգով լի, որ քայքայում են թերահավատությունդ ու վախերդ և քաջություն տալիս քրիստոնյա լինելու, Աստծուն ավելի մոտ լինելու և դիմակայելու աշխարհիկ թվացյալ դժվարություններին: Հուսիկ քահանայի քարոզները միշտ կոչեր են չվախենալու, այլ հավատալու, չծուլանալու, աղոթելու, գործելու, սիրելու, լինելու այնպիսին, ինչպիսին մեր Տեր Աստված է մեզ ստեղծել: