Showing posts with label Մատթ. 2։1-12. Show all posts
Showing posts with label Մատթ. 2։1-12. Show all posts

11.12.20

15. ՄՈԳԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝ 
14. ԾՆՆԴՅԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։1-12
1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 
2 և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 
3 Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 
4 Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 
5 Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.
6 “Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. 
քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին”»։
7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 
8 Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ 
9 Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ 
10 Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ 
11 Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 
12 Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Մոգերի գալուստը հայտնի իրողություն է և Հիսուսի ծննդյան վերաբերյալ  սքանչելի նշաններից մեկը, որի մասին պատմում է միայն Մատթեոսը, որ չի հիշում ծննդյան մյուս պարագաները, մինչդեռ Ղուկասը, որ բոլորից ավելի ընդարձակ է գրել Հիսուսի ծննդյան մասին, մոգերի մասին չի հիշատակում: Երկուսի պատմածներն իրար համաձայնեցնելու և շարադրելու վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել, բայց մենք՝ նախ պիտի իմանանք պատմությունը, և հետո ժամանակագրական խնդրի շուրջ հայտնենք մեր տեսությունը:

Հիսուսի ծննդյան օրերին, Հերովդեսի թագավորության ժամանակ, հանկարծ մի քանի մոգեր հասան Երուսաղեմ և սկսեցին հարցնել, թե՝ որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որի աստղը իրենք տեսան արևելքում, և եկան, որպեսզի իրենց հարգանքը մատուցեն: Այս կապակցությամբ Երուսաղեմում փսփսուք և շփոթություն ընկավ, իսկ Հերովդեսն ամբողջովին այլայլվեց, և ինքն էլ սկսեց  օգնել մոգերին, որպեսզի իմանա Նորածնի տեղը. ոչ թե հարգանք ընծայելու, այլ՝ Նրան վերացնելու համար: Հերովդեսը ժողովի հրավիրեց հրեաների օրինականներին, գիտնականներին և գլխավոր քահանաներին, և հանձնարարեց, որ պրպտեն Սուրբ Գիրքը և գտնեն, թե որտեղ պետք է ծնվի խոստացյալ Մեսիան: Ժողովն ուշադրությունը կենտրոնացրեց Մեսիայի մարգարեության վրա, որ վկայել էր Բեթղեհեմի մասին, ասելով, որ թեպետ այն Հուդայի քաղաքների մեջ փոքր է, բայց այնտեղից պիտի ծնվի Իսրայելի իշխանը. «քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան» (Միք. 2։2), կամ «քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Մատթեոս 2։6): Համաձայն այս խոսքերի` հրեաների գիտնականներն ասացին Հերովդեսին, և Հերովդեսն էլ հայտնեց մոգերին, թե Բեթղեհեմի մեջ պետք է փնտրեն նորածին արքային: Խնդրեց նաև, որ տեղը գտնելիս իրեն լուր տան, որպեսզի ինքն էլ գնա և իր հարգանքն ընծայի: