Showing posts with label Մատթ. 1:25. Show all posts
Showing posts with label Մատթ. 1:25. Show all posts

30.4.14

ՀԻՍՈՒՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ - Մեկնություն

Մատթ. 1:25
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ 
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:



Ավետարանում բնավ նշված չէ, թե Հիսուս որ տարին և որ ամսին ծնվեց, և ոչ էլ ամսվա կամ շաբաթվա օրը, այսուհանդերձ քրիստոնյաների միջև Հիսուսի ծննդյան օրվա շուրջ վիճաբանություններ եղել են, և ավելի շատ այդ վեճը լինում է մեր Հայ եկեղեցու հետ, որովհետև եթե Լատինները, Հույները և Ասորիները ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին և Աստվածահայտնությունը` հունվարի 6-ին, ապա մենք հունվարի 6-ին կատարում ենք Աստվածահայտնության տոնը, ընդգրկելով նրա մեջ նաև ծնունդը:
Շնորհալին Ալեքս իշխանին ներկայացրած «Հաւատոյ» գրի մեջ ձգտում է նույնիսկ Ավետարանով հաստատել` թե Հիսուս ծնվեց հունվարի 6-ին և ոչ թե դեկտեմբերի 25-ին, և ահա իր պատճառաբանությունը. Զաքարիա քահանայապետը Քավության տոնի առթիվ մտել էր տաճար խնկարկելու, որ համապատասխանում է հրեաների Թշրինի 10-ին, իսկ մեր` սեպտեմբերի 27-ին:
Զաքարիան տաճարից տուն չվերադարձած ավարտեց պաշտամունքի տասներկու օրերը, որոնք էին Քավության տոնի հինգ և Տաղավարաց տոնի յոթ օրերը: Ուրեմն` Եղիսաբեթի հղությունը եղավ հրեական Թշրինի 22-ին, իսկ մեր` հոկտեմբերի 9-ին: Իսկ Մարիամը ավետումը եղավ վեց ամիս հետո` ապրիլի 7-ին, և ծնունդը` հունվարի 6-ին: