Showing posts with label Մաղաքիա Արք. Օրմանյան. Show all posts
Showing posts with label Մաղաքիա Արք. Օրմանյան. Show all posts

20.12.20

29. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
28. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-42
35 Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ՝ իր աշակերտներից երկուսը։ 
36 Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։
 37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ 
38 Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։ 
39 Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։ 
40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննեսին ու գնացին Հիսուսի հետևից։ 
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։ 
42 Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։

Ավետարանիչը, մտադիր լինելով միայն Հովհաննեսի վկայությունները ցույց տալ, մեզ չի պատմում, թե Հիսուս, որ Հովհաննեսի մոտ էր գալիս, ինչ արեց և ինչ ասեց և, թե ինչպես կրկին բաժանվեց: Եվ այս մանրամասնությունները զանց առնելով, պատմում է, թե «հետևյալ օրը» Հովհաննեսը դարձյալ տեսավ Հիսուսին այդ կողմերում շրջելիս: Հովհաննեսի հետ էին իրեն հետևողներից երկուսը: Նրանց դարձավ և մեկ անգամ ևս ցույց տվեց Հիսուսին ու վերստին հաստատեց նախորդ օրվա վկայությունը՝ «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»: Այդ երկու աշակերտները, լսելով, որ իրենց վարդապետը՝ Հովհաննեսը, այդպես հետևողականորեն և այդչափ խորհրդավոր կերպով բարձրացնում է Նազովրեցի Հիսուսին, հետաքրքրվեցին և ցանկացան գնալ նրա մոտ, որպեսզի իրենք էլ ինչ-որ ձևով հասկանան Հիսուսի մեծության հանգամանքների մասին: Նրանք Հովհաննեսից հեռանում և դեպի Հիսուսն են գնում և, երբ մոտենում են նրան, Հիսուս շրջվում և իր ետևից գալու պատճառն է հարցնում. «Ի՞նչ եք փնտրում»: Բնական է, որ նրանք հանկարծակիի գալով չկարողանային խոսքի բռնվել և ասել. «Հովհաննեսը քո մասին ասում էր, որ Մեսիան ես, եկել ենք, որ մենք էլ համոզվենք»: Այդ պատճառով խոսքը փոխելով և խոսքի բռնվելու ձևով ասում են. «Այս կողմերն էինք գալիս, օթևանի տեղ չունեինք և ուզում էինք իմանալ մեզ կհյուրընկալե՞ս»: Եվ ի նշան հարգանքի, վարդապետ տիտղոսով են ողջունում նրան՝ մի տիտղոս, որ տրվում էր աստվածային օրենքին և Սուրբ Գրքին հմուտ անձանց. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»: Հիսուս ընդունում է նրանց առաջարկը. «Ես էլ տուն եմ գնում,- ասում է,- եկեք միասին գնանք, և՛ օթևանս կտեսնեք, և՛, եթե կցանկանաք, հյուր կմնաք»: Մեր՝ արևելյան ժամահաշվով երեկոյան ժամը տասն էր ուրիշ տեղ գնալու այլևս ժամանակ չկար, և երկուսն էլ գիշերեցին Հիսուսի տանը. «Այն օրը նրա մոտ գիշերեցին»: Անշուշտ ժամը տասից մինչև երեկո և մինչև գիշեր առիթ ունեցան երկարորեն խոսակցել, Հովհաննեսի պատմած հայտնության իրականությունը ստուգել, Հիսուսի մասին իրական գաղափար կազմել և Հիսուսի հետևողներից առաջինը լինել: Ո՞ւր էր Հիսուսի բնակարանը, ո՞ր գյուղը գնացին, Հիսուս այնտեղ ի՞նչ հարաբերություններ ուներ, ինչպե՞ս էր կարողացել իր համար որոշակի օթևան գտնել, սրանք բոլորն էլ անորոշ կետեր են, որոնք ավետարանը չի բացատրում: Գուցե Հովհաննեսի ընտրած կենտրոնատեղիի մոտ Բեթաբրա գյուղն էր, որտեղ Հիսուս ծանոթ էր գտել կամ թե իր համար ժամանակավոր բնակարան հարմարացրել, որովհետև դեռևս իր գավառը՝ Գալիլիա չվերադարձած, մի ժամանակահատված ուզում էր այդ կողմերում մնալ:

18.12.20

28. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։29-34
29 Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ 
30 Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ 
31 Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։ 
32 Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։ 
33 Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։ 
34 Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։

Փարիսեցի պատգամավորները Բեթաբրայից մեկնում են Երուսաղեմ, ուր ժողովին պիտի հաղորդեն ժողովրդական խանդավառության, Հովհաննեսի ստացած դերի և ինքն իր մասին կատարած խոստովանությունների և տված բացատրությունների մասին:

Հաջորդ օրը Հովհաննեսը տեսնում է հեռվից իրեն մոտեցող Հիսուսին։ Այդ գալուստը պետք է դնել անապատում քառասնօրյա պահեցողությունից և առանձնությունից հետո, երբ Հիսուս, այդ տնօրինությունն ավարտած լինելով, կամաց-կամաց սկսում էր հասարակական գործունեություն ձեռնարկել։ Հովհաննեսը հազիվ թե Հիսուսին տեսնելով, իր չորս կողմը եղողներին ցույց է տալիս նրան՝ մատնանշում և բացահայտորեն վկայում, թե նա, ում մասին հաճախակի խոսել և մեծությունն ու կարողությունը բացատրել էր, սույն այս Հիսուս Նազովրեցին է, ում իրենք էլ մեկ անգամ տեսան, երբ նա մկրտվեց Հովհաննեսից։ Աստված իրեն հայտնել էր, թե երբ մկրտության պահին տեսնի մեկին, ում վրա Սուրբ Հոգին է իջնում, հասկանա, թե Նա է խոստացյալ Մեսիան, որ Սուրբ Հոգով մկրտելու իշխանություն ունի։ Արդ՝ ինքը այս Հիսուս Նազովրեցուն մկրտելու պահին տեսել էր նրա վրա Սուրբ Հոգու իջնելը, այդ պատճառով կարող էր Նրա մասին վստահությամբ վկայել։ Հետևաբար, Հովհաննեսը սկսեց ազատ համարձակ քարոզել և հեռվից տեսնվող Հիսուսին ցույց տալով բարձրաձայն գոչել. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» և դարձյալ, թե «Սա է Աստծու Որդին»: Այս երկրորդ բացատրությունը մեկ ուրիշ անդրադարձն է երկնքից եկած աստվածային ձայնի. «Դա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթ. 3։7), որը Հովհաննեսը լսեց Հիսուսին մկրտելու ժամանակ և իր լսածն է, որ կրկնում է այստեղ, այն միացնելով Սուրբ Հոգու էջքի վկայության հետ։ Արդեն Հիսուսի ով լինելու վկայության ժամանակ երկնային նշանները երկուսն էին՝ Հոգի Աստուծո երևումը և Հայր Աստուծո ձայնը:

17.12.20

27. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
26. ԱՆԱՊԱՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։15-28
15 Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»: 
16 Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, 
17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան: 
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց: 
19 Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 
20 նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»: 
21 Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 
22 «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»: 
23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը», ինչպես ասաց Եսայի մարգարեն։ 
24 Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ 
25 Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»: 
26 Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 
27 որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»: 
28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում:

Հիսուսի Մկրտությունը Հռոմի 780 և մեր թվականության 27-ի սկիզբը՝ հունվար 6-ին դնելով, Նրա հրապարակ դուրս գալը ճշտելու համար 40 օր ևս պիտի ավելացնենք և պիտի հասնենք փետրվարի կեսը։ Այդ ընթացքում Հովհաննեսը շարունակում էր իր քարոզությունն ու մկրտությունը, ինչպես սկզբում, միայն թե փոխել էր Հիսուսի գալստյան մասին վկայության եղանակը։ Հիսուսի մկրտությունից առաջ նա սովորաբար ասում էր. «ով գալիս է ինձնից հետո» (Մատթ. 3։11) կամ թե «գալիս է ինձնից ավելի հզորը» (հմմտ. Ղուկ 3։16), բայց Հիսուսի մկրտությունը կատարելուց և երկնային նշանները տեսնելուց հետո սկսեց ասել. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ» (Հովհ. 1։15): Հիսուսի հայտնության վկայությունը Նոր Ուխտի հաստատության խորհուրդն է, ինչը որ հիշված է բացահայտորեն, որպես Հովհաննու վկայության բացատրություն։ Հիսուսի հայտնության լրանալով շնորհի փոխարեն շնորհ ունեցանք, ուխտի փոխարեն՝ ուխտ, Հնի փոխարեն՝ Նորը. Հինը օրենքի և ստվերականության ուխտ էր, որ Մովսեսի միջոցով տրվեց, Նորը՝ շնորհաց և ճշմարտության, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով հաստատվեց։ Նոր Ուխտով կատարյալ կերպով ճանաչեցինք Աստծուն, ոչ թե մեր տեսնելով, որ հնարավոր չէր, այլ Միածին Որդու կատարված հայտնությամբ։ Այս եզրակացության խոսքերը ոմանք Հովհաննես Մկրտչի կողմից ասված են համարում, ուրիշները՝ Հովհաննես Ավետարանչի գրչից բխած, որովհետև Ավետարանն էլ հստակ անցում չունի զանազանությունը զգալու համար։ Մեկ կամ մյուս տեսությամբ ընդունած ձևով էլ խոսքերի ուժը միևնույնն է մնում, սակայն բացատրության ոճին ու օգտագործված բառերին նայելով՝ ավելի Ավետարանչի գրչին է պատշաճում, քան Մկրտչի խոսքին։ Մանավանդ, որ Ավետարանիչը նոր հատվածը «Հովհաննեսի վկայությունն այս է» (Հովհ. 1։19) բացատրությամբ սկսելով, այնպիսի մի իմաստ է ուզում տալ, որ կարծես թե ասում էր՝ «բայց մենք Հովհաննեսի տված վկայությանը վերադառնանք»: 

14.12.20

23. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՔԱՐՈԶՉՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
22. ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍԿԻԶԲԸ

ՄԱՏԹԵՈՍ 3։7-10
7 Եվ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտվելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ 
8 Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ 
9 Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի»։ 
10 Իսկ ժողովուրդը նրան հարցնում էր ու ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։

ՂՈՒԿԱՍ 3։7-14
7 Եվ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտվելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ 
8 Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ 
9 Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի»։ 
10 Իսկ ժողովուրդը նրան հարցնում էր ու ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 
11 Պատասխանեց և ասաց նրանց. «Ով երկու զգեստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։ 
12 Մաքսավորներն էլ եկան մկրտվելու և հարցրին նրան. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք»։ 
13 Նա ասաց նրանց. «Ձեզ հասանելիքից ավելին մի՛ վերցրեք»։ 14 Զինվորները ևս հարցնում էին նրան. «Իսկ մենք ի՞նչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի»։

Հովհաննեսի քարոզություններց, թե ինչպես էր զրուցում ժողովրդի կամ ինչ ոճով էր խոսում իրեն դիմողների հետ, մեզ քաղվածքներ են տալիս Ավետարանիչները: Սակայն ամեն ինչում դժվար չէ տեսնել այն խստակրոն անապատականին, որ ո՛չ հանդիմանություն էր խնայում  և ո՛չ էլ քաշվում էր կծու ճշմարտություններն ասելիս: «Իժերի՛ ծնունդներ» բացականչությամբ էր Հովհաննեսը ողջունում իրեն դիմողներին, լինեին նրանք ժողովրդի պարզ զանգվածից, ինչպես նշում է Ղուկասը, կամ թե սադուկեցիների և փարիսեցիների դասակարգից` ըստ Մատթեոսի  հիշատակության: «Կարծում եք արդյոք,-ասում էր Հովհաննեսը,- թե ապաշխարության արտաքին ձևով կարելի՞ է խուսափել աստվածային բարկությունից. ո՛չ, այլ, սրա հետ միասին, անհրաժեշտ է նաև ապաշխարությանն արժանի արդյունքներ ևս ցույց տալ: Լինելով Աբրահամի զավակներ` մի՛ մեծամտացեք: Աբրահամի զավակներ կոչվելը ոչ թե ձեր, այլ Աստծո գործն է, քանզի Աստված քարերից էլ կարող է Աբրահամի զավակներ ստեղծել: Շտապեցե՛ք դրսևորել ապաշխարության արդյունքները: Կացինը մոտեցել է ծառարմատին: Անպտուղ ծառը շուտով կկտրվի և կնետվի կրակը»:

Այս առիթով տարբեր խավերի անհատներ, առանձին-առանձին մոտենալով, իրենց վիճակին օգտակար խրատ էին հարցնում: Նախ հասարակ ժողովուրդն է հարցնում, թե` ի՞նչ անի: Հովհաննեսը տալիս է ողորմության խրատը. «Երկու հագուստ ունեցողը թող մեկը տա չունեցողին»: Այնուհետև նույն հարցով մոտենում են մաքսավորները: Սրանց Հովհաննեսն արդարության խրատն է տալիս. «Ձեզ տրված հրամանից ավելին մի արեք, որ նշանակում է, թե ձեր իրավունքից ավելին մի պահանջեք»: Հերովդեսի գալիլիացի զինվորները ևս գալիս են` նույն հարցը տալու: Վերջիններս էլ պատգամում է չափավորության և կանոնավարության խրատը. «Ձեր թոշակով գոհացե՛ք, մի՛ նեղեք, մի՛ զրպարտեք, մի՛ հափշտակեք»: Հովհաննու բարոյական քարոզները, անգամ այս համառոտ ամփոփումներում, շատ նման են Ավետարանում Հիսուսի տված խրատներին, միաժամանակ հաստատաում են Հովհաննեսի ու Հիսուսի քարոզած Երկնքի Արքայության նույնությունը: 

Հաջորդ գլուխը՝ 

13.12.20

21. ԿԱՐԱՊԵՏԻ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

  Նախորդ գլուխը՝
20. ՀԻՍՈՒՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

ՂՈՒԿԱՍ 1։80
80 Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։


Հովհաննու Կարապետի պատմությունն ընդմիջեցինք ծնունդն ու պաշտոնը բացատրելուց հետո (գլուխ 7, 8)։ Հովհաննեսը ևս, իր կարապետության պաշտոնը ստանձնելուց  և քարոզչություն ստանձնելուց առաջ, երեսուն տարի ապրեց առանձնական կյանքով: Ծնողներն արդեն ծեր էին և հավանաբար իր ծնվելուց հետո երկար չեն ապրել:  Հետևաբար, Հովհաննեսն ընտանեկան կյանք չի ունեցել: Այդ մասին բացհայտորեն ակնարկում է Ղուկասը, երբ հիշատակում է նրա ի սկզբանե, մանկության իսկ տարիներից անապատականի կյանք ունենալը. «Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով և մնում էր ամայի տեղերում»: Հովհաննեսի վաղօրոք անապատ քաշվելու պատճառը կամ շարժառիթը որևէ մի տեղ գրված չէ: Ոմանք կարծեցին, թե Բեթղեհեմի մանկանց հետ կատարվածի առիթով Հովհաննեսի ծնողներն իրենց որդուն Քեբրոնից մոտակա անապատը փախցրին, ոչ թե լոկ տեղի մոտիկության, այլև իրենց զավակի սքանչելի ծննդյան, նշանավոր անձ լինելու պատճառով, նախանձի առարկա չդառնալու համար:

Անապատը, ուր գտնվում էր Հովհաննեսը, Հուդայի անապատ կոչված երկիրն էր: Այն Հուդայի լեռների և Մեռյալ ծովի մեջտեղում էր:  Անմշակ և անբնակ տարածք էր, որ մինչև այսօր էլ մնացել է նույն ձևով: Հովհաննեսի զբաղմունքը, հարկավ, անապատականներին բնորոշ հոգևոր կյանքն էր. մարգարեությունների մասին խորհրդածություններով իրեն նախապատրաստել ապագա պաշտոնին և աստվածային խոկումներով բարձրացնել հոգին: Նա արտաքին զարդարանքից բոլորովին զուրկ էր, մերկությունը ծածկելու համար միայն ուղտի մազից զգեստ ուներ և մեջքին կապված կաշվե գոտի: Նրա կերակուրն անապատում գտնվող վայրի մեղրն էր ու մորեխը: Առ այսօր անապատի բնակիչների համար մորեխը դասվում է սովորական ուտելիքների շարքին, որն ուտում են` կիսաեփ խորովելուց հետո: Հրեից օրենքն ևս թույլատրում է` իբրև սուրբ կերակուր, մորեխ ուտել (Ղևտ. 11։22): Ճգնասուն այդ կենցաղի հետևանքով Հովհաննեսը դարձավ մի խստակրոն անապատական, օրենքի բծախնդիր պաշտոնյա, ժողովրդին խստապահանջ հանդիմանող և գերազանց առաքինությամբ մեծ մարգարե, գուցե մարգարեից էլ ավելի բարձր, այնպես որ բոլոր մարդկանց մեջ Հովհաննեսից մեծ որևէ մեկը չի եղել (Մատթ. 11։11):

Հաջորդ գլուխը՝