Showing posts with label Մաղաքիա Արք. Օրմանյան. Show all posts
Showing posts with label Մաղաքիա Արք. Օրմանյան. Show all posts

11.12.20

15. ՄՈԳԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝ 
14. ԾՆՆԴՅԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։1-12
1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 
2 և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 
3 Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 
4 Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 
5 Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.
6 “Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. 
քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին”»։
7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 
8 Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ 
9 Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ 
10 Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ 
11 Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 
12 Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Մոգերի գալուստը հայտնի իրողություն է և Հիսուսի ծննդյան վերաբերյալ  սքանչելի նշաններից մեկը, որի մասին պատմում է միայն Մատթեոսը, որ չի հիշում ծննդյան մյուս պարագաները, մինչդեռ Ղուկասը, որ բոլորից ավելի ընդարձակ է գրել Հիսուսի ծննդյան մասին, մոգերի մասին չի հիշատակում: Երկուսի պատմածներն իրար համաձայնեցնելու և շարադրելու վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել, բայց մենք՝ նախ պիտի իմանանք պատմությունը, և հետո ժամանակագրական խնդրի շուրջ հայտնենք մեր տեսությունը:

Հիսուսի ծննդյան օրերին, Հերովդեսի թագավորության ժամանակ, հանկարծ մի քանի մոգեր հասան Երուսաղեմ և սկսեցին հարցնել, թե՝ որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որի աստղը իրենք տեսան արևելքում, և եկան, որպեսզի իրենց հարգանքը մատուցեն: Այս կապակցությամբ Երուսաղեմում փսփսուք և շփոթություն ընկավ, իսկ Հերովդեսն ամբողջովին այլայլվեց, և ինքն էլ սկսեց  օգնել մոգերին, որպեսզի իմանա Նորածնի տեղը. ոչ թե հարգանք ընծայելու, այլ՝ Նրան վերացնելու համար: Հերովդեսը ժողովի հրավիրեց հրեաների օրինականներին, գիտնականներին և գլխավոր քահանաներին, և հանձնարարեց, որ պրպտեն Սուրբ Գիրքը և գտնեն, թե որտեղ պետք է ծնվի խոստացյալ Մեսիան: Ժողովն ուշադրությունը կենտրոնացրեց Մեսիայի մարգարեության վրա, որ վկայել էր Բեթղեհեմի մասին, ասելով, որ թեպետ այն Հուդայի քաղաքների մեջ փոքր է, բայց այնտեղից պիտի ծնվի Իսրայելի իշխանը. «քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան» (Միք. 2։2), կամ «քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Մատթեոս 2։6): Համաձայն այս խոսքերի` հրեաների գիտնականներն ասացին Հերովդեսին, և Հերովդեսն էլ հայտնեց մոգերին, թե Բեթղեհեմի մեջ պետք է փնտրեն նորածին արքային: Խնդրեց նաև, որ տեղը գտնելիս իրեն լուր տան, որպեսզի ինքն էլ գնա և իր հարգանքն ընծայի:

14. ԾՆՆԴՅԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։22-38
22 Նրանց սրբագործման օրերի լրանալուց հետո, Մովսեսի օրենքի համաձայն, նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու, 
23 ինչպես գրված է Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի» 
24 Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ։
25 Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։ 
26 Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։ 
27 Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր, 
28 Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.
29 «Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.
30 որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, 
31 որ պատրաստեցիր բոլոր ազգերի առաջ,
32 լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար»։
33 Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին նրա մասին։ 
34 Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։ 
35 Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։
36 Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։ 
37 Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։ 
38 Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։

Ութերորդ օրը թլպատելու օրենքի հետ, արու զավակ ծնած մայրերին տրվել էին նաև քառասուներորդ օրը սրբվելու օրենքը: Նախ՝ յոթ օր պետք է սպասեին իբրև անմաքուր, ութերորդ օրը պետք է թլպատեին տղային, երեսուներեք օր ևս պետք է սպասեին և քառասուներորդ օրը պիտի գնային տաճար՝ սրբվելու, «ողջակեզի» համար տանելով մեկ տարեկան մի գառ և երկու տատրակ և մի աղավնի՝ «մեղքերի քավության» զոհաբերության համար: Իսկ եթե ծնողներն աղքատ էին, տանում էին միայն երկու տատրակ և երկու աղավնի՝ մեկը «ողջակեզի» և մյուսը՝ «մեղքերի քավության» համար (Ղևտ. 12։1-8):

Մեկ հատուկ օրենք էլ կար անդրանիկ արուների համար: Եգիպտացիների անդրանիկներին հարվածելու հետ կապված, Աստված հրամայել էր, որ հրեա բոլոր անդրանիկները՝ թե´ մարդ և թե´ անասուն, ընծայվեն Իրեն (Ելք 34։19-20), այսինքն հատկացվեն Աստծո տաճարի ծառայությանը: Բայց երբ հրեաները Ոսկե հորթը շինեցին, և Աստված ցանկացավ պատժել նրանց,  Ղևիի ցեղը  գործակցեց Մովսեսին՝ հորթապաշտներին պատժելու համար (Ելք 32։26), և սկսյալ այս շրջանից, Ղևիի ցեղն ամբողջությամբ՝ մարդկանցով և անասուններով ընտրվեցին Աստծո ծառայության համար, իսկ մյուս ցեղերի բոլոր արուները ազատվեցին այդ ծառայությունից (Թվեր 3։12), բայց ոչ ձրիաբար. յուրաքանչյուր անդրանիկ ունեցողը պարտավոր էր իր անդրանիկի համար փրկագին վճարել ղևտացիներին: Փրկագինը ղևտացիներին պիտի պատկաներ, իսկ ղևտացիներն՝ Աստծուն: Իսկ որպես փրկագնի չափ՝ առաջին անգամ որոշվեց հինգ սիկղ արծաթ. յուրաքանչյուր սիկղը  քսան դանկիի (հռոմեական պղնձե դրամ) չափով, որին համարժեք է չորս ու կես դրամ արծաթ (Թվեր 3։47): Սակայն հետագայում սովորություն դարձավ, փրկագինը որոշել ըստ յուրաքանչյուրի կարողության և փոխադարձ համաձայնության:

13. ՀԻՍՈՒՍԻ ԹԼՓԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։21
21 Երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում։

ՄԱՏԹԵՈՍ  1։25
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

Աստված հրամայել էր Աբրահամին, որ նրա սերունդի բոլոր արուները ծնվելուց հետո` ութերորդ օրը թլպատվեին (Ծննդ. 17։12): Այդ կրկնեց նաև Մովսեսն իր օրենքների մեջ, թե մի մայր, որ արու զավակ է ծնում, յոթ օր պետք է պիղծ համարվի և «Ութերորդ օրը նա թող թլփատի իր որդուն» (Ղեւտ. 12։3): Թլպատության օրենքը խիստ էր և խախտողներին հրամայված էր մահվան դատապարտել. «Ութերորդ օրը թլիփը չթլփատված արուն թող վերանա իր ցեղի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը» (Ծննդ. 17։14): Թլպատությունը մի պարտականություն էր, որ կատարվում էր ընտանեկան շրջանակում` մերձավորների ներկայությամբ, առանց քահանայի պաշտոնավարության, և այդ դեպքում որոշվում էր նաև նորածնի անունը, ինչպես արդեն Կարապետի մասին խոսելիս հիշեցինք (Գլուխ 7):
            
Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում եկվորներ էին. և Դավթի ցեղից թերևս կարողացել էին ճանաչել մի քանի մերձավորների և ազգականների, որոնք նրանց համար, հավանաբար, մի բնակության տեղ էին հոգացել, քանի որ իջևանատան ախոռի մեջ այլևս չէին մնում: Թլպատության արարողությունը կատարեցին շատ համեստ շրջանակում` լրացնելով օրինական պարտավորությունը:  Մարիամը, որ առաջինն էր ավետիսը ընդունել, և Հովսեփը, որ ստացել էր հրեշտակի խորհրդի հայտնությունը, հավանաբար կարող էին մտածել, որ սքանչելի Նորածնի վրա օրենքի պահանջները չէին կարող ծանրանալ, սակայն օրենքը զանցառելու  իրավունք չունեին, և նաև աստվածային կամքն էր պահանջում օրենքի գործադրությունը` օրինակով հաստատելու համար օրինապահության պատվիրանը:

Նորածնի անունը կոչվեց Հիսուս, որ թարգմանվում է Փրկիչ, որ նաև Հեսու և Հովսե անունների մյուս ձևն է: Ավետարանիչը,  Հիսուսի անվանակոչությունը իբրև հրեշտակի հանձնարարության համաձայն կատարված լինելը հիշելով, ուզում է ասել, որ Մարիամն ու Հովսեփը տեղյակ էին սքանչելի խորհրդին և գիտենալով համակերպվում էին օրենքի հրամաններին:

Հաջորդ գլուխը՝

9.12.20

12. ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
11. ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

ՄԱՏԹԵՈՍ 1։25
25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

Ավետարանում բնավ նշված չէ, թե Հիսուս որ տարին և որ ամսին ծնվեց, և ոչ էլ ամսվա կամ շաբաթվա օրը, այսուհանդերձ քրիստոնյաների միջև Հիսուսի ծննդյան օրվա շուրջ վիճաբանություններ եղել են, և ավելի շատ այդ վեճը լինում է մեր Հայ եկեղեցու հետ, որովհետև եթե Լատինները, Հույները և Ասորիները ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին և Աստվածահայտնությունը` հունվարի 6-ին, ապա մենք հունվարի 6-ին կատարում ենք Աստվածահայտնության տոնը, ընդգրկելով նրա մեջ նաև ծնունդը:

Շնորհալին Ալեքս իշխանին ներկայացրած «Հաւատոյ» գրի մեջ ձգտում է նույնիսկ Ավետարանով հաստատել` թե Հիսուս ծնվեց հունվարի 6-ին և ոչ թե դեկտեմբերի 25-ին, և ահա իր պատճառաբանությունը. Զաքարիա քահանայապետը Քավության տոնի առթիվ մտել էր տաճար խնկարկելու, որ համապատասխանում է հրեաների Թշրինի 10-ին, իսկ մեր` սեպտեմբերի 27-ին:

Զաքարիան տաճարից տուն չվերադարձած ավարտեց պաշտամունքի տասներկու օրերը, որոնք էին Քավության տոնի հինգ և Տաղավարաց տոնի յոթ օրերը: Ուրեմն` Եղիսաբեթի հղությունը եղավ հրեական Թշրինի 22-ին, իսկ մեր` հոկտեմբերի 9-ին: Իսկ Մարիամը ավետումը եղավ վեց ամիս հետո` ապրիլի 7-ին, և ծնունդը` հունվարի 6-ին:

11. ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։6-20
6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, 
7 և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։
8 Այնտեղ բացօթյա մնացող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ 
9 Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 
10 Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ 
11 Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։ 
12 Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ 
13 Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
14 «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ»։
15 Երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ 
16 Եվ նրանք շտապ եկան ու գտան Մարիամին և Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը։ 
17 Եվ ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ 
18 Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվներն ասացին իրենց։ 
19 Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ 
20 Եվ հովիվները վերադարձան. փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես պատմվել էր իրենց։

Երբ Հովսեփն ու Մարիամը հասան Բեթղեհեմ, իրենց համար պատրաստ և հանգիստ տուն չգտան, և նույնիսկ ուղևորների իջևանատան մեջ ազատ տեղ չէր մնացել: Ամեն կողմից եկած և խռնված բնիկ բեթղեհեմցիները տեղավորվել էին վատ թե լավ, իսկ Հովսեփն ու Մարիամը ուշացողներից էին: Այդ դժվարին և անհանգիստ պայմաններում, երբ Մարիամի օրերը լրացել էին, տեղի է ունենում Հիսուսի ծնունդը: Նորածնի խնամքի համար հազիվ խանձարուր պատրաստելու չափ լաթի կտորներ են գտնում, ծածկում, փաթաթում են և խանձարուրը դնում են իջևանատան ախոռի մեջ, անասունների մսուրի հարդի ու խոտի վրա  և ախոռը ծառայում է որպես բնակարան, իսկ մսուրն` օրորոց:

Ընդհանուր ավանդություն է` թե Հիսուս այրի մեջ է ծնվել, եկեղեցում էլ երգում ենք՝ ի սուրբ այրին բազմեցաւ և Բեթղեհեմի Ս. Ծնունդ կոչվող եկեղեցում էլ այսօր քարայրն են ցույց տալիս: Ավետարանը քարայրի մասին չի ասում, սակայն հնում, ինչպես նաև մինչև այսօր, գյուղերում քարայրներն են գործածվել որպես ախոռ, և պիտի ասենք, որ այդպես էլ եղավ այն իջևանում, ուր Հիսուս ծնվեց և դրվեց մսուրի մեջ: