Showing posts with label Ղուկ. 2։6-20. Show all posts
Showing posts with label Ղուկ. 2։6-20. Show all posts

9.12.20

11. ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։6-20
6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, 
7 և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։
8 Այնտեղ բացօթյա մնացող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ 
9 Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 
10 Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ 
11 Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։ 
12 Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ 
13 Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
14 «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ»։
15 Երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ 
16 Եվ նրանք շտապ եկան ու գտան Մարիամին և Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը։ 
17 Եվ ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ 
18 Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվներն ասացին իրենց։ 
19 Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ 
20 Եվ հովիվները վերադարձան. փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես պատմվել էր իրենց։

Երբ Հովսեփն ու Մարիամը հասան Բեթղեհեմ, իրենց համար պատրաստ և հանգիստ տուն չգտան, և նույնիսկ ուղևորների իջևանատան մեջ ազատ տեղ չէր մնացել: Ամեն կողմից եկած և խռնված բնիկ բեթղեհեմցիները տեղավորվել էին վատ թե լավ, իսկ Հովսեփն ու Մարիամը ուշացողներից էին: Այդ դժվարին և անհանգիստ պայմաններում, երբ Մարիամի օրերը լրացել էին, տեղի է ունենում Հիսուսի ծնունդը: Նորածնի խնամքի համար հազիվ խանձարուր պատրաստելու չափ լաթի կտորներ են գտնում, ծածկում, փաթաթում են և խանձարուրը դնում են իջևանատան ախոռի մեջ, անասունների մսուրի հարդի ու խոտի վրա  և ախոռը ծառայում է որպես բնակարան, իսկ մսուրն` օրորոց:

Ընդհանուր ավանդություն է` թե Հիսուս այրի մեջ է ծնվել, եկեղեցում էլ երգում ենք՝ ի սուրբ այրին բազմեցաւ և Բեթղեհեմի Ս. Ծնունդ կոչվող եկեղեցում էլ այսօր քարայրն են ցույց տալիս: Ավետարանը քարայրի մասին չի ասում, սակայն հնում, ինչպես նաև մինչև այսօր, գյուղերում քարայրներն են գործածվել որպես ախոռ, և պիտի ասենք, որ այդպես էլ եղավ այն իջևանում, ուր Հիսուս ծնվեց և դրվեց մսուրի մեջ: