Showing posts with label Ղուկաս Բ. Show all posts
Showing posts with label Ղուկաս Բ. Show all posts

21.5.14

ՔՐԻՍՏՈՍԻ ԿՅԱՆՔԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ - Մեկնություն


Մատթ. 2:22-23, Ղուկ. 2:39-40
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից 

22 Իսկ երբ լսեց, թե Արքեղայոսը թագավորել է Հրեաստանի վրա իր հոր` Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ. եւ երազի մեջ հրաման առնելով` գնաց Գալիլիայի կողմերը 
23 եւ եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե` Նազովրեցի պիտի կոչվի:

39 Եւ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ Օրենքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը` Նազարեթ: 
40 Եւ մանուկը աճում ու զորանում էր` լի իմաստությամբ. եւ Աստծու շնորհները նրա վրա էին:

Մեկնություն
Հերովդեսից հետո Հրեաստանը բաժանվեց չորս մասի՝ Հրեաստան, Գալիլիա, Իտուրիա և Աբյուլինիա: Առաջին երեքին իշխեցին Հերովդեսի զավակներից Արքեղայոսը, Անտիպասը և Փիլիպպոսը, որոնք նաև Հերովդես անունն էին իրենց անվանը կցել: Նազարեթը, ուր գնալու էր Հովսեփը, Գալիլիայում էր, Հերովդես Անտիպասի իշխանության տակ, և մինչ Հովսեփը խուսափում էր Արքեղայոսի իշխանությունից, Անտիպասի իշխանության վրա ավելի վստահություն էր ցուցաբերում, քանի որ, չնայած նա շվայտության և պղծության հետևող մարդ էր, բայց չար բռնապետի անուն չուներ: Նազարեթում Հովսեփն արդեն տուն ու տեղ ուներ, և չնայած Բեթղեհեմ էր տեղափոխվել, Նազարեթում ունեցածը ձեռքից բաց չէր թողել և հեշտությամբ վերադարձավ ու  տեղավորվեց իր տանը՝ տարուց պակաս ժամանակ այնտեղից հեռանալուց, Բեթղեհեմում և Եգիպտոսում  պանդխտելուց և բավական դժվարություններով լեցուն ժամանակ անցկացնելուց հետո, բայց նաև վայելելով այդ ընթացքում Հիսուսի ծննդյան և սքանչելի հայտնությունների և երկնային մխիթարությունների ուրախությունները: