Showing posts with label Հովհ. 2։1-11. Show all posts
Showing posts with label Հովհ. 2։1-11. Show all posts

21.12.20

31. ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
30. ՀԻՍՈՒՍԻ ՄՅՈՒՍ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։1-11
1 Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Հիսուսի մայրն այնտեղ էր։ 
2 Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։ 
3 Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ 
4 Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ 
5 Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ 
6 Այնտեղ կային քարե վեց թակույկներ՝ հրեաների սրբվելու սովորության համաձայն. նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ։ 
7 Հիսուսը նրանց ասաց. «Այդ թակույկները լցրե՛ք ջրով»։ Բերնեբերան լցրին։ 
8 Եվ ասաց նրանց. «Հիմա վերցրե՛ք և տարե՛ք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։ 
9 Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, չէր իմանում, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որոնք ջուրը լցրին, գիտեին), 
10 խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ 
11 Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։

Նաթանայելի կոչումից երեք օր հետո Հիսուսին հանդիպում ենք Կանայում՝ Գալիլիայի քաղաքներից մեկում, որ գտնվում է Նազարեթի և Կափառնայումի միջև, և պետք չէ շփոթել ուրիշ համանուն Կանաների հետ։ Հիսուս Փիլիպպոսին տեսնելու օրից արդեն բռնել էր Գալիլիայի ճանապարհը, հետևաբար առանց դժվարության երեք օր հետո Գալիլիա հասած կլինի։ Նազարեթում իր տունը չգնացած՝ Կանա քաղաք մտնելն էլ տարօրինակ չէ, որովհետև Կանացի Նաթանայելը հնարավոր է ցանկացած լինի իր տունը տանել. մինչ այդ Հիսուսի մայրն էլ արդեն մի հարսանիքի համար եկել էր Կանա։ Երևում է, թե մոր այնտեղ գտնվելու համար Հիսուս եկավ այնտեղ, և նույն առիթով նաև հարսանիքի հրավիրվեց և իրեն հետևող աշակերտների հետ հանձն առավ Հորդանանից գնալ հարսանիք. «Հիսուսի մայրն այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները»։