Showing posts with label Հովհաննես 1. Show all posts
Showing posts with label Հովհաննես 1. Show all posts

7.12.20

3. ԶԱՔԱՐԻԱՅԻ ԱՎԵՏՈՒՄԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
2. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ՂՈԻԿԱՍ 1։5-25
5 Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։ 
6 Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։ 
7 Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։
8 Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 
9 ըստ քահանայության օրենքի վիճակը նրան ընկավ՝ Տիրոջ տաճար մտնելու և խնկարկելու։ 
10 Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած։ 
11 Տիրոջ հրեշտակը հանկարծ երևաց նրան՝ խնկարկության սեղանի աջ կողմում կանգնած։ 
12 Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, և վախ ընկավ նրա մեջ։ 
13 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ 
14 Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդյամբ, 
15 որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի, 
16 Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն։ 
17 Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ 
18 Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպե՞ս վստահ լինեմ, քանի որ ծեր եմ, և կինս էլ տարիքն առել է»։ 
19 Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։ 
20 Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։
21 Իսկ ժողովուրդն սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 
22 Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։ 
23 Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 
24 Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս նա թաքնվում էր և ասում. 
25 «Այս ի՞նչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։

Ղուկասն ընդարձակորեն պատմում է այն, ինչի մասին լռում է Հովհաննեսը: Հերովդես Մեծի օրոք ապրում էր Զաքարիա անունով մի քահանա, որի կինը Եղիսաբեթն էր: Նա ևս Ահարոնյան քահանայական ցեղից էր: Սրանք եղան Կարապետի ծնողները: Ժամանակը ճիշտ տարիներով չի տրվում, սակայն, իմանալով Հովհաննեսի և Հիսուսի ծնունդների վեցամսյա տարբերությունը (Ղուկ. 1։26), Հիսուսի ծննդյան ժամանակը համարելով Հռոմեական 750 թվականի հունվարի 6-ը, Զաքարիայի ավետումը կլինի 748 թվականի սեպտեմբերի վերջերին: Բայց Զաքարիան սրանից շատ առաջ էլ էր ապրում, որովհետև այդ թվականին արդեն իր օրերն ապրած մի ծերունի էր: Ոմանք կարծեցին, թե Զաքարիան մեծ քահանայապետ էր, բայց Ղուկասը չի նպաստում այդ կարծիքին և հայտնապես ասում է, որ Զաքարիան Աբիայի դասակարգից մի պարզ քահանա էր:

2. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։1-6
1 Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ 
2 Նա սկզբից Աստծու մոտ էր։ 
3 Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ 
4 Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ 
5 Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։

Ավետարանը Հիսուսի գործերի պատմությունն է և վարդապետությունների ամփոփումը: Ղուկասն իր Ավետարանի նախաբանում հայտնում է այդ մասին, և նրան, ում գործերը և խոսքերը պիտի գրեր, անվանել է ԲԱՆ: Ըստ Ղուկասի, Բանը անձ էր, քանզի նրան տեսնողները և հետևողներ էին եղել. ինչպես գրում է. «Խոսքի (Բանի) ականատեսներն ու սպասավորները եղան» (Ղուկ. 1։2): Ո՞վ էր ուրեմն Բանը: 

Այս հարցին պատասխանում է Հովհաննեսը, գրելով, թե Բանը սկզբից էր, այսինքն` հավիտենականությունից: Աշխարհի համար ասված է, թե այն Աստված ստեղծեց սկզբում, այսինքն` աշխարհը չկար` և եղավ: Սակայն Բանը սկզբից էր, այսինքն` միշտ էր, և չեղավ մի ժամանակ, երբ նա չլիներ: Ավելի բացահայտելու համար Հովհաննեսն ավելացնում է, թե` Բանն Աստծո հետ էր, և Աստված էր. Բանը բոլոր արարածների ստեղծողն էր և առանց Բանի ոչինչ չի ստեղծվել, ամեն ինչի կյանքը Բանն է, լույսն է մարդկանց, և խավարից անսահման է, և խավարը Նրան ո՛չ ճանաչում է, ոչ էլ` ընդունում: 

Այսպես պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսն է, Քրիստոս` Բանն է, և Բանն էլ` Աստված է: Այս կերպ Ղուկասն ու Հովհաննեսն իրենց Ավետարանների սկզբում որոշակիորեն հայտնում և վկայում են Քրիստոսի Աստվածությունը, որն էլ մեծապես օգտակար է` ճանաչելու համար ավետարանական պատմությունների և վարդապետությունների բուն ոգին ու իսկությունը: 

Հիսուսի պատմությունն սկսելուց առաջ, պետք է նախ Նրա Կարապետի պատմությունն սկսել, որը թե՛ ժամանակով էր առաջ, և թե Նրա գործերի ու վարդապետությունների ճանապարհը բացողն էր: Հովհաննես Ավետարանիչը պարզապես ակնարկում է Կարապետին, հայտնում նրա անունը` Հովհաննես, սակայն նրա ծննդյան և ծագման մասին լռում է:

Հաջորդ գլուխը՝