Showing posts with label Հասմիկ Հակոբյան. Show all posts
Showing posts with label Հասմիկ Հակոբյան. Show all posts

28.2.14

ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐ (ոչ մրցութային)

Աստծո այս զինվորներին հանդիպեցի մայիսի վերջին Գեղարքունիքի մարզում, Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ մեկնել էինք ուխտագնացության:
Նախօրէին տեղած անձրևները տեսնելով՝ հարազատներս համոզում էին չմեկնել: Առավոտյան ամպած էր երկինքը, արևի լույսը սքողող ամպերը ճանապարհի ամբողջ ընթացքին սպառնում էին անձրևի տարափ հեղել երկնքից: Սակայն ուխտավորի համար վատ եղանակ չկա, իսկ ճանապարհին ասվող աղոթքը մոռացնել տվեց գույժ ամպերի սպառնալիքը: Հասանք Ծովինար գյուղ, որտեղի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից եղանք Սուրբ Պատարագի խորհրդին, պատարագիչն էր այդ գյուղի զավակ Տեր Գրիգորը: Պատարագին ներկա էին նաև Մարտունու քահանա Տեր Սիմեոնն ու Արծվանիստից Տեր Տիրատուրը: Աներևակայելի է, բայց պատարագի ավարտին եղանակը բոլորովին այլ էր, չքվել էին մեզ սպառնացող ամպերը և երկնքում տիրում էր ջերմացնող արեգակը:

20.2.14

ԿՈՄԻՏԱՍԻՆ

Ինչպես Մաշտոցը մեկենասությամբ
Արքայի հայոց
Ընծայաբերեց իր ժողովրդին տառերի ոսկին`
Մտահայեցմամբ, տքնանքով ոգու,
Այնպես էլ մի օր հայոց մեղեդին
Մեծն Կոմիտասի ձեռքով սրբագրվեց
Ու նոտայագիր հանձնվեց դատին իր ժողովրդի,
Տառերի պես, տաղերի ոսկին` անխառն ու մաքուր,
Հնչում է հիմա իբրև երկնքից իջած մանանա,
Աղոթահյուս շարականների լուսապսակով
Մտնում տուն ու դուռ ու եկեղեցի,
Խոնարհվում մաքուր սնար ու բարձի,
Մե՛կ մոլորյալին բերում է դարձի,
Մե՛կ շնորհյալին թևեր է տալիս անհունի, բարձրի,
Մե՛կ Կռունկ դառնում,մե՛կ էլ Անտունի...
Հովիվ ու գեղջուկ խաղիկը առած,
Պարապ-անպարապ, շուրթով ծարաված`
Տնետուն բերին ու... անցյալից` ներկա,
Մինչ ճեմարանական լույսերով օծուն
Պատանի ձայնն ու շնորհը հանկարծ
Լսողին գերեց,
Հմայեց այնքան,
Մինչև նա արդեն խաղիկների մեջ խայտանքն էր փնտրում
Իր հող ու ջրի,
Ցոլանքը` լույսի,
Կամուրջը` հույսի,
Մեղեդին այնքան պարզ էր, անաչառ,
Ասե՛ս ծաղկումն էր թևավոր բույսի,
Ասե՛ս թռիչքն էր հեգ տատրակների`
Արտերի միջով,
Ուր ցել էր անում գութանն իր տիրոջ`
Հորովելի տակ...
Հորովե՜լ, ջա՜ն հորովել...

ՆԱՀԱՏԱԿ ՔԱՀԱՆԱՅԻ ՇՈՒՆՉԸ

Ամեն մեկը հավատքին գալու իր պատմությունն ունի: Այսօր երջանիկ ենք այնքանով, որ մեր հայրենիքում ազատ ենք եկեղեցի գնալու,Սուրբ Պատարագին մասնակցելու,ամեն ժամ և ամեն տեղ Աստծուն փառաբանելու …
21-րդ դարում ապրողին դժվար է պատկերացնել, որ դեռևս ոչ հեռու անցյալում այս ազատությունն անիրականանալի երազանք էր շատերի համար: Երազանք էր քահանայի դստեր համար Ժամ գնալը, այնքան բաղձալի, որ երեխաներից թաքուն, չորսամյա թոռան ձեռքը բռնած, շտապում էր եկեղեցի: 20-րդ դարի կեսն էր, մանկան համար անհասկանալի էր սիրելի տատի հուզմունքն ու աղոթքը, հասկացավ հետո…
Հասկացավ, պատմեց թոռներին, որ իմանան ինչ ունեն հիմա և առժեքը չեն գիտակցում: Պատմեց մի նահատակ քահանայի պատմություն, ում շունչը կրողն էր ծնունդով: Խորհրդային տարիներին Գեղանուշ գյուղի վերջին քահանայի մասին էր խոսքը: Քահանայի, ում աչքի առաջ ոչնչացվեց եկեղեցու սրբությունը, ում խոշտանգելով ստիպում էին Աստծուն ուրանալ: Երեխաներից մի քանիսին կորցրած Տեր Հայրը, ավելի մեծ ցավ ապրեց հայ զավակների հոգիների կորուստը տեսնելով: Մտքում անդադար կրկնում էր. «Տեր ողորմեա, չգիտեն ինչ են անում»: Նույնն էր կրկնում, երբ անաստվածների հերթական հարձակումից լուրջ վնասված, անկողին ընկավ:

14.2.14

ԲԱՐԻ ՊՏՈՒՂ ԲԵՐՈՂ ԵՍ

Հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանի մասին շատ էի լսել իմ մոտ ընկերուհուցս, ով Հայր Սուրբի ազգականն է: Բայց ավելի լավ է մեկ անգամ տեսնել…
Տեսա պատահաբար սբ. Հովհաննես եկեղեցում, պատարագիչն էր այդ օրվա: Չիմանալով ով լինելը՝ միանգամից հասկացա, որ հավատացյալների սերը վայլող մեկն է: Անհնար է ճանաչել նրան և չսիրել, քանզի սերն ինչքան տալիս ես, այն ավելանում է, իսկ Հայր Սուրբն առատապես է իր սերը բաշխում բոլորին: Բաշխում է անձնուրաց ծառայելով Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ, բայց նաև որպես մեր հոգիների լուսավորիչ: Հայր Սուրբը հոգում է ոչ միայն վարժարանի սաների մասին, այլև Երուսաղեմ ժամանող ուխտավորների: Ժամանման պահից մինչև մեկնում անընդհատ է Հայր Սուրբի հոգածությունը խմբի յուրաքանչյուր անդամի համար: Կարճատև է թվում ուխտավորին այն ժամանակը, որ անցնում է Տիրոջ անցած ուղով քայլելիս: Մեկնում ենք Սուրբ Երկրից տանելով անմոռաց հուշեր, որոնք շուտ կխամրեին, եթե մեր սիրելի Հայր Թեոդորոսի մեկնաբանություները լսած չլինեինք: Խումբն մեկնում է, գալիս է մի նոր խումբ, հետո ևս մեկը, և բոլորի մասին հոգ կտանի նա, ով հոժարակամ իր ուսերին է կրում թեև ծանր, բայց նաև քաղցր խաչը…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

12.2.14

ԱՐԵՎԻ ՇՈՂ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Մինչ այս աշուն չէի ճանաչում մեր կյանքում անկախ եղանակից առկա արևի մի շող: Իրականում նա մեզ պես մարդ է, բայց Աստծո գործին խոնարհաբար ծառայելով, դարձել է արևի լույս բազում հուսահատվածների համար: Ծանոթությունը Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ եղավ վաղ առավոտյան սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երիցատան շեմին: Աշխատակիցները նոր էին բացել եկեղեցու դռները, որտեղ աղոթքս ավարտելով, քայլերս ուղղեցի դեպի սբ. Անանիայի մատուռ: Տեր Գրիգորին տեսնելով կարծեցի նոր սպասավոր է, բայց մտքովս չանցավ, որ այդ խոնարհ հայացքով ծառայողն արդեն քահանա է և իմ սիրած եկեղեցու նորանշանակ հոգեվոր հովիվն է: Պարզելով որ քահանա է, մոտեցա օրհնություն խնդրեմ, մինչ այդ նրան չճանաչելով հարցերի շարան ուղղեցի, բոլոր հարցերիս պատասխանեց մեծ սիրով և առաջարկեց մասնակցեմ եկեղեցու երիտասարդաց խորհրդի գործնեությանը: Այնքան ջերմ էր առաջի հանդիպումն, որ օրերից մի օր կրկին այդ եկեղեցում էի և այս անգամ արևն ավելի էր ջերմացնում ներկաներին, քանզի եկեղեցում էին Տեր Գրիգորի արևի շող բալիկն ու այդ տեսանելի լույսն աշխարհ բերող երեցկինը: Բազում են նման շողերը մեր կյանքում,ամեն մի սիրով ստեղծված ընտանիք ավելի շլացնող է դարձնում այդ լույսը, իսկ եկեղեցի գնալով, ամեն ոք դառնում է լույսի փոխանցող շրջապատին…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում: