Showing posts with label Բարաբբա. Show all posts
Showing posts with label Բարաբբա. Show all posts

20.10.10

ՍՐՏԻ և ՄՏՔԻ ՄԻՋԵՎ

«Ճակատագիրը ժամավաճառ է լինում: ՉԷ՛, քեզ այդ սազական չէ, ճակատագի՛ր,- մտածեց Բարաբբան և գլուխը շրջելով դեպի փոքրիկ ճաղապատ երդիկը` վիզը երկարեց` փորձելով որոշել, թե որքա՛ն ժամանակ կա մինչև արևածագը: -Մի քանի ժամ ևս և...»,- նա չկարողացավ ավարտել  նախադասությունը. բառերը չորացան կոկորդում:
Նորից շրջվեց դեպի հողաշեն խոնավ պատը և իրեն բարուրեց մի քանի ճղճղված լաթերով, որ ծառայում էին որպես ծածկոց: Զգաց, որ չի հարմարվում պառկած դիրքի հետ: Շրջվեց մյուս կողի վրա. այսպես էլ հարմար չէր:
Էէ՜հ... Անհնար է: Երեք ամիս է` այս անիծյալ բանտախցում եմ և ոչ մի անգամ չի եղել, որ գիշերները անհանգիստ զգամ ինձ: Անգամ առաջին գիշերը քնել եմ մանկան նման: Իսկ այսօր... Արդյո՞ք գալիքի սպասումն է պատճառը: Չէ՛...Անհնար է: Ես Բարաբբան եմ` հայտնի ավազակապետը, որ ահուսարսափ եմ տարածում ամենքի, անգամ այս բանտի առնետների վրա, որոնք այլևս խուսափում են իմ խուցը մտնել: Ես Բարաբբան եմ, որ անգութ էի այնքան, որքան դո՛ւ ճակատագի՛ր, անգութ էի այնքան, որ մարդուն կյանքից զրկելը սովորական էր դարձել ինձ համար, ինչպես ճնճղուկի վիզը քաշելը: Ես Բարաբբան եմ, որ տարիներ շարունակ վազել եմ մահվան ու կյանքի անհաստատ կամրջի վրայով, իսկ այժմ... ստրուկի պես վախենում եմ... մահից... Վախենո՞ւմ եմ արդյոք: Չեմ վախենում. ուղղակի սարսափում եմ: Այո՛, սարսափում եմ: Մի բանով գոնե հանգիստ եմ. հիմա ես անկեղծ եմ իմ անձի հանդեպ. ես անկեղծորեն խոստովանում եմ ինքս ինձ, որ մահն ինձ համար դարձել է սարսափ, այն մահը, որի վրա մի ժամանակ անվարան կթքեի: Անկեղծությո՞ւն: Ի՞նչ եմ ես հասկանում անկեղծությունից: Անկեղծություն... Ամբողջ կյանքս անցկացրել եմ թալանների, կեղծիքների և հանցանքների մեջ, ամբողջ կյանքս  լվացվել եմ տաք արյունով և մի պահ թեկուզ չեմ անդրադարձել, որ սխալ եմ գործում: Միշտ ինքս ինձ վստահեցրել եմ, որ այս ճանապարհը ամենաճիշտն է: Բայց... Հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Ավելի լավ կհասկանամ, երբ Գողգոթայի բարձունքում խաչին գամված Բարաբբային կհայհոյի և երեսին կթքի ամեն անցորդ, ամեն անցորդ առանց խտրության. արժանի եմ...»:
Բարաբբան ոտքի ելավ: Նորից նայեց երդիկից դուրս: Արևը ելել էր:
«Այսպես ուրեմն,- մտածեց` նորից նստելով գետնին ընկած լաթերի վրա,- ժամանակը մոտ է»: