Showing posts with label Արմեն սրկ. Սարգսյան. Show all posts
Showing posts with label Արմեն սրկ. Սարգսյան. Show all posts

15.2.14

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ - ՏԵՐ ԳԵՂԱՄ ԱՎԱԳ ՔՀՆ ՔԵՍԱԲԼՅԱՆ

Նա քահանա է, սակայն նրա մասին խոսելիս այսքանով սահմանափակվելը սխալ կլինի: Տեր Գեղամ ավագ քհն Քեսաբլյանն իսկական հայ մարդու, ընտանիքի հոր, եղբոր, ընկերոջ և բարի հովվի կերպար է: Աստվածային նախախնամությամբ Տեր Հոր հետ ծանոթացա 2001թ., երբ նոր էր նշանակվել Փարաքարի Սբ. Հարություն եկեղեցու Հոգևոր Հովիվ: Այդ իրադարձությունը հանգեցրեց ոչ միայն փարաքարցիների, այլև իմ անձնական հոգևոր կյանքի շրջադարձին: Տեր Հոր շնորհիվ եկեղեցին իմ առջև բացվեց նորովի: Այն արդեն երբեմնի մանկական խաղահրապարակ (մեր տունը եկեղեցու փողոցին էր) կամ մոմավառության սրահ չէր, ուր մորս ու տատիս հետ այցելում էինք, այլ բացարձակ մի նոր իրականություն, որով մարդիկ ապրում և շնչում են: Այդ զգացողությունը և Տեր Հոր սիրալիր հրավերը ստիպեցին ինձ հաջորդ իսկ օրվանից անցնել կամավոր ծառայության: Անցել է շուրջ 13 տարի, և այս տարիների մեջ Տեր Հայրը ինձ ու ծառայակից ընկերներիս ավետարանի խոսքի և եկեղեցու փորձի հիմքի վրա կազմավորել, հայրական սիրո հրով թրծել, իսկ վերջում կարոտագին բաժանվել է մեզանից: Նրա ամեն մի խոսքը, մեկը մյուսին հետևող տրամաբանական գործողությունները, անգամ նրա խոսելաձևն ու վարվելակերպը դիմացինի հետ ուսուցողական են: Այսպիսի մարդկանց համար մասնագիտական գրականություն ունի «դպրոց» տերմինը, և ես ուրախ եմ և հպարտ, որ նրա «դպրոցի» շրջանավարտներից եմ եղել: