Showing posts with label Ավետարան ըստ Հովհաննեսի. Show all posts
Showing posts with label Ավետարան ըստ Հովհաննեսի. Show all posts

20.12.20

29. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
28. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-42
35 Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ՝ իր աշակերտներից երկուսը։ 
36 Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։
 37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ 
38 Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։ 
39 Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։ 
40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննեսին ու գնացին Հիսուսի հետևից։ 
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։ 
42 Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։

Ավետարանիչը, մտադիր լինելով միայն Հովհաննեսի վկայությունները ցույց տալ, մեզ չի պատմում, թե Հիսուս, որ Հովհաննեսի մոտ էր գալիս, ինչ արեց և ինչ ասեց և, թե ինչպես կրկին բաժանվեց: Եվ այս մանրամասնությունները զանց առնելով, պատմում է, թե «հետևյալ օրը» Հովհաննեսը դարձյալ տեսավ Հիսուսին այդ կողմերում շրջելիս: Հովհաննեսի հետ էին իրեն հետևողներից երկուսը: Նրանց դարձավ և մեկ անգամ ևս ցույց տվեց Հիսուսին ու վերստին հաստատեց նախորդ օրվա վկայությունը՝ «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»: Այդ երկու աշակերտները, լսելով, որ իրենց վարդապետը՝ Հովհաննեսը, այդպես հետևողականորեն և այդչափ խորհրդավոր կերպով բարձրացնում է Նազովրեցի Հիսուսին, հետաքրքրվեցին և ցանկացան գնալ նրա մոտ, որպեսզի իրենք էլ ինչ-որ ձևով հասկանան Հիսուսի մեծության հանգամանքների մասին: Նրանք Հովհաննեսից հեռանում և դեպի Հիսուսն են գնում և, երբ մոտենում են նրան, Հիսուս շրջվում և իր ետևից գալու պատճառն է հարցնում. «Ի՞նչ եք փնտրում»: Բնական է, որ նրանք հանկարծակիի գալով չկարողանային խոսքի բռնվել և ասել. «Հովհաննեսը քո մասին ասում էր, որ Մեսիան ես, եկել ենք, որ մենք էլ համոզվենք»: Այդ պատճառով խոսքը փոխելով և խոսքի բռնվելու ձևով ասում են. «Այս կողմերն էինք գալիս, օթևանի տեղ չունեինք և ուզում էինք իմանալ մեզ կհյուրընկալե՞ս»: Եվ ի նշան հարգանքի, վարդապետ տիտղոսով են ողջունում նրան՝ մի տիտղոս, որ տրվում էր աստվածային օրենքին և Սուրբ Գրքին հմուտ անձանց. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»: Հիսուս ընդունում է նրանց առաջարկը. «Ես էլ տուն եմ գնում,- ասում է,- եկեք միասին գնանք, և՛ օթևանս կտեսնեք, և՛, եթե կցանկանաք, հյուր կմնաք»: Մեր՝ արևելյան ժամահաշվով երեկոյան ժամը տասն էր ուրիշ տեղ գնալու այլևս ժամանակ չկար, և երկուսն էլ գիշերեցին Հիսուսի տանը. «Այն օրը նրա մոտ գիշերեցին»: Անշուշտ ժամը տասից մինչև երեկո և մինչև գիշեր առիթ ունեցան երկարորեն խոսակցել, Հովհաննեսի պատմած հայտնության իրականությունը ստուգել, Հիսուսի մասին իրական գաղափար կազմել և Հիսուսի հետևողներից առաջինը լինել: Ո՞ւր էր Հիսուսի բնակարանը, ո՞ր գյուղը գնացին, Հիսուս այնտեղ ի՞նչ հարաբերություններ ուներ, ինչպե՞ս էր կարողացել իր համար որոշակի օթևան գտնել, սրանք բոլորն էլ անորոշ կետեր են, որոնք ավետարանը չի բացատրում: Գուցե Հովհաննեսի ընտրած կենտրոնատեղիի մոտ Բեթաբրա գյուղն էր, որտեղ Հիսուս ծանոթ էր գտել կամ թե իր համար ժամանակավոր բնակարան հարմարացրել, որովհետև դեռևս իր գավառը՝ Գալիլիա չվերադարձած, մի ժամանակահատված ուզում էր այդ կողմերում մնալ:

18.12.20

28. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։29-34
29 Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ 
30 Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ 
31 Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։ 
32 Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։ 
33 Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։ 
34 Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։

Փարիսեցի պատգամավորները Բեթաբրայից մեկնում են Երուսաղեմ, ուր ժողովին պիտի հաղորդեն ժողովրդական խանդավառության, Հովհաննեսի ստացած դերի և ինքն իր մասին կատարած խոստովանությունների և տված բացատրությունների մասին:

Հաջորդ օրը Հովհաննեսը տեսնում է հեռվից իրեն մոտեցող Հիսուսին։ Այդ գալուստը պետք է դնել անապատում քառասնօրյա պահեցողությունից և առանձնությունից հետո, երբ Հիսուս, այդ տնօրինությունն ավարտած լինելով, կամաց-կամաց սկսում էր հասարակական գործունեություն ձեռնարկել։ Հովհաննեսը հազիվ թե Հիսուսին տեսնելով, իր չորս կողմը եղողներին ցույց է տալիս նրան՝ մատնանշում և բացահայտորեն վկայում, թե նա, ում մասին հաճախակի խոսել և մեծությունն ու կարողությունը բացատրել էր, սույն այս Հիսուս Նազովրեցին է, ում իրենք էլ մեկ անգամ տեսան, երբ նա մկրտվեց Հովհաննեսից։ Աստված իրեն հայտնել էր, թե երբ մկրտության պահին տեսնի մեկին, ում վրա Սուրբ Հոգին է իջնում, հասկանա, թե Նա է խոստացյալ Մեսիան, որ Սուրբ Հոգով մկրտելու իշխանություն ունի։ Արդ՝ ինքը այս Հիսուս Նազովրեցուն մկրտելու պահին տեսել էր նրա վրա Սուրբ Հոգու իջնելը, այդ պատճառով կարող էր Նրա մասին վստահությամբ վկայել։ Հետևաբար, Հովհաննեսը սկսեց ազատ համարձակ քարոզել և հեռվից տեսնվող Հիսուսին ցույց տալով բարձրաձայն գոչել. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» և դարձյալ, թե «Սա է Աստծու Որդին»: Այս երկրորդ բացատրությունը մեկ ուրիշ անդրադարձն է երկնքից եկած աստվածային ձայնի. «Դա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթ. 3։7), որը Հովհաննեսը լսեց Հիսուսին մկրտելու ժամանակ և իր լսածն է, որ կրկնում է այստեղ, այն միացնելով Սուրբ Հոգու էջքի վկայության հետ։ Արդեն Հիսուսի ով լինելու վկայության ժամանակ երկնային նշանները երկուսն էին՝ Հոգի Աստուծո երևումը և Հայր Աստուծո ձայնը:

17.12.20

27. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
26. ԱՆԱՊԱՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։15-28
15 Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»: 
16 Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, 
17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան: 
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց: 
19 Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 
20 նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»: 
21 Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 
22 «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»: 
23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը», ինչպես ասաց Եսայի մարգարեն։ 
24 Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ 
25 Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»: 
26 Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 
27 որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»: 
28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում:

Հիսուսի Մկրտությունը Հռոմի 780 և մեր թվականության 27-ի սկիզբը՝ հունվար 6-ին դնելով, Նրա հրապարակ դուրս գալը ճշտելու համար 40 օր ևս պիտի ավելացնենք և պիտի հասնենք փետրվարի կեսը։ Այդ ընթացքում Հովհաննեսը շարունակում էր իր քարոզությունն ու մկրտությունը, ինչպես սկզբում, միայն թե փոխել էր Հիսուսի գալստյան մասին վկայության եղանակը։ Հիսուսի մկրտությունից առաջ նա սովորաբար ասում էր. «ով գալիս է ինձնից հետո» (Մատթ. 3։11) կամ թե «գալիս է ինձնից ավելի հզորը» (հմմտ. Ղուկ 3։16), բայց Հիսուսի մկրտությունը կատարելուց և երկնային նշանները տեսնելուց հետո սկսեց ասել. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ» (Հովհ. 1։15): Հիսուսի հայտնության վկայությունը Նոր Ուխտի հաստատության խորհուրդն է, ինչը որ հիշված է բացահայտորեն, որպես Հովհաննու վկայության բացատրություն։ Հիսուսի հայտնության լրանալով շնորհի փոխարեն շնորհ ունեցանք, ուխտի փոխարեն՝ ուխտ, Հնի փոխարեն՝ Նորը. Հինը օրենքի և ստվերականության ուխտ էր, որ Մովսեսի միջոցով տրվեց, Նորը՝ շնորհաց և ճշմարտության, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով հաստատվեց։ Նոր Ուխտով կատարյալ կերպով ճանաչեցինք Աստծուն, ոչ թե մեր տեսնելով, որ հնարավոր չէր, այլ Միածին Որդու կատարված հայտնությամբ։ Այս եզրակացության խոսքերը ոմանք Հովհաննես Մկրտչի կողմից ասված են համարում, ուրիշները՝ Հովհաննես Ավետարանչի գրչից բխած, որովհետև Ավետարանն էլ հստակ անցում չունի զանազանությունը զգալու համար։ Մեկ կամ մյուս տեսությամբ ընդունած ձևով էլ խոսքերի ուժը միևնույնն է մնում, սակայն բացատրության ոճին ու օգտագործված բառերին նայելով՝ ավելի Ավետարանչի գրչին է պատշաճում, քան Մկրտչի խոսքին։ Մանավանդ, որ Ավետարանիչը նոր հատվածը «Հովհաննեսի վկայությունն այս է» (Հովհ. 1։19) բացատրությամբ սկսելով, այնպիսի մի իմաստ է ուզում տալ, որ կարծես թե ասում էր՝ «բայց մենք Հովհաննեսի տված վկայությանը վերադառնանք»: 

8.12.20

8. ԿԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
7. ԿԱՐԱՊԵՏԻ ԾՆՈՒՆԴԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։6-14
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։ 
7 Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։ 
8 Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին։
9 Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։ 
10 Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 
11 Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ 
12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։ 
13 Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։ 
14 Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։

Զաքարիայի մարգարեական օրհնությունը հաստատում է նաև Հովհաննես Ավետարանիչը, ճշտելով Կարապետի կոչումն ու պաշտոնը: Զաքարիայի որդու ծնունդը այնքան հրաշալի եղավ, որ շատերի մտքում կարծիք ծագեց, թե միգուցե խոստացյալ Մեսիան նա լինի: Ավետարանիչն ուզում է հեռացնել այդ միտքը և հաստատել, թե պետք է տարբերել վկայվածին վկայություն տվողից: Զաքարիայի Հովհաննեսը Լույս Մեսիան չէ, այլ Նրա առջևից եկող Կարապետը, Նրա մասին վկայողը, որ աշխարհ եկավ` այն աշխարհը, որն Ինքն ստեղծեց, բայց աշխարհը Նրան չճանաչեց: Մեսիան իր ընտրյալ ժողովրդի՝ Իսրայելի մեջ եկավ, բայց այս ժողովուրդը Նրան չընդունեց: Իսկ ովքեր ընդունեցին, նրանք Աստուծո որդի լինելու պատվին բարձրացան՝ որդիություն, որ բնական որդիության նման չէ: Բնական որդիությունը արյան կապվածությամբ, մարմնի խառնմամբ և մարդկային կամքով է լինում, իսկ այս գերբնական որդիությունը կատարվեց միայն Աստուծո կամքով, որովհետև Բանը, ում մասին արդեն պատմել էր Ավետարանիչը, մարմնացավ, մարդացավ, մարդկանց հետ բնակվեց, և Ինքը՝ Բանն, Որդին Աստված, դարձավ Մարդու Որդի, որով և մարդու որդիները բարձրացան` դառնալու Աստուծո որդիներ: Բայց, այսպիսով, ոչ թե Բանի Աստվածության փառքը նվազեց, որովհետև ինչպես ասում է Ավետարանիչը, մենք ամենքս տեսանք Նրա փառքը, իրոք որ Աստծու Որդու աստվածային փառքը՝ ըստ ինքյան ճշմարիտ և մեզ համար շնորհաբեր է:

7.12.20

3. ԶԱՔԱՐԻԱՅԻ ԱՎԵՏՈՒՄԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
2. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ՂՈԻԿԱՍ 1։5-25
5 Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։ 
6 Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։ 
7 Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։
8 Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 
9 ըստ քահանայության օրենքի վիճակը նրան ընկավ՝ Տիրոջ տաճար մտնելու և խնկարկելու։ 
10 Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած։ 
11 Տիրոջ հրեշտակը հանկարծ երևաց նրան՝ խնկարկության սեղանի աջ կողմում կանգնած։ 
12 Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, և վախ ընկավ նրա մեջ։ 
13 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ 
14 Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդյամբ, 
15 որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի, 
16 Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն։ 
17 Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ 
18 Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպե՞ս վստահ լինեմ, քանի որ ծեր եմ, և կինս էլ տարիքն առել է»։ 
19 Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։ 
20 Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։
21 Իսկ ժողովուրդն սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 
22 Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։ 
23 Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 
24 Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս նա թաքնվում էր և ասում. 
25 «Այս ի՞նչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։

Ղուկասն ընդարձակորեն պատմում է այն, ինչի մասին լռում է Հովհաննեսը: Հերովդես Մեծի օրոք ապրում էր Զաքարիա անունով մի քահանա, որի կինը Եղիսաբեթն էր: Նա ևս Ահարոնյան քահանայական ցեղից էր: Սրանք եղան Կարապետի ծնողները: Ժամանակը ճիշտ տարիներով չի տրվում, սակայն, իմանալով Հովհաննեսի և Հիսուսի ծնունդների վեցամսյա տարբերությունը (Ղուկ. 1։26), Հիսուսի ծննդյան ժամանակը համարելով Հռոմեական 750 թվականի հունվարի 6-ը, Զաքարիայի ավետումը կլինի 748 թվականի սեպտեմբերի վերջերին: Բայց Զաքարիան սրանից շատ առաջ էլ էր ապրում, որովհետև այդ թվականին արդեն իր օրերն ապրած մի ծերունի էր: Ոմանք կարծեցին, թե Զաքարիան մեծ քահանայապետ էր, բայց Ղուկասը չի նպաստում այդ կարծիքին և հայտնապես ասում է, որ Զաքարիան Աբիայի դասակարգից մի պարզ քահանա էր: