Showing posts with label Ավետարան ըստ Հովհաննեսի. Show all posts
Showing posts with label Ավետարան ըստ Հովհաննեսի. Show all posts

7.12.20

2. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։1-6
1 Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ 
2 Նա սկզբից Աստծու մոտ էր։ 
3 Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ 
4 Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ 
5 Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։

Ավետարանը Հիսուսի գործերի պատմությունն է և վարդապետությունների ամփոփումը: Ղուկասն իր Ավետարանի նախաբանում հայտնում է այդ մասին, և նրան, ում գործերը և խոսքերը պիտի գրեր, անվանել է ԲԱՆ: Ըստ Ղուկասի, Բանը անձ էր, քանզի նրան տեսնողները և հետևողներ էին եղել. ինչպես գրում է. «Խոսքի (Բանի) ականատեսներն ու սպասավորները եղան» (Ղուկ. 1։2): Ո՞վ էր ուրեմն Բանը: 

Այս հարցին պատասխանում է Հովհաննեսը, գրելով, թե Բանը սկզբից էր, այսինքն` հավիտենականությունից: Աշխարհի համար ասված է, թե այն Աստված ստեղծեց սկզբում, այսինքն` աշխարհը չկար` և եղավ: Սակայն Բանը սկզբից էր, այսինքն` միշտ էր, և չեղավ մի ժամանակ, երբ նա չլիներ: Ավելի բացահայտելու համար Հովհաննեսն ավելացնում է, թե` Բանն Աստծո հետ էր, և Աստված էր. Բանը բոլոր արարածների ստեղծողն էր և առանց Բանի ոչինչ չի ստեղծվել, ամեն ինչի կյանքը Բանն է, լույսն է մարդկանց, և խավարից անսահման է, և խավարը Նրան ո՛չ ճանաչում է, ոչ էլ` ընդունում: 

Այսպես պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսն է, Քրիստոս` Բանն է, և Բանն էլ` Աստված է: Այս կերպ Ղուկասն ու Հովհաննեսն իրենց Ավետարանների սկզբում որոշակիորեն հայտնում և վկայում են Քրիստոսի Աստվածությունը, որն էլ մեծապես օգտակար է` ճանաչելու համար ավետարանական պատմությունների և վարդապետությունների բուն ոգին ու իսկությունը: 

Հիսուսի պատմությունն սկսելուց առաջ, պետք է նախ Նրա Կարապետի պատմությունն սկսել, որը թե՛ ժամանակով էր առաջ, և թե Նրա գործերի ու վարդապետությունների ճանապարհը բացողն էր: Հովհաննես Ավետարանիչը պարզապես ակնարկում է Կարապետին, հայտնում նրա անունը` Հովհաննես, սակայն նրա ծննդյան և ծագման մասին լռում է:

Հաջորդ գլուխը՝