Showing posts with label Աստված. Show all posts
Showing posts with label Աստված. Show all posts

10.10.12

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ճիշտն ասած՝ վաղուց էին խնդրել նյութ պատրաստել սեռականության թեմատիկայով, բայց քանի որ իմ սուբյեկտիվ պատկերացմամբ հայ հասարակությունը դեռ չի կարողանում առանց շիկնելու անդրադառնալ այս թեմային, իսկ նրանք էլ, ովքեր այլևս չեն շիկնում կոտրել-անցել են սանձարձակության սահմանը, ես գերադասում էի թեման չշոշափել։ Չէի շոշափում նաև այն պատճառով, որ ամեն մեկը չէ, որ պատրաստ է հոգևորականի խոսքը լսել այս ասպեկտից։ Այսուամենայնիվ, միշտ այն կարծիքին եմ եղել, որ սեռականությունը (sexuality) այն թեման է, որի մասին մտածում են շատերը, բայց խոսում՝ քչերը։ Այսօր որոշեցի որոշակի խոսք ասել, ավելի շուտ ես կներկայացնեմ ուրիշի ասածը ազատ թարգմանությամբ՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ն պիտի լինի քրիստոնյայի մոտեցումը այս հարցին։ Գրառման համար գլխավոր ազդակ հանդիսացավ այն, որ մոտ օրերս ինչ-որ տարօրիանակ  «բիզնես ծրագիր» որոշակի աղմուկ հանեց հասարակության մեջ ու առիթ ստեղծեց քննարկումներ ծավալել կուսության, սեռական հարաբերության, կարմիր խնձորի և նմանատիպ այլ հարցերի շուրջ. ակնհայտ էր քրիստոնեական ճիշտ մոտեցման պակասը։ Անշուշտ 20-րդ դարի հայտնի փիլիսոփա-աստվածաբան Քլայվ Լյուիսի «Սոսկ քրիստոնեություն» (Клаив Льюис, "Просто Христианство") գրքի այս փոքրիկ հատվածը լավագույններից չես անվանի տվյալ թեմատիկայում. կան ավելի խորքային աշխատություններ, սակայն առկա պարզ ու մատչելի զրույցը ամենահարմարը համարեցի այսօր ներկայացնել ընթերցողներին՝ մեկնաբանություներում ակնկալելով բաց ու կառուցողական քննարկում։

Այսօր մարդիկ հաճախ ասում են. «Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա»։ Սրանից կարելի է եզրակացնել 2 բան։ Ասողները կարող են նկատի ունենալ, որ ամոթալի չէ թե՛ այն, որ մարկությունը բազմանում է սեռական ճանապարհով և թե այն, որ բազմանալու այդ միջոցը ուղեկցվում է հաճույքով։ Այսպես կարծողները ճիշտ ուղու վրա են։

24.9.12

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ու Like-Ի ԳԱՂՏՆԻՔԸ


Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու Ֆեյսբուք սոցկայքում, չնայած հաճախ հնչող պահանջներին, like-ի կողքին այդպես էլ չի հայտնվում unlike կոճակը... Ինչպես ընկերներիցս մեկը ճիշտ նկատեց` այդ կոճակի հայտնվելը խիստ կկրճատի Ֆեյսբուքից օգտվողների թիվը: Ինչո՞ւ: Որովհետև ինտերնետն աշխատում է մեկ ուղղությամբ` ամեն բան անել, որպեսզի մարդը կապվի իր հետ և հնարավորինս երկար ժամանակ անցկացնի իր «հյուրընկալ» անկյունում: Դրա համար ի՞նչ է պետք: Անհրաժեշտ է ստեղծել մի միջավայր որտեղ քեզ հարմարավետ կզգաս, որտեղ քո ամեն մի բառին, նկարին ու մտքին (անհեթեթ լինեն դրանք, թե իմաստավորված) հավանության նշան են դնում, ուր դու մուտք ես գործում՝ նոր դրական արձագանքներ ու like-եր տեսնելու նպատակով: Մի խոսքով այս սոցիալական ցանցի «առավելությունն» այն է, որ կարողանալով օգտվել մարդկային թուլությունից` Ֆեյսբուքը ջանում է ստեղծել հնարավորինս դրական, ինքնաբավ, սնապարծ ու եսասեր միջավայր: Ո՞ր մեկս չի սիրում գովվել ու հավանությունների արժանանալ, ո՞ր մեկս չի ջանում ինքնահաստատվել դրական հողի վրա (չնայած ֆեյսբուքում հակառակ դրսևորումներն էլ սակավ չեն), ով չի ուզում իր մասին խոսեն միայն լավը և երբեք unlike չանեն:

Երբ ամիսներ առաջ կազմեցի ՈՐՔՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը, դրանում հնչած հարցերից մեկը հետևյալն էր` Աստվածաշունչ/Նոր Կտակարան կարդո՞ւմ եք: Հարցին պատասխանած 1000 հոգուց ըստ աճման կարգի քաղեցինք հետևյալ պատասխանները`

10.9.12

ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Շատ պատահական իմացա, որ այսօր «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ» է։ 
Ինչպե՞ս կարելի է պայքարել այս ցավի, մեզանում և աշխարհում վաղնջական ժամանակներից արմատ ձգած աններելի այս մեղքի (հմմտ. Մատթ. 12:27) դեմ, միանշանակ ասել դժվար կլինի։ Ինքնասպանության դրդապատճառները բազմազան կարող են լինել, սակայն ի վերջո ամեն մի պատճառ, ըստ իս, հանգում է մեկ ընդհանուր ելակետի. մեր հասարակության մեջ ինքնասպանությունների արմատը մարդ արարածի մեջ աստվածային 3 առաքինությունների՝ Հույսի, Սիրո և Հավատի պակասն է։ Կուզեի շատ գրել այս թեմայի շուրջ, բայց... սոսկ կարձանագրեմ բացահայտ մի ճշմարտություն, որ պարտավոր է հիշել ամեն մի քրիստոնյա` ինքնասպանությունը ելք չէ. ամեն տեսակ անելանելի թվացող վիճակից այլ ելք, մինշանակ, կա. ապավինի՛ր Աստծուն. Աստված միշտ քեզ հետ է։ Իսկ հիմա կառաջարկեմ ընթերցել, կամ որ ավելի լավ է, անգիր սովորել «Ամենայն Հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի անվերնագիր մի բանաստեղծությունը, որն իմ կարծիքով կարճ մի պատգամ է յուրաքանչյուր մարդու համար՝ լինի նա ինքնասպանության հակված, թե ոչ։ 

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում:

7.7.12

ՈՂՈՐՄՈՒԹՅՈ՞ՒՆ, թե ԶՈՀ



Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ... 
(Մատթ. 12:7) 


Այսօր պիտի մտորենք բոլորիս քաջ հայտնի ավետարանական մի հատվածի վերաբերյալ (Մատթ. 12:1-7): Հիսուս աշակերտների հետ անցնում էր ցորենի արտով, և օրը շաբաթ էր: Աշակերտները քաղցած էին, ուստի ցորենի մի քանի հասկ պոկելով` տրորեցին ձեռքերի մեջ և կերան: Հավանաբար մոտակայքում փարիսեցիներ կային կանգնած, ում աչքից այս եղելությունը չվրիպեց: Եվ քանի որ փարիսեցիները մշտապես առիթ էին փնտրում Փրկչին որևէ զանցառության մեջ բռնացնելու և հանդիմանելու համար, անմիջապես արձագանքեցին.
- Մի՞թե չգիտեք, որ օրինավոր չէ շաբաթ օրով նման աշխատանք կատարելը:

19.2.12

ՊԱՀՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ



pahq
Նկարի աղբյուրը` www.armenianow.com
Պահքի և պահեցողության վերաբերյալ կարդացածս գրքերի ու հոդվածների թիվը, անկասկած, կգերազանցի մեկ տասնյակը, սակայն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, պահքի մասին երբևէ լսածս լավագույն մեկնաբանությունը հնչել է ընկերոջս 5-ամյա բալիկի շուրթերից` «Պահքը, էն ա, որ կարենաս Աստված պապիկին ավելի շատ սիրես, քան «սնիկերսը»»: Անշուշտ, շատերը հիմա կուրախանան, որովհետև «սնիկերս» այնքան էլ շատ չեն սիրում, սակայն եթե մեզ դիտելու լինենք առանց կեղծավորության շպարի, եթե մեր մարդկային էության արտացոլումը կարդանք Աստծո հայելու մեջ, պիտի խոստովանենք, որ բազմաթիվ «սնիկերսներ»`մոլություններ, գայթակղություններ ու կախվածություններ կան մեր կյանքում, որոնք սիրում ենք այնքան շատ, որ հանուն դրանց կուրանանք անգամ Աստծուն: