Showing posts with label Աստվածաշունչ. Show all posts
Showing posts with label Աստվածաշունչ. Show all posts

11.3.17

ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՄԱՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 13)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները չորսն են՝
Առակ. 11:2-11, Ես 61:3-7, Բ Տիմ. 4:1-8, Հովհ. 10:11-16, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Օրվա Աստվածաշնչյան ընթերցվածների մեջ, այսօր Պողոս Առաքյալը իր աշակերտ Տիմոթեոսին գրում է.





«Քարոզի՛ր Աստծոյ խօսքը, շարունակ յայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն-գնան առասպելների յետեւից: Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը» (Բ Տիմ. 4:2-5):

10.3.17

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 12)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները, որ երեքն են՝ Բ Օրենք 7:11-8:1, Հոբ 9:1-10:2, Ես. 40:9-17,  կարդանք այստեղ։

Աղոթական մեր կյանքի մեջ մի փխրուն կետ կա, սիրելիներ. այն ամենը ինչ վերաբերում է հոգևորին, աղոթքին, եկեղեցուն մենք միշտ ջանում ենք ամփոփել սոսկ հոգեղենի, հոգևորի մեջ և թույլ չտալ մարմնավորին ներխուժել այդ սահմանները: Պատճառն, հավանաբար այն է, որ առանց այդ էլ մեր առօյայի ճնշող մեծամասնությունը մենք մարմնական խնամքով ենք զբաղված, ուստի հոգևոր միջավայրում գերադասում ենք քիչ տեղ հատկացնել մարմնական, աշխարհական, առօրեական մտքերին, հոգսերին ու ապրումներին: Սակայն պետք չէ մոռանալ, որ մարդը սոսկ հոգի չէ, այլ իր վրա կրում է նաև հոգու «շապիկը»՝ մարմինը, և մենք, ապրելով նյութեղեն աշխարհի մեջ, պետք է մեր աղոթքների մեջ տեղ հատկցնենք նաև մեր պետքերին: Տեր Հիսուս էլ, աղոթք սովորեցնելով, հոգևոր խնդրվածքների կողքին փոքրիկ մի անկյուն հատկացրեց նաև մարմնականին՝ ասելով «ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԸ, ՏԵՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ»: Անշուշտ այս «հացը» կարելի է մեկնաբանել նաև հոգևոր տեսանկյունից, սակայն առաջին իմաստով այն նշանակում է ամենօրյա ապրուստը: Աստված շատ լավ գիտի, որ մենք մարդկայնորեն հանապազօրյա ապրուստի պետքություն ունենք:Մեր պետքերն ու մեր հոգսերը, մեր ամենօրյա պահանջները մեր բնությանը հատուկ բնական բաներ են, և Աստված միշտ ապահովում է դրանք ինչպես «երկնքի թռչունների» համար է ապահովում հանապազօրյա ապրուստը: Ուրեմն, սիրելիներ, օրվա հոգսով բավարարվելով՝ հավատքով աղոթենք մեր երկնավոր Հորը, որպեսզի որպես իրեն հավատարիմ զավկներ իր օրհնություններից միշտ բաժին հանի մեզ և մեր եղբայր-քույրերին.


«Եթէ ենթարկուես Աստծո օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կկատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին: Նա կսիրի, կօրհնի ու կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին: Օրհնեալ կլինես դու, քան բոլոր ազգերը: Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի: Տէրը քեզնից կվերացնի բոլոր հիւանդութիւնները» (Բ Օր. 7:12-15):

Աղոթենք Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի 16-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ 

 Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, 

Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

Օրհնվեք...

9.3.17

ԱՂՈԹՔ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 11)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երեքն են՝ Ա Թագ. 3:21-4:18, Առակ. 3:11-4:14, Երեմիա 2:31-3:16, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Հայերս շատ ենք սիրում ծնողների կենացը խմել 😊. այսօր առաջարկում եմ աղոթենք ծնողների համար, հատկապես որ Առակաց գրքում Սողոմոն իմաստունն ասում է.


«Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին: Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում, պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր: Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից: Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կպաշտպանի քեզ, սիրի՛ր այն, եւ նա կպահպանի քեզ» (Առակ. 4:1-6):
《Ծնող》 բառն իսկ մեր առջև բացահայտում է մեր հայրերի ու մայրերի անգնահատելի կարևորությունը. նրանք մեզ ծնած, սնած, մեզ համար լավագույնը ստեղծած ու տված անձիք են, մարդիկ, որոնց իսկապես ըստ արժանվույն հատուցել երբեք չենք կարողանա: Երկու միջոց ունի ամեն մարդ իր ծնողի հանդեպ շնորհակալության և երախտագիտության զգացումը գործնական դարձնելու՝ հետևել ծնողների խրատին և օրինակին և ցուցաբերել առավելագույն հոգատարությունը, որ արտահայտվում է խնամքով և աղոթքով:
«Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օրենք 5:16):

Մեր ծնողների համար արված անձնական աղոթքների և խնդրանքների հետ կարող ենք աղոթել նաև ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԱՂՈԹՔՈՎ, որտեղ փոքրիկ անկյուն է առանձնացված նաև մեր ծնողների համար: Աղոթքը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...


8.3.17

ԱՂՈԹԵՆՔ ՏԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 10)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երեքն են՝ Ելք 2:11-22, Հովել 2:1-11, Միքիա. 4:1-7
որոնք կարող եք կարդալ այստեղ:

Սիրելի ընթրցողներ, ահավասիկ 10 օր անցավ մեր պահացողությունից և լիահույս ենք, որ մեր հոգևոր այս խորհրդածությունները իրենց օգտակարությունն են բերում ձեզ: Այսօր հատուկ աղոթք պիտի անենք միասին այս աշխարհի տկարների համար, որովհետև Միքիա մարգարեն օրվա ընթերցման մեջ գրում է. 
«Այն օրը,– ասում է Տէրը,– կհաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կընդունեմ նաեւ մերժուածներին, բեկուածին զօրեղ կդարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ» (Միք. 4:6):
Ամեն մարդ այս աշխարհում ձգտում է ուժի և զորության: Ոմանք պայքար են մղում է դրմական զորության համար, ուրիշները գիտական ներուժ ունենալու համար, երրորդները՝ փառքի և իշխանության ուժը ձեռք բերելու համար, իսկ նրանք, ովքեր մնում են այս մրցավազքից դուրս, այս աշխարհի փոքրիկներն են ու տկարները: Անբարոյական մի օրինաչափությամբ՝ այս աշխարհի տկարները զորեղների առջև մնում են արհամարհված, նվաստացած և անօգնական վիճակում, սակայն իրականում քրիստոնեական օրինաչափությամբ զորեղն ու ուժեղը նա է, ով օգնում է տկարին ու թույլին: Ելից գրքի այսօրվա ընթերցանության մեջ մենք ականատես ենք լինում թույլին օգնելու երկու օրինակի, որոնք գտնում ենք Մովսես մարգարեի կերպարի մեջ: Մովսեսը նախ տեսնելով եգիպտացու կողմից անարգվող իր ազգակցին, հասավ նրան օգնության և պաշտպանեց, հակառակ որ այդ իրեն փախուստ ու հալածանք արժեցավ: Հաջորդիվ, Մովսեսը պաշտպան կանգնեց Հռագուելի դուստրերին, որոնց նեղություն էին պատճառում հովիվները: Ահավասիկ, Աստծուն հավատացող ուժեղ մի մարդու օրինակ, որի ուժը թույլին պաշտպանելու մեջ է:


7.3.17

ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 9)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երեքն են՝ Ա Թագ. 1:1:23-2:26Առակներ 2:1-3:10Երեմ. 1:11-2:3
որոնք կարող եք կարդալ այստեղ:

Մեծ պահքի 9-րդ օրն է այսօր և սուրբգրային ընթերցումներից կուզեմ համառոտակի աչքի անցկացնենք Սամվել մարգարեի մոր՝ Աննայի աղոթքից մի տող՝



«Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից» (Ա Թագ. 2:6):
Աշխարհիս կարգն այսպես է. այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ՝ վախճան: Ոմանք այն կարծիքին են, որ կյանքը սոսկ կենսաբանական, սկիզբ ունի և նույնպիսի էլ վախճան: Քրիստոնյաներիս համար կյանքի աղբյուրն Աստված է, որ  «շունչ փչելով» հոգի է փչում և կենդանություն է պարգևում մեզ: Եւ ինչպես կյանքի սկիզբը, այնպես էլ այս աշխարհի մեջ կյանքի վերջը  Աստծո ձեռքերի մեջ է: Ի՞նչ է մահը, սիրելիներ: Մահը մարդու հոգու բաժանումն է մարմնից: Տեսանելիորեն մահը վերջ է և վախճան, այո. մարմինը դրվում է գերեզման՝  «հող դառնալու», սակայն հոգին, որ անմահ է, ապրում է հավիտենապես՝ վերադառնալով իր Արարչի մոտ՝ սպասելով մեռյալների հարության օրվան, երբ պիտի հոգին վերամիավորվի մարմնի հետ և ներկայանա վերջին դատաստանին:
Ուրեմն, սիրելիներ, մահը վերջը չէ, այլ երկարատև մի քուն, հոգու և մարմնի ժամանակավոր բաժանում. «Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկ. 20:38),- ասում է Տեր Հիսուս Քրիստոս: