Showing posts with label Աստվածաշունչ. Show all posts
Showing posts with label Աստվածաշունչ. Show all posts

4.3.17

ՍԻՐԵԼ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ՞Ն - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 6)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները չորսն են՝
Իմաստ. 8:19-9:5, Ես 62:6-9, Հռոմ. 8:28-39, Մատթ. 10:16-22, որոնք կարող եք կարդալ այստեղ:

Վերջին անգամ, սիրելիներ, խոսեցինք սիրո աղբյուր մեր Աստուծո մասին՝ հաստատելով այն պարզ ճշմարտությունը, որ Աստծուն սիրելու լավագույն ճանապարհը Նրա պատվիրանները պահելն է: Սրա հետևությամբ՝ «արքայական օրենքի» համաձայն պատվիրաններից մեծագույնը մեր նմանին սիրելն է: Դյուրին է մեր նմանին սիրելը, երբ հատկապես նա մեր ընկերն է, ծնողը, հարազատը, բարեկամը... Սակայն գրեթե անհնար է թվում սիրել նրան, ով մեր թշնամին է. թշնամուն ատել է պետք: Տեր Հիսուս, իր Լեռան քարոզի մեջ, սակայն, շեշտեց. «Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մատթ. 5:43-45):

3.3.17

ՍԻՐՈ՞ւՄ ԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 5)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երեքն են՝
Երբևիցե ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե սիրու՞մ ես արդյոք Աստծուն: Համաձայն եմ, շատ բարդ հարց է, և առավել բարդ է պատասխանը...
Այսօրվա ընթերցման մեջ, սակայն, Աստված ինքն է պատվիրում «ամենամեծ օրենքով»՝ 

«Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով» (Բ Օրենք 6:5):
Ոչ մի բառ այն մասին, որ քո Տեր Աստծուն պիտի սիրես միայն խոսքերովդ: Ընդհակառակը՝ պիտի սիրես ՀՈԳՈՎ, ՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲԴ, ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎԴ:
Սերը կատարելությունն է օրենքների, սերը անունն է մեր հավատքի, սերը շարժիչն ու մղումն է մեր ողջ կյանքի... Աստված ինքնին սեր է...
«Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Հովհ. 3:16):
Իսկ մենք ինչպե՞ս ենք սիրում մեր Աստծուն:
«Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան» (Հովհ. 14:20):

Ահավասիկ մի պարզ բանաձևում Աստծուն սիրելու. պահենք Նրա պատվիրանները, հաւատարիմ մնանք Նրա Խոսքին... Իսկ լավագույն պատվիրանապահությունը դարձյալ ու դարձյալ մնումէ սերը. «Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է։ Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար։ Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է» (Ա Հովհ. 4:7-12):


Այսկերպ միայն սիրած կլինենք Աստծուն ամբողջ հոգով, ամբողջ էությամբ ու ամբողջ ուժով:


Եկեք աղոթենք հենց այս սիրո համար, աղոթենք Սուրբ Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի 13-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։


Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

Օրհնվեք...

2.3.17

ՇՆՈՐՀՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 4)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքը (Նամակ Հռոմեացիներին 6:3-17) կարդանք այստեղ։

«Օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի» (Հռոմ. 6:14), - ընթերցումի վերջում հիշեցնում է Պողոս Առաքյալը: 

Առհասարակ, այսօրվա մեջբերումը շատ խորհրդավոր է և բազմաշերտ, սակայն Մեծ պահքի այս 4-րդ օրով, առաջարկում եմ խորհրդածենք այս փոքրիկ բայց զորեղ տողի շուրջ: Խոստովանենք կամ ոչ, մենք մարդիկս սիրում ենք ապրել ռոբոտացված կյանքով, սիրում ենք, երբ դպրոցում, աշխատավայրում, ամենուր հստակ գծվում են մեր պարտականությունները, անելիքների և չանելիքների սահմանները: Այո, դրանք երբեմն շատ կարևոր են առօրեա կյանքում, սակայն քրիստոնեական կյանքի մեջ կարող են անգամ վտանգավոր լինել: Հոգևոր մարզում քրիստոնյաներս երբեմն սահմանափակվում ենք Խօսքի միայն արտաքին կողմը՝ օրենքը, սրբորեն պահելով, սակայն բուն բովանդակությունը և հարցի հոգևար խորքը թողնում ենք անտեսված: Օրինակ տամ. պահքի բոլոր 40 օրերին սրբորեն ամենայն օրինապահությամբ պահում ենք կերակրի ժուժկալությունը, ամեն կիրակի եկեղեցում ենք ու աղոթաժողովներին, սակայն պահքը այդպես էլ անցկացնում ենք ոխով, բամբասանքով, նախանձով ու չարակամությամբ: Կամ մարդն ինքն իրեն անվանում է Աստծուն հավատացող, սակայն իր քրիստոնեական կյանքը սահմանափակում է սոսկ արտաքին բարեպաշտական ձևերով՝ անպայման մոմ է վառում եկեղեցում՝ չհասկանալով անգամ մոմավառության իմաստը, եկեղեցուց դուրս է գալիս խորանից մինչև դուռը ետ-ետ քայլելով ինքն էլ խորամուխ չլինելով դրա նպատակի մեջ... Այսքանը և վերջ. օրենքը, կարգը հարգված է և ոչինչ ավելին... 
Տեր Հիսուս սա անվանում էր ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ, քանի որ հրեա օրենսգետներն ու փարիսեցիներն էին ապրում միայն օրենքի արտաքին կողմին հետևելով, ինչի համար Քրիստոս հաճախակի «վայեր» էր ուղղում նրանց հասցեին (Մատթ. 23 գլուխ):

1.3.17

ՀՈԳԵՎՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 3)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երկուսն են՝

Այս ընթերցումներից վերջինը Հովել մարգարեն սկսում է բոլորիս Աստծո անունից ծոմի հրավիրելով 
(ծոմը շատ խիստ պահեցողության մի տեսակ է, որով մարդը հրաժարվում է ամեն տեսակ ուտելիքից և ըմպելիքից).

«Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծոյ տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով» (Հովել 1:14):
Տեսեք, մարգարեն խոսում է պահքի երկու երեսների՝ սննդային պահքի (ծոմ) եւ հոգևոր պահքի (աղոթք) մասին: Սակայն այս պահեցողությունը կատարյալ դարձնելու ևս մեկ հրահանգ է տալիս՝ հավաքվել և համախմբել երկրի բոլոր բնակիչների հետ Աստուծո տան մեջ:

Նկատե՞լ եք, որ աշխարհը օրըստօրե մարդուն ընկմում է միայնության, եսասապաշտության ճահիճի մեջ: Մարդը, որ հասարակական արարած է, այսօր ունի հազարավոր միջոցներ իր նմանի հետ հաղորդակցվելու, բայց միևնույն է, միշտ մնում է եսակենտրոն, ինքն իր մեջ պարփակված՝ մշտապես ձգտելով լինել ոչ թե հասարակության մի մասնիկը այլ՝ «բացառիկություն»... Նույնը նկատելի է նաև հոգևոր ասպարեզի մեջ. «Ինչո՞ւ եկեղեցի չեք գալիս» հարցին հաճախ տրվում է միևնույն պատասխանը «Ես իմ տանը ինձ համար աղոթքում եմ, եկեղեցու պետքություն չունեմ», «Հավատո՞ւմ ես Աստծուն» հարցին հաճախ անդրադարձնում են «Ես ու իմ Աստված. ես իմ հավատքն ունեմ, իմ ձևով եմ հավատում»...

28.2.17

ԱՂՈԹՔ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 2)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքը (Եզեկիել 18:20-23) կարդանք այստեղ։

Այսօր՝ Մեծ պահքի միասնական աղոթքների 2-րդ օրը, առաջարկում եմ մեր աղոթքները ուղղենք դեպի մեզանում առկա անհավատությունը: Հետաքրքրական տողեր կան Սաղմոսաց գրքում, ուր Դավիթ մարգարեն գրում է. «Անզգամն իր սրտում ասաց, թէ չկա Աստված» (Սաղմ. 13:1): Նման անզգամության երկակի դրսևորում կարող ենք նկատել մարդկության պատմության բոլոր ժամանակներում, բայց մեր օրերում, հատկապես, շատ են մարդիկ, ովքեր հրաժարվում են հավատալ Աստծուն (նրանց հաճախ անվանում ենք աթեիստներ) և ավելի շատ են մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ հավատում են Աստծուն, բայց հավատքն արտահայտող գործեր չեն անում (Աստծո առաջ նրանք թերահավատներ են): Այս երկու դեպքերում էլ, Աստծո խոսքը բավական խիստ բառեր է օգտագործում մեզ համար՝ անզգամության, անիրաւություն, անօրենություն...

Թե որքանով են այս բնորոշումները հատուկ հենց մեզ, յուրաքանչյուրս անկեղծորեն քննենք մեր ներսում, մեր աղոթքի մեջ, բայց եթե փորձենք հասկանալ անհավատության կամ թերահավատության, Աստծուն մերժելու բուն պատճառը, մեկ խոստովանություն պիտի կատարենք. «Աստված խանգարում է ինձ ապրել իմ կամքով...»:
Իսկ իրականում... Աստված կամենում է միմիայն խանգարել ու խափանել մեր մահացումը.
«Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում,– ասում է Տէր Աստուած,– եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի» (Եզեկ. 18:23):
Մեծ պահքը հիանալի առիթ է, սիրելիներ, որպեսզի փորձենք շտկվել և ինչու ոչ, ջանանք նաև շտկել նրանց, ովքեր մեր շուրջն են և տառապում են աստվածմերժությամբ:
Աստված չի ուզում ոչ մեր, ոչ մյուսների կործանումն ու հոգևոր մահը, Աստված սպասում է մեր դարձին, միայն թե մենք էլ իրապես դառնան դեպքի մեր Արարիչն ու Փրկիչը եւ աղաղակենք. «Տեր, օգնիր անհավատությանս» (Մարկ. 9:23):

Աղոթենք մեր և մյուսների անհավատության համար Սուրբ Նարեկացու «Մատյանի» ողբով (Բան ԻԷ, ), որը գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...