Showing posts with label Աստվածաշնչի երիտասարդները. Show all posts
Showing posts with label Աստվածաշնչի երիտասարդները. Show all posts

19.11.19

- ԱԲԵԼ - ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ՔՈ՛ ԵՍՆ Է


Ադամը և Եվան ունեցան որդիներ և դուստրեր (Ծննդ. 5:4), որոնցից, սակայն, միայն Աբելի և Կայենի մասին կարող ենք տեղեկություններ գտնելԱստվածաշնչում: Այսպես, Կայենը հմուտ հողագործ էր, իսկ Աբելը՝ հովիվ: Երբ մեկ օր եղբայրները իրենց ուխտ էին կատարում և ընծաներ էին մատուցում Աստծուն, Կայենը զոհասեղանին դրեց իր մշակած բարիքներից հավանաբար ոչ լավագույնը, քանի որ Աստված մերժեց դրանք և ընդունեց միայն Աբելի ընծան՝ պարարտ մի գառնուկ, որ երիտասարդը, որպես լավագույն, ընտրել էր իր հոտից: Աստծուց մերժվելով՝ Կայենը տրտմեց և եղբոր հանդեպ լցվեց նախանձով, ինչի համար Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ։ Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:6-7): Կայենը, ցավոք, Աստծուն լսելու փոխարեն ընտրեց ամենավատ ճանապարհը և ոխով լցված՝ սպանեց եղբորը: Սա, ի դեպ, մարդկության պատմության մեջ արձանագրված առաջին սպանությունն էր և առաջին մահը։ Այս պատմության առանցքային կետը, սակայն, մատուցված զոհաբերությունն էր, որի վերաբերյալ, առաջարկում եմ մի փոքր մտորենք՝  պատասխանելով այս հարցերին.


  1. Ի՞նչ կարևորություն ունի Աստծուն «զոհ» մատուցելը:
  2. Ի՞նչ և ինչպե՞ս պետք է զոհաբերենք, որպեսզի Աբելի նման հաճելի լինենք Աստծուն:

Հազարամյակներ առաջ, մարդիկ Աստծուն խնդրանքով դիմելու կամ շնորհակալություն հայտնելու համար դիմում էին նյութական և հատկապես կենդանական զոհաբերությունների։ Տարբեր կրոնների և մշակույթների համար սա մի միջոց էր, որով մարդը, այսպես ասած, կարգավորում էր իր հարաբերությունները բարձրյալ զորության հետ և շահում էր նրա (կամ նրանց) բարյացակամությունը և ողորմությունը։ Դրա համար անհրաժեշտ էր զոհել ու ընծայել ունեցածից ամենամաքուրը, անարատն ու լավագույնը: Նյութական այսօրինակ զոհաբերությունը, ի դեպ, չափազանց գործուն էր նաև հրեա և հեթանոս միջավայրերում այն ժամանակ, երբ Քրիստոս ավետում էր Երկնքի արքայության գալուստը։ Քրիստոնեությունը, սակայն, զոհաբերության այս տեսակը ի սկզբանե մերժեց։ Դեռ Քրիստոսից առաջ էլ հինկտակարանյան մարգարեները անդադար աղաղակում էին, որ նյութական զոհաբերություններն այլևս հաճելի չեն Աստծուն (անպայման կարդա՛ Մաղաքիա 1:6-14, Եսայի 1:11-15): Հիսուս Քրիստոսով Աստծուն մատուցվող զոհն ու զոհաբերությունը միանգամայն այլ մակարդակ ձեռք բերեց, և առաջինը Ինքը՝ Աստված էր, որ մեզ տվեց այդ օրինակը. Որդի Աստված՝ Գառն Աստուծո Հիսուս Քրիստոսը, խաչը բարձրացվեց և զոհաբերվեց՝ այդպիսով վերացնելով աշխարհի մեղքը. «Եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, - որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն» (Եբր. 9 :13-14)։

15.11.19

- ԱԴԱՄ - ՈՐՈՇՈՂԸ ԴՈ՛Ւ ԵՍ


«Ինչո՞ւ Ադամ»,- երևի հետաքրքրված կհարցնես դու: Վստահ եմ՝ աշխարհի արարման և առաջին մարդու՝ Ադամի ստեղծման պատմությանը ծանոթ ես. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7),- նկարագրված է Աստվածաշնչում: Իսկ համաձայն Եկեղեցական Ավանդության՝ Աստված Ադամին ստեղծեց 30-ամյա երիտասարդ հասակում, հետեւաբար՝ Ադամը եւս երիտասարդ էր: Աստվածային արարչագործության մեջ մարդը միակ արարածն էր, որը ոչ միայն մարմնավոր եղավ, այլև՝ հոգևոր՝ կենդանացած Աստծո շնչով: Ավելին, Սուրբ Գիրքը վկայում է, որ նախահայր Ադամին Աստված ստեղծեց «իր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. 1:27-28): Այս երկու հատկանիշները, ի դեպ, Ադամից սկսյալ յուրաքանչյուր սերունդ «գենետիկորեն» կրում է իր մեջ, ուստի որպես այդ հատկանիշների կրողներ արի՛ մի փոքր աստվածաբանենք ու հասկանանք, թե ինչ ասել է «պատկեր և նմանություն»: 

Իմաստով իրար շատ մոտ այս բառերը կարող են տպավորություն ստեղծել, թե խոսքն այստեղ արտաքին նույնության մասին է, իբր Աստված մեզ պես (ավելի ճիշտ՝ մենք Աստծո նման) ոտքեր, ձեռքեր, քիթ բերան և աչքեր ունի: Անշուշտ, նման ենթադրությունը հեռու է ճշմարտությունից, սակայն, իրապես, կան աստվածային հատկանիշներ, որոնցով Սուրբ Երրորդությունը օժտում է մեզ՝ ադամորդիներիս, երբ կյանքի հետ միասին մեզ է տալիս Իր պատկերը. կարևորագույն այս հատկանիշներից են՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այս շնորհները իր մեջ կրելով է, որ ամեն մարդ՝ Ադամից մինչև դու և ես, առաջնորդվում, արարում ու գործում է բարին կամ չարը և ապրում է դրանցով: 

Տրամաբանորեն ինչ-որ բանի պատկերն ունենալը, սակայն, համարժեք չէ այդ բանի կատարյալ նմանությունը ունենալուն: Օրինակ՝ որքան էլ որ վիպասանը ջանա թղթին հանձնել իր աչքի առաջ եղած պատկերը, այն կատարյալ նմանության չի կարող հասցնել: Ընթերցողը պատկերագրվածը ակամայից լրացնում է իր բանականությամբ եւ երեւակայության ազատ թռիչքով: Ճիշտ այսպես Ադամին շնորհված Աստծո պատկերը, թեև մոտ, այնուամենայնիվ նույնական չէր Աստծո նմանության հետ: Աստվածաբանորեն ասած՝  նմանությունը առաջին մարդուն շնորհված ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ էր եւ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ, որոնցից, ցավոք, մարդը զրկվեց...

Այսպիսով, եթե փորձենք բանաձեւել՝
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ = ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ + ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ = ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ + ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

14.11.19

ՍԿՍԵՆՔ - Աստվածաշնչի երիտասարդները


«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, 
եթե ոչ Աստծո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9)

Աստվածաշունչ մատյանը, որ քրիստոնյա ամեն մարդու կյանքի և փրկության ուղեցույցն է, հարուստ է պատմություններով, առակներով, խրատներով, հրաշքներով և դրանցից բխող օրհնություններով: Քրիստոնյայի համար Սուրբ Գրքի էջերի միջից խոսում է Ինքը՝ Աստված, ինչի համար Աստվածաշունչը նաև անվանվում է «Աստծո Խոսք»: Երբեմն, սակայն, քրիստոնյաներս Աստվածաշունչն ընթերցում ենք պարզապես ընթերցած լինելու համար, որպես վիպական մի ստեղծագործություն կամ պատմական մի նկարագրություն, որ տեղի է ունեցել անցյալում, դարեր առաջ:

Իսկ այսօ՞ր… Ի՞նչ ունի ասելու Աստված մեզ այսօր... Ավելի ճիշտ՝ ի՞նչ կարող ենք մենք այսօր քաղել Աստվածաշնչի սուրբ էջերից: Թերևս մենք մոռանում ենք, որ մարդիկ ու հերոսները այս Գրքի մեջ առասպելաբանական հորինվածքներ չեն: Նրանք իրական միս ու արյունից կազմված մարդիկ են, որ պարզորեն ապրել են իրենց հանապազօրյա կյանքը: Ինչպես մեզ, այնպես էլ նրանց հարազատ են եղել մարդկային բնույթի բոլոր հատկանիշները. մարդիկ էին իրենց թերություններով և առավելություններով, վերելքներով և անկումներով: Ուրեմն, սիրելի՛ երիտասարդ, մենք ևս, օրինակ առնելով Աստվածաշնչի կենդանի հերոսներից, կարող ենք նրանց համաքայլ ապրել մարդկային պարզ կյանքը՝ այն իմաստավորելով Աստվածաշնչի լույսով ու սրբությամբ: