8.12.20

6. ՀՈՎՍԵՓԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՄԱՏԹԵՈՍ 1։18-25
18 Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ 
19 Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։ 
20 Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ 
21 Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
22 Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
23 «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
24 Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը, 
25 բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։

Մարիամը միայն ավետման ժամանակ է կոչվել Հովսեփի խոսեցյալը (նշանած) (Ղուկ. 1։27), իսկ Հիսուսի ծնունդից առաջ կոչվել է Հովսեփի կինը (Մատթ. 1։20), որը ցույց է տալիս, թե նույն ժամանակահատվածում է տեղի ունեցել Հովսեփի ու Մարիամի օրինական ամուսնությունը: Մարիամն ավետումից անմիջապես հետո գնաց Քեբրոն, իսկ Նազարեթ վերադառնալուց մինչև Հիսուսի ծնունդը ևս վեց ամիս տևեց, և պետք է ճիշտ այս ժամանակամիջոցում էլ դնել ամուսնության օրինական արարողությունը: Մարիամի Քեբրոնից վերադառնալուց և ամուսնության օրհնությունից հետո այլևս նրա հղի լինելը պետք է երևար, ինչը որ Հովսեփի մտքի շփոթման պատճառ հանդիսացավ: Բայց Հովսեփը ուղղամիտ մարդ էր. իր համար դժվար էր կնոջ պատվին դիպչելը և լավագույնն էր առանց ձայնի ու աղմուկի բաժանվել նրանից: Ավետարանիչը արձակել նրան բացատրությունն է օգտագործում, որը օրինավոր կնոջը ապահարզան տալ է նշանակում, քան թե պարզ մի նշանվածի բաժանումը: Եվ այս հիմք ընդունելով էր, որ ասացինք, թե նախ օրինավոր ամուսնությունը կատարվեց, ապա Հովսեփն իմացավ Մարիամի հղի վիճակի մասին: Անշուշտ հրաշքով հղության բացատրության մասին խոսվեց այդ երկուսի միջև, և իհարկե այդ պարագան Մարիամի ծնողներից գաղտնի չէր կարող մնալ, բայց Հովսեփը դեռևս մտմտուքից զերծ չէր: Աստվածային այցելությունը ցանկացավ բարի և արդար Հովսեփին այդ մտային տագնապից փրկել: Եվ հրեշտակը, անշուշտ նորից Գաբրիելը, այս անգամ Հովսեփին հայտնվեց, Մարիամին պատահած հայտնությունները նաև Հովսեփին հաղորդեց, բացատրեց սքանչելակերպ հղությունը, ծնվող որդու ով լինելը և մարդկության փրկագործության խորհուրդը: Հովսեփի միտքը լուսավորվեց և սիրտը հանդարտվեց, կնոջն արձակելու մտածումը իրենից հեռացրեց, Մարիամին պահեց որպես օրինավոր կին, բայց նրա կուսությունը հարգեց և կույս մոր ու կուսածին որդու պաշտպանը եղավ, իսկ մարդկանց կողմից որպես Մարիամի ամուսին և Հիսուսի հայր ճանաչվեց: Ավետարանում Հիսուսի մասին Մարիամի անդրանիկը կոչվելուց (Մատթ. 1։25) եզրակացնողներ եղան, որ Հիսուսի ծնունդից հետո Հովսեփից ու Մարիամից ուրիշ զավակներ էլ ծնվեցին, և թե սրանք Տյառնեղբայր կոչված չորս եղբայրներն են՝ Հակոբը, Հովսեսը, Սիմոնը և Հուդան (Մատթ. 13։55): Բայց սա ընդունելի կարծիք չէ և տյառնեղբայրների մասին իր տեղում պիտի խոսենք: Մոր առաջնեկը կոչվելու համար, սկզբից ևեթ ուրիշ զավակ չունեցած լինելը բավական է և անհրաժեշտ չէ երկրորդ զավակի ծնվելուն սպասել:

Մատթեոսն իր սովորության համաձայն, երբ ուզում է ապացուցել բոլոր մեսիական մարգարեությունների Քրիստոսի վերաբերյալ կատարված լինելը, այդ դեպքում հիշատակում է «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» մարգարեությունը (Ես. 7։14): Մենք բավարարվում ենք մարգարեությունները հիշել, իսկ դրանք մեկնելու և հաստատելու գործը Ավետարանի մեկնիչներին է պատկանում:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...