29.12.20

34. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԴԵՄՈՍԻ ՀԵՏ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
33. ԱՌԱՋԻՆ ԶԱՏԻԿԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։1-21
1 Փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։ 
2 Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։
3 Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։ 
4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարելի է իր մոր որովայնը կրկին մտնել ու ծնվել»։ 
5 Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել. 
6 որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ 
7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ ձեզ պետք է վերստին ծնվել. 
8 որովհետև քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղի՛ց է գալիս կամ ո՛ւր է գնում. այսպես է և ամեն ոք, որ Հոգուց է ծնված»։ 
9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։ 
10 Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտե՞ս։ 
11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք, ինչ գիտենք, և վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ 
12 Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։
13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը՝ Մարդու Որդին, որ երկնքից էր։ 
14 Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, 
15 որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ 
16 Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. 
17 որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ 
18 Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց։ 
19 Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին. 
20 Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։ 
21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի դառնան, թե Աստծով կատարվեցին»։

Հիսուս իր Երուսաղեմում եղած ժամանակ, գիշերային անակնկալ մի այցելություն ունեցավ։ Փարիսեցիների աղանդից քահանայապետարանի իշխանական մեծ ժողովի անդամ ռաբբի Նիկոդեմոսը, որ լսել էր Հիսուսի գործած հրաշքների մասին և նրանց վրա քննություն և ուսումնասիրություն ուներ, մտադրվել էր մոտենալ Հիսուսին, տեսնել, խոսել և խորհրդակցել, և նրա մասին ամբողջական գաղափար կազմել։ Իր ընկերներից քաշվելով, և նույնիսկ իր դիրքից ստիպված, երևույթներից խաբվող ռամիկ չերևալու դիտավորությամբ, նա չհամարձակվեց ցերեկով Հիսուսի մոտ գնալ և նախընտրեց գիշերվա գաղտնիությունը։
 
Նիկոդեմոսը Ռաբբի պատվանունով ողջունեց Հիսուսին, որը խրոխտ Փարիսեցի վարդապետի բերանի մեջ միայն խորունկ համոզման հետևանք էր, և նա ավելացրեց, որ կատարված հրաշքները տեսնելով, ինքը պարտավորվում է ճանաչել, որ Հիսուս աստվածառաք անձ և աստվածային գործողությունների միջնորդ  է։ Իհարկե, այդ խոստովանությունների վրա նա սկսեց ինչ-ինչ խնդիրներ առաջարկել Հիսուսին, Մեսիայի գալստյան և մեսիական Երկնային արքայության հայտնվելու մասին, որովհետև Հիսուսի խոսքը ողջույնի պատասխան չէր, այլ խնդրի լուծում։  Հիսուս ասում  է. «Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել» Նիկոդեմոսը վերստին ծնվել բառը նյութական իմաստով է հասկանում, իբր թե մարդ  նորից իր մոր արգանդը մտնելու և ելնելու կարիքն ունի։ Նիկոդեմոսին բացատրելու կարիքը տեսնելով՝ Հիսուս ավելացրեց, որ ինքը խոսում է ոչ թե նյութական, այլ  հոգեկան վերածնության մասին, որն ի հայտ է գալիս ջրի արտաքին նշանով, և որն անհրաժեշտ է Երկնային արքայությանը մասնակից լինելու համար։ Երևում է, որ Հիսուսի խոսքերը Նիկոդեմոսի մտքից շատ բարձր և անհասկանալի եղան, դրա համար Հիսուս հողմի օրինակը բերեց, որի ձայնն ու զորությունը իմանում ես, բայց չգիտես, թե ինչպես է լինում, որտեղից է գալիս, կամ ուր է գնում, այդպես էլ  հոգու գործողությունները ստույգ են, բայց հոգ չէ, որ նրա էությունը և այլ հանգամանքներ անհայտ են մնում։ Նիկոդեմոսը  տակավին չկարողացավ Հիսուսի խոսքերի ներքին իմաստը թափանցել և պնդում էր. «Ինչպե՞ս կարող է այդ բանը լինել, ինչպե՞ս ջրի վերածնությունը Երկնքի արքայության կարող է հասցնել»։ Այս անգամ Հիսուս մեղադրելով պատասխանում է. «Իսրայելի ժողովրդի վարդապետ ես, Ս. Գիրք գիտես, ինչու՞ չես հիշում, որ ջուրը սրբության նշան է, ինչպես մարգարեն է գրում. «Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից» (Եզեկ. 36:25):  Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ ինչ որ խոսում եմ, գիտությամբ եմ խոսում և տեսությամբ վկայում, և պետք չէ, որ մերժվի վկայությունս։ Ինչ որ ասացի քեզ, դեռ դյուրին և մարդկային մտքի սահմանների մեջ էին, և սրանց դժվարանում ես հավատալ, ի՞նչ պիտի անես և ինչպե՞ս պիտի հավատաս, երբ ավելի բարձր և աստվածային խորհուրդներին պատկանող բաների մասին խոսեմ»։ 

Մինչև այստեղ, Հիսուս մկրտության խորհրդով կատարվող վերածնության և Երկնքի արքայությունը ժառանգելու մասին էր խոսում, իսկ հաջորդ խոսքերի մեջ մարդեղության խորհրդի բացատրությունն է։ Այդ բացատրությունները կարելի է բաժանել  երեք կետերի. 

1. Աստծո Որդու մահը մարդկանց փրկության համար,
2. Մարդեղության խորհրդով մարդկանց նկատմամբ ցույց տրված Աստծո սերը,
3. Քրիստոսին հավատալու կապը մարդու փրկության և դատապարտության հետ։

Առաջին կետը (Հովհ. 3:14-15) բացատրվում է պղնձե օձի օրինակով (Թվեր 21:9), որը Քրիստոսի խաչի նախատիպն է։ Երկրորդ կետը (Հովհ. 3:16-17) բացատրվում է համեմատությամբ, որ եթե Աստված է իր Միածնին աշխարհ ուղարկել, ապա չէր կարող դատապարտելու կամ  կործանելու նպատակն ունենալ, այլ  միայն աշխարհի փրկության և աշխարհի սիրո համար միջոց էր այդպիսի բան տնօրինելը։ Երրորդ կետում (Հովհ. 3:18-21) հավատքը լույսի է նմանեցնում. ինչպես որ լույսին մոտեցողը լուսավորվում է, իսկ լույսից հեռու փախչողը՝ խավարի մեջ մնում, այնպես էլ Քրիստոսին հավատացողը կփրկվի, իսկ Քրիստոսի հավատքից խորշողը կդատապարտվի։ Քրիստոս եկավ, և Ինքը լույս է, բայց մարդիկ խավարը սիրելով՝ փախչում են Իրենից. ով բարություն է գործում, չի վախենում  լույսից, իսկ ով չարություն է գործում, վախենում է լույսից և սիրում է խավարը, որպեսզի չհայտնվեն իր գործերը։

Առանց մանրամասն լուծումների և բառական զննումների, այստեղ մենք բավական ենք համարում տալ Հիսուսի վարդապետության ամփոփումը, քանի որ նպատակ չունենք Ավետարանի կատարյալ մեկնաբանությունը կատարել, իսկ այդպես կանենք ուրիշ առիթներով։ Վարդապետական այդ հատվածի մեջ հավատքի երկու գլխավոր կետեր են պարունակում, որոնք քրիստոնեական դավանության հիմնաքարերն են.
1. Մկրտության զորությունն ու անհրաժեշտությունը և
2. Մարդեղության խորհրդով կատարված փրկագործությունը։

Մենք ամբողջ հատվածը բացատրեցինք որպես Նիկոդեմոսին տրված Հիսուսի պատասխանների ամբողջություն, և այս է մեկնիչների ընդհանուր կարծիքը։ Բայց ոմանք ուշադրություն դարձնելով գիտենք, խոսում ենք, վկայում ենք հոգնակի բառերին, և դարձյալ չեք ընդունում, չեք հավատում բառերին, ուղղված լսողին, կարծում են, թե Հովհ. 3:11 համարից սկսած հատվածը բաժանվում է, և ավետարանիչը իր կողմից է խոսքն ուղղում կամ հրեաներին կամ ընթերցողներին, որովհետև ուրիշ տեղերում էլ ավետարանիչը Հիսուսի կողմից խոսված վարդապետությանը, առանց որոշ անցում դնելու՝ իր կողմից գրված մի մաս է կցել։ Բայց այստեղ բոլորը Հիսուսի կողմից ասված ընդունելը ավելի ընդհանրացած պետք է ընդունել։

Մենք այլ առիթ պիտի ունենանք Նիկոդեմոսի անձի շուրջ խոսելու։ Իսկ թե ինչպես ավարտվեց այս տեսակցությունը, ինչ տպավորությամբ հեռացավ Նիկոդեմոսը և թե ինչ ձևով նա Հիսուսի հետ հարաբերություն հաստատեց, Ավետարանը ոչինչ չի գրում, այլ միայն այն, որ նա մնաց որպես Հիսուսի ծածուկ աշակերտ և առանց իրեն հայտնելու պաշտպանեց Հիսուսին։

Հաջորդ գլուխը՝
35. ՀԻՍՈՒՍՆ ՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ՄԿՐՏՈՒՄ ԵՆ

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...