27.12.20

33. ԱՌԱՋԻՆ ԶԱՏԻԿԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

  Նախորդ գլուխը՝
32. ՀԻՍՈՒՍ ԳԱԼԻԼԻԱՅՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։13-25
13 Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ 
14 Եվ տաճարում հանկարծ տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ 
15 Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։ 
16 Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։ 
17 Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի»:
18 Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։ 
19 Հիսուսը նրանց պատասխանեց ու ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»։ 
20 Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինվեց այս տաճարը, իսկ դու երեք օրո՞ւմ ես վերականգնում այն»։ 
21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ 
22 Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ Գրքին ու Հիսուսի ասած խոսքին։
23 Երբ Հիսուսը զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրա անվանը, քանի որ տեսնում էին նրա կատարած նշանները։ 
24 Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր, 
25 և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ։

Հիսուս Կափառնայումից Երուսաղեմ եկավ մարտի վերջերին, որովհետև Զատկի համար եկողները պետք է մի օր առաջ գտնվեին Երուսաղեմում՝ օրինական և տոնական պատրաստությունները կատարելու: Ավետարանիչը պարզապես գրում է. «Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ». ոչ մոր, ոչ եղբայրների և ոչ էլ հետևողների միատեղ եկած լինելու մասին չի ակնարկվում, և, թեպետ հետո մի անգամ հիշատակվում է աշակերտների մասին, սակայն ուրիշների ներկայության մասին չի հայտնում, և այս հարցը որոշակի լուծում չի ստանում: Մյուս կողմից, որքան էլ Հիսուսի աշակերտները դեռ հաստատուն կերպով իր հետ չէին շրջագայում, բայց կարևոր առիթներով նրա մոտ էին գալիս, իսկ Զատկի առթիվ, անկասկած, իրենք էլ, իբրև բարեպաշտ անձիք, եկել էին Երուսաղեմ իրենց ուխտը կատարելու համար: Հիսուսի զատկական օրինակատարության պարագաների մասին չի պատմվում, այլ միայն հիշատակվում է սաստիկ նախանձահույզ մի միջադեպ:    

Զատկական օրինակատարության պարտադիր պայմանների մեջ էին մտնում նախընթաց երեկոյի գառնազենությունը, տոն օրվա առավոտյան կատարվելիք զոհը և տաճարին տրվելիք դրամական նվերը: Ընթրիքի համար նախատեսված տարեկան գառները, զոհի համար ընտիր ոչխարներ, արջառներ և աղավնիներ, իսկ նվերի համար զուտ հրեական դրամներ էին հարկավոր, որպեսզի խորշեին հեթանոսականներից, և այդ նպատակով Երուսաղեմում մեծ առևտուր էր կազմակերպվում, որը ավելի դյուրին դարձնելու համար կատարվում էր տաճարի մոտակայքում: Տաճարի վերակացուները, տաճարի ներքին բակերն ու գավիթները շուկայի վերածելով, իսկ իրենք էլ առևտրի գլուխ անցնելով կամ առևտրականներ վարձելով, այդ առիթը իրենց շահի աղբյուրն էին դարձրել: Երբ Հիսուս Երուսաղեմ հասավ, նրա աչքերի առջև բացվեց այդ տգեղ տեսարանը, Աստծո տան այդ անարգանքը շարժեց նրա նախանձահուզությունը: Սկզբում, իհարկե, նա դիտողություններ արեց, ազդարարեց ու հանդիմանեց, և երբ որ տեսավ, որ իրեն լսող չկա, մի չվան իր ձեռքը վերցրեց, ոլորեց այն խարազանի նման և ոչխարներին ու արջառներին քշելով՝ տաճարի բակից դուրս հանեց: Ավետարանը չի ասում թե վաճառողներին էլ գանակոծեց: Շուռ տվեց լումայափոխների սեղանները, իսկ պղնձե դրամները ցիր ու ցան արեց, աղավնի վաճառողներին ստիպեց, որ ապրանքները դուրս տանեն, և աղավնիներին արձակել տալով՝ նրանց տերերին ցանկացավ զրկել իրենց վաստակածից: Այդ գործողությունների ընթացքում Հիսուս շարունակ կրկնում էր. «Այս տաճարը Աստծո տունն է, իմ հոր տունն է, աղոթքի տեղ է, և առևտրի տեղ չէ, իսկ դուք այն շուկայի և վաճառատան եք վերածել. ելեք, վերցրեք ձեր ապրանքները, և գնացեք ուրիշ տեղ վաճառեցեք»: Հրեաները Հիսուսի համարձակությունը տեսնելով՝ սկսեցին դիմադրել Նրան, պատճառաբանելով, որ Նա դրա իրավունքը չունի և չպետք է խառնվի այդ գործին, քանի որ տաճարն իր վերակացուներն ունի: Պատասխանելով նրանց, Հիսուս հիշեցրեց Իր գերագույն իշխանության մասին, որպես Աստուծո կողմից առաքված ուղղություն ցույց տալու և հաստատելու համար: Նրա վրա տեսնված հոգու և զորության առջև պատկառանք զգալով՝ հրեաները չկարողացան ժխտել Հիսուսի խոսքը, այլ միայն պահանջեցին, որ հրաշքով կամ երկնային նշանով հաստատի, որ Ինքն իսկապես Աստծո կողմից է առաքված: Հիսուս փոխադարձաբար չանարգեց նրանց առաջարկը, այլ համակերպվելով՝ ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»: Հրեաները կարծեցին, որ Հիսուս նկատի ունի Երուսաղեմի տաճարը, որի բակում էին գտնվում, և ծաղրելով Հիսուսի խոսքը՝ ասացին. «Քառասունվեց տարում շինվեց այս տաճարը, իսկ դու երեք օրո՞ւմ ես վերականգնում այն»: Այստեղ ավարտվում է Ավետարանի պատմությունը, և գրված չէ, թե Հիսուս ինչ է պատասխանում հրեաներին: 

Նախ տաճարի շինության քառասունվեց տարիները չպետք է շփոթել Բաբելոնի գերությունից հետո Զորաբաբելի շինած երկրորդ տաճարի կառուցման տարիների հետ: Իր իշխանությունը փառավորելու և հրեաների համակրանքը շահելու համար Հերովդեսն իր թագավորության 16-րդ տարում, այն է մ. թ. ա. 19 թ., որպես փոքրիկ և անշուք շինվածք, քանդել տվեց Զորաբաբելի տաճարը և  հիմքից սկսած Սողոմոնի տաճարի նման ընդարձակ և փառավոր շինություն կանգնեցրեց: Թեպետ տաճարի գլխավոր մասերը շուտով ավարտվեցին, և տաճարը սկսվեց գործածվել, սակայն հարդարանք ու զարդարանքները շատ երկար տևեցին և մինչև Հիսուսի օրերը, և դրանից հետո էլ բավական երկար տարիներ շարունակվեցին: Տաճարում այդ միջադեպը տեղի ունեցավ մ. թ. 27 թվականին, սրան գումարելով Քրիստոսից 19 տարի առաջ սկսած շինարարական աշխատանքները, ստանում ենք 46 տարի: Ահա այս պարագայի վրա էին հրեաները Հիսուսին ասում թե՝ «Այս, որ տեսնում ես, 46 տարիների ընթացքում կառուցվեց և նորից հնարավոր չէ կառուցել 3 օրվա ընթացքում»:

Տաճարի բակից վաճառողներին արտաքսելու գործողությունը Հովհաննես ավետարանիչը առաջին Զատկի մեջ է ներկայացնում, մինչ մյուս ավետարանիչները նույն պատմությունը ներկայացնում են չորրորդ զատկի առիթով (Մատթ. 21:12, Մարկ. 11:15, Ղուկ. 19:45). Այստեղից էլ ոմանք ցանկացան այդ դեպքի վրա անստուգության կամ շփոթության կասկածներ հարուցել: Սակայն մեզ ոչինչ չի խանգարում ասելու, թե այս գործողությունները կատարելուց հետո, Հիսուս կրկին նմանօրինակ նախանձահուզություն դրսևորեց և ոչ միայն առաջին և չորրորդ զատիկների ժամանակ, այլ գուցե ուրիշ պարագաների մեջ էլ Նա գործնականորեն պաշտպանեց տաճարի նվիրականությունը: Կայիափայի ատյանի առջև Հիսուսի այդ խոսքերը՝ իբրև հայհոյություն և մահապարտության փաստ հիշվելու ժամանակ (Մատթ. 26:61, Մարկ. 14:58) չնշվեց տարին և թե որերորդ անգամն էր, ինչը և հաստատում է, թե Հիսուս այդ խոսքը ոչ թե մեկ անգամ անցողիկ կերպով է ասել, այլ հաճախ է կրկնել, և ծանոթ եղելություն դարձել: Իսկապես, այս առիթով մյուս ավետարանիչները չեն հիշատակում տաճարի շինության ակնարկի մասին, բայց հիշատակում են ամբաստանության առթիվ այն, ինչ որ Հովհաննես ավետարանիչը դեպքերի կատարման ընթացքում է հիշատակում, և այդպիսով նույն իրողության և նույն խոսակցության վերաբերյալ բոլոր ավետարանիչները համաձայնվում են:

Սակայն Հիսուսի խոսքը Երուսաղեմի տաճարը վերականգնելու մասին չէր, այլ Իր մարմնի խորհրդական տաճարը մահվանից երեք օր հետո հարությամբ վերականգնելու մասին էր, և ինչպես Հովհաննես ավետարանիչն էլ խոստովանում է, իրենք էլ Քրիստոսի Հարությունից հետո հասկացան խոսքի իմաստն ու տեսան խոսքի հաստատումը, և մի անգամ ևս ամրացրին իրենց հավատքը Քրիստոսի վրա: Նույն կերպով Հիսուսի ցուցաբերած նախանձահուզության մասին էլ հիշեցին և համոզվեցին, թե այն կանխապես եղած մեսիական մարգարեության կատարումն էր. «Քո տան նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ», որ է Սաղմոսի խոսքը. «Քո տան նախանձը կերավ ինձ» (Սաղ. 68:10):

Զատիկի պատմությունը լրացնելու համար ավետարանիչը ավելացնում է, որ այդ ընթացքում Երուսաղեմում Հիսուս շատ հրաշքներ գործեց, որ հրաշքներ տեսնողները զարմացան և սկսեցին հավատալ Հիսուսին, թե նա ինքն է խոստացյալ Մեսիան, և Հիսուսին հետևելու ցանկություն հայտնեցին: Բայց ամեն մեկին Հիսուս չէր վստահում և հավատ չէր ընծայում նրանց խոսքերին, քանզի յուրաքանչյուրի զգացումներն ու միտքը իմանալու համար նրան պետք չէր խոսքեր լսել, նա թափանցում էր մարդու ներսը և սիրտը քննելով իմանում, թե ինչ կա ամեն մեկի ներսում, և թե ինչ է անցնում յուրաքանչյուրի մտքով: Այս բացատրություններով ավետարանիչը մեկ կողմից բարձրացնում է Հիսուսի անձը և ակնարկում նրա աստվածային կատարելությունը, իսկ մյուս կողմից ցանկանում է հասկացնել, որ հրեաները Հիսուսի մասին անհաստատ կարծիք ունեին. երբ հրաշքներ էին տեսնում, հիանում և բարձրացնում էին, և իբրև Մեսիա էին ընդունում նրան, բայց քիչ հետո ամեն բան մոռանալով՝ հակառակվում էին ու դավաճանում:

Հաջորդ գլուխը՝
34. ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԴԵՄՈՍԻ ՀԵՏ

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...