22.12.20

32. ՀԻՍՈՒՍ ԳԱԼԻԼԻԱՅՈՒՄ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

   Նախորդ գլուխը՝
31. ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։12
12 Սրանից հետո Հիսուսը Կափառնաում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։

Հիսուս իր մկրտությունից հետո քառասուն օր մնաց անապատում և մի քանի օրեր էլ ապրեց Հորդանանի կողմերում։ Հետո եկավ Գալիլիա, Զատկի տոնի առթիվ այնտեղից Երուսաղեմ գնալու համար։ Մկրտությունը դնելով հունվարի սկզբին, և Զատիկն էլ ապրիլի առաջին օրերին, նաև հավանագույն հաշվով իմանալով ապրիլի 6-ին հանդիպած լինելը, միայն երեք ամսվա հատված ունենք այդ եղելությունները զետեղելու Հռոմի 780, Քրիստոսի թվականի 27 և Հիսուսի կյանքի 31-րդ տարվա առաջին քառորդի մեջ։

Համեմատական մի բաշխումով պետք է Կանայի հարսանիքը դնել Մարտի սկզբներին, ուր մի քանի օրեր ևս մնաց։ Ավետարանիչը Նազարեթի տուն գնալու  հիշատակությունը բոլորովին չի կատարում, և այլ տեղից էլ գիտենք, թե երբ Հիսուս առաջին անգամ Նազարեթ գնաց, Գալիլիայի ուրիշ քաղաքներում շատ հրաշքներ էր գործել արդեն (Ղուկ. 4:23), և սրանից հաստատաբար եզրակացնում ենք, որ այս անգամ չգնաց Նազարեթ, մանավանդ որ իր մայրը և  ուրիշ ազգականներ էլ Նազարեթից եկել էին Կանա։ Կանայից Հիսուս եկավ Կափառնայում՝ Գալիլիայի գլխավոր քաղաքը, որը գտնվում է Երուսաղեմից Դամասկոս տանող մեծ ճանապարհին, Տիբերիա լճի կամ ծովի հյուսիս-արևմտյան անկյունում, այն ժամանակ ծառայել է որպես անցուդարձի և վաճառականության մի մեծ շահաստան, բայց որի դիրքն այժմ կասկածանքով համապատասխանում է Մինիե կոչված տեղին։ Երկնքի հասնող քաղաքը կորած է անդունդների մեջ, ինչպես Հիսուսն էլ ասել էր. «Եվ դու Կափառնայում, չպիտի բարձրանաս մինչև երկինք, այլ պիտի իջնես մինչև դժոխք» (Մատթ. 11:23)։ Կափառնայում գալու պատճառը պետք է դիտենք իբրև մի նախապատրաստություն Հիսուսի քարոզության ապագա կենտրոնի (Կափառնայումի), որովհետև այս անգամ այնտեղ ոչ քարոզեց և ոչ էլ հրաշք գործեց, այլ հանգրվանեց մի քանի օրով. «Եվ այնտեղ մնաց մի քանի օր»։ Հիսուսին հետևողները մեծամասամբ Բեթսայիդայից էին, որ Կափառնայումին շատ մոտ էր, և իրենց գործի բերումով էլ պիտի գտնվեին Կափառնայումի հրապարակում՝ ձկնորսության արդյունքը վաճառելու համար։ Պետրոսի տունն էլ նույնպես Կափառնայումում էր, մյուսներն էլ, հավանաբար, եթե ոչ հաստատուն բնակության, ապա իրենց համար այստեղ գիշերելու տեղեր ունեին։ Հավանաբար Հիսուսին հաղորդեցին տեղանքի հարմարությունները։ Հիսուս էլ Զատկի համար Երուսաղեմ չգնաց, ցանկացավ տեսնել Կափառնայումը, որ վերադառնալով Երուսաղեմ, իր քարոզությունը ձեռնարկի այնտեղ։

Հիսուսի՝ Կանայից Կափառնայում գալու ժամանակ իրեն ընկերացան իր մայրն ու եղբայրները, և, հավանաբար, նաև իր հետտևորդները, որոնք չէին կարող մնալ Կանայում և պիտի վերադառնային Կափառնայում, իրենց տան գործին։

Հիսուսի եղբայր կոչված անձանց անունները հիշված են մեկ այլ տեղում. Հակոբ, Հովսե, Սիմոն և Հուդա (Մատթ. 13:55), որ Եկեղեցում հարգվում են Տեառնեղբայր անունով, սակայն երբեք համամայր և համահայր եղբայրներ չեն Հիսուսին, այլ պարզապես հորեղբորոդիներ, որը պիտի բացատրենք, երբ հատկապես Տեառնեղբայրների մասին խոսելու առիթը ներկայանա։

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...