21.12.20

30. ՀԻՍՈՒՍԻ ՄՅՈՒՍ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ

  Նախորդ գլուխը՝
29. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:43-51
43 Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ 
44 Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։ 
45 Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»:
 46 Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ 
47 Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ 
48 Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։
 49 Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ 
50 Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Հավատում ես հիմա, քանի որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ 
51 Եվ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն Մարդու Որդու վրա»։

Առաքյալներից Հիսուսին առաջինը ճանաչողների, և Նրան հետևողների անուններն ու ծանոթության հանգամանքները Ավետարանիչը պատմում է երկու նկատառումներով. նախ՝ առաքյալների և Հիսուսի միջև հարաբերությունների շատ վաղուց սկսած լինելը ցույց տալու, և երկրորդ՝ Հիսուսի մասին տրված վկայությունները հասկացնելու համար:
Հետևող առաջին խմբի միջից չորս անուններ ունեցանք՝ երկուսը հայտնի կերպով հիշատակված՝ Անդրեաս և Սիմոն, և երկուսն էլ զորությամբ ցույց տրված՝ Հովհաննես և Հակոբոս: Ավետարանիչը, շարունակելով նաև ուրիշ անուններ թվել, ցանկանում է իր ընկերներին ևս ծանոթացնել:
Հովնանյան և Զեբեդյան եղբայրների հետ ծանոթանալուց մեկ օր հետո, Հիսուս մտադրվում է վերադառնալ իր գավառը՝ Գալիլիա, և այդ ընթացքում  հանդիպում է Փիլիպպոսին Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից, որ Պետրոսի և Անդրեասի քաղաքակիցն էր՝ նույնիսկ անունով ձկնորսների մի քաղաք, որ թարգմանվում է Տուն Ձկնորսության: Փիլիպպոսն էլ ձկնորս էր, մյուսներին արհեստակից և ծանոթ, անշուշտ, այդ  առիթով էլ գալիս է Հիսուսի մոտ, և Հիսուս, ինչպես ծանոթ մեկի, խոսում է նրա հետ ու ասում. «Արի՛ իմ հետևից»:

Այդ հանդիպման հանգամանքները պատմված չեն, բայց հետագա խոսքերի մեջ պիտի տեսնենք, որ Փիլիպոսը Նաթանայելին ուզում է համոզել, թե Հիսուսը նույն ինքը Մեսիան է, ուրեմն՝ թե՛ առաջին հետևողներից անհրաժեշտը լսել էր և թե՛ ինքն էլ Հիսուսի հետ խոսել և այնպես էր համոզվել, որ հանձն է առնում մեկ պարզ հրավերով Հիսուսի հետևողներին միանալ:

Փիլիպպոսը ոչ միայն ինքն է հետևում Հիսուսին, այլև սկսում է հորդորել նաև ուրշներին: Նախ հանդիպում է իր ծանոթներից Կանայացի Նաթանայելին և մեծ ավետիս տալու պես ասում. «Գիտե՞ս, Մովսեսի և մյուս մարգարեների գուշակած Մեսիան եկել է, և մենք նրան ճանաչեցինք»: Բնական է, որ Նաթանայելը հարցներ. «Ո՞վ է ձեր գտած Մեսիան»: Եվ Փիլիպպոսը ավելացնում է. «Նազարեթցի Հիսուսը՝ Հովսեփի որդին»: Առ այս Նաթանայելը թերահավատ շեշտով պատասխանում է. «Միթե՞ Նազարեթից մի լավ բան կարող  է դուրս գալ»,  ինչպես պիտի ասեր, թե «Նազարեթից ո՛չ մարգարե դուրս կգա և ո՛չ Մեսիա»: Սա ամբողջ հրեության կարծիքն էր, թե՛ Նազարեթի և թե՛ ողջ Գալիլիայի մասին (հմմտ. Հովհ. 7:52), և Նաթանայելն էլ հիմնվում էր նույն կարծիքի վրա: Սակայն Փիլիպպոսը մտադրությունը չի փոխում. «Եթե չես հավատում,- ասում է,- արի՛ միասին նրա մոտ գնանք, պիտի տեսնես ու համոզվես»:

Երբ Փիլիպպոսն ու Նաթանայելը գալիս են Հիսուսի մոտ, Հիսուս, Նաթանայելին ակնարկելով, սկսում է խոսել իր շուրջը գտնվողների, այսինքն՝ առաջին հետևողների հետ, որոնց մեջ էր նաև այս դեպքերը պատմող Հովհաննես Ավետարանիչը: Հիսուս Նաթանայելին ցույց տալով ասում է. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»:

Նաթանայելը լսեց այդ խոսքերը, որով Հիսուս ինչ-որ կերպ ուզում էր նրան քաջալերել, հասկացնելով, որ Փիլիպպոսին ուղղած թերահավտության խոսքերին կարևորություն չի տալիս, իմանալով, որ բարեմտությամբ է ասվել այդ  ամենը, առանց որևէ ծուռ մտադրություն ունենալու: Նաթանայելը իր հասցեին արված գովեստը լսելով, համեստությամբ պատասխանում է. «Որտեղի՞ց իմացար, որ ես այդպես բարի եմ, ի՞նչ գիտես իմ մասին»: Հիսուս պատասխանում է. «Դու այն անձնավորությունը չե՞ս, որ Փիլիպպոսի՝ քեզ այստեղ հրավիրելուց առաջ, նստել էիր թզենու տակ»: 

Այս պատասխանը մեծ տպավորություն է գործում Նաթանայելի վրա, և նա Հիսուսի մասին ունեցած կարծիքը փոխում է, Փիլիպպոսին իրավացի համարելով հայտնում է իր խոստովանանքն ու դավանանքը՝ ասելով. «Վարդապետ, հավատում եմ, որ դու ես հրեաների սպասած Մեսիան, դու ես Աստծու Որդին»: Նաթանայելի մեջ տեղի ունեցած փոփոխությունը այնքան մեծ էր, որ միայն թզենու տակ նստած լինելու մասին խորհելուց բացի՝ չի կարողանում այլ բանի վերաբերյալ մտածել:

Շատ սովորական երևույթ է մեկին ծառի տակ նստած տեսնել և երկրորդ անգամ տեսնելուց ճանաչել նրան: Եվ եթե դեպքը միայն այսքանը լիներ, թերահավատ Նաթանայելը այդքան շուտ չէր փոխվի: Պետք է, ուրեմն, եզրակացնել, որ թզենու տակ նստած Նաթանայելը այնպիսի բաների մասին էր խորհրդածում կամ խոսում, որոնք սովորական պարագային Հիսուսին չէին կարող հայտնի լինել: Նաև Հիսուս հայտնեց ոչ միայն Նաթանայելին տեսած լինելը, այլև ակնարկով կամ խոսքով կամ պատշաճ բացատրությամբ համակրեց Նաթանայելին, որ գիտի նրա մտածումներն ու խոհերը: Այդ դեպքում շատ իրավացի էր Նաթանայելի մտքի փոփոխությունն ու անկեղծ դավանությունը:

Հիսուս գոհ մնալով աննենգավոր իսրայելցու խոստովանությունից, քաջալերեց նրան և ասաց. «Եթե թզենու դեպքը քեզ այդքան հուզեց, ուրեմն դու ավելի նշանավոր բաներ տեսնելու պիտի արժանանաս»: Այս ասելով, Հիսուս դարձավ և իր մոտ գտնվողներին խոսք ուղղելով՝ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն Մարդու Որդու վրա»: Այս վերջին խոսքերը խորհրդավոր են: Նույն ժամին կատարված մի տեսիլքի մասին չեն, որովհետև ապառնիով է ասված և դրանից հետո էլ այսպիսի որոշակի մի տեսիլք չկա հիշատակված: Հիսուսի խոսքը ընդհանուր ակնարկ է գերազանց նշանների և հրաշալի գործերի վերաբերյալ, և իրականում էլ, առաքյալները շատ նորանշան դեպքերի վկա եղան, ինչպես նաև հրեշտակների գալուստին ականատես դարձան հարության ու համբարձման ժամանակ:

Այս պատմությունների մեջ հիշատակված Փիլիպպոսը նույն անունով ճանաչված տասներկուսից մեկն է, իսկ Նաթանայելը, թեև նույն անունով չի հիշատակվում, սակայն այլևս առանց երկբայության հաստատված է, որ նա Բարդուղիմեոս առաքյալն է:

Գրեթե բոլոր առաքյալների երկու անուն ունենալը հայտնի է, մեկը զուտ եբրայական, իսկ մյուսը քաղաքացիական՝ հունական կամ լատինական: Ժամանակակից հրեաներն էլ, ովքեր օտարազգի քաղաքացիական անուններ ունեն, անպայման միաժամանակ զուտ հրեական անուններ էլ ունեն: Ըստ այսմ՝ Փիլիպպոսն էլ իր հունական անունից զատ, անշուշտ, հրեական անուն էլ է ունեցել, ինչպես Նաթանայել-Բարդուղիմեոսը մեզ ծանուցվում է երկու անուններով: Այդ երկու անունների միևնույն անձնավորությանը պատկանելը հայտնվում է դյուրին համեմատությամբ: Նաթանայել անունը օգտագործված է միայն Հովհաննեսի Ավետարանում, որ հետո ցույց է տալիս, թե Նաթանայելը Տասներկուսից մեկն է (Հովհ. 21:2), մինչ մյուս երեք ավետարանիչները Տասներկուսի անունները թվելիս Նաթանայել անունը չեն հիշատակում, այլ հաստատուն կերպով առաջին խմբի չորսին հիշելուց հետո, երկրորդ խմբի սկզբում դնում են Փիլիպպոս և երկրորդը՝ Բարդուղիմեոս անունները (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:14): Ինչպես որ այստեղ, Հովհաննեսի կողմից նկարագրված պատմության մեջ ևս առաջին խմբի կոչումը պատմելուց հետո, երկրորդ խմբի առաջինը հիշատակվում է Փիլիպպոսը և երկրորդը՝ Նաթանայելը, որ Բարդուղիմեոսն է: Նաթանայել-Բարդուղիմեոսի համար մեծ արժանիք է առաջինը Հիսուս Քրիստոսի աստվածությունը դավանելը: Իսկ մեզ՝ հայերիս համար պարծանք է նախադավան  Բարդուղիմեոսին մեզ Առաջին Լուսավորիչ և մեր Առաքելական Եկեղեցու հիմնադիր ունենալը:

Այստեղ ավարտվում է Հորդանանի կողմերում Հիսուսին հետևորդ դարձած առաքյալների կոչման պատմությունը, սակայն եթե ավետարանիչը չի պատմում, պետք է ենթադրել, թե Հիսուս իր մկրտությունից անմիջապես հետո Հորդանանի կողմերում ուրիշ հետևորդ չունեցավ: Բայց Հուդա Իսկարիովտացու անկումից հետո հարկ եղավ նրա փոխարեն ուրիշին ընտրելով Տասներկուսի թիվը լրացնել, Պետրոսը պայման գրեց, որ ընտրելին Հիսուսի մկրտությունից սկսած մինչև համբարձման օրը Նրան պիտի հետևած լինի (Գործք. 1:22), որ նշանակում, թե ամբողջ Տասներկուսն էլ Հորդանանից սկսելով նրան հետևորդ են եղել, որոնց միջից հնարավոր էր մեկին՝ ընտրել Հուդային հաջորդելու համար: Ուրեմն  Հիսուս իր մկրտությունից ու փորձությունից հետո, Հորդանանի կողմերից չհեռացած, վերոհիշյալ վեցից բացի բավական թվով ուրիշ հետևողներ էլ ունեցավ, որոնցից Ինքն ընտրեց տասներկուսին, իսկ Իր համբառնալուց հետո ընտրվեց նաև Հուդայի հաջորդը:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...