17.12.20

27. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
26. ԱՆԱՊԱՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։15-28
15 Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»: 
16 Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, 
17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան: 
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց: 
19 Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 
20 նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»: 
21 Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 
22 «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»: 
23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը», ինչպես ասաց Եսայի մարգարեն։ 
24 Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ 
25 Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»: 
26 Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 
27 որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»: 
28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում:

Հիսուսի Մկրտությունը Հռոմի 780 և մեր թվականության 27-ի սկիզբը՝ հունվար 6-ին դնելով, Նրա հրապարակ դուրս գալը ճշտելու համար 40 օր ևս պիտի ավելացնենք և պիտի հասնենք փետրվարի կեսը։ Այդ ընթացքում Հովհաննեսը շարունակում էր իր քարոզությունն ու մկրտությունը, ինչպես սկզբում, միայն թե փոխել էր Հիսուսի գալստյան մասին վկայության եղանակը։ Հիսուսի մկրտությունից առաջ նա սովորաբար ասում էր. «ով գալիս է ինձնից հետո» (Մատթ. 3։11) կամ թե «գալիս է ինձնից ավելի հզորը» (հմմտ. Ղուկ 3։16), բայց Հիսուսի մկրտությունը կատարելուց և երկնային նշանները տեսնելուց հետո սկսեց ասել. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ» (Հովհ. 1։15): Հիսուսի հայտնության վկայությունը Նոր Ուխտի հաստատության խորհուրդն է, ինչը որ հիշված է բացահայտորեն, որպես Հովհաննու վկայության բացատրություն։ Հիսուսի հայտնության լրանալով շնորհի փոխարեն շնորհ ունեցանք, ուխտի փոխարեն՝ ուխտ, Հնի փոխարեն՝ Նորը. Հինը օրենքի և ստվերականության ուխտ էր, որ Մովսեսի միջոցով տրվեց, Նորը՝ շնորհաց և ճշմարտության, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով հաստատվեց։ Նոր Ուխտով կատարյալ կերպով ճանաչեցինք Աստծուն, ոչ թե մեր տեսնելով, որ հնարավոր չէր, այլ Միածին Որդու կատարված հայտնությամբ։ Այս եզրակացության խոսքերը ոմանք Հովհաննես Մկրտչի կողմից ասված են համարում, ուրիշները՝ Հովհաննես Ավետարանչի գրչից բխած, որովհետև Ավետարանն էլ հստակ անցում չունի զանազանությունը զգալու համար։ Մեկ կամ մյուս տեսությամբ ընդունած ձևով էլ խոսքերի ուժը միևնույնն է մնում, սակայն բացատրության ոճին ու օգտագործված բառերին նայելով՝ ավելի Ավետարանչի գրչին է պատշաճում, քան Մկրտչի խոսքին։ Մանավանդ, որ Ավետարանիչը նոր հատվածը «Հովհաննեսի վկայությունն այս է» (Հովհ. 1։19) բացատրությամբ սկսելով, այնպիսի մի իմաստ է ուզում տալ, որ կարծես թե ասում էր՝ «բայց մենք Հովհաննեսի տված վկայությանը վերադառնանք»: 

Մինչև այժմ պատմվածները ընդհանուր էին՝ քաղվածաբար ակնարկելով Հովհաննեսի ունեցած դերը, իսկ այս անգամ որոշակի և հատուկ դեպք է առաջ բերվում։ Հովհաննեսի համբավը տարածված էր ամբողջ Պաղեստինում և նորօրինակ մարգարեի ծնունդն ու կյանքը, խոսքն ու գործը լուրջ կերպով նկատվել էին դեռևս շառ վաղուց. «Բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին հարց էին տալիս «Մի՞թե սա է Քրիստոսը» (Ղուկ. 3։15): Եվ նույնիսկ Երուսաղեմի քահանայապետական ժողովը մի պահ անհրաժեշտ էր գտել այս եղելությունը ստուգելու։ Քահանաներից ու Ղևտացիներից բաղկացած և փարիսեցի վարդապետության հետևողներից էլ ընդգրկված հատուկ մի պատվիրակություն Երուսաղեմից Հորդանան ուղարկվեց, որպեսզի գնա և պաշտոնական քննություն սկսի, Հովհաննեսին էլ հարցուփորձ անի և որոշակի տեղեկություն բերի այս խնդրի մասին։ Եկողները հասնում են Բեթաբրա՝ Հորդանանի եզերքը, Հովհաննեսի կենտրոնատեղին և ժողովրդական խանդավառությունը տեսնելով, կարծես իրենք էլ Հովհաննեսի վրա Մեսիականության նշաններ գտնելով, հարկ են համարում մոտենալ ու լսել նրան:

Առաջին հարցը՝ «Դու ո՞վ ես», պարզապես պետք է հասկանալ իբրև թե՝ «Դո՞ւ ես Քրիստոսը», նկատի ունենալով Հովհաննեսի տված պատասխանը՝ «Ես Քրիստոսը չեմ»:

Երկրորդ հարցն է. «Ո՞վ ես դու՝ Եղիա՞ն ես»: Սրա պատասխանն է «Ոչ, չեմ»:

Երրորդ հարցն է. «Դու մարգարե՞ն ես», բայց Հովհաննեսը դարձյալ պատասխանում է՝ «Ոչ»:

Երեք հարցումներն էլ մարգարեական պատգամներից են քաղված և համապատասխանում են ժողովրդական ակնկալությանը։ Բոլոր մարգարեները ՄԵՍԻԱ=ՔՐԻՍՏՈՍ=ՕԾՅԱԼի հավատքն էին ներշնչել, փրկչի գալստյան ակնկալությունը ընդհանրացած էր հրեա ժողովրդի մեջ, մինչև իսկ սուտ քրիստոսներ էին հայտնվում ընդհանուր ոգևորությունից օգտվելով, ինչպես ոմն Թևդասի և Հուդա Գալիլեացու անուններն է տալիս Գամաղիելը (Գործք 5։36-37): Եղիայի գալստյան  մասին ասված էր Մաղաքիա մարգարեի բերանով. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում թեզբացի Եղիային» (Մաղ. 4:4  , Օրմանյանի մոտ՝ Մաղ. 3։22), իսկ անանուն և մեծ մարգարեի մասին ասել էր Մովսեսը. «Քո եղբայրների միջից Տերը՝ քո Աստվածը, ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի» (Բ Օրենք 18։15):

Հովհաննեսը երեք հարցերին էլ բացասական պատասխան տվեց, քանզի Քրիստոսը չէր և Մովսեսի նախագուշակած մարգարեն էլ չէր, որ միևնույն Քրիստոսն էր։ Նույնիսկ իրավացիորեն մերժում էր նաև իր Եղիան լինելը։ Թեև Քրիստոս իր մասին ասաց, թե՝ «Նա՛ է Եղիան, որ գալու է» (Մատթ. 11։14), բայց Քրիստոս չուզեց ասել, թե նույն ինքն Եղիա Թեղբացին է, այլ Եղիայի հոգով վառված մեկը լինելն ուզեց հասկացնել։ Մինչդեռ հրեաները հարցնում էին, թե իրո՞ք երկինք վերացած Եղիան է աշխարհ վերադարձել:

Պատվիրակության անդամները ուրիշ հարց չգտնելով, բայց պարտավորված լինելով որոշ տեղեկություններ տանել Երուսաղեմի մեծ ժողովին, ասում են. «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես… ի՞նչ ես ասում քո մասին» Հովհաննեսը կրկնում է այն, ինչ որ սկզբում ավետարանիչներից բացատրված տեսանք (Գլուխ 22), Եսայու մարգարե։ության մեջ հիշատակված անապատի ձայնը, որ պիտի ավետի ժամանած փրկչի մասին և պիտի պատրաստի Նրա ճանապարհը։ Այս պարագայում պատգամավորները նորից են հարցնում, թե քանի որ նա ոչ Քրիստոսը, ոչ Եղիան և ոչ էլ Մեծ Մարգարեն է, ի՞նչ իշխանությամբ է համարձակվել մկրտություն հաստատելով մի նոր օրենք կամ կանոն ստեղծել, որ օրենքի մեջ բացակայում է։ Հովհաննեսը դարձյալ կրկնում է իր և Քրիստոսի մկրտությունների տարբերությունը, ինչպես որ իր տեղում բացատրեցինք (Գլուխ 24) և նորից կրկնելու հարկ չենք տեսնում:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...