15.12.20

25. ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

  Նախորդ գլուխը՝
24. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՏԹԵՈՍ 3։13-17
13 Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ 
14 Բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ 
15 Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։ 
16 Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ 
17 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։

ՄԱՐԿՈՍ 1։9-11
9 Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։ 
10 Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ պատռվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր իր վրա։ 
11 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։

ՂՈՒԿԱՍ 3։21-22
21 Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, 22 և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։


Մոտ վեց ամիս էր, ինչ Հիսուս Հորդանանի եզերքներին Իր կարապետության պաշտոնն էր վարում: Լրանում էր Հռոմեական 779 և մեր թվականության 26-րդ տարվա առաջին կեսը: Լրանում էր նաև Հիսուսի երեսուներորդ տարին, որով և պիտի բացվեր Նրա հրապարակային կյանքի ասպարեզը: Հովհաննեսի ունեցած համբավը առիթ էր՝ պատրաստելու Հիսուսի հայտնությունը, որովհետև, Աստվածային նախախնամությամբ,  տնօրինական բոլոր պարագաները պետք է մարդկային կյանքի պահանջների հետ համաքայլ ընթանային: Իսկ Հիսուսի հայտնությունը պետք է սկսվեր աննշմարելի նախապատրաստություններով: Հիսուս, դուրս գալով Նազարեթից, Գալիլիայից անցնելով Սամարա և ապա հարավային Հրեաստան, հասավ Հորդանանի եզերքը՝ Բեթաբրայի կողմերը, ուր Հովհաննեսի կենտրոնն էր և որտեղ կատարվել էին Հին Օրինաց սքանչելիքները, այսինքն՝ երբ Հեսուն առաջնոդեց հրեաներին և չոր ոտքերով անցան Հորդանանը  (Հեսու 3։6), ինչպես նաև Եղիայի վերարկուի շնորհիվ գետի ջրերի երկու մասի բաժանվելը (4 Թագ. 2։8):

Երբ հավաքված բազմությունից շատերը, դիմելով Հովհաննեսին, հանել էին զգեստները և մտել Հորդանանը, իբրև նրանցից մեկը, Հիսուս ևս մոտեցավ: Բայց Հովհաննեսը, անշուշտ, Սուրբ Հոգու ազդեցությամբ, ճանաչեց Նրան: Թեև Եղիսաբեթի և Մարիամի զավակները` որպես ազգակից թոռնորդիներ, սկզբնական շրջանում միմյանց ճանաչում էին, սակայն բավականին ժամանակ էր, ինչ Հովհաննեսը Հուդայի անապատում էր, իսկ Հիսուս՝ Գալիլիայի Նազարեթում: Նրանք ապրում էին միմյանց չտեսնելով: Շատ քիչ ժամանակ էր անցել այն պահից, երբ Հովհաննեսը հայտնել էր Հիսուսի մեծությունը: Սակայն երբ տեսավ, որ Հիսուս ևս, մի սովորական մարդու նման, կամենում էր մկրտվել, չկարողացավ զսպել իրեն, անհարմար զգաց: «Ես,-ասաց,-պետք է քեզանից մկրտություն ընդունեմ. դու ինչպե՞ս ես իմ կողմից մկրտվել ուզում»: Հիսուս չհերքեց Հովհաննեսի խոսքերը, այլ ասաց. «Որքան էլ քո ասածը ճշմարիտ է, այնուամենայնիվ, աստվածային տնօրինությամբ կարգադրված է, որ պետք է իրականանա մարդկանց համար օրենք ու արդարություն կարծվածը: Ուստի, դու կատարի՛ր քո գործը»: Հիսուս կամենում էր ասել, թե դեռևս Իր վարդապետությունը չսկսած, ըստ մարդկային կարգ ու կանոնի, պետք է անցկացնի աշակերտության շրջանը: Հովհաննեսը, անսալով Հիսուսի հրամանին, Բեթաբրայի հունի մեջ մկրտեց Նրան:
Շատ նկարիչներ Հիսուսի պատկերում են մինչև գարշապարը ջրի մեջ սուզված, իսկ Հովհաննեսին՝ փոքրիկ ամանով կամ ոստրեի խեցիով Հիսուսի գլխին ջուր լցնելիս: Բայց սա իրականությունը չէ: Մկրտվողն ամբողջությամբ պետք է ջուրը մտներ և ջրի մեջ պիտի մխրճեր նաև գլուխը: Իսկ մկրտչի դերը կայանում էր մկրտվողի գլուխը ջրում սուզել և հանելու մեջ:
Հիսուսի մկրտությունը երկնային երկու համատեղ նշաններ ևս ունեցավ: Նախ՝ Հայր Աստվածն ի վերուստ երկնային ձայնով վկայեց. «Դու ես  Իմ սիրելի Որդին, դու ունես իմ բարեհաճությունը» (Օրմանյանի մոտ՝ գրաբարով է. «Դու ես Որդի իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ» /Սրկ./), որը, ըստ Մատթեոսի, պատմաբանորեն հիշատակված է հետևյալ կերպ. ««Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»»: Իսկ բացված երկնքից մարմնացած երևաց Սուրբ Հոգի Աստված, իջավ աղավնակերպ և նստեց Հիսուսի վրա, որ էր ճշմարիտ Որդի Աստված: Այս հայտնությամբ, ինչպես և Ավետարանի սկզբում, բացատրվում էր Երրորդության կամ Երեքանձնյա Աստվածության խորհուրդը, որը նաև շատ գեղեցիկ կերպով մեկնում են բոլոր Սուրբ Հայրերը:

Այդ տեսիլքը Մարկոսը ներկայացնում է որպես Հիսուսի կողմից տեսնված՝ գրելով, թե «տեսավ երկինքը, որ պատռվում էր»: Սա Մկրտիչը հաստատում է, ասելով. «Եվ ես տեսա...» (Հովհ. 1։34): Արդյո՞ք հավաքված ժողովուրդը կամ նրանցից ոմանք ևս տեսան այդ տեսիլքը, դժվար է ասել, քանի որ ավետարանիչներն այդ մասին լռում են: Ոչ էլ որևէ ակնարկություն կա, թե նորահրաշ տեսիլքն ու ձայնը զարմանք կամ սոսկում առաջացրին ներկաների մոտ: Հետևաբար մեկնիչներն ավելի նպատակահարմար են գտնում կարծել, թե տեսիլքը սահմանված էր Հովհաննու հավատքը Հիսուսի նկատմամբ էլ ավելի ամրապնդելու համար, որպեսզի ինքը ևս կարողանա համարձակորեն ժողովրդի առջև Հիսուսի վերաբերյալ վկայություն տալ:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...