14.12.20

22. ԱՎԵՏԱՐԱՆԻ ՍԿԻԶԲԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
21. ԿԱՐԱՊԵՏԻ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

ՄԱՏԹԵՈՍ 3։1-3 / 5-6
1 Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր 
2 և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ 
3 Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. «Մի ձայն է գոչում անապատում. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”»

5 Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը՝ Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից, 
6 նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։

ՄԱՐԿՈՍ 1։1-5
1 Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։
2 Ինչպես գրված է մարգարեների գրքերում. «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, որ կպատրաստի քո ճանապարհը։
3 Անապատում կանչողի ձայնն է. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները”»։
4 Եվ Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար։ 
5 Ամբողջ Հրեաստանը և բոլոր երուսաղեմացիները գնում էին նրա մոտ և խոստովանելով իրենց մեղքերը՝ նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում։ 

ՂՈՒԿԱՍ 3։1-6
1 Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի, 
2 երբ քահանայապետներն էին Աննասն ու Կայիափան, Աստծու խոսքն եկավ-հանգեց Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա, որն անապատում էր։ 
3 Եվ նա եկավ Հորդանանի կողմը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզելու, 
4 ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում. 
«Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։
5 Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ,
6 և ամեն մարդ տեսնի Աստծու փրկությունը»։

Մինչ այժմ եղած պատմությունները դիտվում են որպես Ավետարանի նախապատրաստություններ: Ավետարանի սկիզբը, ինչպես և Մարկոսն է գրում, սկսվում է այն տեղից, երբ Հովհաննեսը, ձեռնարկելով Ավետարանի կարապետության պաշտոնը, հնչեցնում է երկնքի արքայությանը հասնելու, խոստացյալ Մեսիայի հայտնության և փրկագործության խորհուրդն սկսելու ավետիսը: Այդ պաշտոնը կատարելու համար Հովհաննեսը թողեց Հուդայի անապատը և իջավ Հորդանանի եզերքները: Գետի հարավային մասում, Հորդանանի՝ Մեռյալ ծով  թափվելու տեղից բավականին հեռու, արևելյան եզերքին է գտնվում Բեթաբրա կամ Բեթաբարա կոչված գյուղը, որտեղ Հորդանանը մեկ այլ հուն է կազմում: Հովհաննեսն այնտեղ հաստատեց իր կենտրոնը և նորօրինակ քարոզչության սկիզբը դրեց:

Այստեղ Ղուկասը բացառիկ կերպով ճշտում է ժամանակը՝ թվարկելով այն օրերի իշխանների անունները: Նաև ասում է, թե երբ Հովհաննեսն սկսեց քարոզչությունը, Հռոմի կայսրը Տիբերիոսն էր, Հրեաստանի դատավորը՝ Պիղատոս Պոնտացին, Գալիլիայի չորրորդապետը՝ Հերովդես Անտիպասը, Իտուրիայի և Տրաքոնիայի չորրորդապետը՝ Հերովդես Փիլիպպոսը, Աբյուլինիայի չորրորդապետը՝ Լյուսանիոսը: Երուսաղեմի քահանայապետը Աննան և Կայիափան էին: Թեև վերջիններս երկար տարիներ էին պաշտոնավարում, սակայն ոչ մեկի իշխանության ճշգրիտ թվականը հնարավոր չէր լինի բացահայտել, եթե նրանցից գոնե մեկինը որոշված չլիներ: Բերաբախտաբար, Տիբերիոսի տարեթիվը համարվում է «հիսուներորդ տարին»: Հիսուսի կյանքի ժամանակագրությունը կազմելիս այս թվականը հիմնակետ է հանդիսանում բոլոր պատմաբանների համար:

Արդ, Տիբերիոս կայսրը Օգոստոս կայսեր հաջորդեց հռոմեական 767 թվականին, ըստ որի և 15-րդ տարին համընկնում է 782-ին: Սակայն, թե՛ հռոմեացի պատմագիրների թողած թվականներից և թե՛ պատմական բաղդատություններից պարզվում է, որ Տիբերիոսի տարիներն սկսել են հաշվել ոչ թե Օգոստոսին հաջորդելուց, այլ վերջինիս աթոռակից կամ կեսար անվանվելու թվականից, որը տեղի ունեցավ 764-ին: Այս հաշվարկով 15-րդ տարին համընկնում է  Հռոմի 775 թվականին, որն էլ մեր սովորական թվականի 26-րդ և Հիսուսի կյանքի 30-րդ տարին է:

Հպանցիկ հիշենք նաև մյուսներին. Հրեաստանում Հերովդես Մեծին հաջորդած Արքեղայոսը տարագրվեց 759-ին և նրա փոխարեն սկսեցին նշանակվել հռոմեացի դատավորներ կամ կառավարիչներ՝ կենտրոն ունենալով Պաղեստինի Կեսարիան, այժմ՝ Քայսարիե ծովեզրյա քաղաքը և Երուսաղեմ էին գալիս միայն տոներին: Հաջորդաբար դատավորներ անվանվեցին Կոպոնիոսը՝ 759-ին, Մարկոս Ամբիվիոսը՝ 762-ին, Աննիոս Հռուփոսը՝ 765-ին, Վաղերիոս Պրատոսը՝ 768-ին, որ տաս տարի պաշտոնավարեց և, վերջապես, Պիղատոս Պոնտացին՝ 778-ին: 750-ին պաշտոնի անցավ Հերովդես Անտիպասը և պաշտոնավարեց 42 տարի, մինչև 793 թվականը: Հերովդես Փիլիպպոսը ևս պաշտոնավարեց 37 տարի՝ մինչև 786-ը, իսկ Լյուսիանասի մասին այլ պատմություններից հիշատակություն չունենք: Գալով քահանայապետերին՝ ասենք, որ Աննան քահանայապետ էր 759-ին: 768-ին նրա պաշտոնանկ լինելով՝ քահանայապետերն սկսեցին տարեցտարի փոխվել: 768-ին Փաբեայի որդի Իսմայիլը եղավ, 769-ին՝ Աննայի որդի Եղիազարը, 770-ին՝ Կամիթայի որդի Սիմեոնը և 771-ին՝ Աննայի փեսա Հովսեփ Կայիափան: Այդ փոփոխությունները ինչ-որ ձևով տարեկան քահանայապետության մասին որոշակի պատկերացում տվեցին (Հովհ. 11։49): Թեպետ Կայիափան պաշտոնավարեց մինչև 789 թվականը, սակայն՝ շարունակաբար վերահաստատվելով: Մյուս կողմից, մինչ Կայիափան արտաքին գործերն էր վարում, Աննան դեռ ողջ էր և իր օրինական իրավասությունը չէր կորցրել: Այս պատճառով էլ Ղուկասը, ժամանակի քահանայապետին հիշելիս, միմյանցից չի բաժանում երկուսի անունները:

Հռոմեական 779-ը և մեր թվականի 26-րդ տարին, ըստ ժամանակագիրների, շաբաթական տարի էր, որի ժամանակ ժողովուրդը թողնում էր հողագործական աշխատանքները և զբաղվում առավել օրինական ու բարոյական գործերով (Ղևտ. 25։10): Այդ պարագան շատ հարմար էր Հովհաննու պաշտոնի սկզբնավորման համար, երբ 775 թվականի ամռանը, 30-րդ տարին բոլորած, իբրև նոր մարգարե, իր քարոզչությունն սկսեց Հորդանանի գետեզրյա երկրներում: Հովհաննեսի քարոզչության նպատակն էր ժողովրդին ավետել երկնքի արքայության մոտենալը, նախապատրաստության կոչելը և ապաշխարության հորդորելը: Նա մեծ ընդունելություն գտավ: Համբավը տարածվեց ամենուր: Բոլոր կողմերից՝ Երուսաղեմից, Հրեաստանից, Գալիլիայից  և Հորդանանի շրջակա գավառներից նրա մոտ էին գալիս մարդիկ: Ովքեր լսում և հավատում էին Հովհաննեսի խոսքերին, ապաշխարության համար խոստովանում էին իրենց մեղքերը. «խոստովանելով իրենց մեղքերը»: Հովհաննեսը նրանց մկրտում էր Բեթաբրայի հունի մեջ՝  ապաշխարության, մկրտության, մեղքերի թողության համար:

Ավետարանիչները, փոխադարձ համաձայնությամբ, նաև Հովհաննու պաշտոնի մեկնությունն են տալիս: Իբր թե նրա խոսքը մարգարեների կողմից գուշակված Մեսիայի նախաշավղի և ուղեցույց եղող Աստվածային կարապետի ձայնն էր, որ սկսել էր հնչել անապատում: Այս մասին Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը միանման կերպով մեջ են բերում Եսայու խոսքերը. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք Տեր Աստուծո շավիղները» (Ես. 40։3): Շարունակելով, Ղուկասն ավելացնում է նաև հետևյալ խոսքերը. «Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցծրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր: Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստուծո փրկությունը, քանզի Տերը խոսեց» (Ես. 40։4-5): Իսկ Մարկոսը Եսայու մարգարեությանն է կցում Մաղաքիայի խոսքերը ևս. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա կտեսնի իմ ճանապարհները իմ առաջ» (Մաղաք. 3։1):

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...