12.12.20

17. ՓԱԽՈՒՍՏ ԵԳԻՊՏՈՍ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

   Նախորդ գլուխը՝ 
16. ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։13-15
13 Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրու՛ այդ մանկանը եւ նրա մորը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդեսը փնտռում է այդ մանկանը կորստյան մատնելու համար»:  
14 Եւ նա վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդեսի մահը,  
15 որպեսզի կատարվի մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը, թե` Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:

ՄԱՏԹԵՈՍ 2։19-21
19 Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց Հովսեփին Եգիպտոսում եւ ասաց.  
20 «Վե՛ր կաց, վերցրու՛ այդ մանկանն ու իր մորը եւ վերադարձի՛ր Իսրայելի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:  
21 Եւ Հովսեփը վեր կացավ, առավ մանկանն ու մորը եւ եկավ Իսրայելի երկիրը: 

Հերովդեսի գտած միջոցը չհասավ իր նպատակին, Բեթղեհեմի փոքրիկ տղաներն սպանվեցին, բայց նորածին Հիսուս ազատվեց: Երկնային նախախնամությունը, որ մարդեղության և փրկագործության խորհուրդներն էր կարգադրել, Հերովդեսի պաշտոնյաների՝ Բեթղեհեմ գալուց առաջ, հրեշտակի տեսիլքով հայտնեց Հովսեփին վերահաս վտանգի մասին և հրամայեց, որ նա վերցնի Հիսուսին և մորը, դուրս գա Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնի, գնա այնտեղ և մնա, մինչև նոր հրաման ստանալը:

Շտապեց Հովսեփը և տեսիլքից անմիջապես հետո, գիշերով դուրս եկավ Բեթղեհեմից և Եգիպտոսի ճամփան բռնեց՝ Ելևթերուպոլիս և Գազա քաղաքներով: Ճամփորդությունը թե երկար էր և թե դժվարին, բավականին ժամանակ էր պահանջում, այնպես որ Հովսեփի համեստ վիճակը թույլ չէր տա այդ անել: Ավանդական պատկերները Հովսեփին, Մարիամի և Հիսուսի փոխադրության միջոց մի խեղճ իշուկ են ներկայացնում, որը շատ տաժանակիր և շատ երկար ճանապարհ կլիներ՝ մինչև Բեթղեհեմից հասնեին Եգիպտոս, թեպետ անապատով գնացին՝ քարավանների սովորական ուղիով:

Թե ինչքան ժամանակում հասան Եգիպտոս, որտեղ գիշերեցին, այնտեղ ինչքան ժամանակ մնացին, ինչ գլխավոր դեպքեր տեղի ունեցան՝ Ավետարանում չենք գտնում: Միայն Մատթեոսը իր սովորության համաձայն այդ ուղևորությանն էլ հարմարեցնում է մի մարգարեական պատգամ, հիշելով Ովսեի խոսքերը. «Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն»: Եբրայերենն ունի. «Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն»,  իսկ մեր թարգմանության ամբողջ համարն է՝ «Քանի դեռ մանուկ էր Իսրայելը, ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին» (Ոսէէ 11։1): Այս պատգամում Իսրայելը Հիսուսի օրինակն է, ինչպես շատ ուրիշ մարգարեություններում, և Իսրայելի՝  Եգիպտոսից  Պաղեստին գալու օրինակը նախատիպն է Հիսուսի՝ Եգիպտոսից Հրեաստան գալու: Կահիրեի մոտ, Հելիոպոլիսի տեղում, այժմյան Մաթարիե ավանում, մինչև այսօր ցույց են տալիս մի ծառ, որի տակ, ասում են, հանգստացել են Մարիամն ու Հովսեփը՝ մանուկ Հիսուսի հետ:

Եգիպտոսից վերադառնալու հրամանը Հովսեփին տրվեց «երբ Հերովդեսը վախճանվեց»: Արդ, Հերովդեսը մեռավ Հռոմի նույն 450 թվականին, որի սկզբում Հիսուսն էր ծնվել, ուրեմն Հովսեփի, Մարիամի և Հիսուսի Եգիպտոսում պանդխտությունը երկար չի տևել: Ուրեմն, դեռ հիմնովին չտեղավորված, Հովսեփն ու Մարիամը նորից ձեռնարկեցին նույն երկար ու դժվարին ճանապարհը՝ մանուկ, գրկի երեխա Հիսուսի հետ: Հրեշտակային հրամանը հիշեցրեց,  որ Հերովդեսը մեռավ, հետևաբար արդեն Հրեաստանում ապրելու վախ չկար: Ըստ այնմ էլ, Հովսեփը նորից ուզեց Բեթղեհեմ գնալ, և իր նախնական և հայրենական քաղաքի մեջ մշտական բնակվել և իր քայլերն ուղղեց այնտեղ: Հազիվ էր հասել Հրեաստան, երբ իմացավ, որ Երուսաղեմում Հերովդեսին հաջորդել է իր զավակներից Արքեղայոսը, որը լավ համբավ չէր վայելում: Հովսեփը կասկածեց, որ կարող էր առաջինի նման մի նոր վտանգ էլ հասնել Հիսուսին, ուստի Հրեաստան չմտավ և Բեթղեհեմ չեկավ, այլ վերադարձավ իր առաջին բնակության տեղը՝ Գալիլիայի Նազարեթ քաղաքը:

Հաջորդ գլուխը՝
18. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԶԱՐԵԹՈՒՄ

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...