11.12.20

15. ՄՈԳԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝ 
14. ԾՆՆԴՅԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ

ՄԱՏԹԵՈՍ 2։1-12
1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 
2 և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 
3 Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 
4 Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 
5 Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.
6 “Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. 
քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին”»։
7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 
8 Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ 
9 Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ 
10 Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ 
11 Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 
12 Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Մոգերի գալուստը հայտնի իրողություն է և Հիսուսի ծննդյան վերաբերյալ  սքանչելի նշաններից մեկը, որի մասին պատմում է միայն Մատթեոսը, որ չի հիշում ծննդյան մյուս պարագաները, մինչդեռ Ղուկասը, որ բոլորից ավելի ընդարձակ է գրել Հիսուսի ծննդյան մասին, մոգերի մասին չի հիշատակում: Երկուսի պատմածներն իրար համաձայնեցնելու և շարադրելու վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել, բայց մենք՝ նախ պիտի իմանանք պատմությունը, և հետո ժամանակագրական խնդրի շուրջ հայտնենք մեր տեսությունը:

Հիսուսի ծննդյան օրերին, Հերովդեսի թագավորության ժամանակ, հանկարծ մի քանի մոգեր հասան Երուսաղեմ և սկսեցին հարցնել, թե՝ որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որի աստղը իրենք տեսան արևելքում, և եկան, որպեսզի իրենց հարգանքը մատուցեն: Այս կապակցությամբ Երուսաղեմում փսփսուք և շփոթություն ընկավ, իսկ Հերովդեսն ամբողջովին այլայլվեց, և ինքն էլ սկսեց  օգնել մոգերին, որպեսզի իմանա Նորածնի տեղը. ոչ թե հարգանք ընծայելու, այլ՝ Նրան վերացնելու համար: Հերովդեսը ժողովի հրավիրեց հրեաների օրինականներին, գիտնականներին և գլխավոր քահանաներին, և հանձնարարեց, որ պրպտեն Սուրբ Գիրքը և գտնեն, թե որտեղ պետք է ծնվի խոստացյալ Մեսիան: Ժողովն ուշադրությունը կենտրոնացրեց Մեսիայի մարգարեության վրա, որ վկայել էր Բեթղեհեմի մասին, ասելով, որ թեպետ այն Հուդայի քաղաքների մեջ փոքր է, բայց այնտեղից պիտի ծնվի Իսրայելի իշխանը. «քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան» (Միք. 2։2), կամ «քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին» (Մատթեոս 2։6): Համաձայն այս խոսքերի` հրեաների գիտնականներն ասացին Հերովդեսին, և Հերովդեսն էլ հայտնեց մոգերին, թե Բեթղեհեմի մեջ պետք է փնտրեն նորածին արքային: Խնդրեց նաև, որ տեղը գտնելիս իրեն լուր տան, որպեսզի ինքն էլ գնա և իր հարգանքն ընծայի:

Մոգերը ճանապարհ ընկան դեպի Բեթղեհեմ: Եվ ահա նորից տեսան այն լուսատուն, որը երևացել էր իրենց, և հետևելով լուսավորին՝ քայլեցին, մինչև որ այն հանգեց նորածնի ծնված տեղի վրա: Մոգերը մտան տուն և տեսան Նորածնին և մորը. երկրպագեցին և բացելով իրենց բերած ընծաների սնդուկները, նորածին արքային նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Հասնելով իրենց նպատակին, պատրաստվեցին վերադառնալ, սակայն տեսիլքով հրաման ստացան չգնալ Երուսաղեմ և լուր տալ Հերովդեսին, որի միտքը չար էր, այլ Բեթղեհեմից բռնելով արևելքի ճանապարհը, վերադառնան իրենց երկիր: Այդպես էլ նրանք արեցին: Մոգերի Բեթղեհեմ հասնելը շատերը դնում են Հիսուսի ծնունդից մի քանի օր անց, և իբրև դրա հաստատություն, ներկայացնում են Լատին եկեղեցու տոների կարգը, որ դեկտեմբերի 25-ին տոնում է Ծնունդը, հունվարի 1-ին՝ թլպատությունը, հունվարի 6-ին՝ Հայտնության անվան տակ մոգերի գալուստը, և հունվարի 13-ին՝ Մկրտությունը: Սակայն այդ կարգը չի կարող փաստ լինել, քանի որ հայտնի է, որ հունվարի 6-ը Հիսուսի բոլոր հայտնությունների տոնն էր՝ ծնունդն էլ մեջը լինելով, և ոչ թե մոգերի գալստյան հիշատակը: Հետևաբար, մոգերի գալուստը ծնունդից 12 օր հետո դնելու համար լատին տոների շարակարգությունն իբրև փաստ օգտագործելը բավարար չէ:

Մենք այդ գալուստը դրեցինք ավելի ուշ՝ ծնունդի քառասունքից հետո: Մեր կարծիքը հիմնավորող փաստ ենք համարում նախ այն, որ մոգերի գալուստին և հետո նրանց՝ Երուսաղեմ չգնալուն հաջորդեց Հերովդեսի բարկությունն ու մանուկների կոտորածը: Եվ եթե քառասունքն արդեն կատարված չլիներ, ապա Երուսաղեմ գալը և քառասունք կատարելը անհնար կլիներ: Երկրորդ, պիտի ընդունենք, որ լուսատուն չերևաց Հիսուսի ծնունդից առաջ, քանի որ այդ դեպքում այն նշանակություն չէր ունենա: Արդ, եթե լուսատուն երևաց Հիսուսի ծնունդից հետո, ապա մինչև մոգերը տեսնեին, քննեին, ճանապարհ դուրս գային, հասնեին Երուսաղեմ, Հերովդեսից բացատրություն ստանային, և գնային Բեթղեհեմ, ապա 12 օրից էլ ավելի ժամանակ  էր հարկավոր, եթե ոչ երկու ամիս ժամանակահատված: Ուշագրավ է նաև Մատթեոսի պատմության մեջ հիշված մոգերի՝ «տուն» մտնելու պարագան և «երբ տուն մտան», որով հայտնի է դառնում, թե Մարիամն ու Հովսեփը մնացել էին ոչ թե իջևանատան ախոռի մեջ, այլ մնալու համար տուն էին գտել և կիսով չափ գոնե տեղավորվել էին այնտեղ: Իսկապես, Ղուկասը գրում է, թե քառասունքի արարողությունից հետո վերադարձան Նազարեթ (Ղուկ. 2։39), սակայն Ղուկասը չի խոսում մոգերի գալստյան և Եգիպտոս փախուստի մասին, այլ հիշում է վերջնական կերպով Նազարեթում բնակություն հաստատելու մասին, ինչ որ Մատթեոսն էլ է հաստատում Եգիպտոսից տունդարձի պատմության մեջ (Մատթ. 2։23): Իսկ թե ինչո՞ւ ազգահամարի համար Բեղթեհեմ գալուց հետո անմիջապես Նազարեթ չդարձան, կարող ենք ասել, թե Հիսուսի ծնունդից հետո քառասունքը նույն տեղում կատարելը  թե´ օրինական էր և թե´ բնական: Քառասունքից հետո արդեն շատ չուշացավ մոգերի գալուստը ու Եգիպտոս փախուստը, որով Նազարեթ վերադառնալն արգելվեց: Մյուս կողմից՝ Մատթեոսը հիշում է, թե Եգիպտոսից հետ դառնալու ընթացքում վախեցան Հրեաստան գալ (Մատթ. 2։22-23), որ ցույց է տալիս, թե նույն ընթացքում և դրանից առաջ Հովսեփն ու Մարիամը միտք ունեցան թողնել Նազարեթն ու Բեթղեհեմ հաստատվել, բայց չկարողացան իրենց այդ մտադրությունն իրագործել:

Մոգերի գալստան առիթով, հետաքրքիր է պարզել, թե ովքե՞ր էին և որտեղի՞ց եկան: Նախ և առաջ ասենք, որ Ավետարանում ոչինչ չկա այդ մասին: Միայն ասում է, թե Հրեաստանի արևելյան կողմից էին եկել, իսկ Հրեաստանի արևելքը կարող է տարածվել Եդոմի և Մովաբի երկրներից մինչև պարսիկների և հնդիկների կողմերը: Ավետարանը չի ասում նաև, թե կարող է նրանք իշխաններ լինեին: Իսկ ինչ որ տեսնում ենք այդ մասին պատկերների վրա, լոկ ավանդություն է՝ հիմնված սաղմոսի խոսքերի հիման վրա. «Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան, Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան» (Սաղմ. 71։10): Մոգ անունը համեմատվեցին պարսից մոգի հետ, և Քրիստոսին փնտրող մոգերը կարծվեցին այդ կողմից: Ոմանք մոգ անունը նույնացրին Մոկք գավառի հետ, ուրիշներն էլ մտածեցին այլ բացատրություններ, որոնք, հավանական է, որ ավանդական չեն: Սրանցից առավել ճշմարտանման է այն, թե նրանք Հրեաստանի հարևան երկրներից եկած իմաստուններ էին, քիչ թե շատ տեղյակ հրեական մարգարեություններին:

Տեղից ավելի հաստատուն է նրանց անունների ավանդությունը. բոլոր եկեղեցիները համաձայն են երեք մոգերին ճանաչել Մելքոն, Գասպար և Բաղդասար անուններով, որոնց ոսկորները պահվում են Գերմանիայի Քյոլն քաղաքի հրաշակերտ մայր եկեղեցում, ուր փոխադրվել են 1162 թվականին, Իտալիայի Միլանո քաղաքից:

Մոգերի տված ընծաներին խորհրդավոր նշանակություն է տրվում, որովհետև ոսկին, որ ճոխության նշան է, ընծայված է իբրև թագավորի, կնդրուկը, որն անուշ խունկ է, ընծայված է իբրև Աստծո, զմուռսը, որ դառնահամ խեժ է, ընծայված է իբրև Փրկչի: Ուստի մոգերի ընծայաբերումը եղել է կատարյալ մի դավանության արտահայտություն, ճանաչելով Քրիստոս մանկանն իբրև երկնավոր թագավորի, իբրև Աստված և մարդու, և իբրև աշխարհի փրկչի՝ իր անձի զոհողությամբ:

Խնդրո առարկա է նաև մոգերին հայտնված լուսատուն: Արդյոք լոկ հրաշալիք էր, թե՞ բնական լուսավոր մի երևույթ, պարբերաբար երևացող գիսավոր մի մարմին, թե նոր հայտնվող մի լուսատու: Բոլոր կարծիքներն էլ ունեն իրենց պաշտպանները. քրիստոնյա աստղաբաշխերը նույնսիկ իրենց հաշվարկներով պաշտպանեցին իրական և երկնային լուսավոր մի երևույթի գոյությունը: Ոմանց կարծիքով Հիսուսի ծննդյան մոտավոր թվականին Լուսնթագ, Երևակ և Հրատ մոլորակների մերձեցումը  պետք է եղած լինի հենց այն հրաշալի աստղը, որը երևացել էր մոգերին: Մինչև անգամ կատարվածի մեջ բնական մի երևույթ գտնելու համար հիշատակություններ են բերվում չինական ավանդություններից: Մենք այս տեսությունների մեջ չենք մտնում, որովհետև Ավետարանի պատմության նպատակը ոչ թե բնական մի լուսավոր՝ այլ գերբնական մի երևույթ ցույց տալն է, որը վերաբերում է Քրիստոսի ծնունդին և ոչ թե հետևանք է երկնային բնական և պարբերական շարժումների:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...