9.12.20

11. ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։6-20
6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, 
7 և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։
8 Այնտեղ բացօթյա մնացող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ 
9 Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 
10 Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ 
11 Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։ 
12 Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ 
13 Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
14 «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ»։
15 Երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ 
16 Եվ նրանք շտապ եկան ու գտան Մարիամին և Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը։ 
17 Եվ ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ 
18 Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվներն ասացին իրենց։ 
19 Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ 
20 Եվ հովիվները վերադարձան. փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես պատմվել էր իրենց։

Երբ Հովսեփն ու Մարիամը հասան Բեթղեհեմ, իրենց համար պատրաստ և հանգիստ տուն չգտան, և նույնիսկ ուղևորների իջևանատան մեջ ազատ տեղ չէր մնացել: Ամեն կողմից եկած և խռնված բնիկ բեթղեհեմցիները տեղավորվել էին վատ թե լավ, իսկ Հովսեփն ու Մարիամը ուշացողներից էին: Այդ դժվարին և անհանգիստ պայմաններում, երբ Մարիամի օրերը լրացել էին, տեղի է ունենում Հիսուսի ծնունդը: Նորածնի խնամքի համար հազիվ խանձարուր պատրաստելու չափ լաթի կտորներ են գտնում, ծածկում, փաթաթում են և խանձարուրը դնում են իջևանատան ախոռի մեջ, անասունների մսուրի հարդի ու խոտի վրա  և ախոռը ծառայում է որպես բնակարան, իսկ մսուրն` օրորոց:

Ընդհանուր ավանդություն է` թե Հիսուս այրի մեջ է ծնվել, եկեղեցում էլ երգում ենք՝ ի սուրբ այրին բազմեցաւ և Բեթղեհեմի Ս. Ծնունդ կոչվող եկեղեցում էլ այսօր քարայրն են ցույց տալիս: Ավետարանը քարայրի մասին չի ասում, սակայն հնում, ինչպես նաև մինչև այսօր, գյուղերում քարայրներն են գործածվել որպես ախոռ, և պիտի ասենք, որ այդպես էլ եղավ այն իջևանում, ուր Հիսուս ծնվեց և դրվեց մսուրի մեջ:

Ծնունդը պատկերող նկարների մեջ, մսուրի կողքին, պատկերվում են նաև մի եզ և մի էշ, որոնք՝ ենթադրվում է, թե եղել են ախոռի մեջ, և նրանց շունչը ծառայել է Նորածնին խնամելու և տաքացնելու համար: Սակայն, ավելի ճիշտ, դա այլաբանություն է և ակնարկում է Եսայի մարգարեի բերանով Իսրայելի ժողովրդին ուղղված հանդիմանությունում. «Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ» (Ես 1:3):

Եթե մի կողմից այսպես անշուք և խոնարհ կերպով կատարվում էր Հիսուսի ծնունդը, որ ոչ մի ձևով չէր կարող որևէ ուշադրություն գրավել, ապա մյուս կողմից երկնային հրաշքը  հայտնում էր կատարված մեծ և սքանչելի խորհուրդի վեհությունը և ավետում աշխարհին: Բեթղեհեմի շուրջը գտնվող դաշտերում և բարձունքների վրա գիշերային ժամերին սփռված էին  ոչխարների հոտերը, և հովիվներն էլ բացօթյա ոչխարներին էին հսկում: Հանկարծ երկնքից լուսավոր մի տեսիլք երևաց նրանց աչքերին՝ «Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը», հովիվներն ահ ու դողի մեջ ընկան, սակայն մի հրեշտակ մոտենալով՝ քաջալերեց նրանց, ավետիս տվեց և ասաց. «Մի վախեցեք, ահա մեծ ուրախության ավետիս, որը ամբողջ ժողովրդի ուրախության առիթ պետք է լինի: Այսօր, այս ժամին, Դավթի քաղաքում Փրկիչը ծնվեց, որը խոստացյալ Մեսիան է: Ելեք և գնացեք այն տեսնելու, խանձարուրով փաթաթված մի տղա կգտնեք մսուրում, իմացեք, որ նա է, նրան ճանաչելու նշանը այդ է»: Հազիվ էր հրեշտակն այդ խոսքերն ասել, երբ լսվեցին երկնքի հրեշտակների խմբովին օրհնաբանության ձայները, որոնք երգում էին քաղցրաձայն և Աստծուն փառաբանում. և այս էին երգում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ»: Հրեշտակային օրհնաբանությունը մի պահ տևելուց հետո դադարեց. հրեշտակները երկինք բարձրացան, հովիվներն իրենց հիացումից սթափվեցին և սկսեցին իրար ասել. «Եկեք, քաղաք իջնենք և մեզ տրված երկնային ավետսիը ստուգենք»: Անմիջապես մի խումբ հովիվներ գալիս են Բեթղեհեմ, փնտրում ախոռները, և նրանցից մեկում գտնում են մսուրի մեջ դրված խանձարուրապատ Մանկանը, ինչպես նաև Մարիամին և Հովսեփին՝ մսուրի կողքին Նորածնի խնամքով զբաղված:

Հովիվները՝ լցված ուրախությամբ, որ իրենց ավետիսը իրականություն է, մեկ կողմից Նորածնին ընծայում են իրենց հարգանքը, մյուս կողմից՝ Մարիամին և Հովսեփին պատմում են իրենց տեսիլքը և տրված ավետիսը: Որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնում են իրենց գործին՝ ոչխարներն արածեցնելու, բայց ում հանդիպում են, չեն դադարում լսածներն ու տեսածները պատմելուց, և իրենցից լսողներն էլ սկսում են իրենց պես ուրախանալ և Աստծուն օրհնել երկնային այցելության և ակնկալված փրկչի և խոստացված Մեսիայի ծնվելու համար:

Ղուկասը, որ այս բոլոր պարագաները պատմում է, մանրամասն ավելացնում է՝ թե Մարիամը բոլոր այս լսածները պահում էր իր սրտում և խորհրդածում: Այդ հիշատակությունն իսկ ցույց է տալիս, որ Ղուկասն իր գրածները լսել և իմացել է անմիջապես Մարիամից, և նրա վկայությամբ անցկացրել իր ավետարանի մեջ: Մատթեոսը շատ քիչ մանրամասներ է պատմում  Հիսուսի ծննդյան ժամանակի և ծնունդից առաջ կատարված պարագաների մասին, իսկ Մարկոսը բոլորովին չի խոսում Հիսուսի ծննդյան վերաբերյալ: Հայտնի ձևով չի ասված նաև, թե Մարիամն ու Հովսեփը տեսան երկնային տեսիլքը և լսեցին օրհնաբանությունները, թե ամեն բան իմացան միայն հովիվների պատմությունից: Սակայն «Մարիամ զամենայն զբանս զայսոսիկ պահէր» բացատրությունը, այսինքն՝ Մարիամը լսած այս բոլոր խոսքերը մտքում պահում էր՝ ասելը, ավելի շատ այն իմաստն է արտահայտում, թե Մարիամն ու Հովսեփը պարզապես տեսիլքի մասին ականջալուր են եղել:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...