6.12.19

- ՀԱԿՈԲ - ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ


Իսահակը և Իր կյանքի մայրամուտին Եսավի և Հակոբի հայր Իսահակը, որ արդեն տկարացել և զրկվել էր տեսողությունից, կանչեց իր ավագ որդուն Եսավին և ասաց. «Ահա ես ծերացել եմ և չգիտեմ, թե երբ կմեռնեմ: Արդ, ա՛ռ քո զենքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ և ինձ համար ո՛րս արա, ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր, մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և օրհնեմ քեզ, քանի դեռ կենդանի եմ» (Ծննդ. 27:2-4): Հակոբը, իմանալով այդ, մոր՝ Ռեբեկայի խորհրդով խորամանկորեն ներկայացավ հորը որպես Եսավ, և ինքը ստացավ փափագելի օրհնությունը։ Վախենալով, որ այդ մասին իմանալով եղբայրը իրեն կսպանի, Հակոբը փախավ Միջագետք, ուր հաստատվեց իր ազգական Լաբանի տանը։ Աստեղ նա սիրահարվեց Լաբանի կրտսեր դստերը՝ գեղեցկուհի Ռաքելին և նրան կնության առնելու դիմաց հանձն առավ 7 տարի որպես հովիվ ծառայել իր ապագա աներոջը։ Բարեխիղճ, նպատակասլաց ծառայությունից հետո ամուսնական գիշերը Հակոբը, կարծելով, թե կողակիցը Ռաքելն է, կենակցեց նրա քրոջ՝ Լիայի հետ (Միջագետքի ավանդությամբ ընտանիքում առաջինը պետք է ամուսնանար ավագ քույրը)։ Խաբվելով հանդերձ՝ Հակոբը ետ չկանգնեց իր նպատակից և հանուն Ռաքելի պատրաստակամություն հայտնեց ևս 7 տարի ծառայել Լաբանին։ Աստծո օրհնությամբ նրան այս էլ հաջողվեց և այս ընթացքում երիտասարդն իր աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ մեծ հարստություն ստեղծեց՝ այլևս որևէ կախվածություն չունենալով Լաբանից (Ծննդ. 29, 30 գլուխներ)։

Ուշադրություն դարձնենք այս երիտասարդի բնավորությանը. նա երբեք չի հանձնվում։ Նա առանց ընկճվելու շրջանցում կամ լուծում է իր առջև ծառացած խնդիրները և միշտ շարժվում է առաջ՝ դեպի նպատակը։ Քանի՞ երիտասարդ է այսօր պատրաստ տասնչորս տարի շարունակ սպասել ու պայքարել իր նպատակի համար։ Կարծեմ՝ քչերը։ Հակոբի անկոտրում համառությունը լավագույն օրինակ է մեզ մեր բարի նպատակների իրականացման ճանապարհին։

Իր նպատակների համար, սակայն, Հակոբը միայնակ  չէր պայքարում։ Նա մշտապես ապավինում էր Աստծո օրհնությանը և զորակցությանը։ Տարիներ շարունակ Միջագետքում ապրելուց հետո մեկ օր նա որոշեց ներողամտության հայցմամբ վերադառնել եղբոր մոտ, իր հայրենի երկիրը։ Ճանապարհին «Հակոբը մնաց միայնակ: Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչև առավոտ: Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և անզգայացրեց դրանք: Մարդն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր գնամ, որովհետև արդեն լուսացավ»: Հակոբը պատասխանեց. «Թույլ չեմ տա, որ գնաս, մինչև ինձ չօրհնես»:  Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Նա պատասխանեց նրան՝ Հակոբ: Մարդն ասաց նրան. «Այսուհետև քեզ Հակոբ թող չկոչեն, այլ Իսրայել թող լինի քո անունը, որովհետև դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ կլինես»: Հակոբը հարց տվեց. «Ասա՛ ինձ քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»: և նա տեղնուտեղը օրհնեց նրան: Յակոբն այդ տեղն անվանեց Երևումն Աստուծո, որովհետև, - ասում է, - Աստծուն տեսա դեմ առ դեմ, և փրկվեց հոգիս» (Ծննդ. 32:25-30)։

Աստծուն «տեսնելու», Նրա օրհնությունները վայելելու մեծ հնարավորություն ունես նաև դու, սիրելի ընթերցող։ Հակոբը սովորեցնում է, որ երիտասարդը իրավունք չունի հանձնվելու, կոտրվելու և պարտվելով իր նպատակները անավարտ թողնելու։ Համառ պայքար, ոգի, ձգտում դեպի հաղթանակ և Աստծո բարեբեր օրհնություն. ուրիշ ի՞նչ է քեզ պետք նպատակներդ կյանքի կոչելու համար։

«Աստված է, որ հաջողեցնում է ձեր մեջ կամենալը և կատարելը իր հաճության համար։ Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և առարկելու, որպեսզի լինեք անբիծ և անարատ, Աստծու որդիներ, անմեղներ՝ կամակոր և խոտորված ազգի մեջ, ուր պիտի փայլեք ինչպես լուսատուներն աշխարհում՝ ձեր մեջ պահելով կյանքի խոսքը» (Փիլ. 2:13-16)։

ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
  • Բնավորության ի՞նչ ընդհանուր գծեր կարող ես գտնել քո և Հակոբի միջև։ 
  • Բնույթովդ պայքարո՞ղ ես, թե հանձնվո՞ղ։
  • Հանուն ինչի՞ ես պատրաստ պայքարել մինչև վերջ։
  • Առանձնացրու այն խոչընդոտները, որոնք կարող են քեզ խանգարում են պայքարել: Դրանց հաղթահարելու համար ի՞նչ գործողություններ են պետք:
  • Չմոռանաս, կարևոր նախապայմանի մասին` հաւատք և աղոթք. պայքարիդ մեջ միայնակ չես, ուստի Հակոբի պես միշտ քեզ ապավեն ու օգնական ունեցիր Աստծուն։
Փորձի՛ր ինքդ քեզ համար անկեղծորեն գտնել այս հարցերի պատասխանները։ 

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...